Արսեն Ներսես | Դադիվանուց ժամագիրք

անցակետ

երկնքում անգամ
ավերված տների
ուրվականներ կան

երկնքի տակ
մահվան մասին
հուշագրեր ընթերցող
ուխտավոր ենք մենք

…անցակետը վկայում է
որ քիչ հետո
ավերակներում
նշխարք դարձած մի Վանք
լսելու է երկնքի
դարպասների դիմաց
խցանված աղոթները նույն

…անցակետը վկայում է
որ անցյալ ոճիրների համար
փնտրվում են
ապագա մեղավորներ

 

ձյունը

հրեշտակները Երկինքն են հարդարում
աստղազարդ գորգեր թափ տալիս

և ամպոտ
խոշոր փոշեհատիկներ են
ճերմակ ճերմակ իջնում_

և փնտրում չորացած լեռնալանջեր
որ մեր մերկությունը ծածկեն

և փնտրում թարմ հողաթմբեր
որ մեր արցունքները թաքցնեն

…և նրանք գտնում են մեր մազերը
որ մեր տարիքը մատնեն…

…Երկինքը մաքուր մաքուր է
ներքևում՝ հուսահատ ճերմակ
և պատերազմ ու խաղաղությունը
կիսաքուն սերմերի հետ

մնացել են թաց ակոսներում հողի՝
ճերմակ ու ճերմակ լռության տակ

…ինչ տխուր,
տխուր են հրեշտակները
երկինքն հարդարում

 


գիշերային ժամ

ձյունոտ լեռներից
մշուշն է ծանր շնչում
շշուկների մեջ
աղոտ ու սառը մոմերի

խնկաբույրի մեջ
մի կիսատ հիշողություն է
սողեսող անցնում՝
վառոդի հոտով

և լուսաբացի թռչունները
գանգատվում են ապրողներից,
Տե՛ր…

…եթէ զշրթունս իմ բանաս…
…եթէ զշրթունս իմ բանաս…

ամենուր
թշնամու մասին են պատմում
մեր կիսատ աղոթքները
Տե՛ր

 

արևագալի ժամ

մի օտար
խաղաղություն է
գիշակեր թռչնի պես
ճախրում լեռների վրա

մոռացկոտ ու քաղքենի
պողոտաներում
դեռ սրտից սիրտ են
ցատկում
անիմաստ երգեր

…և վանքի խցում

_այս անպաշտպան
արևագալի նման_

որբ ու վիրավոր է
խաղաղությունդ
Տե՛ր

…………
կարծրացած ձյուներով է
լեցուն երկնքը

և Վանքի շուրջ քամին
քարե քար է զարկվում
ո փշրվում
սառը աղոթքի մեջ

…փրկիր մեզ
Տե՛ր
այս ցրտահար
ձանձրությունից
որ ոգեկոչում է
նույն ընթացքն անհույս
ձյունի և ձնհալի

…և աղոթքները ժպտում են
Վանքի լռության մեջ
հազարամյա

 

հոգեհանգիստ

…աներկինք ու անթաղ
երազներ են ընկած
լուռ ու վիրավոր
ճանապարհների վրա
Տե՛ր

…արա հանգիստ եւ ողորմութիւն…

քանզի
ամեն ծաղկի հետ
չապրած օրեր են բացվում
և որբացած փնտրում
ավարտ

գարնանամուտին

 

արևագալից հետո

արևագալից հետո
մենության դևերը
տարածվում են երկնքով մեկ

և հրեշտակները խոնարհ
քաշվում են անլույս
խցերը վանքի

…լեփ լեցուն պողոտաները
քարշ են գալիս
կանգառից կանգառ

…խորտակված երազներն
անդեմ ու անդիմակ
գնում են
խաչմերուկներում
ապրելու իմաստ մուրալու

և հուսահատ արտասվելու
աղմուկների ու մենության
պարիսպների տակ

…և հրեշտակներով լեցուն
խցերից Վանքի
շշուկներ են լսվում կարեկցանքի

 

ուխտավորներ

պողոտաներից հեռու

հեռու
լեռների վրա
միշտ կան
կիսավեր վանքեր՝

կիսավեր սրտի
պատկերով ու նմանությամբ՝

լեցուն
լեցու՜ն
հավերժ աշնան մեջ ապրող
մի տխուր Սիրով…

քանզի
միշտ կա
ինչ-որ երկրորդ գալուստ
որին այդքան սպասում են

և՛ փողոցներում
և՛ լեռներում Վանքի_

նույն բացակայությամբ
հավատքի

 

բարի սամարացիներ

մեր աղոթքների
երամները
փակում երկինքը
Տե՛ր

և մենք
բարի սամարացի ենք դառնում՝

հուսահտ ու վախեցած
թափառելով

սրտից սիրտ
և հայացքից հայացք

_անզոր աղոթքների
մեր դժոխքից_

փնտրելու
կարևեր ու կիսամեռ
թշնամիներ


հրաշապատում

մենությունը սրբում է
մեր ուրվագծերը
փողոցներում

մայթերին թողնելով
հին երազներից մնացած
անգտնելի դառնալու
հրաշքը մեր

…և մենք միայնակ ենք
մնացել Քեզ հետ
Տե՛ր

և մենք վախենում ենք
վերջնականապես
Քեզ հավատալուց

քանզի
երբեմ առանց Քե՛զ է
շարունակվում

անսփոփ հրաշքը
կիսախելագար
մեր մենության

 

լռության աղոթք

խուլ ու համր
հիշողության մեջ
ծուլանում է ներկան
դառնում շատախոս

…մենությունն անգամ
ի զորու չէ
Տե՛ր

սանձելու
մեր անիմաստ բառերի
պարսն աղմկոտ

…և նույնչափ ցավոտ են
բառն ո լռությանն
առանց Քեզ

…Դո՛ւ խոսիր իմ մեջ
որ ես լռեմ
Տե՛ր


Աբելի աղոթքը

_ո՞ւր է եղբայրդ
կայե՛ն_

…և չկա պատասխան

քանզի
անլսելի է Քո ձայնը
Տե՛ր

…և մի տանիր զմեզ
…և մի տանիր զմեզ

ի լռություն Քո_

քանզի
արդար ու ճմարիտ է
Քո լռության մեջ
միայն կայե՛նը

…և մի թող
…և մի թող

Տե՛ր

որ փախուստը Քեզնից
դառնա
մեր միակ վերադարձն
առ Քեզ

.……………
առաջինները վերջին կդառնան

ու երբ չծնվի ոչինչ
ոչ հողից
ոչ ջրից
ոչ կրակից

առաջինները ոչինչ կդառնան

ու կտեսնեն միայն
որ
գարուն ա
ձյուն ա արել

վայ լե լե
վայ լե լե…

_վայ ձեզ կեղծ ստնտուներ

քանզի
հացը մնաց հաց
ո գինին՝ գինի

և կհառնեն
անհամար մեռյալներ
որպես հոգեզուրկ մարմին

քանզի
այդպես էլ
Տե՛ր
վերջինները չդարձան առաջին

 

անձրև

հեռուները ջրաներկով են գծված

այնտեղ
ուր երկինքը հատվում է
ծառերի հետ
սարերի կամ Վանքի

դեռ վրձնի հետքեր կան ծանոթ
…անձրևը կգա ու կմաքրի մեզ՝
հորիզոնին չհասած

և մենք կդառնանք
բաց լուսամուտի մոտ մոռացված
անձրևոտ բանաստեղծություն

…ես միայն առանձին բառեր եմ հիշում
Տե՛ր

մնացածն անձրևաջուր է՝

անիմաստ լինելու չափ
գունավոր գունավոր
անձրևաջուր՝
ներկերի բույրով

 

թշնամին

սիրեցեք ձեր թշնամիներին
քանզի
նրանք չեն գողանա երբեք
արցունքները ձեր սիրո

նրանք գիտեն միայն
ճիշտ ժամը համբույրի
վերջին աղոթքից հետո

…և միշտ
թափառող շուրթեր են
ցատկոտում
մատնության ու սիրո միջև

կեսգիշերային մեր Գեթսեմանում

…և Քեզ
դեռ համբուրում են
մատնելուց առաջ
Տե՛ր

և մենք
դեռ մեռնում ենք
մեր մատնված
սիրուց

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *