Վիկտորիա Սամուել | Վերջում՝ յասամաններ

Հասկանո՞ւմ ես,
եթե նույնիսկ պատերազմ լինի,
ես շարունակելու եմ
պատկերացնել
մի բաց բալկոն,
որտեղ կլինեն ֆրեզիաներ,
մեկ-մեկ էլ՝ դեղին վարդեր,
եւ ռմբակոծությունների մեջ
ես շարունակելու եմ
պատկերացնել՝
ինչպես ես գրկում ինձ մեջքից
եւ համբուրում ծոծրակս։
Ես շարունակելու եմ
պատկերացնել
այդ մշուշի մեջ՝
ինչպես է վերադառնում
թռչնի վաղուց չերեւացող տեսակ
ու կանգնում հենց մեր բալկոնում։
Նույնիսկ դիերը տեսնելուց հետո,
երբ վախերը
քեզնից ավելի ամուր գրկեն ինձ,
ես պատկերացնելու եմ՝
ինչպես եմ սիրուն երգեր լսելու,
եւ ինչպես եմ համբուրելու
մի փոքրիկ արարածի քիթիկ.
դա ինձ անմիտ բան կթվա
ցավից լացող երեխաների ֆոնին,
մեռնող երեխաների ֆոնին,
բայց ես կշարունակեմ նայել
մահաշունչ տեսարաններին
ու կպատկերացնեմ՝
ոնց ենք հավաքվում ուրբաթ երեկոներին
ու խմում մի քանի շիշ գինի,
որ սպանենք մի անցյալ,
որն ամեն այդպիսի փորձի հետ
ավելի պինդ է դառնում,
ավելի կենսական,
անդրդվելի ու պնդաճակատ՝
ճիշտ մեզ նման,
որ անդունդի եզրին
պատրաստվում ենք խորը շունչ քաշել
ու հիշել յասամանների բույրը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *