Մարիա Ակոպովա | Null


Բայց դարձի՛ր,
Եթե նույնիսկ էլի
Ոչինչ չենք դառնալու
Կամ ոչինչ ենք դառնալու…

Սիրելի՛ս
Քեզ խաբել ու ասել են.
«կմեծանաս կհասկանաս»
Ու չես էլ նկատել,
Որ ամեն ինչ սուտ է
Ու ջրի երես չի ելնում …
Կներես
Բայց իմաստները
Մեռնում են անիմաստությունից
Ու թե քո բախտը ևս չի բերել
Դարձի՛ր իմաստ
Ու թող փնտրեն քեզ
Ու գեթ մի անգամ գտնվի՛ր
Գրպանում կորած
Կոպեկի նման ..

Սեր իմ,
էսօր էնքան անկեղծություն եմ խմել,
Որ ճշմարտություն եմ
Ու ջրի երես եմ ելնում.
«ինչքան շատ մեծանաս
Էդքան քիչ կհասկանաս»
Ու թե էսքանից հետո
հույսդ էլ չկա
Խնդրում եմ
Դարձի՛ր հույս
Ու վերջինը մեռիր,
Որովհետև առանց քեզ
Հույսեր չկան,
ՀույՍԵՐ չկա …

Գիտե՞ս,
մեծացել եմ
Ու չեմ հասկանում
Ու թե դու էս կյանքից
Բան ես հասկանում
Տու՛ր ինձ կյանք
Ու թող հասկանամ ինձ,
Հասկանամ քեզ,
Հասկանամ նրանց..
Ու թե էլի մոլորվեմ իմ մեջ
Խնդրում եմ
գտի՛ր ինձ
Ու կորցրու,
Որ էլ ոչ ոք չգտնի…

Դու միշտ կորած ես,
Ես միշտ կորցրած.
Սա միակ ճիշտն է
Որ չի սուզվում ջրում…
Գիտե՞ս էլ ոչ ոք
Սիրուց գլուխ չի կորցնում,
Մի գլուխ
Սիրում են
Ու կորցնում …
Ու թե գլուխդ կորցրել ես,
Արի՛ ու թող
Ծանրանամ ուսերիդ
Արի՛ եթե անգամ
Դառնալու ես ծանրություն,
Եթե էլի ծանրանալու ենք
Եթե անգամ քայլերիցդ
Բետոնը ճաքելու է
Ու մեջն ենք ընկնելու
Ու ընկնելու է մեր մեջ

Արի՛ ու դարձիր ժամանակ,
Որովհետև վերջանում եմ,
Որովհետև ժամանակը
Խաբել ու ասել է,
Որ գալու է
Ու գնացել։
Արի՛,
Որովհետև գիտեմ
Ժամանակ ես,
Ու վերջանում ես…

Արի՛ ու դարձի՛ր պատարագ,
Որովհետև մեղքերս շատ են,
Որովհետև հավատը մեռնում է աղոթքներում,
Որովհետև հավատս մեռնում է,
Որովհետև հավատա՛ մեռնում եմ

Արի՛ ու մնա,
Որովհետև գիտեմ
հոգիս ափիս մեջ է
Ու մատներս դանդաղ
Բացվում են
Ու փոքր են
Էլ չեն հերիքում …

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *