Tuba mirum spargens sonum
Per sepulcra regionum,
Coget omnes ante thronum[1]
1
– Հայաստանի Ձորքի շրջանի Բերդավան գյուղում մի սովորական ընտանիք էր ապրում։ Կինը՝ Ռոզան, տնային տնտեսուհի էր, բոստանն էր մշակում, հավ ու խոզին կեր տալիս, իսկ ամուսինը՝ գյուղի լավ տղան, հովիվ էր, խոտ էր հնձում, հետո էլ դարձավ առաջին տրակտորներից մեկի վարորդը ոչ միայն Բերդավանում, այլ նաև ամբողջ Ձորքի շրջանում։ Անունը Գրիգոր էր։
Սիրառատ էր Գրիգորը, ֆռֆռում էր կնոջ չամուսնացած ընկերուհու հետ, անունը, կարծեմ, Գրետա էր։ Եվ քանի որ Բերդավան գյուղի եղածը մի թիքա տեղ էր, ամեն թուփը տեղյակ էր էդ անսովոր և միևնույն ժամանակ սովորական սիրային եռանկյունուց։ Եվ հանկարծ մի օր, նյութական պատճառներից դրդված (կոլխոզն արդեն լրիվ հունով էր ընթանում), էս եռյակը որոշում է միասին ապրել, որ ամենայն բարիք միևնույն կաթսայի մեջ թափվի։ Հետաքրքիրն էն էր, որ կյանքը դրանից հետո իր բնականոն հունով գնաց, ոչինչ չփոխվեց․ ինչպես միշտ Գրիգորն իր ոչխարներին էր արածեցնում, խոտ հնձում, իր տրակտորը քշում, իսկ կինը սիրուհու հետ տնտեսությունն էր վարում։ Թե ոնց պատահեց, մի անգամ Գրիգորը քաղցած, զայրացած ու քեֆը լավ (տղերքի հետ ինչ-որ առիթ էին նշել բարձր ու կանաչ բլուրների վրա) տուն վերադառնալիս իր կանանց վրա բղավեց, սիրուհուն խնայեց, իսկ կնոջ վրա ձեռք բարձրացրեց․․․ Սիրուհին (անունը, կարծեմ, Գրետա էր) կռացավ Գրիգորի վրա ու․․․ տո՛ւր, թե կտաս։ Շուտով ուշքի եկավ Ռոզա կինը՝ ձայն տալով․ «Չհամարձակվե՛ս ընկերուհուս վրա ձեռք բարձրացնել»։ Կարճ ասած, երկու կնանիք խեղճ Գրիգորի հախից եկան։ Ոնց ասում են՝ հաղթեց ընկերությունը։ Գրիգորն էդ դեպքից հետո երկար ժամանակ կամ գոմում էր ապրում, կամ ամբարում․ պատժված էր մարդը։ Բայց հետո կինն ու սիրուհին ներեցին Գրիգորին, ու նա վերադարձավ տուն։ Ա՛յ էսպիսի կրքեր էին բորբոքվում Ձորքի շրջանի Բերդավան գյուղում։ Բոլորն, իհարկե, տեղյակ էին բոլորից և խնդում էին Գրիգորի վրա, անունն էլ «փադիշահ» էին դրել։ Էս առիթով անգամ Գրիգորին կանչել էին կոլխոզի նախագահի՝ ընկեր Կիրակոսյանի «կաբինետ» (կաբինետը գտնվում էր գյուղի ակումբում)՝ շատ լուրջ զրույցի։ Գրիգորը խոստացավ հարցը լուծել, բայց իհարկե, ոչ մի հարց էլ չլուծեց։ Հետո պատերազմը սկսվեց։ Գրիգորին կանչեցին զորահավաքի։ Գրետան (կարծեմ իրոք էդպես էր անունը) մեռավ ինչ-որ հիվանդությունից 45 թվի գարնանը՝ էդպես էլ չսպասելով իր թանկագին սիրեկանին։ Իսկ լեյտենանտ Գրիգոր Գասպարյանը, վերադառնալով հարազատ Բերդավան, էլ սիրուհիներ չպահեց, և «փադիշահ» մականունն էլ գնալով մոռացվեց։
Երեխաները մեծացան, Գրիգորն ընդարձակեց դեռևս երեսունականներին կառուցած տունը, հայտնվեցին թոռները։ Ռոզան խոսքի մեջ մեկ-մեկ հիշում էր Գրետային։ Ավելի ճիշտ, երբ զայրանում էր ամուսնու վրա, հանդիմանում էր` սիրուհուն հիշեցնելով․․․ Ինչի՞ վրա ես ծիծաղում։
-Ծիծաղելի բան ես պատմում։ Շարունակի՛ր։
-Գրիգոր պապը 20-րդ դարի տարիքին էր, երեք ինֆարկտ տարավ։ Առաջինը պատահեց 1956-ի փետրվարին, երբ ընթերցվեց «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցը: Երկրորդը՝ պերեստրոյկայի տարիներին, երբ Գորբաչովի հակաալկոհոլային քաղաքականության ալիքը հասավ մինչև Բերդավան և անմնացորդ կուլ տվեց գյուղը։ Սիրտն ընդարմացավ, երբ շրջկենտրոնից եկած երեք աշխատող (տեղացիներից ոչ ոք էս գործը չէր ստանձնի) սկսեցին կտրել դարավոր թթի ծառերը։ Առավել քան անարդար բան էր։ Ախր Բերդավանում, դեռ ավելին՝ ամբողջ Հայաստանում, հարբեցողություն երբեք էլ չի եղել, թեև էստեղ բոլորն էլ թթի օղի էին քաշում՝ Ձորքի շրջանի ամենալավ օղին, ավելին՝ ամբողջ մարզի ամենալավ օղին․․․ Պապին երրորդ ինֆարկտը խփեց 1991-ի դեկտեմբերին, երբ Հանրապետությունների խորհուրդը հռչակագիր ընդունեց ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին։ Ա՛յ հենց էս երրորդ ինֆարկտին պապը չդիմացավ ու մահացավ։ Ցերեկը գնաց, հանձնեց կուստոմսը, իսկ երեկոյան հեռուստացույցի դիմաց նստած «Վրեմյա»-ն նայելու ընթացքում ննջեց ու էդպես էլ չարթնացավ։ Ինֆարկտը խփեց քնի մեջ։ Հենց էդպես։ Գրիգոր պապը գնաց Կայսրության անկման հենց հաջորդ օրը։ Իսկ ինչ վերաբերում է գլասնոստի, ժողովրդավարացման և պերեստրոյկայի ժամանակաշրջանում Բերդավանում թթի ծառ կտրող էն աշխատողներին՝ Ռոզա տատը հետո ինձ պատմում էր, որ «դրանց անեծք վրա հասավ, որովհետև ծառ կտրել չի կարելի, դժբախտություն է բերում․․․»։ Ռոզա տատը պուճուր պառավ էր՝ էդպես էլ չճերմակած մազերով․ ամբողջ կյանքն ինչ-որ բանից վախենում էր։ Վախենում էր երեսնականներից, վախենում էր քառասնականներից, հիսունականներից։ Վաթսունականներին և յոթանասունականներին մի քիչ թողեց վախը, բայց ութսունականներին նորից սկսեց սարսափելի վախենալ։ Այդ ժամանակ էլ ինձ պատմեց կտրված թթենիների մասին։ Էնպես որ, ես հաստատ գիտեմ, որ ծառ կտրել չի կարելի։
– Ներսե՛ս, ու դու էսքանից հետո ուզում էիր էդ խեղճ կաղնին կտրե՞լ։ Վա՞խդ էիր կորցրել, թե՞ մազոխիստ ես։
2
Դուք իրո՞ք պատրաստվում եք էդ խեղճ կաղնին կտրե՞լ։ Հե՜յ, ձեզ հետ եմ, էդ որ ծառի վրա եք։ Հապա մի էստեղ նայեք։ Ա՛յ էդպես։ Ապրե՛ք։ Ինձ տեսնո՞ւմ եք։ Հիմա ի՞նչ, պատրասստվում էիք ծառը կտրել ու թռնե՞լ։ Ձեզ Կառլսոնի՞ տեղն եք դրել, թե՞ Լեոնարդո դա Վինչիի։
Այդպես երեկ Ներսեսը ծանոթացավ Նոնայի հետ։ Իսկ հիմա կանգնած է Բերդավան գյուղի ամառանոցի դարպասների մոտ, ասես չի կարողանում առաջ գնալ ու նայում է իր տանը։ Այսինքն՝ այն, ինչ մնացել էր տանից։
-Ամբողջ տունը վառվել է։ Մինչև վերջ, – թիկունքից ասաց Դոդիկը։
Ներսեսն ինքը լավ էր տեսնում դա։ Վերջապես ոտքը շեմքից ներս դրեց ու գնաց այնտեղ, ուր դեռ ծխում էին մոխրացած ցցագերանները։
– Հրկիզվածի նման չի, Ներսե՛ս Հուսիկովիչ, – ասաց սև թղթապանակով երիտասարդ քննիչը (Ներսեսը նրա անունը չէր հիշում)։ – Ախր երեկ էիք էստեղ։ Հավանաբար անհաջող տեղ եք գցել ծխախոտի մնացորդն ու գնացել։
– Դրա՞ համար է միայն էսօր առավոտյան այրվել տունը, – գլուխն օրորեց Ներսեսը՝ զսպելով կոկորդում հավաքված, անզոր զայրույթից ու հուսահատությունից առաջացած հեծկլտոցը։ Միաժամանակ ուղեղն էր շաղափում երեկվա լսած արտահայտությունը՝ «Անասո՛ւն․․․ Միշտ ամեն անհնար բան անում ես, որպեսզի կարմադ փչացնես․․․ Բռնեցիր ու ուղղակի ունեցար ինձ»։
– Ամեն բան կպատահի՜, – լսվեց ջահել քննիչի բարակ ու անդուր ձայնը, – Մենք Դոդիկի՝ Դավիթ Պարույրովիչի հետ էն կողմերը նայենք, իսկ Դուք մնացեք էստեղ։ Կարծում եմ՝ ոչ մի հրկիզում էլ չի եղել։ Ը՛հն, նորից ծխում եք։ Բա որ նորից չհանգցրած մնացորդը գցեք խոտերի մեջ։
Եվ այդ ժամանակ Ներսեսը նկատեց դարպասի վրա կախված տուբուսը՝ վատմանի համար տուփը։ Մոտեցավ, հանեց դարպասի վրայից, բացեց․ ինչ-որ հաշվարկներ, գրություն․․․ Սկսեց կարդալ․
«Ներսե՛ս, դու անասուն ես։ Դժբախտ, դժբախտ անասուն։ Դրա համար էլ ես կատարեցի խոստումս։ Ահա նոր տան գծագրերն ու հաշվարկները։ Եվ հա՛, քո տունը ես եմ վառել։ Կարող ես ոստիկանություն հանձնել ինձ։ Բայց ավելի լավ է քեզ համար նոր տուն կառուցիր։ Էդպես էլ կանես, չէ՞։ Վստահ եմ՝ այո՛։ Ուրախ եմ քեզ համար։ Քո՝ Կլոթո[2]։
Հ․Գ․ Քեզ կհիշեմ»։
Ներսեսը փակեց տուբուսը, հեռու շպրտեց ծխախոտի մնացորդը, նորը վառեց, նայեց կիսաայրված կաղնուն՝ խոնարհված այն տեղի վրա, որտեղ դեռ երեկ տունն էր, իսկ հետո նայեց երկնքին։ Երկինքը նման էր թթված մածունի, և կապտաճերմակ ամպերի քուլաների տակից երևում էր փայլատ արևը։
3
Երկինքը նման էր թթված մածունի, և կապտաճերմակ ամպերի քուլաների տակից երևում էր փայլատ արևը։ Ձորքում անտանելի շոգ էր, բայց անհասկանալի ինչ-որ տեղից լողալով եկած ամպերը երեկոյան ամպրոպի հույս էին տալիս, երբ հնարավոր կլիներ քեզանից լվալ, հանել կեսօրի տոթը, քրտինքը, հոգնածությունը, երբ կվերանար կոպերի ծանրությունը, սրտի զգացողությունն ականջներում և կոկորդում, և կանցներ, վերջապես, միգրենի հոգնատանջ անող նոպան․․․ Գուցե ամպերն այդ առավոտ ոչ էլ նման էին մածունի, այլ նման էին գառնուկների, որ անհոգ արածում էին նաշտագույն երկնքում, կամ նման էր պենոպլաստի՝ փշրված ահավոր ու տհաճ կրճտյունով, բայց Ներսեսը մտածեց, որ այս ամպերն առավոտյան հենց ինչ-որ թթու կաթնային բանի էին նման․․․
-Գուցե այնուամենայնիվ պետք չի կտրել հին կաղնին, – լուսաբացին արթնացրեց Ջուլիետային։
Կինը բացեց մի աչքը (թվում էր, թե երկրորդ փակ աչքով նա դեռ շարունակում էր երազ տեսնել) և ասաց, որ ինքն իրեն հանգիստ կզգա միայն այն ժամանակ, երբ ամուսինը կտրի այդ հին կաղնին։ Ներսեսը չհանդարտվեց․ իբր լավ բան չի ծառ կտրելը․․․ իբր դեռ կանաչ է․․․ Կինը, իր երազի կինոթատրոնում երազի կինոդիտարկիչի Pause կոճակին սեղմելով, բացեց նաև երկրորդ աչքը և հիշեցրեց, որ հին կաղնին տարեցտարի ավելի է թեքվում ու արդեն սեղմում է տանիքը։ Ներսեսն ախր ինքն էր ասում, որ որոշ տեղերում նույնիսկ թերթաքարը ճաքճքել է։ Այնպես որ, Ներսեսը անպայման պետք է ամառանոց գնա։ Եվ ընդհանրապես Ջուլիետան խնդրեց մի քիչ էլ թողնի քնել, քանի դեռ վիշապիկները չեն արթնացել։
– Կարո՞ղ է սկսի ուղղվել, – մի վերջին անգամ փորձեց համոզել ամուսինը։
Ջուլիետան նստեց մահճակալի մեջ, իսկ դա լավ բան չէր նշանակում, և հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության Ձորքի շրջանի Բերդավան գյուղի հին կաղնին բնավ Իտալիայի Պիզայի աշտարակը չի և ինքն իրենով երբեք չի սկսի ուղղվել։ Հավելեց նաև, որ ամառը վաղուց եկել է․ այն իմաստով, որ ավելի ու ավելի հաճախ են Բերդավան գնալու։ Այսպիսի երկար ճառից հետո կինը հոգնած սեղմեց երևակայական Play կոճակը և նորից հայտնվեց իր վիրտուալ կինոթատրոնում։
Եվ Ներսեսը գնաց։ Բացարձակ չէր ուզում, բայց գնաց։
4
90-ականների լքված օդանավակայանի կողքով անցնող ճանապարհը թեքվում էր ձախ և ոլորանով բարձրանում վեր դեպի սարեր (շերտ առ շերտ, շրջապտույտ առ շրջապտույտ)՝ հետևում թողնելով մի պատառ հարթ հող՝ Չագի գետի հովիտները, որտեղ էլ անձև ութոտնուկի նման տեղակայված է Ձորք քաղաքը։ Միայն թե ահա հովտի մյուս կողմում ծագող արևի շողերի տակից բոցավառվող Արծվալեռ սարը բարձրանում էր նրա հետ, և չնայած շրջապտույտներին, միշտ մնում էր տեսահորիզում։
Ներսեսը վարում էր ավտոմեքենան, նայում էր Արծվալեռին և լսում իր մտքերը։ Մտքերից, կարելի է ասել, հոգնում էր։ Հատկապես, երբ դրանք շատ էին և մեծ արագությամբ ընթանալով՝ խփվում էին Ներսեսի գանգի պատերին, ետ էին ցատկում և նորից քաոսային շտապով հոգնեցնում ուղեղն իրենց աննպատակայնությամբ։ Ա՛յ ինչպես հիմա։ Ներսեսն այս վիճակը չէր սիրում․ կուզեր աչքերը փակել և քնել։ Բայց միշտ չէ, որ դրա հնարավորությունը կար (օրինակ՝ հիմա, երբ ղեկի վրա է)։ Եվ դա էլ հենց հուսահատեցնում էր․․․ Ընդ որում Ներսեսը նաև չէր սիրում երազներ տեսնել։ Չէ՞ որ քիչ էր պատահել, որ նրան լավ երազ բաժին ընկներ։ Հիմնականում մղձավանջներ էր տեսնում, որոնք ինչ-որ համառ մշտակայունությամբ կրկնվում էին։ Ամենից հաճախ Ներսեսը վթարի ենթարկվող ինքնաթիռի հետ կապված երազ էր տեսնում։ Ընդ որում, նախապես ասեմ, որ Ներսեսը կյանքում երբեք որևէ օդանավ չէր բարձրացել, ինքնաթիռ էլ տեսել է հեռուստացույցով կամ էլ հարազատ Ձորքի շրջանի վրայով հեռու երկնքում անտարբեր թռչելիս։ Հենց այդպես։ «Աղետ-երազում» օդաչուները, չգիտես ինչու, գտնվում էին մի իրավիճակում, որում անհնար էր կառավարել ինքնաթիռը (այդ պահին Ներսեսը միշտ, երբ քնած էր, մոռանում էր ճշտել, թե ինչու)․ թունավորվե՞լ էին, թե՞ հարբել էին, թե՞ ուրիշ ինչ-որ բան։ Ամեն դեպքում այնպես էր ստացվում, որ Ներսեսը ստիպված էր զբաղեցնել գլխավոր օդաչուի տեղը և կառավարել բոինգը։ Այս երազը երբեք չէր հաջողվում մինչև վերջ նայել։ Այնպես որ Ներսեսը գիտեր, որ վերջնահաշվում ինքաթիռը նստեցնում էր, թե ոչ, բայց հաստատ հիշում էր (այ այս մեկն ամենատանջալիցն էր), որ բոլոր ուղևորները (իսկ նրանց մեջ, չգիտես ինչու, ընտանիքն էր, հարազատները, ծանոթները, ընկերները, ծառայակից ընկերները) նրանց սկսում էին համոզել, որ իրենց փրկի։ Իսկ նա, այսինքն՝ Ներսեսը, պնդում էր՝ համոզելով, որ ինքը բացարձակ գաղափար չունի, թե ոնց է պետք կառավարել ինքնաթիռը, ինքն պարզապես Ձորքի քաղաքապետարանում միջին կարգի չինովնիկ է։ Բայց, ի վերջո, Ներսեսին այլ բան չէր մնում անել, քան նստել ինքնաթիռի ղեկանիվին։ Ամեն անգամ քնելիս Ներսեսը վախենում էր՝ նորից այս երազը կտեսնի և դրա համար էլ չէր սիրում քնել։ Բայց ինչպես արդեն ասվեց, միայն քունն էր օգնում քաոսաբար զվռնող իր մտքերի հանդարտվելուն և որևէ ուղղություն ընդունելուն։ Հա՛, և ինչպես հայտնի է, քունը լավագույն դեղամիջոցն է միգրենի նոպաների դեմ, որոնք Ներսեսը պարբերաբար ունենում էր։ Այդ մտքերը, ինչպես նաև ինքնաթիռի հետ կապված «աղետ-երազը», ամեն անգամ լողում ու ջրի երես էին դուրս գալիս նրա գլխում։ Օրինակ՝ մտածմունքները իր տարիքի (մի ամսից 45-ը կլրանա), կնոջ, երեխաների, ծնողների, տատ ու պապի մասին։ Իսկ ահա այդ օրը նաև այն մասին, որ պետք է կտրել գրողի տարած կաղնին, որին, սակայն, նա չէր ուզում սպանել։ Ախր ո՜նց կտրի։ Ախր դա Ներսեսի հարազատ կաղնին է։ Այդ կաղնին մանկուց աչքի առջև է։ Այդ կաղնին փոքրուց տեսել է իր հայր Հուսիկը, այդ կաղնին փոքրուց տեսել է իր պապ Գրիգորը․․․ Մի՞թե կարելի հենց այդպես վերցնել ու կտրել այն։ Բա Ջուլիետան այդքանը հասկանո՞ւմ է։ Մյուս կողմից․․․ Եվ իրոք, գուցե վտագավոր է։ Ներսեսը բարկանում էր կնոջ վրա (նա միշտ էր կնոջ վրա բարկանում՝ առիթ-անառիթ), բայց ավելի շատ բարկանում էր ինքն իր վրա։ Ու չգիտեր՝ ինչ անել։ Ինչպես միշտ չգիտեր։ Միշտ փոխանակ խնդիրը լուծելու, նա ամեն ինչ թողնում էր այնպես, ինչպես կա․ «ինքն իրեն կներծծվի»։ Սովորաբար այդպես էլ լինում էր։ Բայց կաղնու դեպքում անհասկանալի էր, թե ինչպես պետք է խնդիրն ինքն իրեն լուծվեր։ Հո ինքն իրեն ծառը չէր ուղղվելու։ Ընդհակառակը, ավելի ու ավելի էր սեղմելու տանիքը, մինչև այն չջնջխեր։ Ստացվում էր, որպեսզի փրկի տունը, Ներսեսը պետք է սպաներ ծառին, որպեսզի ծառը չսպաներ տանը։
Ռոզա տատը վաղուց էր մահացել, բայց նրա խոսքերը մնացել էին հիշողության մեջ․ «Ծառ կտրել չի՛ կարելի, դժբախտություն կբերի․․․»։
5
Մի քսան րոպե անց արդեն Ներսեսն անցել էր Արծվանիկ գյուղը և տասը րոպեից մտավ Բերդավան, կանգ առավ կանաչ դարպասների առջև (ինքն էր անցած տարի դրանք ներկել ավագ որդու՝ Պարթև-Սահակի հետ), որոնց ետևում երևում էր Գրիգոր պապի տունը՝ սկզբում գրված Հուսիկի անունով, իսկ հետո՝ իր՝ Ներսեսի անունով։ Հիմա այդ տունը որպես ամառանոց էր ծառայում, ուր ամեն հնարավորություն դեպքում ընտանիքի հետ գալիս էր Ներսեսը (ամռանն ընդհանրապես երկու-երեք շաբաթ այստեղ են ապրում)։
Ներսեսը բացեց դարպասները («Հիշեմ՝ մի անգամ յուղեմ կողպեքը, լրիվ ժանգոտել է», – մտածեց նա), մտավ տարածք, ճանապարհին նկատեց, որ դեպի տուն տանող բետոնապատ արահետի երկարությամբ գարնանը Ջուլիետայի ցանած անյուտայի աչիկներն ու «վայրի» մեխակները ծաղկել են, իսկ հետո փայտե սանդուղքով բարձրացավ տուն՝ ձեռքին բենզասղոցով պայուսակը։ Տուն մտնելիս մտածեց, որ այդպես էլ կտրելիք կաղնու կողմը չնայեց, ասես ամաչում էր նայել։ Այդպես հաճախ չես նայում նրա աչքերի մեջ, ում պատրաստվում ես ցավ պատճառել, առավել ևս՝ սպանել։ Ի վերջո հետո ողջ կյանքդ դրա հետ պետք է ապրես։ Զոհի աչքերի մեջ հանկարծ արտահայտված այդ հայացքի հետ։ Եվ դու հետո ողջ կյանքդ ինքդ քեզ դուր չես գալու․․․ Հիմա էլ Ներսեսն ինքն իրեն դուր չէր գալիս ու չնայեց իր հարազատ ծառին, որն ինչ-որ բանի մասին համառորեն ու աննկուն լռում էր, թեկուզ և մերթ ընդ մերթ ցնցվում էր տերևներով։
– Ի՞նչ ես մտածում երազիս մասին։
– Մեծության մոլորություն ունես, Ներսո՛ ջան։ Մեսսիայի բարդույթ է քեզ մոտ։
Ներսեսն այն ժամանակ ոչինչ չասաց, բայց Ջուլիետայի խոսքերը տեղ արեցին։ «Մի՞թե ես էդպիսին եմ», – մտածեց Ներսեսն ու նորից զգաց, որ ինքն իրեն դուր չի գալիս։ Ու նորից ընկավ դեպրեսիայի մեջ (ընդ որում Ներսեսը հաճախ էր հայտնվում դեպրեսիայի մեջ) մինչև Երևանից մի երկու օրով եկած դասընկեր Անդրանիկը (Անդո ջան-ը), որ նախարարություններից մեկում խոշոր չինովնիկ էր դարձել (իսկ ժամանակին հոգեբան-խորհրդատու էր), ասաց․
– Քո երազն ասում է, որ շուտով քեզ վրա պատասխանատվություն ես վերցնելու և կյանքում ինչ-որ բան փոխես։ Ներսո՛ ջան, ախր դու, եթե չեմ սխալվում, երաժշտական ուսումնարան ես ավարտել, չէ՞։ Վերջին անգամ ե՞րբ ես դաշնամուր նվագել։
Ներսեսը ստիպված էր խոստովանել, որ արդեն 20 տարի կլինի՝ գործիքին մոտ չի եկել։ Անդոն ասաց․
– Իզուր, շատ իզուր։
Իրականում երաժշտությունը հենց այն էր, ինչ պետք էր Ներսեսին։ Երաժշտություն շատ էր սիրում, բայց ուսումնարանից հետո դադարեց դրանով զբաղվել։ Ներսեսը չտեղափոխվեց Երևան։ Ներսեսը երևանյան Կոնսերվատորիա չընդունվեց։ Ձեռքից բաց թողեց։ Ինչ-որ կասկածելի տղերքի հետ կապվեց, ջահել տարիներին խելքը խմելուն տվեց, բայց հետո խմելը թողեց, սկզբում մի գործարանում գործի անցավ, հետո՝ մյուսում, Պոլիտեխնիկը հեռակա կարգով ավարտեց, դարձավ գործարանի գլխավոր ինժեները, իսկ հետո էլ՝ հարազատ Ձորքի քաղաքապետարանում՝ չինովնիկ։ Եվ այս բոլորը նրա համար, որ երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո իր հայր Հուսիկ Գրիգորիչը հայտնեց, որ Ներսեսը Երևանում անելու բան չունի, թեև ուսումնարանի դասավանդողները, որ ամեն դեպքում երաժշտությունից մի երկու բան հասկանում էին, ձայն ձայնի տված պնդում էին, որ Ներսեսիկին մեծ երաժշտական ապագա է սպասվում։ Այնուհանդերձ Հուսիկ Գրիգորիչի հայտարարությունը չխանգարեց հետագայում ավագ որդուն՝ Զավենին Լոս Անջելես ուղարկելուն, իսկ հետո էլ կնոջ հետ Նահանգներ մշտական տեղափոխվելուն։ Այդպիսով, Ներսեսը մնաց մենավորիկ և ամբողջ կյանքը Ձորքում փակված։ Ամուսնացավ (վերջին ժամանակներս ոչ մի կերպ չէր կարողանում հիշել, թե ինչպես էր ծանոթացել Ջուլիետայի հետ, հիշում էր միայն, որ դեռ այդ ժամանակ Ջուլիետան մազերը հինայով էր ներկում), ծնվեցին երեխաները․․․
Նույն Անդրանիկը հայտարարեց, որ Ներսեսի միգրենի հաճախակի նոպաները պարզորոշ հոգեսոմատիկ բնույթ ունեն։
– Գուցե ամեն ինչ թողնես ու գնա՞ս։
Բայց Ներսեսը միայն տխուր ժպտաց՝ պարզ գիտակցելով, որ քաշվել է իր ամբողջ կյանքով։ Որ էլ արդեն ոչինչ չի փոխի, որ էլ ոչ մի տեղ չի գնա։ Չի կարող, իրավունք չունի։ Ինչի՞ մասին է խոսքը։ Նա նույնիսկ ինքնասպան լինել չի կարող։ Չէ՞ որ դա կնշանակի երեխաներին սովի դատապարտել։ Նա չէր կարող։
-Չէ, Անդո՛ ջան, ես փակուղու մեջ եմ․․․
Երեխանե՞ր։ Երեխաներն՝ ի՞նչ։ Իրեն պաշտում էին, թեև հիմնականում սակավախոս ու տխուր էր․․․
6
Մինչև դարավոր կաղնու սպանությանն անցնելը (մի՞թե կա ավելի հարմար բառ), Ներսեսը որոշեց տատի՝ արևածաղիկներով նկարազարդ թերմոսով իր հետ բերած սուրճը խմել։ Սուրճից դարչինի հոտ էր գալիս։ Երևի երեկ թերմոսը Ջուլիետան էր հետն աշխատանքի տարել․ կինը մանկապարտեզի վարիչ էր։ Սատանան գիտի, թե ինչ էր։ Ջուլիետան հո նորմալ սուրճ չի՞ խմի։ Անպայման մեջը պիտի դարչին կամ կարդամոն ավելացնի։ Իսկ Ներսեսի կարծիքով հանցագործություն էր սուրճի մեջ որևէ համեմունք ավելացնելը։ Նա վստահ էր, որ սուրճն ինքն իրենով աստվածային բան է, իսկ դա նշանակում է, որ կատարյալ ու ինքնաբավ է, և եթե ճիշտ պատրաստես, ապա որևէ բան ավելացնելու կարիք չի էլ զգացվի։ Սուրճը, երևի, նրա միակ կիրքն էր, աշխարհում միակ երևույթը, որին Ներսեսը լրջությամբ էր մոտենում։ Ու ահա նա հիմա խմում էր այն՝ դեմքը ծամածռելով դարչինի համից և փորձելով պատուհանից դուրս չնայել․ չէ՞ որ այնտեղ էր կաղնին։
Սկզբում, երբ բարձրացվել էր անողոքաբար թեքվող ծառի հարցը, Ներսեսը մտածել էր, որ կարիք կլինի կանչել տեղացի բերդավանցի ջահելներին, կամ ավելի վատ, Ձորքի աշխատողների բրիգադ բերել՝ վերամբարձ կռունկով։ Թե չէ ո՞նց էր կտրելու այս ահռելի ծառը, որ հանկարծ տան վրա չընկնի։ Բայց հետո Ներսեսը որոշեց, որ այդպիսի հարց չկա, որ մարդն իր ինտելեկտով չկարողանա լուծել, և մի շաբաթ առաջ քաղաքապետարանի մի ընկերոջից խնդրեց «Դրուժբա» բենզասղոցը։ Այդ ընկերոջ անունը Դոդիկ էր։ Ընդհանրապես, Դավիթ Պարույրովիչ էր, բայց ոչ ոք նրան այդպես չէր կոչում։ Բոլորը․ «Դոդի՛կ, հա՛ Դոդի՛կ», այդ թվում նաև Դոդիկի կինը՝ Սուսաննան, ու անձամբ ինքը՝ քաղաքապետը։ Ներսեսը չգիտեր, հարցնել էլ չէր ուզում, թե Դոդիկի ավտոտնակում ինչ գործ ուներ «Դրուժբա»-ն, սակայն, չգիտես ինչու, գիտեր դրա առկայության մասին և խնդրեց որոշ ժամանակով տրամադրել իրեն։ Դոդիկը միայն նախազգուշացրեց․
-Վերջույթների հետ զգույշ կլինես։
Դոդիկի քիթը ծուռ էր (ասես նրա քիթն ուզել էին մասերի բաժանել, բայց գործի կեսից մտափոխվել էին), ոտքերը ծուռ էին, մեջքը՝ ծուռ, և այդ ամենի մեջ միակ հրաշալի բանը՝ կինը՝ Սուսաննան էր։ Ոչ ոք չգիտեր, թե այդ ում այլանդակ երևակայությունն էր եղել ամուսնական կապերով իրար կապել այս երկու իրարից այսքան տարբեր մարդկանց։ Բայց Դոդիկն ու Սուսաննան այնքան երջանիկ զույգ էին թվում, որ ոչ մեկի մտքով չէր էլ անցնում այդ բանը պարզել։ Նույնիսկ այդ մասին չէր հարցնում Ջուլիետան՝ Ներսեսի կինը, ում մանկապարտեզում դաստիարակչուհի էր աշխատում Դոդիկի կինը։ Քաղաքապետարանում Դոդիկին ոչ ոք չէր սիրում (ի՞նչ մեղքը թաքցներ, Ներսես էլ), և անհասկանալի էր, թե ինչու նրան գործից չէին հանում։ Երևի մտածել էին, որ Դոդիկը ոչ մեկին չի խանգարում, ու ձեռք չէին տալիս։ Բացի այդ, նա քաղաքապետարանի միակ աշխատողն էր, որ 90-ականների սկզբից էր աշխատում։
Ներսեսը գցել-բռնել էր, որ ծառը ներքևից չի կտրի, այլապես ընկնելիս հաստատ տունը լուցկու տուփի նման կճզմի, այլ ինքը սղոցը ձեռքին կբարձրանա ծառի վրա՝ ինչքան հնարավոր է վերև, և կսկսի կտրել ճյուղերն ու բունը՝ աստիճանաբար ներքև իջնելով։ Ճյուղերը, եթե տանիքի վրա էլ ընկնեն, չեն վնասի։
Բայց մեկ է, Ներսեսը չէր ուզում կտրել կաղնին։
Վերջապես ավարտելով դարչնահամ սուրճը և ծխելով թվով չգիտես որերորդ ծխախոտը՝ Ներսեսը պայուսակից հանեց սղոցն ու դուրս եկավ արևին։ Վերևից ներքև նայեց կաղնուն ու ասաց․
-Կներե՛ս, ծա՛ռ։
Ներսեսն ուսը գցեց բենզասղոցի գոտին ու սկսեց բարձրանալ։ Ծառը սիրով թույլ էր տալիս այդ վերելքը, կարծես նույնիսկ օգնում էր՝ ոտքի կամ ձեռքի տակ հարմարեցնելով հերթական ճյուղն ու փչակը։ Ծառից մամուռի ու վաղորդյան ցողի բույր էր գալիս։ Ներսեսը ավելի ու ավելի էր բարձրանում վեր։ Իսկ երբ արդեն անհնար էր վեր բարձրանալը, նա կրծքով հենվեց ծառի բնին և երկու ձեռքով բռնեց ուսից կախված բենզասղոցը, որն այստեղ՝ հինգհարկանի տան բարձրության վրա, է՛լ ավելի ծանր էր թվում։ «Սղոցելու ապարատը թեթև է, – մտածեց Ներսեսը, – ծանրը շարժիչն ու կարկասն են»։ Հետո մի երկու անգամ ամբողջ ուժով քաշեց պարանը, բայց «Դրուժբան» գործի չընկավ։ Լարվածությունից ձեռքերը դողնում էին, և Ներսեսը որոշեց հանգստանալ և ծխել հենց այնտեղ՝ ծառի վրա՝ հինգհարկանի շենքի բարձրության վրա։ Հիմա ծառն այլևս զոհ չէր թվում։ Հիմա նրանք հավասարը հավասարի վրա էին։ Չէ՞ որ կաղնին ամեն րոպե կարող էր նրան գցել իր վրայից և սպանել։ Հենց դա էլ հանգստացնում էր։ Ներսեսը ժպտաց։ Նրան դադարեց թվալ, որ ինքը պատրաստվում է սպանություն գործել։
7
-Դուք իրո՞ք պատրաստվում եք էդ խեղճ կաղնին կտրել։ Հե՜յ, ձեզ հետ եմ, էդ, որ ծառի վրա եք։ Հապա մի էստեղ նայեք։ Ա՛յ էդպես։ Ապրե՛ք։ Ինձ տեսնո՞ւմ եք։ Հիմա ի՞նչ, պատրաստվում էիք ծառը կտրել ու թռնե՞լ։ Ձեզ Կառլսոնի՞ տեղն եք դրել, թե՞ Լեոնարդո դա Վինչիի։
-Ընդհանրապես՝ կտրել․ իսկ Դուք ո՞վ եք, – Ներսեսը հազիվ կարողացավ ճյուղ ու տերևի արանքից տեսնել ձայն տվող կնոջը։ Կինը կանգնած էր հարևան տան սանդղամուտքին՝ դեռևս Գրիգոր պապի կառուցած դարպասից այն կողմ։
– Իսկ Ձեր տատը Ձեզ չէր ասե՞լ, որ ծառ կտրելը լավ բան չի։
– Ասել էր։ Եվ, ոնց հասկանում եմ, բոլոր տատիկները երբևէ դրա մասին ինչ-որ բան են ասել։
– Բա Դուք ասածն ինչո՞ւ չեք լսում, – քրքջաց կինը, – Դուք միշտ չեք լսո՞ւմ, թե՞ միշտ լսում եք։ Ցա՛ծ իջեք։ Ցա՛ծ իջեք։ Էդ ծառն էլ հանգիստ թողեք։ Ծառի մեղքը ո՞րն է։ Դուք սուրճը ո՞նց եք խմում։
– Ես սուրճը սուրճով եմ խմում, – չորեց Ներսեսը՝ հիշելով տատի թերմոսի իր սուրճը, որ դարչինի հոտ ուներ, բայց այնուամենայնիվ, փնչացնելով ու հայհոյելով սկսեց իջնել։
Երբ գետնի վրա հայտնվեց ու ազատվեց «Դրուժբա»-յից, ձեռքերն առաջ պարզեց․ դեռ դողում էին։ Ձայն տվեց․
– Ո՞ւր եք։
– Սուրճ եմ եփում Ձեզ համար, – պարսպի ետևից կանչեց կինը, – դարպասները բացել եմ։ Նե՛րս եկեք։ Մի երկու բառ խոսենք։
Ներսեսը թափ տվեց հագուստը, դուրս եկավ իր տան դարպասներից, հետո մտավ հարևան տան դարպասներից ներս, միանգամից իրենց զգաց ուրիշ աշխարհում։ Ինչպես Ալիսը հայելիների կամ հրաշքներով լի հանդերձյալ աշխարհում։ Այդպես միշտ է պատահում, երբ մտնում ես գյուղի կամ ամառանոցային ավանի հարևանների տուն։ Երևի նրանից է, որ դիտանկյունը փոխվում է։ Երևի նույն առարկաներին կողքից ես նայում։ Ահա, թվում է, թե նույն հարազատ կաղնին է․ բայց հապա ինչ գեղեցիկ է այս կողմից։ Տունդ էլ ինչ-որ ուրիշ է թվում։ Ներսեսը մտածեց, որ կյանքում ամեն ինչ կախված է դիտանկյունից, բարձրացավ փայտե աստիճաններով և հայտնվեց ապակեպատ պատշգամբում։ Մի երիտասարդ կին դուրս եկավ՝ ա լա «Ուրվականը» ֆիլմից Դեմի Մուրի կարճ սանրվածքով, սև, վառ դեղին արևածաղիկներով շատ կարճ մետաքսե խալաթով, ոտքերին՝ դարձյալ սև, կաշվե, բավականին բարձր սաբոներ, ձեռքին՝ սուրճի գավաթով ու ջրի բաժակով փոքր սկուտեղ։
– Բարև Ձեզ, ներքևից այնքան մեծ էիք թվում, – ժպտալով ասաց կինը։
– Իսկ Դուք վերևից այնքան փոքր էիք թվում, – «կպավ» Ներսեսը, նստեց սեղանի մոտ ու ծխախոտ վառեց։ Կինը նստեց սեղանի մոտ դրված ճոճաթոռին և ոտքերը շալով ծածկեց։ «Բերդավանում առավոտները ցրտոտ են», – մտածեց Ներսեսը, – Դուք սուրճ չե՞ք խմում։
– Ես սուրճ չեմ սիրում, – պատասխանեց երիտասարդ կինը՝ ինքն էլ ծխելով, – սուրճը տանը նման դեպքերի համար եմ պահում․ մեկ էլ տեսար, հյուր եկավ։ Բայց թող դա ձեզ չանհանգստացնի։ Մնացած հարցերում կարգին կին եմ․․․ Երևի։
Ներսեսը սուրճից կում արեց։ Հաճելիորեն զարմացավ այն բանի վրա, որ կինը աստվածային ըմպելիքը շատ էլ համեղ էր պատրաստել։ Զարմանալի է, թե ինչպես կարելի պատրաստել այսպիսի համեղ սուրճ, երբ ինքդ սուրճ չես խմում ու դրանից ոչինչ չես հասկանում։
-Ի՞նչ եք անում Բերդավանում, – հարցրեց նա։ – Երևում է, որ հաստատ տեղացի չեք։ Երևանյան ակցենտ ունեք։ Էս տունն էլ գիտեմ։ Դեռ մանկուց։ Մենք էս տանն ասում էինք «Վարդան ախպոր տուն»․ պապս ծերուկ Վարդանին եղբայր էր ասում, չնայած, որ ազգականներ չէին։ Ես էլ Ձեզ էստեղ երբեք չեմ տեսել։
-Երևանցի եմ, – պատասխանեց կինը՝ նորից ժպտալով, – ու ոչ մի Վարդան էլ չգիտեմ։ Ես երկու շաբաթով եմ վարձել էս տունը։ Ինձ խորհուրդ տվեցին Բերդավանում հանգստանալ։ Ճարտարապետ եմ։ Գծագրում եմ, կառուցում, էդպիսի բաներ։ Վաղն արդեն մեկնում եմ։ Երևան։ Իսկ այնտեղից՝ Մոսկվա։
– Անունս Ներսես է։ Ներսո․․․
– Ես Նոնան եմ։ Մի «ն»-ով։
-Սիրուն անուն է։
-Ինձ էլ է դուր գալիս։ Ինձ անուն դնելու մի տասը տարբերակ հաստատ կար։ Մի ամբողջական ցուցակ։ Բայց հիշում եմ մամայի արտահայտությունն էդ ցուցակի տակ՝ «Ես վճռականորեն ու կտրականապես Նոննոչկա եմ ուզում»։ Մաման ու պապան գրություններով էին շփվում ծննդատնից։ Բայց երբ պապան գրանցում էր ինձ, ԶԱԳՍ-ի աշխատողը ծննդյան վկայականում մի «ն»-ն բաց թողեց։ Դե անձնագրում էլ արդեն չուղղեցին։ Հատկապես, որ ինչպես հետո իմացա, Նոնան հռոմեացիների ճակատագրի երեք աստվածուհիներից մեկն էր (հունարեն՝ Կլոթո՝ մարդու ճակատագրի թելը «մանողը»)։ Էսպիսի բաներ։
Ներսեսը նայեց կնոջը և սուրճից հերթական կումն արեց։ Նոնա։ Նա մտքում արտասանեց այդ կնոջ անունը՝ ասես համը փորձելու համար, և նրան դուր եկավ, թե ինչպես է հնչում։ Նրա անվան մեջ ինչ-որ հանդարտացնող-հանգիստ բան կար, և Ներսեսը հասկացավ, որ ձեռքերը դադարել են դողալ, և միգրենն անցել է։ Չգիտես ինչու, թվաց, թե այս ամենն ու հատկապես այդ տանջող նոպան հենց իր հետ չէին տեղի ունեցել։ Անդոն ճիշտ էր․ ուրեմն՝ միգրենը միշտ հոգեսոմատիկ է․․․ Ներսեսը նայեց պատշգամբի պատուհանից, որից երևում էր հարազատ, նախկինի պես կենդանի և դեռ չհաշմված կաղնին։
-Ինչո՞ւ չթողեցիք ծառը կտրեմ։ Չէ՞ որ տեսաք, որ տանիքն էդ ծանրության տակ ջարդվում է։ Էդ կաղնին վաղ թե ուշ տապալվելու է։
– Իսկ եթե չտապալվի՞, ու Դուք իզուր եք այն կտրում, – հակաճառեց Նոնան։ – Կաղնին հո մեղավոր չի, որ տուն եք կառուցել։ Չէ՞ որ հանուն արդարության պետք է նկատել, որ այդ ծառը շատ ավելի վաղ է աճել, քան Ձեր պապի սիրտն ուզել է տուն կառուցել։ Ծառը մի՛ կտրեք, համաձայնվե՛ք ինձ հետ, որ էդպես ավելի ճիշտ կլինի։ Պետք չի ինքներդ Ձեր կարման փչացնել։
– Բա ի՞նչ անեմ, – հարցրեց Ներսեսը՝ ուրախացած հանկարծ հայտնված հույսով, որ հարկ չի լինի սպանություն գործել, – ո՞նց վարվեմ։
– Ես ճարտարապետ եմ, հիշո՞ւմ եք։ Մի բան կհորինեմ, – ասաց Նոնան։
– Օրինա՞կ։
– Ահա թե ինչ։ Քանի որ որոշում ենք ծառը չկտրել, նշանակում է տունը պետք է մի քիչ կտրենք։
– Այսի՞նքն։
– Փոքրացրե՛ք պատշգամբը։ Մի երկու մետր։ Գետնի մեջ ծառի համար ցցագերան-հենասյուներ խրեք։ Ե՛վ կաղնին չի տապալվի, և՛ տունը անվտանգ կլինի։
– Դուք դա կանե՞ք։ Ինձ համար։ Դուք ամենը կհաշվարկե՞ք։ Ես կվճարեմ։
– Կանեմ, – ասաց Նոնան, – վճարել պետք չէ։
– Բայց ախր Դուք վաղը մեկնում եք։
– Մի գիշերում ամբողջը կանեմ։
– Իսկ Դուք չե՞ք կարող չմեկնել, – անսպասելիորեն հարցրեց Ներսեսը։ Առաջինը հենց իր համար անսպասելիորեն։
– Չեմ կարող։ Պետք է նորից վերադառնամ։ Նորից ցուրտ Մոսկվան։ Մեկ-երկու օրը եղանակ չի փոխի։ Մանավանդ, որ տոմսերն էլ վերադարձնել չեմ կարող։ Ի վերջո, մի օր էս երկու շաբաթը պետք է վերջանար։ Էնպես որ, ավելի լավ է չմտածել։ Խնդիրներին վերադառնալը միշտ էլ լինում է:
– Խնդիրները հատուցումն են երջանկության համար, – ասաց Ներսեսը։
– Երջանկությունը բացարձակ բան է, – գլուխն օրորեց Նոնան, – նրա համար հատուցում չկա։
– Սխալվում եք, – Ներսեսը դառը քմծիծաղ տվեց, – երջանկությունը միշտ հարաբերական է և երբեք չի լինում առանց պայմանների։
– Ուղղակի Դուք ընկալման քրիստոնեական տարբերակին եք հարում։ Անպայման հատուցմամբ։
– Մի՞թե այդպես չի կյանքում։
– Արդեն չգիտեմ, բայց ես հաստատ չեմ կարող էլի մնալ Բերդավանում։ Վաղը իմ ետևից մեքենա կգա (ծանոթս Ձորքից Երևան է գնում), ու ես կմեկնեմ։ Գծագրերը դարպասից Ձեր կողմ կգցեմ։
8
Ներսեսը վերջացրեց սուրճը, հետո ելավ տեղից, մոտեցավ Նոնային, մի կողմ գցեց շալը, սկսեց շոյել նրա ազդրերը և միաժամանակ համբուրել բերանը։ Զգալով, որ Նոնան պատասխանում է իր համբույրներին, բարձրացրեց նրան ճոճաթոռից, շրջեց դեպի սեղանը և կռացրեց՝ կտրուկ, կոպիտ և լկտիաբար։ Նոնան չդիմադրեց։ Նա ընդհանրապես ոչ մի ծպտուն չհանեց։ Ներսեսն էլ էր լուռ, միայն հևում էր ու նայում դարպասից այն կողմ գտնվող իր տան ու կաղնու ուղղությամբ։ Տեսավ, թե ինչպես մի թիթեռ նստեց խնձորենիների միջև ձգած ցանցաճոճի գերանին։ Հետո նորից նայեց իր տան կողմը, հետո՝ իր ծառի։ Պարզ չէր, թե ինչպես էր վերաբերվում կաղնին այս ամենին, բայց Ներսեսին թվաց, որ կաղնին իսկապես նայում է, ծածուկ հետևում։ Այս բանը Ներսեսին դուր չէր գալիս, ամաչեցնում էր, ու հիմա նա միայն ուզում էր շուտ վերջացնել։ Նոնան շարունակում էր մնալ անձայն ու անմասն, և այս բանն էլ ավելի էր գրգռում Ներսեսին, չնայած Նոնային կողերից բռնած նրա ձեռքերը լարվածությունից արդեն ջղաձգվում էին։ Եվ այդ ժամանակ ի հայտ եկավ մահվան կանխազգացումը, ու նրան թվաց, թե մեռնում է։ Մտածեց, զգաց, գիտակցեց, որ կյանքը դուրս է հոսում իր մեջից, և իրենից էլ ոչինչ չի մնում․․․
Մի երկու վայրկյան անշարժանալուց հետո Ներսեսը բարձրացրեց շալվարը, նստեց սեղանի մոտ՝ իր առաջվա տեղը, ծխեց ու ուղղակի սկսեց նայել, թե ինչպես է Նոնան ուղղում մազերը, դարձյալ նստում ճոճաթոռին, որի վրայից Ներսեսը նրան այդպես կոշտուկոպիտ բարձրացրել էր, ոտքերը ծածկում է շալով ու նույնպես ծխում։
– Անասո՛ւն․․․ Միշտ ամեն անհնար բան անում ես, որպեսզի կարմադ փչացնես․․․ Բռնեցիր ու ուղղակի ունեցար ինձ․․․ Առանց էմոցիաների,- ասաց դժգոհ Նոնան, բայց կարծես, ժպտաց։
-Հա, բայց դու էլ առանձնապես էմոցիաներ չունեիր, – հակաճառեց Ներսեսն ու նոր ծխախոտ վառեց, – Կարմայի մասին ի՞նչ էիր ասում։ Որտեղի՞ց է դա։ Ի՞նչ է։ Սևեռվա՞ծ ես դրա վրա։
-Հա։
-Կպատմե՞ս։
-Հա։ Ամուսնուս պատճառով։
-Ի՞նչ է եղել նրան։
-Ավտովթարից է մահացել։
-Դե շուտ պատմի։
-Լավ․․․ Ամուսնուս մի պացիենտ կին (40-ին մոտ մի կին էր՝ Երևանից ոչ շատ հեռու մի գյուղից) երկու երեխա ուներ, և հղիացել էր երրորդով։ Կեսարյանից առաջ համաձայնագիր է ստորագրում, որ իր ֆալոպյան փողերը կապեն․ այլևս չէր ուզում երեխա ունենալ։ Էդպես էլ արեցին։ Երեխան առողջ ծնվեց։ Բայց որոշ ժամանակ անց վթար տեղի ունեցավ, ու նրա երկու ավագ որդիները ու մի տարեկան աղջիկը մահացան։ Պացիենտն ու իր ամուսինը ողջ մնացին։ Էդ կինը եկավ Երևան ու սկսեց աղաչել իր բժշկին, այսինքն՝ ամուսնուս, որ փողերը վերականգնեն։ Արեգս արեց։ Իսկ հետո իմացանք, որ պացիենտը նորից հղի է։ Բայց էնպես պատահեց, որ խնձորի բերքահավաքի ժամանակ ցած ընկավ սանդուղքից ու վիժեց, ինքն էլ քիչ մնաց՝ մահանար։ Շտապ բերեցին Երևան։ Արեգը փրկեց նրան, բայց հասկանալի էր, որ էլ երեխաներ չէր կարող ունենալ։
-Էսքա՞նն էր։
-Հա, էսքանը։ Իսկ մի տարի հետո Արեգս մահացավ ավտովթարից․․․ Էնպես որ ես կարծում եմ․․․ Ես կարծում եմ, որ կաղնին կտրել պետք չէ։ Ավելի ճիշտ է պատշգամբը փոքրացնել։ Ահա։ Իսկ հիմա պատմի ազգիդ պատմությունը։ Չե՞ս պատմի։ Դե՛ սկսիր։ Դժվար բան հո չի։ Հայաստանի Ձորքի շրջանի Բերդավան գյուղում մի սովորական ընտանիք էր ապրում…
Հետո Ներսեսը գնաց։ Վեր կացավ, վերցրեց ծխախոտը, կրակայրիչն ու գնաց։ Տասնհինգ րոպե հետո Նոնան լսեց, թե ինչպես է գործարկվում է արդեն ծանոթ հարևանի մեքենայի շարժիչը․ ձայնն ինչ-որ ընդերքային էր թվում, բայց միևնույն ժամանակ՝ փափուկ։ Հետո մեքենան հեռացավ, իսկ ընդերքային-փափուկ ձայնը կամաց-կամաց դադարեց այն կողմերում, որտեղ դեռ երևում էր արևի շողերով ողողված Արծվալեռ սարը։
Ներսեսը հետ էր գնում Ձորք ու մտածում Նոնայի մասին։ Հիմա նա սեքսի տեսարանը պատկերացնում էր Նոնայի տեսանկյունից, ու ինքն իրեն դուր չէր գալիս։ «Անասո՛ւն»,- հիշեց նա։ Թվում էր, թե դա բնավ ինքը չէր, այլ մի ուրիշ մարդ։ Ախր Ներսեսը երբեք չէր կարող ենթադրել, որ ընդունակ է նման բանի։ Ամբողջը նրան տարակուսանքի մեջ էր գցում։ Ու դեռ հարց էլ առաջացավ՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ արեց դա։ Ախր լրիվ անծանոթ կին էր։ Ներսեսը չգիտեր՝ ինչ պատասխանել։ Բայց ասել, որ անծանոթուհու հետ սեքսը նրան ինչ-որ կերպ հուզեց, այդպես չէ։ Դրա համար էլ ափսոս, որ այդպես ստացվեց։ Չգիտես ինչու, ափսոս էր։
9
Ջուլիետան (մազերը հինայով ներկած, վիետնամկա-մատով հողաթափերով) հենց շեմքից հարցրեց՝ կտրե՞ց ծառը Ներսեսը, գլուխ հանե՞ց, հո դժվա՞ր չէր․․․
-Երևի վաղը կարիք կլինի էնտեղ բեռնատար տանել, որ այդ ամբողջը հավաքեն, չէ՞։ Դոդիկին կասե՞ս։ Թե՞ ես ասեմ Սուսիկին։
-Չեմ կտրել ծառը, Ջուլիե՛տ։ Չկարողացա։ Մեղք է ծառ կտրելը։ Մենք տունը փոքր-ինչ մի կողմ կտանենք։
Ջուլիետան, չգիտես ինչու, միանգամից որոշեց բղավել՝ բարկացած։ Անսպասելի։ Բարձր, շատ-շատ բարձր։
-Ներսո՛, խելքդ թռցրե՞լ ես։ Հավատս չի՜ գալիս։ Քեզանից ընդամենը մի բան էր պահանջվում․ կտրել ծառը։ Իսկ քեզ մոտ, ինչպես միշտ, չստացվեց։ Աստվա՜ծ իմ։ Ո՜նց եմ նախանձում Սուսիկին։ Իր Դոդիկն ամեն ինչ անում է, ձեռքից ամեն բան գալիս է, ամեն ինչ ստացվում է։ Իսկ ինձ քեզ նման պատիժ բաժին ընկավ։ Ո՜ր մեղքիս համար։
-Հանգստացի՛ր, հերիք է։ Ես էլ եմ կարողանում բղավել։ Ձայնդ կտրի՛ր։ Ուտելու բան տուր։ Սոված եմ։ Լսո՞ւմ ես։
-Սովածացե՜լ է մարդը, – ոչ մի կերպ չէր հանդարտվում Ջուլիետան, – Այդ ի՞նչ ես արել, որ սովածացել ես։ Հը՞։ Ոչ-մի-բան։ Ճաշը սառնարանում է։ Ինքդ էլ տաքացրո՛ւ ու կե՛ր։ Գոնե էդ կկարողանա՞ս։ Երեխաների հետ կինո եմ գնում։ Սուսիկն էլ իր երեխեքին է բերում։ Իսկ դու մնա տանն ու մտածի, որ ոչ մի բան էլ չես կարողանում անել։
Ներսեսը կերավ մենակության մեջ, հետո քսան տարվա մեջ առաջին անգամ նստեց դաշնամուրի մոտ, բացեց կափարիչը ու նվագեց։ Հենդելի «Չակոնա»-ն։ Այնքան նվագեց, մինչև հոգնեց։ Պառկեց հյուրասենյակի բազմոցին ու քնեց՝ այդպես էլ չիմանալով, թե երբ կինոթատրոնից վերադարձան Ջուլիետան ու վիշապիկները, և ինչպես սկսվեց երեկոյան ամպրոպը։ Մինչև առավոտ քնեց ու երազ չտեսավ։ Միայն երաժշտություն էր տեսնում երազի մեջ։ Հենդելի այդ նույն «Չակոնա»-ն՝ մանկությունից իր ամենասիրելի գործը։
Հաջորդ օրն առավոտյան ուղիղ իննին նրան արթնացրեց հեռախոսի զանգը։
-Ալլո՞, Ներսո՞։
-Դոդի՛կ, դո՞ւ ես։
-Հա, բա էլ ո՞վ։ Ես էլ միշտ վատ նորություններով եմ, դրա համար էլ ինձ մարդ չի սիրում։ Երևի կարմաս է այդպես․․․
-Ի՞նչ է պատահել, Դոդի՛կ։
-Ինձ հենց նոր զանգեց իմ Ավետիս քեռին․․․
-Որ Բերդավանում տուն ունի՞։
-Հա՜, Ներսո՛, հենց ինքը․․․ Տունդ վառվում է, Ներսո՜ ջան։ Հրդեհ է։ Հավաքվի՛ր։ Շուտով քեզ մոտ կլինեմ։ Գնանք։ Արդեն միլիցիա եմ զանգել, այսինքն՝ ոստիկանություն․․․
Երբ արդեն գնում էին, 90-ականների լքված օդանավակայանի կողքով, իսկ հետո էլ ոլորանով բարձրանում էին վեր՝ դեպի սարեր (շերտ առ շերտ, շրջապտույտ առ շրջապտույտ)՝ հետևում թողնելով մի պատառ հարթ հող՝ Չագի գետի հովիտները, որտեղ էլ անձև ութոտնուկի նման տեղակայված է Ձորք քաղաքը, Դոդիկը հարցրեց Ներսեսին․
-Ինչ-որ մեկին կասկածո՞ւմ ես։ Կարո՞ղ է հրկիզել են։
-Չէ՜, Դոդի՛կ, իհարկե չէ։ Ոչ մեկին։ Ո՞ւմ էր պետք։
Ճանապարհը վազում էր ու վազում, միայն թե ահա հովտի մյուս կողմում ծագող արևի շողերի տակից բոցավառվող Արծվալեռ սարը շարունակ վերև էր բարձրանում մեքենայի հետ, և չնայած անվերջ ու նյարդայնացնող շրջապտույտներին, միշտ մնում էր տեսահորիզում։
-Դոդի՛կ, ասա՛։ Դու հավատո՞ւմ ես կարմային, – հարցրեց Ներսեսը՝ տրորելով կոճակի տակից դուրս եկած թելը։ Նրա մատները՝ բարակ, երկար, երաժշտական, շարունակում էին խաղալ կոճակի հետ ու տրորել թելը, ասես թել էին մանում մինչև Ձորքի շրջանի Բերդավան գյուղը։
-Իհարկե հավատում եմ, – պատասխանեց Դոդիկը, – Բենզասղոցը, որ մի շաբաթ առաջ տվել էի քեզ․․․ մի անգամ, ջահել տարիներիս էդ նույն բենզասղոցով ընկերներիս հետ Բերդավանի բոլոր թթի ծառերը կտրել եմ։ Գորբաչովի չոր օրենքների տարիներին։ Բայց հետո շինարարություններից մեկում, որտեղ պրոռաբ[3] էի աշխատում, վրաս գերան ընկավ ու ինձ հաշմանդամ դարձրեց։ Բա մտածում ես՝ ինչո՞ւ եմ այդպես ծուռ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիա Լազարևայի
*Պատմվածքը ռուսերենով արժանացել է «Էտաժի» ամսագրի (Ռուսաստան, Մոսկվա) 2019 թ․ մրցանակակի, որպես լավագույն արձակ ստեղծագործություն
[1] Բախտի փողը կհնչեցնի զարմանալի մի ձայն
Գերեզմանային երկրների վրա՝
Բոլորին կանչելով գահի առաջ։ (լատ․)
Tuba mirum («Բախտի փողը») համարվում է Dies Irae («Ցասման օրը») լատինական քնարական շարքի մի մասը, որն օգտագործվում է անգլիկան և կաթոլիկ պատարագներում, հատկապես, սգո մեսսաներում (Ռեքվիեմներում)։
[2] Կլոթո — հին հունական դիցաբանության կերպարներից, մոյրաներից մեկը, որ մանում էր կյանքի թելը։
[3] Աշխղեկ։