Վարդան Սմբատյան | Ուշացած սիմվոլիզմ

– Նորմալ է։
ոչ մի արտասովոր բան չկա,
դուք մեծանում եք, ավելի ճիշտ՝
ծերա…,-
կիսատ խոսքը բերանում սենյակից կցնդի
խալաթով ՝ արտաժամյա փրկիչդ,
կվազի հաջորդ մեռելին
վերջնականապես սպանելու:
– Նորմալ է՝ 40 ից հետո
չի կանգնում երբեմն,
մի նեղվեք։
Հահա,- կժպտա քեզ բուժող
հերթական
հարթուղեղը
եւ որպես սփոփանք
լկտի մի անեկդոտ կպատմի։

– Նորմալ է՝ վա՜յ, երկրի վիճակը չե՞ք տեսնում,
փող չկա ձեր նախագծի համար,
– Լավ թեզ է։
– լավ գիրք է։
– Օ՜հ ընտիր կվարտետ է, բայց կներեք, բյուջետային հատկացումներ վերջացել են,
ճիշտ հասկացեք մեզ,

մենք առանձնhատուկ ենք վերաբերվում գիտնականին, մտավորականին, արտիստներին,
ուղղակի փող չկա։

– Լավ եք գրում, բայց ձեր կերպարը
չի համապատասխանում մեր հրատարակչությանը,
բնավորությունը` նույնպես, չափազանց բողոքական եք,
բացի այդ`

երբեմն անփույթ եք գրում, ամոթ է,
ախր գրող եք, ձեզ չի սազում, ստորակետներ եք բաց թողում …

Դռները կփակվեն ու կբացվեն,
ոչ ոք չի գա,
վախն է միակ արթուն
հերոսը։
Նշտարը կքերթի անշունչ մաշկը,
նեոնների տակ ուռուցիկ
կսառչի անկենդան միսը
փակ բերանով։

Հողը՝ մայր գազանը
էսօր էլ
քաղցած չի մնա։
Նորմալ է` կասի Մեդիաքաքը,
բոլոր պանդեմիաների ժամանակ էլ
մահացության թվերը այսպիսին են եղել,
իսպանկան վկա։
նորմաաաաաաաաաաալ է՝
– Նորմալ երկիր է, նորմալ աշխատավարձ է,
Կուբայում, Հյուսիսային Կորեայում,
եւ վերջապես Աֆրիկայում գիտե՞ք որքան են վաստակում
տաժանակիր աշխատանքի դիմաց.
գրոշներ, էնպես, որ մի բողոքեք,
ամոթ է:

Ինչ – որ մեկը շիշ կշպրտի
ՀԱՍՏԱՈՌ ճառողի վրա,
ամեն ինչ live կլինի…
բոլորը կուտեն իրար live,
կսիրեն,
կ***** իրար live,

պառլամենտական պոռնո- կռիվ- իմիտացիան
կավարտի 15 րոպեից:
Քաղաքական սութի ինտրիգից գոհ,
երկու ծծան ընդմադիր աչքով կտան իրար:

Իսկ դու մեռնելու հարմար տարբերակ կփնտրես
ու ճարահատյալ
կվերդառնաս ածելի բառերին,
հանկարծ ներսիդ պատվախնդիր տղամարդը կզարթնի,
կկանգնես պատուհանին ու…

կթողնես նորմալ
ընտանիքի տեսլականով ապրող կիսամեռ մորդ,
սմքած կնոջդ` կնճիռ- մեյքափով,
նորմալ սմարթֆոնների մեջ ապրող երեխեքիդ,
լայնախոհ-ժպտադեմ հասարակական կլոններին,
բոզացած առաքելությունն ու անօգուտ գրքերդ:
Կթողնես պարտված արդարության դրոշը,
անունդ` արհեստական խոտերի ու փայլեցրած- տաշված
քարի վրա,

կթողնես
սթրեսից ու անհուսությունից խժռող գեր ընկերոջդ,

նորմալ մեղքերդ,
երգերրդ ու հավիտենական վերքերդ թաց, փայլփլող:
Քեզ կգտնես մահվան հերթի մեջ`
կշտապես հասնել լույսի հետագծին,
բայց կմնաս վերևի ու ներքևի մեջտեղում:
Վերևում` սրբերը կաղմկեն ու կհրեն քեզ վար,
ներքևում` մեռնողները սպասում են.
գիտե՞ս
քանի դար:

Իսկ մահը կուշանա՝ ինչպես անհույս փրկիչը
անհոգեդարձ,

եւ էսպես
Կյանքը կշարունակի շինել քեզ ընկերս,
պարզապես շնչելու համար։

 

Ծառի սերը

Պարզ տողեր է գրեց թղթին
ու հեկեկաց,
լույսը բացեց առավոտ-պատուհանը,
կանաչը սիրերգ խշխշաց
ծառը պարզեց սարթ թևերը՝
նա ընկավ
նա ընկավ։

Հիմա
Քամին ցնցում է
գիշեր- պատուհանը,
սայլակը՝ ճռռում է, ճոճվում,
փռվել է ցողի մեջ անշունչ ծառը.
մի ոտքով մարդ զարթնեց դրախտում։

 

Կարմիր էքստազ

Կես բաժակ վիսկի
հինգ հազար բառ,
անհատակ սենյակ
ու քաղցր սարսուռ…
ածելին դանդաղ սահում է
վար,
Ճկուն օձի պես համաչափ
ու սահուն,
սկսում է կարմիր էքստազը:

Քավարան

Ոչ ոք չլքեց ինձ՝
սերերս,
դավաճան ընկերներս,
անհիշելի թշնամիներս
ու մեռած բարեկամներս,
բոլորը
ապրում են մաշկիս տակ՝
տրոհվելով ցավիս ծակոտիներում:
Ես սարդ եմ մարդակեր,
մարսում եմ բոլորին դանդաղ,
ապա արտաթորում եմ թղթերին՝
առանց կետադրելու:
Դեռ երկար կծխա երկինքը,
կվազեն բանակներն արյան,
կլցվեն տենդերով մահիճներն անդադար:
Արդ, պատրաստ եմ. եկե՛ք ինձ մոտ,
մեղսագո՛րծ տականքներ անաստված.
լայն բացված սպասում է երախս՝
ցավակեր, անհատակ քավարան:

 

***

Ցավը սպանեց Աստծուն,
ցավն այս աշխարհում
հավերժություն է:

 

***

Խաղաղ եմ`
Խոնարհ,
այս վաղնջական`
մեռած
հողի պես:
Լույսի նշտարը կտրում է օրը`
գիշերից,
մահը` առավոտից:
Ես անշտապ քայլում եմ
ցավի մատրիցայի միջով,
ես` հուսահատ բերկրությունն եմ
ծառերի:

 

Ուշացած սիմվոլիզմ կամ տեքստի նոստալգիա շարք

Լռել է ճիչն անտառի,
կանաչ ստվերներ են վազում,
գուղձերը բաց գերեզման
շիվ ու արյուն են լափում։
Վերևում ջրեր կան խոր՝
փշրվող լեռներ բյուրեղ,
ու ցավը երգ է մաքուր,
ու մահը մանուկ է դեռ։

 

***
Ի՜նչ սիրուն են գնում գնացքները`
սափրելով արահետը լույսի,
ռելսերին փշրվող հրաժեշտը
կմաքրեն անձրևն ու քամին:
Ի՜նչ խաղաղ են մեռնում երազները,
և սերերը՝ թոթովող վաղանցուկ,
փակել եմ գիշերվա որբ աչքերը,
թռչում եմ Աստծո երազում:

 

***

Ես կգրեի ամենասիրուն
բանաստեղծությունը
հորիզոնին թափվող ճայերի,
կարմիր-կարմիր մայրամուտի,
իմ ու քո,
իմ ու քո
ալեգորիկ սիրո մասին,
բայց բառերս ատոմներ են, Լիլի՝
հրե ատոմներ,
ծամում եմ մինչև վերջ՝
անաղմուկ ու անտրտունջ։
Ինչ-որ մի տեղ
կավարտվի մատերիան ցավի․
Աստծո աչքերում
մենք կհանդիպենք,
մենք կհանդիպենք…

 

Գտնված դրախտ

Հողմերի միջով,
ծովերի
միջով,
ելումիջով
օրեր- դողերի

սահում է քամին՝
փշրելով թևերը
խավարի,
կտրում է հորիզոնը
և պառկում
բերկրության ավազներին։
Ծառերը բացում են չորացած ստինքները,
սպասում են ջրի շոյանքին,
հետո խշշում է կանաչը՝
մինչ իրիկուն։
Սա հարատև սիրերգություն է,
ունիսոն:

Ես փակում եմ շունչն Աստծո,
բացում եմ քնկոտ աչքերս․
ինձ հերիք է
դրախտը մարդու:

 

***
Հիմա
տեսնում եմ փակ աչքերով,
դիպչում եմ պատռված օզոնին,
լիզում եմ
դարչինն արևի,
մի´ արի, Տե´ր,
մի´ արի:
Երկնային քո խցում ապահով,
զորավոր
գիսաստղեր նշմարիր։
Փտեց աշխարհը սև ճահճում
գարշանքի,
քո ձեռքով ստեղծեցիր վայրագիդ,
էլ ու՞մ ես փրկելու, Էլոհի´մ,
երկինք է հասել մահ-շղթան…

մի´ արի էլ Տեր,
մի´ արի։

Վերջերգ` զինվորին

Իջնում է ծանր երկաթե մութը՝
մահը գուժում է ժամը ութը։
Մեկ են դարձել
հողն ու երկինքը,
սեւ խոռոչի մեջ անխաչ փրկիչն է՝
զինվորը վերջին։
Լռում է ցասման հրի մեջ
ամենը,
մահն արձակում է կարմիր թաթերը։
եւ իջնում են վար
անմիտ-անպիտան,
սփոփանք փափագող՝
Էժան բառերը մեր թաց բերանից՝

հանց թանձր փրփուր:

Վավերագրություն

Ոչ մի փոփոխություն…
Լույսը ամեն օր սահում է
երկնային սանդուղքից,
աղմկում են փողոցները,
թռչունները`
երիզում են երկինքը։
սակարկվող- ծախվող էս աշխարհում,
անհաղորդ էս մարդասիրության մեջ
ինձ այլ ելք չի մնում բանաստեղծելուց բացի։
Փամփուշտը ծակում է դեռատի ոսկրերը,
տպվում է կանաչ փրկագինն աշխարհի,
ծփում է գարշանքը` ինչպես վարարած տիղմը,
լույսը լքում է կածանը հորիզոնի,
մահացու նիրհի մեջ թմրում է աշխարհը.
ոչ ոք ի զորու չէ փոխելու
ընթացքը,
մենք բոլորս անպետք վավերագիրներ ենք։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *