Վիկտորիա Սամուել | Շնչիր

Դատարկության հիմքը սպասումն է։ Ես սպասում եմ գարնանը եւ վերածննդին իմ։ Ես սպասում եմ ծաղիկների բույրին ու արեւին։ Ես սպասում եմ ինձ։ Ես սպասում եմ նրան։ Բայց ոչ ոք ու ոչինչ չի գալիս։ Դատարկությունն անխուսափելի է։ Դատարկությունն է, որ լցվելու է արեւի, սիրո, դաշտային ծաղիկների բույրի փոխարեն։
Ես ինձ քարշ եմ տալիս նորից։ Փողոցից՝ փողոց, հարցազրույցից՝ հարցազրույց, ծաղիկների խանութից՝ մրգերի խանութ, գարունից՝ ամառ, ամառից՝ ձմեռ ու էլի գարուն՝ Օ հենրիի հեքիաթների պես։ Բայց գարունը գալիս ու անցնում է։ Նոր ծաղկող ծառերի բույրը տարածվում է օդում ու անցնում է։ Հղի շները ծննդաբերում են։ Որձ շները հեռու են։ Կատվի ձագերը ծառերն են բարձրանում։ Ագռավները կտուրներին են։ Ձմեռային շորերն արդեն պահարանում չեն։ Բայց դա էլ չի լցնում։ Սա սարսափելի պատմություն է մահվան մասին։
Հիմնային մի բան չի մեռել։ Հրաշալի է։ Եվ գուցե դրա շուրջ պետք է հավաքել քանդված եսդ ու ծնել քեզ նորովի, ծնել, ասես դու էլ մայր ես, ասես դու էլ ինը ամիս կրծքիդ տակ կրել ես պտուղը՝ դատարկությունը։
Շնչիր։
Փակիր աչքերդ ու շնչիր։
Թող ավելորդը, ինչպես նավերն են թողնում` ջրի տակ չանցնելու համար։
Շնչիր։
Դու դատարկ ես եւ մաքուր։
Շնչիր։
Հիմա տեղ կա ուրիշ բանի։
Շնչիր։
Մի սպասիր։
Շնչիր։
Դու գնում ես։
Հիմա դու էլ այն նավի պես, որ թեթեւ է, հասցրել ես փրկվել։
Շնչիր, սիրելիս։ Դու մենակ չես։
Դու այստեղ ես, ուրեմն պայքար կա։ Դու թողել ես այն, ինչ կործանում էր քեզ, ուրեմն դու չես մեռնում։ Մեռնելու համար ծանրություն է պետք եւ հոգնություն շատ, իսկ դու դեռ քեզ քա՞րշ ես տալիս փողոցից փողոց, անկողնուց՝ լոգարան, լոգարանից՝ դուրս՝ հերթական հանդիպման, դու չես մեռնում։ Դու մենակ չես։ Դու քեզ չես լքել։ Շնչիր։
Իսկ երբ այնպես լինի, որ քեզ թվա՝ դու ուժ չունես նույնիսկ անկողնուց վեր կենալու եւ լողանալու համար նույնիսկ ամուր չես, երբ քեզ կթվա, որ բացված պատուհաններից օդը հերիք չէ, երբ կթվա՝ այ մի քիչ էլ, եւ վերջ, շնչիր։
Թույլ տուր քեզ նաեւ մեռնել։ Թույլ տուր քեզ չլինել։ Թույլ տուր չշնչել եւ անթարթ նայել առաստաղին։ Թույլ տուր քեզ հոգնել։ Թույլ տուր քեզ լացել։ Թույլ տուր քեզ մեռնել։
Այդպես հնարավոր է հասկանալ՝ որն է նախընտրելին։ Այդպես ավելի է հեշտ որոշել՝ ապրում ես, թե չէ։ Բայց եթե դու այդտեղ ես, այդ կետին ու մենակ, ուրեմն նաեւ գիտես, որ ապրելն է որոշումդ։ Մարդը կարող է մեռնել հենց այնպես, իսկ քանի պայքար կա, միակ ճանապարհն ապրել է։
Շնչիր։
Թույլ տուր քեզ չարդարանալ։ Սա դու ես։ Սա պատմություն է քո մասին։ Ոչ ոք ու ոչինչ չգիտի այն։ Ոչ ոք ու ոչինչ չի մեռնում քո փոխարեն։ Ոչ ոք ու ոչինչ չի տեսնում այն անհարթ ներսը, որը հա ցավում է։
Շնչիր։
Վերադարձրու այն, ինչ ստանում ես, եթե ստացածդ լույսն է։ Մի թող, որ կորչի այն։
Շնչիր։
Փոխակերպիր այն, ինչ ստանում ես, եթե ստացածդ լույսը չէ։ Փոխակերպիր հասունության։ Այն ցավոտ է, գիտեմ։ Բայց այդպես շնչելը հեշտ է։
Չմեռնես։
Շնչիր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *