Այնքան ազգանուն, անուն ու տարեթիվ, որքան ստիպված եղավ կարդալ Կարապետ Մնեյանը այդ առավոտ, ավելի շատ շփոթեցրեց նրան, քան օգնեց որևէ ելք գտնել անելանելի վիճակից դուրս գալու համար: Դեռ այն ժամանակ, երբ կոմսոմոլի երիտասարդ քարտուղար էր և ի պաշտոնե պարտավոր էր աչքի անցկացնել հազար տեսակի դիմում ու փաստաթուղթ, անունների նկատմամբ անտարբեր էր, եթե, իհարկե, դրանք ազդեցիկ մարդկանց չէին վերաբերվում:
Անուններ կարդալն ինքնաբերաբար ստացվեց, երբ մոլորվելով գերեզմանատանը պետք էր մի բան անել՝ խուճապի մատնվող միտքը ինչ-որ բանով զբաղեցնելու համար: Արդեն ժամից ավելի, կարդալով անծանոթ մարդկանց անունները, զույգ տարեթվերից պարզ հանում անելով, ստանում էր նրանց ապրած կյանքն ու դրան զուգահեռ՝ առաջին անգամ մտածում իր արած ու չարածի շուրջ:
Գերեզմանամիջյան ճամփեզրին սպասող տաքսին, որ պայմանավորված ժամից մի բան էլ երկար կանգնեց, ի վերջո հեռացավ: Գերեզմանաքարերի խճճված անցուղիների մեջ մոլորված լինելով՝ Կարապետը չտեսավ տաքսու հեռանալը, սակայն լսելով ազդանշաններն ու շարժիչի ձայնը, այնուամենայնիվ բղավեց՝ հուսալով, որ վարորդը կլսի իրեն:
Կանգնելով մի հին դամբանաքարի՝ ձգվեց ոտնաթաթերի վրա ջանալով տեսնել մոտակա ճանապարհը: Հեռվում՝ սև օձի պես ձգվող մայրուղուն գերեզմանատնից կարմիր մի կետ խառնվեց: Տաքսին էր. այստեղից դուրս գալու միակ քաղաքակիրթ տարբերակը, որն արդեն ետ բերել չէր հաջողվի: Տաքսու հեռանալը մի պահ տխրեցրեց, բայց շատ չանցած մխիթարեց Կարապետին նրանով, որ հիմա արդեն շտեպելու տեղ չունի ու կկարողանա ինչպես հարկն է վերարթնացնել հիշողություններն ու մինչ կեսօրվա տապը կսկսի այրել ամեն ինչ, գտնել պապի՝ ԿԱՐՈ ՍԱՀԱԿԻ ՄՆԵՅԱՆԻ գերեզմանը:
Այն կայտառ ոգևորությունը, որ զգում էր իր մեջ դեռ առավոտյան, հիմա արդեն փոխարինվել էր մի անորոշ վախի, որից ազատվելու միակ տարբերակը պապի կորած գերեզմանը գտնելն էր:
Դամբանաքարից երևացող հազարավոր հին ու նոր գերեզմանները, որ ձվում էին բլուրներով վեր ու վար, Կարապետին օտար ու անծանոթ թվացին: Դրանց մեծ մասը վերջին տասնամայակներում էին ավելացել՝ փոխելով գերեզմանատան նախկին տեսքը: Նոր գերեզմաններն այնքան էին շատացել, որ տարածվելով դիմացի բլուրների վրա՝ անճանաչելի էին դարձրել նախկին գերեզմանատունը: Ու, այնուամենայնիվ, այստեղ էր պապի գերեզմանը, այստեղ էր ամեն շաբաթ տատի հետ գալիս երբ երեխա էր: Հարկավոր էր լարել հիշողությունն ու անցյալից մնացած զգացողությունները՝ կարողանալու համար գտնել ծանոթ մի բան, որը կորցրած գերեզման տանող թելի ծայրը կդառնար:
Ցած իջնելով քարից՝ թևքով սրբեց քրտնած ճակատն ու առաջ շարժվեց այն ենթադրյալ ճանապարհի կողմը, որտեղ իջել էր տաքսուց: Ինքնամեղադրանքին հանձնվելու համար դեռ այնքան էլ հուսալքված չէր, ու, եթե անկեղծ, չկարն այնպիսի լուրջ պատճառ, որ մեղադրեր իրեն:
«Քսան տարի է անցել: Չէ՛-չէ՛, շուտով քսաներկուս կլինի: Այդ ընթացքում աշխարհում երկու կայսրություններ փլուզվեցին, չորս դիկտատորներ ցուցադրական մահապատժի ենթարկվեցին: Նավեր խորտակվեցին, օդանավեր ընկան, տարերային աղետները երկրի վրայից բնակավայրեր ոչնչացրեցին: Պատերազմները, համաճարակներն ու քայքայվող տնտեսական վիճակը, փոխեցին աշխարհը: Երկրագնդի վրա անմաս չմնաց ոչինչ, այդ թվում և այս գերեզմանատունը»:
Հիշողության հեռավոր պատկերներից վերածնված՝ աչքին երևաց, թե ինչպես էր երեխա ժամանակ տատի հետ գերեզմանատուն գալիս: Առջևից վազելով առաջինը միշտ ինքն էր պապի գերեզմանին հասնում ու տապանաքարի ստվերում հևասպառ նստած՝ նայում, թե ինչպես է հողե փոշոտ ճանապարհով մանրաքայլ մոտենում տատը, ու տեղ հասնելուն պես, շոյելով իրեն, դառնում պապի բազալտե կիսանդրուն.
-Է՜, Կարո ջան: Մեզ հիշողն էս երեխեն է լինելու:
Սիրում էր խոսել տատը պապի գերեզմանի հետ, առանց շտապելու՝ ամենաչնչին մանրամասնություններով պատմել տանն ու բակում եղածը: Նա իր սրբազան պարտքն էր համարում տեղեկացնել՝ թե ո՞վ է ծնվել, ամուսնացել ու բաժանվել, ծանոթ հարազատներից ով ինչով է զբաղված: Ու այնքան հանգիստ ու անմիջական էր պատմում այդ ամենը, որ Կարապետին սկսում էր թվալ, թե իսկապես լսում է պապը նրան: Քիչ ավելի ուշ միայն, երբ սգամրմունջ տատը խնկարկություն անելով Տերունականն էր մրմնջում քթի տակ, դժվար էր լինում հասկանալ՝ աչքերում արցունքները ծխից լճացան, թե՞ հուզաշատ կարոտից:
Հավատացյալ լինելով՝ տատը համոզված էր, որ գերեզմանը մահացածի մշտական հանգրվանը չէ, այլ նախնական հանգստարան, մինչև տիրոջ երկրորդ գալուստը [1]: Եվ քանի որ տատը գերեզմանի հանգիստը մինչև հարություն ժամանակավոր մի քուն էր կարծում, ուստի մահացածին վերաբերվում էր որպես ննջեցյալի, այլ ոչ թե մեռյալի:
– Տերը հարություն պիտի տա բոլոր ննջեցյալներին,- հանդիսավոր ասաց տատն այն օրը, երբ քահանայի կողմից պապի գերեզմանը խաչակնքվեց ու համապատասխան աղոթքից հետո համարվեց կնքված:
Այդ օրվանից քրիստոնեական խորհրդանիշներով օրհնված գերեզմանը, տատի համար մի նոր իմաստ ստանալով, դարձավ ոչ թե սոսկ հանգուցյալի կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող, նվիրագործված մի վայր:
Բոլոր տաղավար տոներին [2] հաջորդող մեռելոցին [3] տատը քահանա էր կանչում գերեզմանօրհներք [4] կատարելու համար: Կարապետին հաջողվեց հիշել քահանայի երկնամորուս դեմքը, ձեռքում պտտվող բուրվառից բարձրացող խնկի ծուխն ու անգամ վառվող մոմերի հալվող կաթիլները, որ տարածվելով հողի վրա, անմիջապես չորանալով՝ կորցնում էին իրենց կաթնագույն ճերմակությունը: Քահանան ընթերցումներ էր անում ավետարանից ու հոգեհանգստյան շարականի երգեցողությամբ խաչակնքում գերեզմանը:
Կարապետն ուզեց հիշել Պետրոս Գետադարձի [5]. «Գթա՛, Տե՛ր» շարականը [6], որը մի ժամանակ անգիր գիտեր, բայց որքան էլ քչփորեց հիշողությունը՝ երկու տողից ավելի չհաջողվեց մտաբերել.
Գթա՛, Տեր, ի հոգիս մէր ննջեցելոցն
Եվ հիշեա՛ ողորմությամբ…
Նստելով մի գերեզմանաքարի ստվերում՝ Կարապետը նոր միայն նկատեց, որ արևից խոնարհված մեխակների մեջ կոտրված ցողուններով ծաղիկներ էլ կան: Որքան էլ ծաղկավաճառը ջանացել էր թաքցնել փնջի մեջ, դրանք այնուամենայնիվ առաջ գալով՝ նկատելի էին դարձել:
«Սրիկա շանորդի»,- քթի տակ ծաղկավաճառին անպատվեց Կարապետը, ինչից սակայն զայրույթը ամենևին էլ չթեթևացավ: Իրական մեղավորն ինքն էր, որ նեղություն չէր քաշել իջնել տաքսուց՝ իր ձեռքով ընտրելու համար ամենաթարմ ծաղկեփունջը: Միթե՞ այնքան էր շտապում, որ հենց տաքսու պատուհանից պետք է վերցներ ծաղիկները:
Կարապետը հիշեց, թե ինչպես էր տատը ծաղիկներ ընտրում գերեզմանատուն գալուց առաջ: Ծաղկի շուկայում շրջում էին այնքան, քանի դեռ չէին գտել ամենաթարմ ու բուրավետ փունջը:
– Տատ՛, այ տա՛տ: Պապի համար միևնույն չի՞, թե ծաղիկներն ինչ հոտ ունեն,- քաշելով տատի թևից՝ մի անգամ հարցրել էր ինքը:
– Պապի համար միևնույն է արդեն, բայց շատ կարևոր է, որ մեզ համար միևնույն չդառնա,-խորհրդավոր ասել էր տատն ու նայելով ոչինչ չհասկացած թոռան աչքերի մեջ՝ ժպիտով ավելացրել,- մի օր կհասկանաս ինձ, մանչս:
Միայն հիմա՝ գերեզմանատանը մոլորվելու գնով Կարապետը հասկացավ տատին ու ափսոսաց, որ այդ պարզ ճշմարտությունը այդքան թանկ գնով պետք է իրենը դառնար:
Ինչ-որ տեղից անսպասելի դուդուկի ձայն լսվեց, ու շեղելով մտքերը՝ ազատեց հերթական ինքնամեղադրանքին տրվելուց: Դուրս գալով ստվերից՝ նորից զգաց կիզիչ արևի տապը: Փորձեց որսալ ձայնի ուղղությունը, բայց ոչինչ չստացվեց. դուդուկի տխրահունչ մեղեդին ասես ամեն տեղից էր սկիզբ առնում: Տեղում կանգնած չմնալու համար առաջ շարժվեց, ու չգտնելով ավելի հարմար անցուղի՝ ստիպված եղավ անցնել նաև գերեզմանապատնեշների վրայով:
Ու նորից, իրենից անկախ արևից պաշտպանվելու համար ափը պարզելով ճակատին՝ սկսեց կարդալ դամբանագրերը.
«Սերոբյան Հրանուշ, Բայանդուրյան Ռաֆիկ, Թորոսյան Գուրգեն, Ճանճապանյան Քնարիկ, Դարբինյան Ժորա»
Այրող մտրակի իջնող հարվածների պես մարմնի ամբողջ բջիջներով զգաց անհույս մոլորությունից վերադարձող ցավը: Այնքան միայնակ ու անպաշտպան ինչպես հիմա էր, դեռ երբեք չէր եղել: Անգամ ԱՄՆ տեղափոխվելու առաջին տարիներին, որոնք ամենադժվարն էին, միշտ գտնում էր առաջ տանող այն հուսավառ լավատեսությունը, որի առաջ ամեն արգելք ու խոչնդատ ջարդուփշուր էին լինում: Իսկ ի՞նչ կլինի, եթե չգտնի պապի գերեզմանը, մի պահ անցավ մտքով: Ի՞նչ ճշմարտանման սուտ պետք է հորինի տատի առաջ, որն ամեն անգամ հիշելուց՝ կամաչի ցավից:
Հրաշքի պես մի բան թվաց, երբ անցնելով գերեզմանաբլրի զառիվերը, դուրս եկավ գերեզմանամիջյան այն ճանապարհ, որտեղ իջել էր տաքսուց: Հույսի պես մի բան շողաց մտքում՝ ուղղորդելով այն լավատեսությանը, որ եթե կարողացավ գտնել ճանապարհը, կկարողանա գտնել նաև գերեզմանը:
Հիշողության փոշոտ էջերը թերթելով՝ փորձեց վերարթնացնել այն հեռավոր պատկերները, որոնց վերադարձը հուշում կտար հոգետանջ որոնումներին: Ամեն չնչին ու աննշան բան կարող էր լուծման բանալի դառնալ՝ կոտրելով այն կարծր ու կեղտոտ ապակին, որ թույլ չեր տալիս տեսնել կարևորը: Կարապետը շատ լավ գիտեր, որ փշրված հիշողության ցաքուցրիվ բեկորները միանգամից իրար գլուխ չեն գա, բայց եթե հաջողվի վերականգնել մտաջնջված պատկերներից դրվագներ, ամեն ինչ այսքան տխուր չի լինի:
Հիշողության ետընթացից դժվարությամբ վերականգնելով պապի գերեզմանաքարը՝ ուրախությամբ խոստովանեց ինքն իրեն, որ նրա դեմքը չի մոռացել ու դեռ հեռվից, երբ տեսնի բազալտից տապանաքարի վրայի կիսանդրին, իսկույն կճանաչի նրան:
Հիշողության ցիրուցան բեկորներից ևս մի բան ընդհանրացավ. Կարապետը հիշեց, որ մինչ պապի գերեզման հասնելը հողաշեն ճանապարհի վերջում սաղարթախիտ եղևնի կար, որի տակ ամեն անգամ տատի հետ դադար էին առնում՝ սրբելով կոշիկներին նստած փոշին: Եղևնուց քիչ ձախ վարդագույն տուֆից հուշաղբյուրն էր, որից հոսող ջրի ձայնը հաճելիորեն լսելի էր լինում դեռ եղևնու ստվերից:
Հուշաղբյուրից տատը ջուր էր վերցնում ծաղիկների համար, իսկ ինքը, մանկական հարուստ երևակայությամբ բորբոքված, գլուխը մտցնելով ջրի տակ, մազերով մեկ հոսացող ջրից էլ հենց խմում էր ագահորեն: Սառնորակ ջուրը ծոծրակի վրայով հոսում էր մեջքից վար ու անցնելով կիսատաբատից ներս, դուրս գալով փողկերից՝ հասնում ոտնաթաթերին:
Մանկության այս փոքրիկ դրվագը վերարթնացնելով իր մեջ, Կարապետը հուզումնալից մի թեթևություն զգաց ու որոշեց, որ հուշաղբյուրին հասնելուն պես նույն բանը նորից կկրկնի: Ու թքած, թե հագին ճերմակ վերնաշապիկ է, պարանոցին GUCCI փողկապ՝ ոսկե սեղմակալով, հագին ARMANI կոստյում, իսկ ձեռքին՝ ROLEX: Կարապետի համար արդեն նյութական բոլոր արժեքները ոչինչ էին այն ամենի դիմաց, ինչը կորցրել ու չէր կարողանում գտնել:
Հեռվում միայնակ մի եղևնի երևաց, ու չնայած Կարապետը վստահ չէր, որ դա հենց նույն եղևնին է, սակայն ուզեց հավատալ, որ դա այն է, որի տակ կանգնում էին տատի հետ ու սրբում կոշիկների փոշին: Ուրախությունն ու հուզմունքը իրար խառնվեցին՝ առաջ բերելով ներսում հակասական զգացողություններ, որոնց բախումից, սակայն, պարզ էր դառնում, որ ոչինչ այլևս առաջվա նման չի կարող լինել:
Հիշողության բացվող ակունքից երևաց հուշաղբյուրի վրա փորագրված գրությունը, որն ամեն անգամ բանաստեղծական շնչով կարդում էր տատի համար՝ արժանանալով նրա ջերմ համբույրին:
Ու նորից, չտրվելու համար հուսահատության ու ինքն իրեն ցրելու համար, սկսեց կարդալ դամբանագրերը.
«Բուռնազյան Սարո, Քարտաշյան Վաղարշակ, Սարիբեկյան Լալա, Դուրգարյան Լիդա, Ենոքյան Վարուժան»
Հանկարծ անզուսպ մի ցանկություն առաջացավ պապի գերեզմանը գտնելուն պես խոսել հետը ճիշտ այնպես, ինչպես տատն էր խոսում: Կպատմի վերջին տարիների անցած-գնացածը՝ բաց չթողնելով անգամ այն, ինչը միայն իրեն ու Աստծուն է հայտնի: Ու կլսի պապի համր գերեզմանը իր խոստովանությունը, չի ընդհատի, հարցեր չի տա, իր մեջ կպահի այն ամենը, ինչը առայսօր դեռ ոչ ոքի չի պատմել:
Ուրախ ոգևորությունը, որ պաշարեց Կարապետին ցանկալի մտքերի երևակայական մարմնացումից, քայլերն ավելի հաստատուն ու վստահ դարձրեցին: Նման մի ոգևորություն ապրել էր քսան տարի առաջ, երբ տրոլեյբուսից դեռ չիջած՝ նկատել էր կանգառում իրեն սպասող կնոջը:
– Green Card ենք շահել:- Երջանկությունից փայլող աչքերով հայտնել էր կինն ու գիրկն ընկնելով` շշնջացել,- մեկնում ենք, վերջապե՜ս…
Վաճառեցին բնակարանն ու ամառանոցը՝ դեսպանատան ծախսերն ու ճանապարհածախսը փակելու համար: Անգլերեն մի բառ անգամ չգիտեին, բայց տեղում սովորեցին: Աշխատեց Կարապետը ցուլի համառությամբ, պայքարեց արևի տակ իր տեղը գտնելու համար ու հասավ նպատակին: Շատ չանցած ծնողներին էլ կանչեցին, հետո՝ կնոջ քրոջն ու եղբայրներին: Դժվարությամբ տատին էլ համոզեցին ու տարան՝ դրանով իսկ այրելով Հայաստանին կապող երերուն ու միակ կամուրջը:
Տատն այսօր էլ կա, հաջորդ տարի կլրանա հարյուրամյակը: Իրեն հատկացված փոքրիկ սենյակը մի իսկական թանգարան է դարձրել, որտեղից և առնում է այն կարոտը, որը երկրագնդի մյուս կողմում թողնելով՝ այլևս չի գտնում: Ամենուր նկարներ է շարել, հիշողություն արթնացնող իրեր, օժիտ բերած իր գորգն է պատին, աչքի առաջ շորերի հին սնդուկը…
Երբ թոռներն ու ծոռները մի օր հոգնեցին լսել տատի հազար անգամ պատմած պատմությունները, խեղճը սկսեց ինքն իր հետ խոսել, իրեն շրջապատած նկարներին ու իրերին դիմելով՝ նրանց հետ դիմակայել այն անսանձ կարոտը, որը ՀԱՅԱՍՏԱՆ էր կոչվում:
Մտքերով տարված՝ Կարապետը չէր նկատել իրար կողք-կողքի փորված գերեզմանափոսերը ու միայն վերջին պահին կանգ առնելով դրանց պռնկին՝ ակնապիշ նայեց հողի սև խորքը: Նոր փորված հողը արևից դեռ չէր հասցրել չորանալ: Այսօր կամ վաղը կծածկեն այն, ուռած փորի տեսք ունեցող շիրմաթմբի վրա կշարեն ծաղիկներ, շիրմապսակներ ու սգաժապավեններ: Թասի մեջ չորացած ածխակտորների վրա դեռ կերևան չվառված խնկի դեղին կտորները: Այգալացին [7] կգան, կթարմացնեն ծաղիկներն ու խունկ կծխացնեն: Ամիսներ հետո գերեզմանաքար կդնեն ու կամաց-կամաց ամեն ինչ սովորական կդառնա:
Կարապետը շրջեց շիրմափոսերի եզրերով ու չկտրելով աչքը հողի խորքից՝ մտքով չափեց այն: 4 մ2: Ուղիղ այնքան, որքան հասնում է մարդուն կյանքի վերջում՝ անկախ սոցիալական դիրքից ու նյութական կարողություններից:
Կարապետը թուլացրեց փողկապը, քրտինքը ջրի պես հոսում էր վրայից՝ սոսնձի պես ամեն անգամ հագուստը սեղմելով մարմնին: Փրկություն համարվող եղևնին դեռ հեռու էր, իսկ դժվարությամբ առաջ տանող քայլերը դադար էին պահանջում:
Մոտենալով կիսականաչ մի մասրենու, նստելով ստվերում՝ օրհնեց այն ձեռքը, որ ինչ-որ մի ժամանակ տնկել էր այն: Չոր քարը կաշեպատ փափուկ բազմոցին սովոր նստատեղին տհաճ թվաց: Հանելով հագից պիջակը՝ Կարապետը երկտակ ծալելով դրեց տակը:
Երբ օձիքի կոճակը քանդելուց հետո հանգստացավ ու պատրաստվում էր արդեն շարունակել ճանապարհը, ականջի տակ լռությունը ճեղքող բզզոց լսեց: Սովորականից մեծ մի մեղու, օդում պտտվելուց հետո իջնելով մեխակներին, անշարժացավ: Թեթև ցատկերով մի մեխակից մյուսին անցնելով, նեկտար փնտրելով տարված՝ մեղուն քթիկը մցնում էր թերթիկների տակ՝ վեր ձգելով արևի տակ փայլող սև ու դեղին զոլերով փորիկը: Ի վերջո, ոչինչ չգտնելով, նա երկինք բարձրացավ ու անհետացավ այնքան արագ, որ Կարապետին թվաց, թե այն չէր էլ եղել:
Կարապետը քթին մոտեցրեց մեխակներն ու զարմացավ, որ չնայած իրենց ճոխությանը, նրանք բուրմունք չունեն: Ու հիշեց նա տատի գնած ծաղիկների հոտն այնքան պարզ ու մաքուր, ասես ժամանակը ետ էին տվել՝ կրկին անգամ հասկանալու համար, որ ծաղիկների բույրը կարևոր են ոչ թե անցավորների, այլ հենց ապրողների համար:
«Աշխարհում ամեն բան իր հոտն ունի,-մտածեց Կարապետը, հոտն էլ տեսածի պես անհնար է մոռանալ: Օրեր, ամիսներ ու տարիներ հետո այն կարող է ետ վերադառնալ՝ վերապատկերելով այն, ինչը մի ժամանակ հենց իրենով էր սկսվել»:
Սեփական մտքերից սերվող դատողություններն ամեն անգամ քննադատություն էին դառնում, որոնցից խուսափել չէր հաջողվում այն պատճառով, որ հնարավոր չէր զբաղեցնել միտքը մեկ այլ բանով: Ամեն բանի մեջ միևնույն արտացոլանքն էր, միևնույն ցավը…
Անցյալից եկած ծաղիկների բույրը խորը տեղավորվեցին ներսում ճիշտ այնպես, ինչպես մանկուց ծանոթ տատի սունդուկի հոտը:
-Կարո պապի նվիրած առաջին ծաղիկները կարմիր մեխակներ էին:-հիշեց Կարապետը տատի սիրած պատմություններից մեկը:- Մի օր փողոցում առաջս կտրեց ու համոզվելով, որ ոչ ոք մեզ չի նայում, ամոթխած պարզեց ինձ:
Էստեղ տատը միշտ լռում էր, հավանաբար մտքով հասնելով այդ հեռավոր օրվան՝ նորից ջանում էր տեսնել նեղլիկ փողոցը, ամոթխած պապի խոնարհված աչքերը, իր տարակուսանքն ու երջանիկ դողը:
– Տա՛տ, բա հետո՞,- ամեն անգամ փեշից քաշելով՝ հարցնում էր Կարապետը՝ մեկ անգամ ևս լսելու համար հարյուր անգամ պատմված պատմությունը:
– Մեխակները հալից շատ էին ընկած,- պատմության թելը նորից բռնելով՝ շարունակում էր տատը,- ասես մի քանի տուն մտած-դուրս եկած լինեին, բայց այնքան անուշ հոտ ունեին, որ չկարողացա չվերցնել: Միայն տարիներ հետո խոստովանեց, որ ամբողջ մի օր, մեխակները ծոցում պահած, ման է եկել, ու ամեն հանդիպելուց ամաչելով՝ սիրտ չի արել ինձ տալ:
Չորացած մացառաթփերը շարժվեցին ու Կարապետը ծաղկեփունջը ձեռքին ոտքի կանգնելով՝ վախվորած ետ-ետ գնաց: Թփերի ետևից գլուխը դուրս հանեց մի շան քոթոթ ու պոչը բարեկամաբար շարժելով՝ մոտեցավ նրան:
Ծաղկեփունջը դնելով ամենամոտ գերեզմանաքարի վրա՝ Կարապետը պիջակի գրպանից շոկոլադե բատոն հանեց ու մեկնեց շանը: Քոթոթն անմիջապես համփռեց շոկոլադն ու ագահորեն ծամելուց հետո ավելի մոտեցավ: Կարապետը գրպանից ևս մեկը հանեց, բացեց վրայի փայլաթիթեղն ու քոթոթի առաջ դնելով՝ շարունակեց ճանապարհը՝ որոշելով, որ մինչև չհասին եղևնուն, կանգ չի առնի:
Տարօրինակ մի զգացում ունեցավ. ինչպիսին լինում է երազում, երբ ձգտում ես հասնել շատ մոտ թվացող մի բանի, ու ոչ մի կերպ դա չի ստացվում: Ու հիմա էլ կարծես նույնն էր, չնայած քայլերի արագությանը, եղևնին անփոփոխ իր տեղում էր՝ ինչպես անհասանելի միրաժ, որ ծնունդ էր առել գլխում՝ հուսահատ միտքը երևակայորեն մխիթարելու համար:
Փափուկ մի բան քսվեց ոտքերին ու առաջն ընկնելով՝ կտրեց ճանապարհը: Քոթոթն էր, որ ամբողջ այս ընթացքում կրկնակոխ եկել էր ետևից՝ ջանալով ետ չմնալ: Կարապետը ձեռքը պիջակի գրպանը տարավ, թեև համոզված էր, որ վերջին կտորն արդեն տվել էր: Ու հենց այդ ժամանակ, գրպաններից մի բան գտնելու հույսով տարված, նկատեց, որ ծաղկեփունջը մոռացել է անծանոթ գերեզմանաքարի վրա, ամբողջ ձայնով կատաղի բղավեց.
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- ապա մի կողմ շպրտելով պիջակը, ծնկի գալո սկսեց հայհոյել ու բռունցքներով հարվածելով գետնին,-Motherfucker, fuck, fuck, fuck…
Քոթոթը, որ անմիջապես իրեն վերագրեց Կարապետի զայրույթը, թաքնվեց ապահով մի դամբանաքարի ետևում՝ հետևելով փոշու ամպի մեջ բղավող այնքան բարի թվացող մարդուն:
«Կորած գերեզմանը չգտած հիմա էլ ծաղիկնե՞րը»: Գիտակցության մեջ հնչեց սթափության կոչ անող հերթական ձայնը, որի մեջ մեղադրանքից բացի նաև խղճմտանք կար: Հավանականությունը, որ եկած ճանապարհով ճժգրիտ կարող է ետ գնալ ծաղիկների ետևից, իրատեսական չթվացին Կարապետին: Մի որոնմանը կավելացնի ևս մեկն ու ավելի կմոլորվի: Հարկավոր է ամեն գնով առաջ գնալ, հասնել եղևնուն, գտնել հուշաղբյուրն ու պապի գերեզմանը՝ թեկուզ և առանց ծաղիկների:
Թափ տալով փոշոտ պիջակը՝ Կարապետը առանց ետ նայելու շարունակեց ճանապարհը՝ չնկատելով հակառակ ուղղությամբ հեռացող քոթոթին, որը շտապում էր ստվերոտ մի անկյուն գտնել՝ ցերեկվա կիզիչ տապը հաղթահարելու համար: Կարմիր հողն ու արևից շիկացած քարերն իրենց բովի մեջ էին առել ամեն կենդանի բան, որ համարձակվում էր առաջ շարժվել: Կկոցելով աչքերը՝ Կարապետը երկինք նայեց ու արևի պայծառ լույսից շանթված, կոպերն ամուր փակելով՝ պատկերացրեց իրեն մի լքված մոլորակի վրա, որտեղ միայն գերեզմանաբլուրներ են անհաշիվ դամբանաքարերով, որոնցից մեկն իր կորցրած պապին է:
Հիստերիկ ծիծաղով Կարապետը նկատեց, որ ամբողջ այս ընթացքում ափի մեջ սեղմած շոկոլադի փայլաթիթեղը գետնին չի գցել՝ աղբաման փնտրելու հույսով: Աննշան թվացող այդ թղթի կտորը գրպանում տեղավորելո՝, նա հիշեց հեռավոր օրվա մեջ անմոռաց դաջված այն միջադեպը, որը նման պահերին միշտ միտքն էր գալիս:
Նոր էին ԱՄՆ տեղափոխվել, մտազբաղ քայլելով մի օր ծխախոտի մնացորդը «հայավարի» մայթեզրին էր գցել՝ անգամ չգիտակցելով, որ դրանով նահանգային օրենք է խախտում: Մոտեցող ոստիկանը մատնացույց էր արել աղբամանի տեղն ու խիստ նկատողությունից հետո ներկայացրել տուգանքի կտրոնը: Ութսուն դոլարն այդ օրերին մեծ գումար էր իր գրպանի համար, ու երևի հենց դա էր պատճառը, որ այդ միջադեպից հետո այլևս ոչինչ գետնին չգցեց:
«Ինչո՞ւ, մոռանալու համար էլ տուգանք չկա սահմանված».– մտածեց Կարապետն ու պատկերացրեց մի պահ, որ եթե այդպես լիներ, հիմա այս խայտառակ վիճակում չէր հայտնվի:
Երբ հոգնատանջ մարմնին ավելացավ անդիմադրելի ծարավը, քայլելն ավելի դժվարացան: Հասնելով հերթական գերեզմանաբլրին՝ Կարապետը մխիթարեց իր բոլոր ցավերն ու անհարմարությունները նրանով, որ զառիվերը հաղթահարելուց հետո կհասնի այնքան սպասված եղևնուն, որին շատ մոտ նաև հուշաղբյուրն է:
«Թաթոսյան Կարեն, Սիսակյան Թերեզ, Նշանյան Նանար, Սարգսյան Հակոբ, Գրորգյան Վահե, Ավետիսյան Սարգիս…»
Կարապետի Հայաստան գալու լուրն ամենից շատ տատին էր ուրախացրել:
-Ղուրբանդ եղնիմմ ձագս,-մեկնելուց առաջ իր սենյակ կանչելով՝ խնդրել էր նա,-գործերդ երբ վերջացնես, Կարո պապին չմոռանաս:
-Է՜, տա՛տ, բա դա ասելու բան է՞ր:
-Էս վերցրու,- Կարապետին պարզելով ասեղնագործ նախշերով մետաքսե փոքրիկ մի տոպրակը՝ խնդրել էր տատը,- պապիդ գերեզմանից մի բուռ հող կբերես, որ երբ իմ ժամը գա, ինձ հետ դնեք:
Առանց մի խոսքի վերցրել էր տոպրակը: Գրկել ու համբուրել էր մի բուռ դարձած տատին, զգացել նրա անմորմոք կարոտը, որի դիմաց ոչնչով տալ չէր կարող:
Հաղթահարելով վերջինը թվացող արգելքը՝ Կարապետն անցավ գերեզմանաբլուրն ու դուրս եկավ գերեզմանամիջյան ճանապարհին, որը նրան ծանոթ թվաց: Հանկարծ մի շատ հստակ զգացում ունեցավ ու թվաց, որ այս ամենը արդեն եղել է ինչ-որ ժամանակ:
Հեռվից թվացյալ եղևնին իրականում սոճի էր, որի կողքով այսօր արդեն անցել էր մեկ անգամ, երբ իջել էր տաքսուց: Չորս կողմը նայելով՝ հիշողության համրիչի վրա ետ ու առաջ տարավ ինչ-որ բան ու ինքն իրեն խոստովանեց. «Ամեն ինչ նորից վերադարձավ ի շրջանս յուր»:
Նստելով սոճու ստվերում տեղադրված փայտե կիսակոտրված նստարանին՝ Կարապետը գլուխն ափերի մեջ առավ պարտությունը փակ աչքերով ընդունելու համար:
Ինչ-որ տեղից ծանոթ դուդուկի ձայն լսվեց՝ ասես որպես մարտահրավեր հերթական անգամ որոնումներ սկսելու համար: Ամեն կրկնվում էր այնպես, ինչպես ժամեր առաջ, բայց արդյո՞ք կբավարարեն ուժերը անցնելու համար այս ճանապարհը նորից: Ոչ մի երաշխիք, որ նորից չի պտտվի ինքն իր շուրջ՝ վերադառնալով կրկին անգամ այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ չի զուլալվի հիշողությունն ու ինչպես երեխա ժամանակ, առանց որևէ ջանքի քայլերն իրենք իրենց կտանեն դեպի պապի գերեզմանը:
Կարապետը կարոտով հիշեց շաբաթվա սկիզբը, երբ օդանավը վայրեջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Դիմավորելու եկած քեռորդիները նեղացան, երբ հայտնեց, որ ամբողջ շաբաթ հյուրանոցում է անցկացնելու, այլ ոչ թե իրենց տանը: Հարազատներից յուրաքանչյուրն ուզում էր առանձին իրենց տուն հրավիրել, բայց այստեղ էլ Կարապետն առաջ անցավ բոլորից: Թանկարժեք մի ռեստորանում հավաքեց բոլորին ու մի կրակոցով ամեն բան իր տեղը դրեց: Լուսանկարվեց բոլորի հետ, անհետաքրքիր զրույցներից ջանաց մի բան հիշել՝ ԱՄՆ վերադառնալով տատին պատմելու համար:
Ու միայն երեկ, երբ հյուրանոցում ճամպրուկը հավաքելիս տեսավ տատի տված ասեղնագործված տոպրակը, ամաչեց, որ մոռացել է գերեզմանատուն գնալ: Գերեզմանատուն գալն ամենահեշտն էր թվում, ի՞նչ իմանար Կարապետ Մնեյանը, որ ֆիզիկական անհարմարություններից բացի, հոգու մեծ փորձության առաջ է կանգնելու:
Պիջակի գրպանում սկսեց տոպրակը փնտրել ու մինչ ծոցագրպանից կհաներ այն, օձիքին մի քանի շեկ մազ նկատեց: Արևի առատությունից երկար մազերը սկսեցին փայլել ոսկու նման՝ կարոտ արթնացնելով սրտում: Պիջակի օձիքը քթին մոտեցրեց ու թույլ զգաց նրա օծանելիքի բույրը:
Նատաշայի հետ հյուրանոցի բարում ծանոթացավ, Երևան գալու չորրորդ օրը: Գործերն ավարտել էր, հարազատների հետ հանդիպել ու չկար խանգարող ոչինչ մտերմության համար: Նատաշան Վոլգոգրադից էր, գործուղման էր եկել Հայաստան ու մինչ մեկնելը՝ դեռ երկու ազատ օր ուներ: Հայաստանով շրջելու առաջարկը նրան դուր եկավ, քանի որ Երևանից բացի ոչ մի տեղ չէր հասցրել լինել: Մեքենա վարձակալեցին ու շրջեցին փոքր Հայաստանի «մեծ» ու հիասքանց վայրերով:
Գիշերեցին Ծաղկաձորում, հանգստացան ու իշխան կերան Սևանում: Չնայած բարձրության նկատմամբ ունեցած վախին՝ Նատաշան կարողացավ համոզել Կարապետին Տաթևի ճոպանուղի նստել՝ ամբողջ այդ ընթացքում բաց չթողնելով ձեռքը: Վերջին անմոռաց գիշերը թողնելով Ջերմուկի լեռնային առողջարաններից մեկում, հաջորդ օրը վերադարձան Երևան: Երեկոյան, արդեն, երբ «Զվարթնոց» օդանավակայանում Նատաշան, հուզմունքին ազատություն տալով, ասաց. «что ты со мной сделал, как же я дальше буду жить?», Կարապետն իր մեջ հերթական հաղթանակը գրանցեց առ այն, որ դեռ կարող է հետաքրքիր լինել կանանց շրջանում:
Անհույս մի հայացք գցելով փոշոտ կոշիկներին՝ Կարապետի գլխում արկածալի միտք ծնվեց: Դուրս չգալ գերեզմանատնից այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել պապի գերեզմանը: Մի քանի օրվա մեջ կվայրենանա անճանաչելիության աստիճան, հագուստը կպատառոտվի՝ գերեզմանաճաղերին, քարերին ու մացառներին անվերջ քսվելով: Մազածածկով կպատի դեմքը, արևից խանձված մաշկի մրմուռնն ու մյուս տհաճությունները մեղմիչ ուժ կդառնան խղճի ցավի դեմ: Արևախանձ գերեզմանաբլուրներով թափառելու ընթացքում մտորելու շատ բան կունենա ու թոթափելով գլխում կուտակված հոգսաշատ աղբի մի կարծր շերտ՝ ետ կբերի լուսաշող այն հիշողությունները, որոնք այնքան կարևոր են այսօրվա համար:
Կարապետը ժպտաց արկածախնդիր երևակայության այն տեսիլքներից, որոնք իրականության մեջ տեղ գտնել չէին կարող: Չոր ու ցամաք իրականությունն այն էր, որ ԱՄՆ կվերադառնա, նորից մրջյունի պես կաշխատի՝ հասցնելու համար երեխաների ուսման ծախսերը, փակելու համար բժշկական ապահովագրությունը, նոր գնած տան ու կնոջ մեքենայի վարկը: Նորից ամեն առավոտ կժպտա կնոջն ու նախաճաշելուց հետո կասի, որ շատ համեղ էր պատրաստված: Եկող գնացող հյուրերի աչքին հետաքրքիր տանտեր կխաղա, աշխատավայրում կձգտի պաշտոնի բարձրացման, շաբաթ երեկոները կանցկացնի բրիջի ակումբում՝ լավ իմանալով, որ ամեն անգամվա պես տանուլ տված է խաղասեղանը թողնելու: Կյանքը կրկին իր փրփրուն լվացքի մեջ կառնի ամեն բան, բայց այդ բազմազբաղ հոգսերի մեջ չի ստացվի երբևէ մոռանալ հոգին կրծող պապի գերեզմանն ու Նատաշայի «что ты со мной сделал, как же я дальше буду жить?»-ը:
«Անարդար է: Վաղն արդեն կյանքը կսկսի ինձ նորից երես տալ: Նորից նոր հույսեր, ձեռքբերումներ ու հաջողություններ կընծայի: Արդար կլինի սակայն, որ ոչինչ չփոխվի իմ աշխարհում, քանի դեռ չի ուղղվել այս սխալը: Արդար կլինի, որ արևը մայր չմտնի ու երկինքն աստղերով չլցվի, քանի որ կորձրած յուրաքանչյուր բան, պետք է գտնել այսօրվա մեջ՝ չթողնելով ուրիշ օրվա»:
Մտքերով տարված՝ բավականին հեռացել էր սոճու ստվերից՝ նորից հայտնվելով գերեզմանների մեջ: Արևն ուղիղ վրան էր ընկել: Հավաքելով վերջին ուժերը ամենապատասխանատու քայլն անելու համար՝ Կարապետը գրպանից հանեց տատի տված տոպրակն ու ծնկի եկավ պատահական մի շիրմաթմբի առաջ: Նայելով բազմագույն թելերով արված զարդանախշերին, հերթական մեղքի մեջ գլորելով հոգին՝ խորը հոգոցով գործի անցավ:
Ձեռքի ափով սրբեց հողի փոշոտ ու տաք շերտը: Քանդելով հողը՝ ափերի մեջ առավ այն ու զարմացավ, որ մի բուռ հողն անգամ իր մեջ քարի կտոր, սերմի հատիկ, արմատ ու վազող մրջյուն ունի:
Տոպրակը լցնելուց հետո խնամքով կապեց այն ու գրպանը դնելով՝ տրվեց տխրության հերթական ալիքին: Տատը երբևէ չի իմանա, որ հողը Կարո պապի գերեզմանինը չէ: Ափերի մեջ կառնի այն ու ամանորին նվեր ստացած երեխայի ուրախությամբ սեղմելով իրեն՝ կփակվի սենյակում: Կավելանա տատի սենյակ-թանգարանը ևս մի մասունքով, իսկ իր հոգին մեղքի հերթական բաժնով:
Չէ՛, գերեզմանատան ճգնավոր չի դառնա, մեղք է տատը: Հիմա երևի գիշերը ցերեկ դարձրած, օրերն ու ժամերն իրար խառնած՝ իր գալուն է սպասում՝ անվերջ հարցնելով բոլորին. «Էսօր է՞ր Կարոն գալու… Մինչև մութն ընկնելը տեղ կհասնի՞… Բա դիմավորելու չե՞ք գնում… Բա ինչի՞ ուշացավ… Մի բան եղած չլինի՞…»:
«Փոքր չէ մեր մոլորակը, ինչպես աշխարհագրության ուսուցիչն էր սիրում ասել՝ ձեռքերը գլոբուսին կռթնելով. հարյուր-հիսուն-միլիո՜ն կիլոմետր: Քարտեզի օգնությամբ, GPS համակարգով վայրկյանների ընթացքում հնարավոր է գտնել ուզածդ երկիրը, քաղաքը, կղզին, տունը, փողոցն ու գյուղը, բայց, այնուամենայնիվ, երկրի վրա կան բաներ, որոնք դուրս են քարտեզներից, ու որոնց տեղն իմանալը միայն մեզ է տրված: Հետաքրքիր մարդ եմ ես, եղել եմ աշխարհի բոլոր մայրցամաքներում, թվում է հասել եմ կյանքում ինչ-որ հաջողությունների, որոնց շատերը միայն երևակայել կարող են, ու չնայած դրան՝ հայտնվել եմ մի աննախանձելի վիճակում, երբ կորցրել եմ պապիս գերեզմանն ու չգիտեմ ինչ անել»:
Քամու թեթև ալիքը հաճելիորեն սթափեցրեց Կարապետին՝ օգնելով չփակել արևահարված դեմքի վրա շաղվող աչքերը: Վաղուց մոռացված մի գերեզմանաթմբի վրա քամին շարժեց փշերը: Թույլ շրշյուն եկավ՝ սևեռելով Կարապետի ուշադրությունը այդ ուղղությամբ: Փշերի վրայի չորացած խխունջներն իրար դիպչելով թույլ շխկշխկում էին: Հիշողության դեմ հառնած պատից ևս մի քար ընկավ, ու Կարապետը հիշեց, թե ինչպես էր երեխա ժամանակ հավաքում չորացած այդ խխունջներն ու լցնելով լուցկու դատարկ տուփերի մեջ՝ հավատում տատի այն հեքիաթին, թե խխունջներից մեկի մեջ է ապրում բարի կախարդը:
Հիշողությունը մի քարից ևս ազատվեց, ու Կարապետը, ոգևորությունից ազատություն տալով ձայնին, իր համար էլ անսպասելի արտասանեց հուշաղբյուրի վրա փորագրված գրությունը.
«Անցնում է մի սերունդ, գալիս է մի ուրիշ սերունդ, իսկ երկիրը հավերժ է… Ծագում է արևը, մայր է մտնում արևը ու շտապում այնտեղ, որտեղից ծագում է… Փչում է քամին հարավ, փչում է հյուսիս, պտտվում, պտույտ տալիս ու դառնում ի շրջանս յուր… Դեպի ծով են հոսում բոլոր գետերը, իսկ ծովը դուրս չի գալիս իր ափերից, քանզի վերադառնում է գետն այնտեղ, որտեղից սկիզբ են առնում ու նորից հոսում [9]»:
Քամին ինչ-որ տեղից խունկի հոտ բերեց: Մոտակա ճամփեզրից ոտնաձայններ լսվեցին: Կարապետը թափ տվեց վրայի փոշին, ուղղեց փողկապն ու մինչ կշտապեր մարդկանց միանալու՝ քսան տարվա մեջ առաջին անգամ լաց եղավ:
Հունիս 2022
Աբովյան
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[1]. Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ ահեղ դատաստանի ժամանակ տեղի է ունենալու մեռելներ ընդհանրական հարություն:
[2]. Հայ առաքելական եկեղեցու հինգ Տերունի տոները: Սուրբ ծննդոց, Աստվածահայտնություն, Զատիկ, վարդավառ, վերափոխումն Սբ. Աստվածածանի և խաչվերաց:
[3]. Հանգուցյալների հիշատակին նվիրված օրեր: Հայ եկեղեցական հինգ մեծ տոներին հաջորդող երկուշաբթի օրերը:
[4]. Հոգևոր բարեպաշտական արարողություն, որն արտահայտում է հարության գաղափարը մահվան հանդեպ:
[5]. Ծ. Թ. անհայտ-1058, Սեբաստիա: Ամենայն հայոց կաթողիկոս 1019-ից:
[6]. Հեղինակը Պետրոս Գետադարձ կաթողիկոսն է: Երգվում է հոգեհանգստյան արարողությունների ժամանակ:
[7]. Թաղման հաջորդ օրը ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սուգը և դրա հետ կապված արարողությունները:
[8]. Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի 5.7 կմ. երկարությամբ: Բարձրությունը 320 մ.:
[9]. Մեջբերում Աստվածաշունչ մատյանի Ժողովող գրքից: Գրվել է մ. թ. ա. 6-3 դդ.: Հեղինակը Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնն է: