***
Բանաստեղծությունը ծնվեց,
Երբ մտար հիշողությանս տարածություն։
Լինելդ` երջանկությանս լուսամուտը դարձավ։
Ամեն անգամ քեզ տեսնելիս
Վարագույրները
Մի կողմ են քաշվում,
Եվ արևը
Մտնում է լուսամուտներից ներս.
Ըմպում եմ արևահամ օրս։
***
Ես չսովորեցի սիրել մարմնով,
Իմ կենսահյութը՝ հոգին է,
Ինձ մոտ չստացվեց՝
Քո գրկում զգալ աշխարհի քունը։
Իմը՝ անհանգստացնող
Անքնությունն էր:
Շուրթերիս վրա զգացի
Քո փակ աչքերի
անսահման երանությունը,
Եվ բաց աչքերով
Բռնեցի մտքերիս անհունը.
Օրը
կիտեց ունքերը,
Խոժոռեց դեմքը.
Իմ ունեցածը՝
անմարմին սե՞րն է:
***
Դու մի նոր երանգ մտցրիր
իմ կյանք.
Սրտի դող,
Ժպիտ,
Մտքի հրճվանք,
Մի նոր պատրանք
Դու հյուսեցիր.
«Ուզում եմ հավերժ լինել
Քեզ հետ,
Քեզ մոտ
Քեզնով անպարտ»,
Բառեր,
Որ ասվել ու կրկնվել են
Շարունակ,
Ինձ համար դարձել են
Նոր, չկրկնված
Բառեր լոկ ինձ համար ասված:
***
Քո համբույրներից
Գեղեցկանում են շուրթերս,
Դու ամենուր ես.
Արագացված շնչառությանս,
Եվ սրտիս դողի մեջ,
Միտքս՝ քեզնով պարուրված,
Հրճվանք,
Կսկիծ,
Կասկած,
Ամեն ինչ խառնում է,
Եվ ի~նչ գեղեցիկ է
Անհանգստությունս:
***
Գժվում է սպասումը.
Օդի մեջ թևածում են
Իմ ու քո կարոտախիտ ապրումները,
Առանց քեզ՝
ամեն ինչ գունազրկվում է,
Զգում եմ տարածության մեջ
շնչասպառ երամների անկումը,
Որոնք գժվեցնող կարոտից
Ընկնում են
սառցակալ քարերի գիրկը.
Ամեն ինչ անհուսալի ցավոտ է՝
Առանց քեզ:
«Խեղդվում եմ» բառիդ մեջ
Խեղդվում է ամբողջ երկրագունդը։
***
Պատերազմն
ինձնից խլում է քեզ.
Ժամանակ ու տարածություն
Մոլորվել են անորոշության մեջ.
Օդը լցվել է կորուստներով.
Իսկ վախն այլևս չկա։
Ինքնամոռացումի ալիքների մեջ
Հայրենիքի փրկությունը
դարձել է գերնպատա՞կ։
Բայց, երբ պատերազմը
պարտադրանք է դառնում՝
Հայրենիքս քո դեմքն է ստանում,
և ես, քեզանից խլում եմ ինձ,
Որ հայրենիքս հաղթանակ տանի։
Իսկ արյան շիթերը շարունակ
հայրենիք են նկարում։
***
Ոտքերը
Վերադառնում են տուն,
Իսկ վիրավոր մտքերը
Թաքնվում են ստվերներում.
Ամենուր հետքեր են`
Արտասվալից, տխուր։
Հանգչած աստղերը
Խամրում են
Անգամ հիշողության աչքերում։
Ժամանակը դաժան է.
Վերադարձներ չե՞ն լինում։
***
Մահը ծաղր է.
Կինն
Արհեստական բեղմնավորմամբ
Զավակ է ծնում`
Զոհված որդու
Տունդարձի ճամփան գրկած.
Սգակիր մտքերը
ծառ ու ծաղկունք են նկարում։
Հարսանեկան զգեստով
աղջիկը’
Ծնկած գերեզմանաքարի առաջ,
Հոր օրհնությունն է ստանում
Եվ հետո միայն
Ոտք դնում նոր կյանք.
Ճերմակ հետքերը
Երկինք են նկարում։
Արվեստագետ որդին
Զինվորական հագուստ հագած`
Հոր վերջին շունչը զգացած
Հողն է պաշտպանում,
Նրա թափած արյունն
Սյդտեղ
Հաղթանակ է նկարել։
***
Ցավը
Սևով է ներկել երկինքը։
Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով
Մարդը ժպտում է։
Մեր երկրի քարերն
Այնքան շատ էին
Որ քարերն ենք գրկում,
Համբուրում.
Քաջերն
այսուհետ
նրանց մեջ են ապրելու։
Ցավը
Ծնկաչոք
Լիզում է ապրողների արյունը։