Կարեն Ղարսլյան | Այբուբենի եղբայրական գերեզման

Լուսանկարը` Յանա Կարսլյանի

 

Հաջորդը մենք ենք

Ա՜կն ընդ ակա՜նի վրա պայթեց
Կրա՜կ

Աչքերը թռան ճակատին
Ճակատ տանում են նորերին
Զինելով մինչև ատամները
Որ տեղ-տեղ բացակայում են
Տեղ-տեղ նյարդերն են հանած
Հաջորդը մենք ենք
Նրանք ծիծաղում են
Մեր մինչտրավմատիկ սթրեսային խանգարման վրա

Պլոմբած ատա՜մ ընդ պլոմբած ատամա՜ն
Կրա՜կ

Ոմանք այլևս բացակա են
Ոմանց էլ նյարդերն են անջատած
Հաջորդը մենք ենք
Մեզնից հետո
Ջրհեղեղ
Կոկորդիլոսի արտասուքներից
Որ կսգան մեր ոչնչացումը
Հանուն հայրենիքի

Արտասո՜ւք ընդ արտասուքա՜ն
Կրա՜կ

Ոմանք արտասվեցին
Ոմանք արտաքսվեցին
Մաշկից սեփական
Ոմանք տակներն արեցին
Ու ինչպես կովի թրիքից պարարտանյութ
Մենք տքնում էինք խիզախություն ստանալ
Մեր վախից

Վա՜խ ընդ վախա՜ն
Կրա՜կ

Սառը ցնցուղ
Ըստ մեզ ըստ նրանց մենք սխալ ենք
Ըստ նրանց ըստ մեզ մենք ճիշտ ենք
Ըստ իս ըստ իս ես վրիպակ եմ
Ճշմարտություն և ճշմարտությունից զատ
Ոչինչ չպարունակող գրքում
Դու էլ
Բոլորս էլ
Մենք մինչև ատամները զինված ենք
Միմյանց տգիտությամբ

Լռությո՜ւն ընդ լռությա՜ն
Կրա՜կ

Հագածդ կրակ
Վո՞ւր մէ կրակին դիմա
Նա չէ
Ոչ էլ նրանք
Պատերազմի առաջին զոհը
Լեզուն է
Իսկ ճշմարտության մահը գեթ ուղեկցող վնաս
Հաջորդը մենք ենք
Վերջից առաջինը
Վերջի ու վերջույթների բեկորներ
Իմաստների ծայրատվածքներ
Անդամահատված լեզվի ծայրին
Իմաստահոսող բառերի կմախքներ

Կմա՜խք ընդ կմախքա՜ն
Կրա՜կ

Ով ողջ մնաց
Արնահոսող բերանների մեջ վրձին թաթախեց

 

Պատերազմ ա

պա
պատ
պատեր
ատեր
ստեր
տեր
երազ
մա

 

Ընկած

Ես կանգնած եմ
Նա ընկած
Ես նստած եմ
Նա ընկած
Ես պառկած եմ
Նա ընկած
Ես հուսալքված եմ
Նա ընկած
Ես խմած եմ
Նա ընկած
Հպարտությունից Հ-ն պոկված է
Նա ընկած
Ես սայթաքում եմ
Ես ընկնում եմ
Ես ուժերս վերագտնում եմ
Ես վեր եմ կենում
Ես կանգնած եմ
Նա ընկած

 

Չի վերջացել

Հենց արթնացա
Ձեռքս տարա հեռախոսին
Կիսաբաց աչքերիս մոտեցրի էկրանը
Միջից մեկի աղիքները թափվեցին ծոցս
Արևը նոր էր ծագում
Ծանրալուր հայրս
Աղաղակող լուրերն էր լսում
Չի վերջացել
Քնկոտ մտա բաղնիք լողանալու
Վարագույրի հետևից
Մայրս նորություն փոխանցեց
Ցնցուղի ծակերից թափվեց
Մորաքրոջս որդու արյունը
Սրբեց տարավ շամպունը
Հայելու մեջ երևում էր
Ինչպես էի ճխլում ատամի մածուկը
Խոզանակը մոտեցրի ատամներիս
Ու խոզերը սկսեցին ուտել
Չփոխանակված զինվորների փտող դիերը
Գոջիներն էլ միացան
Քույրս իր հերթին էր սպասում
Կզեցի բերանս ջուր առա
Քաղաքում ասում են տաքսին քչացել ա
Ընդհանուր զորահավաքի պատճառով
Ավտոբուսների մի մասն էլ
Զինվոր ա տեղափում ճակատ
Երևի ոտքով գնաս
Ոտքերը գետնից կտրվեցին
Քիթը երկինք հասավ
Ոտ ու ձեռ ընկան
Աչքը ուրիշի ձեռը մնաց
Բերանը մինչև ականջները բաց
Ինքն իր գլխի տերը չի
Շունը տիրոջը չի ճանաչում
Միակ հույսը
ԴՆԹ փորձաքննություն
Բացում եմ հյուրասենյակի դուռը
Մայրս ու հայրս շրջվում են իմ կողմ
Սև հեռուստաէկրանով անցնում է
Զոհված զինվորների թարմ ցուցակը
Այբուբենի եղբայրական գերեզման
Էլեկտրական թեյնիկի լեզվակը ճտաց
Շտապեցի խոհանոց
Բացեցի սուրճի վակուումային ամանը
Եթովպիայի Յիրգաչեֆ շրջանի
Սուրճի զգլխիչ բույրն
Իրեն անպոչ գդալի պես մեջ գցեց
Դասարանցուդ ախպերը որ ասել էի պայթել ա է՞
Հաստ սև վրձնահարված ցպնեց սուրճը
Ստամոքսիս դատարկ կտավին
Պարզվեց չի զոհվել
Ասեց մայրս
Թավայից բարձրացող գոլորշու մեջ պարուրված
Վիրավոր ա
Դեմքն ա ամբողջությամբ այրվել
Փորձեցի հիշել նրա դեմքի արտահայտությունը
25 տարի առաջ կիսակառույց ավտոտնակներում
Ինձ բուլիինգի ենթարկելիս
Դեռահաս դեմքիս բռունցքով հարվածելիս
Ինչից հետո ինձ քացու տակ գցեց
Նրա ախպեր-ընկերների ջոկը
Ապա դասակը
Վաշտը
Գումարտակը
Ընկավ ծուղակի մեջ
Գնդապետին խփել են
Վիրավորները դանդաղ մահանում են
Նույնքան դանդաղ մոտենում է
Իմ զորակոչվելու հերթը
Լավ վերջը ի՞նչ պիտի լինի
Հարցրեց մայրս ու կում արեց
Բերաններիցս մինչև ստամոքս
Ձգվող սև սուրճը փռփռում է
Փողոցի մի մայթից մյուսը
Ձգվող սև ժապավենների պես
Շանթ 18
Ռուբեն 19
Կարեն 34
Աննա 23
Օֆ օֆ չգիտեմ
Հոգոց հանեց մայրս
Ապա ավելացրեց ա՜յ քեզ
Կրա՜կ
Միանգամից քաշում եմ ձգանը
Պահունակի փոխարեն
Դատարկվում է բառապաշարս
Ինձ բառաքամ քարշ են տալիս
Գրադարան որ բառերի փոխներարկում անեն
Ինչ գիրք փորձում են
Չի համապատասխանում
Փնտրում են
Քրքրում
Ամեն պատահած
Հատոր
Էջ
Տող
Չկա
Հանձնվել չկա

 


Հ.Գ. Հատվածներ «Ատերազմա» (2016) ֆիլմ-վեպից (ամբողջությամբ` այստեղ)


 



 


 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *