Արմեն Շեկոյան | Մենք

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Հազարապատկվեցինք ու գալարվեցինք
մենք բանարվեստի սուր ճիրաններում:
մեր շնորհները մենք ո՜նց վատնեցինք
երեւանյան տաք սրճարաններում:

գուց դա էր էն օրերի ճիշտը.
գուցե վատնելու ժամանակն էր դա:
Ինչքան հիշում եմ՝ տըղերքը միշտ էլ
իրենց ճըղել են, որ մընան արդար:

Երեւանյան տաք սրճարաններում
մեր սատացածը անվերջ վատնելով՝
հոխորտում էինք ու շարունակվում՝
մեր նմաններին անվերջ դատելով:

գուցե դա էր էն օրերի ճիշտը.
գուցե դատելու ժամանակն էր դա:
Ինչքան հիշում եմ՝ տըղերքը միշտ էլ
վատերին էին ցույց տալիս ատամ:

Շարունակվելով չենք էլ մտածել,
թե մեր աղունը ով պիտի աղա:
Մեր ծնողները հույս են ունեցել,
թե՝ մենք կըդառնանք մի օր տան տըղա:

Բայց շարունակվել ու հեռացել ենք
մենք հորենական մեր տունուտեղից:
մենք շարունակվել ու հեռացել ենք
անվերջ մատուցվող էս ըսկուտեղից:

Հոգնել ենք արդեն: Դարեր են անցել:
Մենք կարիք ունենք արդեն անդորրի:
Ուրիշները չըկան. մենք ենք մընացել
մեղադրյալի միակ աթոռին:

Բայց շարունակվում ու հեռանում ենք
մենք մեր նախկին ու արդի պատկերից:
Մենք շարունակվում ու հեռանում ենք՝
մեր հետքը թողած կյանքի պատերին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *