Մարկ Տվեն | Եվայի օրագիրը

«Ադամի օրագիրը» հատվածը կարող եք կարդալ այստեղ:

Շաբաթ։ ― Ես արդեն համարյա մեկ օրական եմ։ Լույս աշխարհ եմ եկել երեկ։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում։ Եվ, հավանաբար, դա հենց այդպես է, որովհետև եթե նախանցյալ օր եղել է, ես այն ժամանակ դեռ գոյություն չեմ ունեցել, այլապես այն կհիշեի։ Ասենք հնարավոր է, որ ես ուղղակի չեմ նկատել, թե երբ է եղել նախանցյալ օրը, թեև այն եղել է։ Դե՛հ, ինչ արած։ Հիմա ես ավելի ուշադիր կլինեմ, և եթե նախանցյալ օրը մեկ անգամ էլ կրկնվի, անպայման գրի կառնեմ դա։ Թերևս, ավելի լավ է միանգամից սկսեմ, որպեսզի հետո ժամանակագրության մեջ որևէ բան չշփոթեմ․ մի ներքին ձայն ինձ թելադրում է, որ այդ բոլոր մանրամասնությունները կարող են հետագայում շատ կարևոր լինել պատմաբանների համար։ Բանն այն է, որ իմ կարծիքով, ես փորձ եմ, այո, ուղղակի ինձ զգում եմ որպես փորձ, պարզապես անհնարին է ավելի սաստիկ իրեն զգալ որպես փորձ, քան այդ ես եմ, և այդ պատճառով էլ ավելի ու ավելի եմ համոզվում, որ դա հենց այդպես է, ես փորձ եմ, պարզապես փորձ, և ոչ ավելին։

Դե՛հ, եթե ես փորձ եմ, ուրեմն՝ փորձը ես եմ։ Ոչ, իմ կարծիքով, ոչ։ Ինձ թվում է, որ մնացած ամեն բան նույնպես այդ փորձի մի մասն է։ Ես դրա գլխավոր մասն եմ, բայց մնացած ամեն բան, իմ կարծիքով, նույնպես մասնակցում է փորձին։ Կարելի է, արդյո՞ք, համարել, որ իմ վիճակը վերջնականապես որոշված է, թե ես դեռ պետք է ինձ համար երկյուղեմ և զգույշ լինեմ։ Հավանաբար, ավելի շուտ, վերջինը։ Ներքին ձայնն ինձ ասում է, որ գերազանցությունը ձեռք է բերվում արթուն զգոնության գնով։ (Ինձ թվում է, որ սա շատ հաջող ասույթ է ինձ նման դեռատի էակի համար։)

Այսօր ամեն բան զգալիորեն ավելի լավ է, քան երեկ։ Երեկ օրվա վերջում այնպիսի իրարանցում սկսվեց, որ սարերը խառնիխուռն կիտվեցին իրար վրա, իսկ հարթավայրերն այնպես խճողվեցին ամեն տեսակ բեկորներով ու զանազան աղբով, որ դա անչափ ճնշող տպավորություն էր գործում։ Արվեստի սքանչելի ու ազնիվ ստեղծագործությունները չպետք է կերտվեն հապճեպորեն, իսկ այս հոյակապ նոր աշխարհը հիրավի սքանչելի ու ազնիվ ստեղծագործություն է, որը կանգնած է կատարելության սահմանին, չնայած ստեղծագործվել է այդքան կարճ ժամանակամիջոցում։ Աստղերը տեղ֊տեղ, թերևս, շատ են, իսկ տեղ֊տեղ էլ՝ պակաս, բայց դա, անտարակույս, դժվար չէ շտկել։ Լուսինը անցյալ գիշեր պոկվեց, ցած գլորվեց և դուրս ընկավ տիեզերքից։ Դա շատ մեծ կորուստ է, և սիրտս ճմլվում է, երբ մտածում եմ այդ մասին։ Բոլոր նախշերի ու զարդերի մեջ չկա մի բան, որը կարողանար գեղեցկությամբ և կատարելությամբ համեմատվել նրա հետ։ Այն հարկավոր էր ավելի լավ ամրացնել։ Եթե միայն հնարավոր լիներ վերադաձնել․․․

Բայց, հասկանալի է, որ ոչ ոքի հայտնի չէ, թե ուր կարող էր ընկնել լուսինը։ Եվ, իհարկե, ով այն գտնի, կաշխատի ավելի խոր տեղ պահել․ ես այդ գիտեմ, որովհետև ինքս էլ այդպես կվարվեի։ Ինձ թվում է, թե մյուս բոլոր տեսակետներից ես կարող եմ ազնիվ լինել, բայց արդեն այժմ սկսում եմ հասկանալ, որ էությանս հիմքերի հիմքը սերն է գեղեցիկի նկատմամբ, կրքոտ ձգտումը դեպի գեղեցիկը, ուստի և ուրիշի լուսինն ինձ վստահելը վտանգավոր է, մանավանդ որ նա, ում պատկանում է լուսինը, չգիտի, որ այն ինձ մոտ է։ Ես գուցե և վերադարձնեի լուսինը, եթե այն գտած լինեի օրը ցերեկով․ կվախենայի, թե որևէ մեկը տեսել է՝ ինչպես եմ այն գտել։ Բայց եթե այն գտնեի մթության մեջ, այդ դեպքում, կարծում եմ, կկարողանայի որևէ պատրվակով թաքցնել գտածս։ Որովհետև լուսինների համար ես խելագարվում եմ, դրանք այնքան գեղեցիկ են և այնքան ռոմանտիկ։ Կուզենայի, որ մենք դրանից մի հինգ կամ վեց հատ ունենայինք։ Այդ ժամանակ ես բնավ չէի քնի, երբեք չէի ձանձրանա փափուկ մամուռի վրա պառկած վերև նայելուց ու դրանցով հիանալուց։

Աստղերը նույնպես ինձ դուր են գալիս։ Կուզենայի ճարել դրանցից մի երկու֊երեք հատ և խրել մազերիս մեջ։ Բայց վախենում եմ դա անհնարին լինի։ Ուղղակի դժվար է հավատալ, թե դրանք մեզանից այդքան հեռու են, որովհետև արտաքուստ դա չի զգացվում։ Երբ անցյալ գիշեր դրանք առաջին անգամ երևացին, ես փորձեցի փայտով մի քանիսը ցած գցել, բայց ոչ մեկին հասնել չկարողացա, և դա ինձ շատ զարմացրեց։ Հետո սկսեցի կավե կոշտուկներ նետել վերև, ու նետում էի այնքան ժամանակ, մինչև որ բոլորովին ուժասպառ եղա, բայց աստղերից ոչ մեկն էլ ցած չգցեցի։ Դա նրանից է, որ ձախլիկ եմ և դիպուկություն չունեմ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դիտավորյալ կոշտուկը նետում էի ոչ դեպի այն աստղը, որին նշան էի բռնել, ինձ չէր հաջողվում ցած գցել ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը, թեև բավական ճշգրիտ նետում էի և տեսնում, թե ինչպես է կավի սև կոշտուկը մի քառասուն, երբեմն էլ հիսուն անգամ թռչում դեպի ոսկե ողկույզը և միայն ինչ֊որ հրաշքով ոչինչ ցած չէր գցում։ Ճիշտ է, եթե այնքան ուժ ունենայի, որ կարողանայի մի փոքր էլ դիմանալ, անպայման ցած կգցեի գոնե մեկ աստղ։

Խոստովանեմ, որ մի քիչ լաց եղա, և կարծում եմ, իմ տարիքում դա միանգամայն բնական է, իսկ երբ հանգստացա, զամբյուղս վերցրի ու գնացի մեր կլոր հրապարակի եզերքը, որտեղ աստղերը երկրի վրա կախված են բոլորովին ցածր և դրանք կարելի է ուղղակի ձեռքով պոկել, մի բան, որ, ի դեպ, շատ ավելի լավ է, որովհետև դա կարելի է անել զգուշությամբ, այնպես, որ աստղերը չկոտրվեն։ Բայց հարկ եղավ գնալ ավելի հեռու, քան ես կարծում էի, և վերջ ի վերջո ստիպված եղա հրաժարվել իմ մտադրությունից․ այնպես էի հոգնել, որ այլևս մեկ քայլ կատարել չէի կարող և, բացի այդ, ոտքերս հարվել և սաստիկ ցավում էին։

Տուն վերադառնալ չէի կարող, որովհետև շատ հեռու էի գնացել, և շատ էլ ցրտեց, բայց ինձ հանդիպեցին մի քանի վագրեր, և ես նրանց արանքում այնպես հարմար տեղավորվեցի, որ ինձ երջանկության գագաթնակետում էի զգում․ վագրերը զարմանալիորեն հաճելի, բուրումնավետ շնչառություն ունեն, և դա այն պատճառով, որ նրանք վայրի ելակով են սնվում։ Մինչ այդ պահը ես երբեք վագր չէի տեսել, բայց այդտեղ անմիջապես ճանաչեցի վագրերին, որովհետև նրանք շերտավոր են։ Եթե կարողանայի այդպիսի մի մորթի ճարել, դրանից մի հիանալի շոր կկարեի։

Այսօր արդեն սկսում եմ ավելի լավ ըմբռնել տարածությունները։ Ես այնպես էի ուզում տիրանալ բոլոր գեղեցիկ բաներին, որ առանց խելքիս տալու փորձում էի դրանք բռնել, և պարզվում էր, որ դրանցից մեկը շատ ավել հեռու է ինձանից, քան ես կարծում էի, իսկ մյուսը՝ հակառակը․ ինձ թվում էր, թե մինչև այն մի ամբողջ ոտնաչափ էր, իսկ իրականում ընդամենը մի վեց մատնաչափ էր, բայց դրա փոխարեն, որքան փշեր կային ամեն մի մատնաչափի վրա։ Դա ինձ համար դաս եղավ։ Բացի այդ, ես հայտնագործեցի մի աքսիոմա, որին հանգեցի իմ սեփական խելքով, և որն իմ առաջին աքսիոման էր, այն է՝ ճանկռոտված փորձը փշից վախենում է։ Թվում է, որ ինձ նման դեռատի արարածի համար դա շատ լավ է ասված։

Երեկ կեսօրից հետո երկար ժամանակ հետևում էի մեկ ուրիշ փորձի, նրանից որոշ հեռավորության վրա, որպեսզի, հաջողվելու դեպքում, պարզեի նրա ինչ լինելը, բայց դա ինձ չհաջողվեց։ Կարծում եմ, որ տղամարդ է։ Ես դեռ երբեք տղամարդ չեմ տեսել, բայց դա տղամարդու նման է, և ես զգում եմ, որ հենց այդպես է որ կա։ Ես հայտնություն արեցի, որ այդ էակն իմ հետաքրքրությունը շարժում է ավելի, քան ցանկացած այլ սողուն։ Եթե, իհարկե, նա սողուն է, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես է, որովհետև նա փռչոտ է, երկնագույն աչքեր ունի և, առհասարակ, սողունի է նման։ Նա կոնքեր չունի, դեպի ներքև՝ գնալով նեղանում է, ինչպես գազարը, իսկ երբ կանգնում է, երկճյուղվում է ինչպես պարսատիկ։ Մի խոսքով, կարծում եմ, որ դա սողուն է, թեև, կարող է պատահել, որ դա նաև կոնստրուկցիա է։

Սկզբում նրանից վախենում էի, և ամեն անգամ, երբ նա իմ կողմն էր շրջվում, փախչում էի, կարծելով, թե ուզում է ինձ բռնել, բայց կամաց֊կամաց հասկացա, որ նա, ընդհակառակը, աշխատում է ինձանից խուսափել, և այդ ժամանակ ես դադարեցի այդքան ամաչկոտ լինելուց ու մի քանի ժամ շարունակ նրան հետապնդում էի մոտ քսան յարդ հեռավորությունից, որի հետևանքով նա շատ վախվորեց և բոլորովին խեղճացած տեսք ընդունեց։ Ի վերջո, նա այնպես տագնապեց, որ բարձրացավ ծառը։ Ես բավական երկար ժամանակ սպասեցի ծառի տակ, հսկելով նրան, բայց հետո ձանձրացա և տուն վերադարձա։

Այսօր ամեն բան նույնությամբ կրկնվեց։ Ես նորից նրան քշեցի ծառի վրա։

Կիրակի։ ― Նա դեռ նստած է ծառի վրա։ Երևի հանգստանում է։ Բայց դա պարզապես խորամանկություն է, կիրակին հանգստյան օր չէ, դրա համար սահմանված է շաբաթ օրը։ Ինձ թվում է, որ այդ էակը աշխարհում ամեն բանից շատ սիրում է հանգստանալ։ Իսկ իմ կարծիքով, այդքան շատ հանգստանալը անասելիորեն հոգնեցուցիչ է։ Հենց այնպես ծառի տակ նստելն ու նրան հսկելն անգամ ինձ հոգնեցնում է։ Ես շատ եմ ուզում իմանալ, թե նա ինչի համար գոյություն ունի։ Դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա որևէ բան անի։ Երեկ երեկոյան նրանք լուսինը վերադարձրին իր տեղը, և ես անչափ ուրախացա։ Ես գտնում եմ, որ դա նրանց կողմից շատ օրինավոր վարվելակերպ էր։ Լուսինը նորից ցած գլորվեց ու ընկավ, բայց դա ինձ չվշտացրեց․ երբ այդպիսի հարևաններ ունես, անհանգստանալու հարկ չկա, նրանք նորից լուսինը կկախեն իր տեղում։ Ես կուզենայի ինչ֊որ ձևով իմ երախտագիտությունը հայտնել նրանց։ Լավ կլիներ, օրինակ, նրանց մի քիչ աստղ ուղարկեինք, մանավանդ որ մենք դրանց համար տեղ էլ չունենք։ Ավելի ճիշտ՝ ոչ թե մենք, այլ ես, քանի որ սողունը, ինչպես տեսնում եմ, այդպիսի բաներով բացարձակապես չի հետաքրքրվում։

Նա ցածր ճաշակի տեր է և բարություն չունի։ Երեկ մթնշաղին գնացի նրա մոտ և տեսա, թե ինչպես ծառից իջավ և աշխատում էր բռնել լճում լողացող մանր բծավոր ձկնիկներին, և ես ստիպված եղա հողի կոշտուկներ շպրտել, որպեսզի ձկնիկներին հանգիստ թողներ և նորից ծառը բարձրանար։ Մի՞թե հենց դրա համար նա գոյություն ունի։ Մի՞թե նա սիրտ չունի։ Մի՞թե նա չունի կարեկցանք այդ փոքրիկ արարածների նկատմամբ։ Մի՞թե այդպիսի անազնիվ զբաղմունքի համար է նա մտահղացվել և արարվել։ Երևի այդպես էլ կա։ Երբ հողի կոշտուկներ էի նետում վրան, մեկը դիպավ գլխին, և պարզվեց, որ խոսել գիտի։ Դա հաճելիորեն հուզեց ինձ, քանի որ առաջին անգամ էի լսում ինչ֊որ մեկի խոսակցությունը, բացի իմ սեփական խոսքից։ Բառերը ես չհասկացա, բայց դրանք չափազանց արտահայտիչ հնչեցին։

Երբ իմացա, որ խոսելու ունակություն ունի, նրա նկատմամբ հետաքրքրությունս ավելի ուժեղացավ, քանի որ ես խոսել շատ եմ սիրում։ Ամբողջ օրը, նույնիսկ քնիս մեջ բլբլացնում եմ, և ինձ լսելը շատ հետաքրքիր է, իսկ եթե մի խոսակից ունենայի, կրկնակի հետաքրքիր կստացվեր և կկարողանայի անդադար խոսել․ բավական է, որ ինձ խնդրեին։

Եթե սողունը տղամարդ է, ուրեմն նրան չի կարելի կանչել ցուցական դերանունով, այդպես չէ՞։ Դա քերականորեն սխալ կլիներ, ճի՞շտ է։ Ինձ թվում է, որ այդ դեպքում պետք է կանչել «նա» անձնական դերանունով․ կարծում եմ, որ այդպես է։ Այդ դեպքում հոլովումն այսպես կլինի․ ուղղական՝ նա, տրական՝ նրան, նախդրական՝ նրա մասին։ Մի խոսքով, ես նրան կհամարեմ տղամարդ և կանվանեմ «նա» այնքան ժամանակ, մինչև պարզվի, որ դա մեկ ուրիշ բան չէ։ Այդպես ավելի հարմար կլինի, այլապես չափազանց շատ են անորոշությունները։

Հարորդ շաբաթ։ Կիրակի։ ― Մի ամբողջ շաբաթ աննահանջ հետևում էի նրան և աշխատում ծանոթանալ։ Ես ստիպված էի ամբողջ զրույցը ինձ վրա վերցնել, որովհետև նա շատ ամաչկոտ է, ասենք, դա ինձ համար ոչինչ չարժեր։ Նրան, ըստ երևույթին, հաճելի է, որ ես ամբողջ ժամանակ իր մոտ եմ լինում, իսկ ես քաղաքավարությունից դրդված աշխատում եմ հնարավորին չափ ավելի հաճախ ասել «մենք»։ Ինձ թվում է, թե նրան շոյում է այն, որ դրանով նա, ասես, հողորդակցվում է ինձ հետ։

Չորեքշաբթի։ ― Հիմա մենք միանգամայն համերաշխ ենք և ավելի ու ավելի մոտիկից ենք ծանոթանում միմյանց հետ։ Նա այլևս չի փորձում խուսափել ինձնից, և դա բարի նշան է, նրան, ըստ երևույթին, դուր է գալիս իմ ընկերակցությունը։ Դա ինձ հաճելի է, և ես սովորում եմ նրա համար օգտակար լինել ինչով կարող եմ, որպեսզի նրան ավելի տրամադրեմ իմ նկատմամբ։ Վերջին օրերը նրան ազատել եմ զանազան առարկաների համար անուններ որոնելու անհրաժեշտությունից, և դա նրան շատ թեթևացրեց։ Նա անուններ հորինելու ոչ մի ընդունակություն չունի և ինձանից անչափ շնորհակալ է։ Թեկուզ սպանես, չի կարող հորինել քիչ թե շատ խելացի և ոչ մի անուն, բայց ես ցույց եմ տալիս, թե չեմ նկատում նրա այդ թերությունը։ Հենց որ երևան է գալիս մի նոր արարած, անմիջապես դրան անուն եմ տալիս, քանի դեռ նա անհարմար լռությամբ չի դրսևորել իր տգիտությունը։ Այդ եղանակով ես շատ անգամ եմ նրան դուրս բերել դժվար դրությունից։ Իսկ ինքս ամենևին չեմ տառապում նման թերությամբ, ինչպես որ նա։ Բավական է միայն նայեմ որևէ կենդանու, և արդեն գիտեմ, թե դա ինչ է։ Ես ինձ նեղություն չեմ տալիս անգամ մի ակնթարթ մտածելու․ ճիշտ անվանումը իմ մեջ ծնվում է կայծակնային արագությամբ, ասես վերին ներշնչմամբ, անկասկած, դա այդպես էլ կա, որովհետև ես միանգամայն հաստատ գիտեմ, որ մի վայրկյան առաջ անգամ ամենափոքր պատկերացում չունեի այդ բառի մասին։ Երևի պարզապես ամեն մի արարածի արտաքին տեսքով և նրա սովորություններով իսկույն կռահում եմ, թե դա ինչ գազան է։

Երբ, օրինակ, լույս աշխարհ եկավ դոդոն, նա սրան վայրի կատվի տեղ ընդունեց․ ես դա հասկացա նրա աչքերի արտահայտությունից։ Բայց ես նրան փրկեցի։ Ես աշխատեցի դա այնպես անել, որ նրա ինքնասիրությանը չդիպչի։ Ես ուղղակի ամենաբնական եղանակով, ասես հաճելիորեն զարմացած, ասացի․ «Նայե՛ք, սա հո դոդո՛ է։ Դե, իհարկե, սա դոդո՛ է»։ Այո, ես դա ասացի այնպես, ասես մտքովս անգամ անցնել չէր կարող, թե նա իմ տեղեկության կարիքն ունի։ Եվ ես բացատրեցի, կարծես ոչինչ չբացատրելով, թե որտեղից գիտեմ, որ դա դոդո է, ու եթե նրան մի թեթև դիպա էլ այն բանով, որ այդ թռչունին ճանաչեցի, իսկ ինքը՝ ոչ, այնուամենայնիվ, միանգամայն ակներև էր, որ նա ինձանով հիացած է։ Դա ինձ համար անչափ հաճելի էր, և ես, նախքան քնելս, կրկին և կրկին անսահման գոհունակությամբ վերհիշում էի այդ։ Ամեն մի չնչին բան կարող է մեզ երջանիկ դարձնել, երբ մենք զգում ենք, որ դրան լիովին արժանի ենք։

Հինգշաբթի։ ― Իմ առաջին վիշտը։ Երեկ նա ինձանից խուսափում էր և, ըստ երևույթին, չէր ուզում, որ հետը խոսեմ։ Ես չէի կարող դրան հավատալ, կարծում էի թյուրիամացություն է, չէ որ ես շատ եմ սիրում նրա մոտ լինել և լսել, թե ինչ է ասում․ ինչպես կարող է պատահել, որ նա սկսի վատ վերաբերվել ինձ, եթե ես ոչ մի վատ բան չեմ արել։ Բայց երբ տեսա, որ, այնուամենայնիվ, դա այդպես է, գնացի ու մեն֊մենակ երկար նստեցի այնտեղ, որտեղ առաջին անգամ նրան տեսա այն առավոտ, երբ մենք ստեղծվեցինք, և ես դեռ չգիտեի, թե նա ինչ է, ու միանգամայն անտարբեր էի նրա նկատմամբ։ Բայց հիմա այդ տեղը ինձ համար վշտով էր համակված, ամեն մի մանրուք նրան էր հիշեցնում, և սիրտս ճմլվում էր։ Դա ինձ համար նոր զգացում էր, և ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ տրտմում։ Դեռ երբեք նման զգացում չէի ունեցել, այդ ամենում ինչ֊որ խորհրդավորություն կար, և չէի կարողանում հասկանալ, թե ինձ հետ ինչ է կատարվում։

Բայց երբ վրա հասավ գիշերը, ես զգացի, որ այլևս ի վիճակի չեմ տանելու միայնությունը, և ուղևորվեցի դեպի նոր հյուղակը, որ նա կառուցել էր իր համար։ Ուզում էի հարցնել, թե ի՞նչ մեղք եմ գործել և ինչպե՞ս կարող եմ վերականգնել նրա բարյացակամությունը։ Բայց նա ինձ դուրս վռնդեց անձրևի տակ, և դա եղավ իմ առաջին վիշտը։

Կիրակի։ ― Հիմա նորից ամեն ինչ լավ է, և ես երջանիկ եմ։ Բայց անցած օրերը ինձ համար շատ ծանր էին, և ես աշխատում էի դրանք չհիշել։

Ես ուզում էի նրա համար մի քանի պտուղ ցած բերել այն նույն խնձորենուց, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել դիպուկ խփել։ Իմ մտադրությունից ոչինչ չստացվեց, սակայն ինձ թվում է, որ իմ բարի մտադրությունը նրան հաճելի էր։ Այդ խնձորներին ձեռք տալը արգելված է, և նա ասաց, որ ես իմ գլխին փորձանք կբերեմ։ Բայց ինչ փույթ, եթե ես գլխիս փորձանք բերեմ նրան հաճույք պատճառելու համար։

Երկուշաբթի։ ― Այսօր առավոտյան ես նրան հայտնեցի իմ անունը, կարծելով, թե դա նրան հետաքրքիր կլինի։ Բայց նա ուշադրություն էլ չդարձրեց դրա վրա։ Շատ տարօրինակ է։ Եթե նա ինձ հայտներ իր անունը, ես անտարբեր չէի լինի։ Ինձ թվում է, որ նրա անվան հնչյունը ամենահաճելի բանը կլիներ ականջներիս համար։

Նա շատ քիչ է խոսում։ Գուցե այն պատճառով, որ այնքան էլ խելամիտ չէ ու դրանից ինքն էլ է տառապում և աշխատում է թաքցնել այդ։ Եթե դա իրոք նրան տանջում է, ես շատ եմ խղճում նրան, որովհետև խելքը ոչինչ է, սիրտն է, որ մեր մեջ գնահատելի է։ Կուզենայի ստիպել նրան հասկանալու, որ սիրելու ընդունակ սիրտը հարստություն է, իսկական հարստություն, իսկ խելքն առանց սրտի՝ հեչ բան է։

Չնայած նա շատ քիչ է խոսում, սակայն բառապաշարը բավական հարուստ է։ Այսօր առավոտյան նա մի զարմանալի բառ գործածեց։ Հավանորեն ինքն էլ այդ հասկացավ, որովհետև էլի մի երկու անգամ, ասես պատահաբար, կրկնեց։ Չի կարելի ասել, թե դա նրա մոտ սահուն ստացվեց, բայց, այնուամենայնիվ, պարզ է, որ նա զուրկ չէ որոշ զգացողությունից։ Տարակույս լինել չի կարող, որ խնամքի դեպքում այդ սերմերը կարող են հիանալի ծիլեր տալ։

Որտեղից է նա գտել այդ բառը։ Չեմ հիշում, որ ես երբևիցե այն գործածած լինեմ։

Ո՛չ, իմ անունը նրան բնավ չի հետաքրքրում։ Ես աշխատում էի թաքցնել հիասթափությունս, բայց վախենում եմ, որ դա ինձ չհաջողվեց։ Ես հեռացա և երկար ժամանակ, ոտքերս ջուրն իջեցրած, նստեցի մամռապատ լճափին։ Ես միշտ այդպես եմ անում, երբ մենակություն եմ զգում և մեկին տեսնելու, մեկի հետ խոսելու ցանկություն է առաջանում։ Իհարկե, ինձ համար դա էլ քիչ է, քիչ է այն հիանալի սպիտակ պատկերը, որ այնտեղ երևում է լճի մեջ, բայց, այնուամենայնիվ, դա գոնե որևէ բան է, իսկ որևէ բանը ավելի լավ է, քան կատարյալ մենությունը։ Երբ խոսում եմ, նա էլ է խոսում, երբ տխուր եմ, նա էլ է տխուր, նա կարեկցում և մխիթարում է ինձ, նա ասում է․ «Մի հուսահատվիր, խեղճ, միայնակ աղջիկ, ես քեզ ընկեր կլինեմ»։ Եվ իրոք, նա իմ հավատարիմ բարեկամն է, ըստ որում միակը։ Նա իմ քույրն է։

Օ՜հ, այն ժամը, երբ նա առջին անգամ հեռացավ ինձանից։ Ես դա երբեք չեմ մոռանա, երբե՛ք ու երբե՛ք։ Ինչպիսի ծանրություն իջավ իմ սրտին։ Ես ասացի․ «Բացի նրանից ես ոչինչ չունեի, և ահա նա չկա»։ Հուսահատ բացականչեցի․ « Սիրտ իմ, փշրվի՜ր, ես այլևս ուժ չունեմ ապրելու»։ Եվ ձեռքերով ծածկեցի երեսս ու անմխիթար ողբացի։ Իսկ երբ մի քանի րոպեից հետո բարձրացրի գլուխս, նա նորից այնտեղ էր՝ սպիտակ, շողշողուն ու սքանչելի, և ես նետվեցի նրա գիրկը։ Դա իսկական երանություն էր։ Ես առաջ էլ ճաշակել էի երջանկությունը, բայց դա միանգամայն ուրիշ բան էր, դա զմայլելի էր։ Դրանից հետո այլևս երբեք չէի տարակուսում նրա նկատմամբ։ Ժամանակ առ ժամանակ նա կորչում էր՝ երբեմն մեկ ժամով, երբեմն ամբողջ օրը, բայց ես սպասում ու հավատում էի նրան։ Ես ասում էի․ «Նա որևէ գործ ունի կամ էլ մեկնել է ճանապարհորդության։ Բայց կվերադառնա»։ Եվ իրոք, նա միշտ վերադառնում է։ Նա վեհերոտ, վախկոտ արարած է, և այդ պատճառով երբեք մութ գիշերներին չի հայտնվում, բայց հենց որ լուսինը դուրս է գալիս, նա անմիջապես երևում է։ Ես ինքս մթությունից չեմ վախենում, բայց չէ որ նա ինձանից փոքր է, առաջ ես եմ ծնվել, իսկ հետո՝ նա։ Շատ ու շատ անգամ եմ գնացել նրա մոտ, նա իմ մխիթարությունն ու հենարանն է կյանքիս ծանր րոպեներին, իսկ այդպիսի րոպեներն այնքա՜ն շատ են։

Երեքշաբթի։ ― Ամբողջ առավոտ աշխատում էի՝ կարգի էի բերում մեր կալվածքները և դիտավորյալ աշխատում նրա աչքին չերևալ, հուսալով, թե կտխրի և կգա։ Բայց նա չեկավ։

Կեսօրին, ավարտելով օրվա աշխատանքները, ես հանգստանում էի, խաղում էի թիթեռնիկների ու մեղուների հետ և գգվում էի ծաղիկների՝ աստծու այդ հրաշագեղ ստեղծագործությունների մեջ, որոնք երկնքում որսում են Արարչի ժպիտը և այն պահում իրենց բաժակների մեջ։ Ես շատ ծաղիկ քաղեցի, դրանցից պսակներ ու դրասանգներ հյուսեցի, դրանցով զարդարվեցի և երկրորդ անգամ սովորականի պես նախաճաշեցի խնձորով։ Հետո նստեցի ստվերում, տանջվում էի ու սպասում։ Բայց նա չեկավ։

Սակայն, միևնույն է։ Դրանից ոչ մի լավ բան չէր ստացվի, որովհետև նա ծաղիկներ չէր սիրում։ Նա ասում է, թե դա աղբ է, մի ծաղիկը մյուսից տարբերել չի կարողանում և կարծում է, թե դա նշանակում է մանրուքով զբաղվել։ Նա ինձ չի սիրում, ծաղիկներ չի սիրում, չի սիրում իրիկնային երկնքի գույները, հետաքրքիր է, թե սիրո՞ւմ է մեկ ուրիշ բան, բացի սեխերը ձեռքի ափով թփթփացնելուց, ծառի վրայի տանձերը շոշափելուց և որթի վրայի խաղողը համտես անելուց, ստուգելով, թե այդ ամենը արդյոք լավ է հասունանում, ու մեկ էլ հոլիկներ պատրաստելուց՝ թարմացնող հիանալի անձրևից դրանցում պատսպարվելու համար։

Ես գետնին դրել էի չոր փայտի մի կտոր և ջանում էի մեկ ուրիշ փայտով դրա մեջ անցք շաղափել։ Դա ինձ հարկավոր էր փորձի համար, որ մտահղացել էի, բայց մի բան պատահեց, որից սոսկալի վախ զգացի։ Անցքի միջից երկինք բարձրացավ թեթև, թափանցիկ, բաց կապտավուն ինչ֊որ մի բան, և ես մի կողմ նետեցի փայտն ու փախա։ Կարծեցի, թե դա ինչ֊որ ոգի է, և սաստիկ վախեցա։ Բայց հետո ետ նայելով ու տեսնելով, որ նա իմ ետևից չի վազում, հենվեցի ժայռին մի փոքր շունչ առնելու և ուշքի գալու համար ու սպասեցի, մինչև ոտքերս ու ձեռքերս դադարեցին դողալուց և սկսեցին կրկին, ինչպես հարկն է, ծառայել ինձ։ Դրանից հետո զգուշորեն վերադարձա, ամեն րոպե պատրաստ կրկին փախչելու։ Մոտենալով, ետ տարա վարդենու ճյուղերը և նայեցի փայտին (շատ ափսոս, որ մոտակայքում տղամարդ չկար․ այդ պահին ես այնքան հմայիչ տեսք ունեի), բայց ոգին անհետացել էր։ Ավելի մոտեցա և շաղափված անցքում տեսա մի բուռ վառ կարմիր փոշի։ Մատս խրեցի անցքի մեջ, ուզեցի շոշափել, բայց տեղնուտեղը ճչացի ու ձեռքս ետ քաշեցի։ Այրող ցավ զգացի։ Այն ժամանակ մատս տարա բերանս, թռչկոտեցի սկզբում մեկ, ապա մյուս ոտքի վրա, մի քիչ տնքտնքացի, և դա որոշ չափով թեթևացրեց ցավը։ Բայց իմ մեջ արդեն սաստիկ հետաքրքրություն էր արթնացել, և ես սկսեցի հետազոտել։

Շատ էի ուզում հասկանալ, թե ինչ բան էր այդ վառ կարմիր փոշին։ Եվ անսպասելիորեն գլխի ընկա, թեև մինչ այդ երբեք չէի լսել այն մասին, որ դա կրակ է։ Եթե կարելի է առհասարակ որևէ բանում վստահ լինել, ապա ես բացարձակապես վստահ էի, որ դա կրակ է, ուստի և առանց դույզն ինչ տատանվելու դրան այդպես էլ անվանեցի։

Ես ստեղծեցի այնպիսի մի բան, որ առաջ գոյություն չէր ունեցել՝ առարկաների անթիվ ու անհամար աշխարհին ավելացրեցի ևս մեկ առարկա։ Ես հասկացա այդ ու հպարտ էի, և արդեն ուզում էի վազել, գտնել տղամարդուն ու նրան պատմել իմ գյուտի մասին, որպեսզի դրանով բարձրանայի նրա աչքում, բայց, մի փոքր մտածելով, որոշեցի այդ բանը չանել։ Ոչ, դրանով նրան չես հրապուրի։ Նա կհարցնի՝ իսկ դա ինչի համար է։ Ես ի՞նչ կպատասխանեմ։ Որովհետև, եթե դա ոչ մի բանի համար պիտանի չէ, ապա պարզապես գեղեցիկ է, միայն գեղեցիկ․․․

Մի խոսքով, ես հոգոց հանեցի և չգնացի նրա ետևից, որովհետև իմ հայտնագործությունը, իրոք, ոչ մի բանի պետք չէ, դրա օգնությամբ ոչ կարելի է հյուղակ շինել, ոչ սեխի տեսակը բարելավել, ոչ պտուղների հասունացումն արագացնել․ դա միանգամայն անօգտակար բան է, դա ուղղակի հիմարություն է և դատարկ փառամոլություն, և նա, իհարկե, դրան արհամարհանքով կվերաբերվի ու մի խայթող բան կասի։ Բայց ես չէի կարող իմ հայտնագործությանը արհամարհանքով վերաբերվել։ Ես ասացի․ «Ո՜վ դու կրակ։ Ես սիրում եմ քեզ, ընտիր, նրբակարմիր ստեղծագործություն։ Սիրում եմ, որովհետև դու սքանչելի ես, և այդքանն ինձ բավական է»։ Եվ այդպես ասելով, այն սեղմել կրծքիս։ Բայց եռանդս զսպեցի։ Եվ հենց այդ պահին հորինեցի մի նոր աֆորիզմ․ ես այն հորինեցի իմ խելքով, բայց դա այնքան նման է իմ առաջին ասույթին, որ վախենում եմ՝ արդյոք դա գրագողությո՞ւն չէ․ «Այրված փորձը կրակից կվախենա»։

Ես նորից սկսեցի աշխատել, և երբ բավականաչափ մեծ կույտ հրափոշի ստացա, այն դատարկեցի մի փունջ չոր խոտի վրա․ ես ուզում էի դա տուն տանել, որպեսզի միշտ ձեռքիս տակ լիներ և ուզածս ժամանակ խաղայի հետը, բայց քամին փչեց, խոտի փունջը բոցավառվեց և այնպես սարսափելի ֆշշացրեց ինձ վրա, որ այն ձեռքիցս ցած գցեցի ու փախա։ Իսկ երբ ետ նայեցի, երկնագույն ոգին այնտեղ ոլորապտույտ քուլաներով բարձրանում էր, ճիշտ ինչպես ամպ, և նույն վայրկյանին ես այն ճանաչեցի․ դա ծուխ էր։ Բայց երդվում եմ, որ մինչև այդ պահը ես երբեք չէի լսել ծխի մասին։

Եվ համարյա նույն պահին ծխի միջից ժայթքեցին կուրացուցիչ դեղնակարմրավուն լեզուներ, և ես ակնթարթորեն դրանք անվանեցի բոց, ու, իհարկե, չսխալվեցի, թեև դա առաջին բոցն էր երկրի երեսին։ Բոցը սկսեց թռչել ծառերի վրա, վեհորեն փայլատակելով և մերթ երևալով քուլա֊քուլա բարձրացող ծխի վիթխարի ու գնալով ծավալվող քողի միջով, մերթ անհետանալով դրա ետևում, և ես ցնծության մեջ ակամայից սկսեցի ծափ տալ, ծիծաղել ու պարել․ այդ ամենն այնքան նոր էր ու այնքան սքանչելի, այնքան զարմանալի ու հիանալի։

Նա շնչակտուր վազեվազ եկավ, կանգ առավ, հայացքը սևեռեց կրակին՝ աչքերը լայն բացած, և մի հինգ֊տասը րոպե ոչ մի բառ չարտասանեց։ Հետո հարցրեց՝ սա ինչ բան է։ Ա՜հ, ինչու նա հարցը այդպես կտրուկ դրեց։ Հասկանալի է, որ ես ստիպված էի պատասխանել և պատասխանեցի։ Ասացի, որ դա կրակ է։ Եթե նրա համար հաճելի չէ, որ ստիպված է ինձ հարցնել դրա ինչ լինելը, իմ մեղքը չէ։ Ես բոլորովին չէի ուզում նրան բարկացնել։

Մի փոքր լռելուց հետո, նա հարցրեց․

― Որտեղի՞ց դա հայտնվեց։

Եվս մի ուղղակի հարց, որը նույնպիսի ուղղակի պատասխան էր պահանջում։

― Ես եմ այդ արել։

Կրակը ավելի ու ավելի էր տարածվում։ Նա մոտեցավ խանձված բացատի եզրին, կանգ առավ, նայեց գետնին և ասաց․

― Իսկ սա ի՞նչ է։

― Ածուխ։

Նա վերցրեց ածուխի մի կտոր, այն ավելի լավ զննելու համար, բայց ըստ երևույթին միտքը փոխեց ու ետ դրեց։ Հետո գնաց։ Ոչ մի բան նրան չի հետաքրքրում։

Իսկ ինձ հետաքրքրում է։ Գետնին փռված էր գորշ, փափուկ, նուրբ ու գեղեցիկ մոխիրը, և ես իսկույն հասկացա, որ դա մոխիր է։ Այնտեղ նաև կար մարմրող մոխիր։ Ես այն նույնպես իսկույն ճանաչեցի։ Եվ այնտեղ գտա իմ խնձորներն ու դրանք հանեցի մոխրից։ Խնձորների համար շատ ուրախացա․ չէ որ ես դեռ երիտասարդ եմ և լավ ախորժակ ունեմ։ Բայց հիասթափվեցի․ բոլոր խնձորները ճաքճքել էին և լիովին փչացել։ Ասենք, պարզվեց, որ դրանք փչացած էին միայն արտաքուստ, իսկ իրականում հումերից ավելի համեղ էին։ Կրակը հիանալի բան է, և ինձ թվում է, որ երբևիցե այն օգուտ կբերի։

Ուրբաթ։ ― Երկուշաբթի, ուշ երեկոյան, ես նորից նրան տեսա մեկ րոպեով, միայն մեկ րոպեով։ Հույս ունեի, թե նա ինձ կգովի այն ջանասիրության համար, որով ես մեր կալվածքը կարգի էի բերում․ չէ որ աշխատում էի առանց ձեռքերս ծալելու և լավագույն մտադրություններով, բայց նա ոչ մի բանով չարտահայտեց իր հավանությունը, շուռ եկավ ու գնաց։ Ավելին, նա դժգոհ էր և ահա թե ինչու․ ես մեկ անգամ էլ փորձեցի նրան համոզել, որ ջրվեժը չլողա֊անցնի։ Բանն այն է, որ կրակը իմ մեջ արթնացրեց նոր, միանգամայն նոր զգացում, որը բացարձակապես նման չէր ո՛չ սիրո, ո՛չ տխրության, ո՛չ էլ որևէ ուրիշ բանի, որ արդեն առիթ էի ունեցել ճաշակելու։ Ինչ կարիք կար, որ ես այն ճաշակեի։ Դա դառնացնում է իմ կյանքը, ինձ խանգարում է երջանիկ լինել, ինձ հարկադրում է դողալ, սարսռել ու ցնցվել։ Բայց ինձ չհաջողվեց նրան համոզել, որովհետև նա դեռ երկյուղ չէր զգացել և, հետևաբար, ի վիճակի չէ ինձ հասկանալու։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *