Խուլիո Կորտասար | Կրոնոպիոների և Ֆամաների պատմությունը

I

Կրոնոպիոների, Ֆամաների և Էսպերանսաների առաջին, բայց դեռևս չպարզաբանված հայտնությունը

Դիցաբանական փուլ

Ֆամաների բարքերը

Մի անգամ մի ֆամա տրեգուա և կատալա էր պարում մի խանութի դիմաց, որը լի էր կրոնոպիոներով և էսպերանսաներով։ Ամենից շատ էսպերանսաներն էին նյարդայնացած, որովհետև ուզում էին, որ ֆամաները ո՛չ տրեգուա, ո՛չ էլ կատալա պարեին, այլ էսպերա, որը միակ պարն էր, որ ընդունում էին կրոնոպիոները և էսպերանսաները։

Ֆամաները միտումնավոր էին խանութի դիմաց տեղավորվել, և այս անգամ ֆաման տրեգուա և կատալա էր պարում, որպեսզի բարկացներ էսպերանսաներին։ Էսպերանսաներից մեկը գետնին դրեց իր ֆլեյտա ձուկը, քանզի ինչպես որ Ծովերի արքային, այնպես էլ էսպերանսաներին միշտ օգնում են ֆլեյտա ձկները, և դուրս եկավ՝ կշտամբելու ֆամային՝ ասելով հետևյալը․

-Ֆա՛մա, տրեգու և կատալա մի՛ պարիր այս խանութի դիմաց։

Ֆաման շարունակում էր պարել և ծիծաղել։

Էսպերանսան կանչեց մյուս էսպերանսաներին, և կրոնոպիոները շրջապատեցին նրան՝ որպեսզի տեսնեին, թե ինչ էր լինելու։

-Ֆա՛մա, – ասացին էսպերանսաները։ – Տրեգու և կատալա մի՛ պարիր այս խանութի դիմաց։

Բայց ֆաման շարունակում էր պարել և ծիծաղել, որպեսզի էլ ավելի շատ անախորժություն պատճառեր էսպերանսաներին։

Այնուհետև էսպերանսաները հարձակվեցին ֆամայի վրա և խոցեցին նրան։ Մի ցցապատի կողքին ընկած թողեցին նրան, և ֆաման տնքում էր՝ արյամբ լի տխրությամբ համակված։

Աննկատ կերպով նրան մոտեցան կրոնոպիոները՝ այդ կանաչ և թաց օբյեկտները։ Շրջապատեցին ֆամային և սկսեցին կարեկցել նրան՝ ասելով հետևյալը․

-Կրոնոպիո, կրոնոպիո, կրոնոպիո։

Ու ֆաման հասկացավ, և նրա միայնությունը պակաս դառը թվաց։

Ֆամաների պարը

Շուրջբոլորը երգում են ֆամաները,

Ֆամաները երգում և շարժվում են․

-ԿԱՏԱԼԱ ՏՐԵԳՈՒԱ ՏՐԵԳՈՒԱ ԷՍՊԵՐԱ։

Ֆամաները պարում են սենյակում

Լամպերի և վարագույների հետ,

Պարում ու երգում են այսպես․

– ԿԱՏԱԼԱ ՏՐԵԳՈՒԱ ԷՍՊԵՐԱ ՏՐԵԳՈՒԱ։

Ինչպե՞ս են հրապարակի պահակները բաց թողում ֆամաներին, որոնք ազատ զբոսնում են՝ պարելով և երգելով, ֆամաները, որոնք երգում են «կատալա տրեգուա կատալա» և պարում են «տրեգուա էսպերա տրեգուա»․ ինչպե՞ս կարող են։

Եթե գոնե կրոնոպիոները (այդ կանաչ, մազախիտ, թաց օբյեկտները) դեռ քայլեին փողոցներով, կարելի էր մի ողջույնով նրանցից գլուխն ազատել.

-Բուենաս սալենաս, կրոնոպիոնե՛ր, կրոնոպիոնե՛ր։

Բայց այդ ֆամանե՜րը։

 

Կրոնոպիոյի ուրախությունը

Մի կրոնոպիոյի և մի ֆամայի հանդիպում «Լա Մոնդիալ» խանութի ծախծխման ժամանակ։

-Բարի երեկո, ֆա՛մա։ Տրեգուա կատալա էսպերա։

-Կրոնոպիո՞, կրոնոպիո՞։

-Կրոնոպիո, կրոնոպիո։

-Թե՞լ։

-Երկուսը, միայն թե մեկը կապույտ։

Ֆաման հարգում է կրոնոպիոյին։ Երբեք ոչ մի բառ չի ասի մինչև որ համոզված չլինի, վախենում է, որ մշտապես զգոն էսպերանսաները՝ այդ առկայծող մանրէները, չսավառնեն օդում և մի սխալ բառի պատճառով չներխուժեն կրոնոպիոյի մաքուր սիրտ։

-Դրսում անձրև է, – ասում է կրոնոպիոն։ – Համատարափ անձրև։

-Մի՛ անհանգստացիր, – ասում է ֆաման։ – Իմ ավտոմեքենայով կգնանք, որպեսզի թելերն անվնաս մնան։

Օդ է նայում, բայց ոչ մի հատիկ էսպերանսա չի տեսնում և գոհունակ շունչ է քաշում։ Բացի այդ՝ նրան դուր է գալիս տեսնել կրոնոպիոյի սրտաշարժ ուրախությունը, որը երկու թել է սեղմում կրծքին (մեկը կապույտ) և անհամբեր սպասում, թե երբ է ֆաման նրան իր ավտոմեքենա հրավիրելու։

Կրոնոպիոյի տխրությունը

Լունա այգուց դուրս գալիս կրոնոպիոն նկատում է, որ իր ժամացույցը հետ է ընկել, իր ժամացույցը հետ է ընկել, որ իր ժամացույցը․․․Կրոնոպիոյի տխրությունը ֆամաների ամբոխի առաջ է, որը դեպի Կորրիենտես[1] է բարձրանում ժամը տասմեկն անց քսան, իսկ ինքը՝ կանաչ և թաց օբյեկտը, տասնմեկն անց երեսուն է հեռանում։

Կրոնոպիոյի խորհրդածությունը․ «Արդեն ուշ է, բայց ինձ համար պակաս ուշ է քան ֆամաների, ֆամաների համար հինգ րոպե ավելի ուշ է, նրանք ավելի ուշ տուն կհասնեն, ավելի ուշ անկողին կմտնեն։ Իմ ժամացույցի մեջ ավելի քիչ կյանք կա, ավելի քիչ տուն, ավելի քիչ քուն, և ես դժբախտ ու թաց կրոնոպիո եմ»։

Ֆլորիդայի Ռիչմոնդում սուրճ խմելիս կրոնոպիոն իր իսկական արցունքներով ցողում է տոստը։

II

Պատմություններ կրոնոպիոների և ֆամաների մասին

Ճանապարհորդություններ

Ճանապարհորդության մեկնելիս ֆամաներն օտար քաղաքում գիշերելու իրենց սովորություններն ունեն։ Ֆամաներից մեկը գնում է հյուրանոց և զգուշությամբ պարզում է գները, սավանների որակն ու գորգերի գույնը։ Երկրորդն ուղևորվում է ոստիկանություն և արձանագրություն է կազմում, որում նշվում են նրանց երեքի շարժական և անշարժ գույքը, և նկարագրվում է նրանց ճամպրուկների պարունակությունը։ Երրորդ ֆաման գնում է հիվանդանոց և պատճենում է հերթապահ բժիշկների ցուցակն ու նրանց մասնագիտացումները։

Այդ բոլոր գործերն ավարտելով՝ ճանապարհորդները հավաքվում են քաղաքի կենտրոնական հրապարակում, փոխանակվում են ստացված արդյունքներով և մտնում են սրճարան՝ ապերետիվ խմելու։ Բայց սկզբում ձեռք ձեռքի են տալիս և շուրջպար են բռնում։ Այդ պարը «Ֆամաների երջանկություն» անվանումն է ստացել։

Երբ կրոնոպիոներն են ճանապարհորդության ուղևորվում, պարզվում է, որ բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն են, գնացքներն արդեն մեկնել են, հորդառատ անձրև է տեղում, իսկ տաքսիները հրաժարվում են նրանց տեղ հասցնելուց կամ շատ մեծ գումարներ են պահանջում։ Կրոնոպիոները չեն վհատվում, որովհետև հաստատապես հավատում են, որ նման բաներ բոլորի հետ էլ պատահում են, և քնելիս ասում են միմյանց․ «Գեղեցիկ քաղաք է, շատ գեղեցիկ քաղաք է»։ Եվ ամբողջ գիշեր երազում տեսնում են, թե քաղաքում մեծ տոնախմբություններ են, և նրանք հրավիրված են դրանց։ Հաջորդ օրը շատ գոհ են արթնանում, և այդպես էլ ճանապարհորդում են կրոնոպիոները։

Նստակյաց կյանք վարող էսպերանսաները թույլ են տալիս իրենց ճանապարհորդել իրերի և մարդկանց միջոցով, և ասես արձաններ լինեն, որոնց պետք է գալ և տեսնել, որովհետև նրանք ժամանակ չեն գտնի դրա համար։

Հիշողությունների պահպանում

Ֆամաներն իրենց հիշողությունները պահպանելու համար զմռսում են դրանք հետևյալ կերպ․ հիշողությունն ամրապնդելով մազերով և նշաններով՝ ոտքից գլուխ փաթաթում են սև սավանի մեջ և հենում են հյուրասենյակի պատին՝ վրան ցուցանակ ամրացնելով, որի վրա գրված է․ «Էքսկուրսիա դեպի Կիլմես[2]» կամ «Ֆրենկ Սինատրա»։

Փոխարենը կրոնոպիոները՝ այդ թափթփված և ջերմ արարածները, թողնում են, որպեսզի հիշողությունները ուրախ ճիչերով թափառեն ամբողջ տնով մեկ, և երբ ինչ-որ մեկը վազելով անցնում է նրանց կողքով, քնքշորեն շոյում և ասում են նրան․ «Չվնասե՛ս քեզ», ինչպես նաև «Զգո՛ւյշ, աստիճաններ են»։ Այդ է պատճառը, որ ֆամաների տներում կարգապահություն և խաղաղություն է տիրում, մինչդեռ կրոնոպիոների տներում իրարանցում և շրխկացող դռներ են։ Հարևանները մշտապես բողոքում են կրոնոպիոներից, իսկ ֆամաները կարեկցանքով տարուբերում են գլուխներն ու գնում են ստուգելու, թե արդյոք բոլոր պիտակներն իրենց տեղերում են, թե ոչ։

Ժամացույցներ

Մի ֆամա պատի ժամացույց ուներ, և ամեն շաբաթ ԾԱՅՐԱՀԵՂ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ էր լարում այն։ Նրա կողքով անցնող մի կրոնոպիո, տեսնելով այն, սկսեց ծիծաղել, վերադարձավ տուն և իր համար արտիճուկից[3] ժամացույց պատրաստեց, որի մասին այսպես թե այնպես կարելի է և պետք է ասել։

Այդ կրոնոպիոյի արտիճուկ ժամացույցը մեծ տեսակի արտիճուկից է, որի կոթը պատի վրայի անցքի մեջ է մտցված։ Արտիճուկի բազմաթիվ թերթիկները ցույց են տալիս և՛ ընթացիկ ժամը, և՛ մյուս բոլոր ժամերը, այնպես որ կրոնոպիոյին բավական է միայն պոկել թերթիկներից մեկն ու նա արդեն գիտի, թե որ ժամն է։ Քանի որ նա ձախից աջ է պոկում դրանք, թերթիկի վրա միշտ ճշգրիտ ժամն է լինում, և ամեն օր կրոնոպիոն նորից է սկսում պոկել թերթիկները։ Միջուկին հասնելով՝ այլևս չի կարողանում չափել ժամանակը, և կրոնոպիոն գերագույն հաճույք է ստանում կենտրոնում գտնվող անծայրածիր, վարդագույն ծաղկից․ բուսայուղով, քացախով և աղով համեմելով՝ ուտում է այն, իսկ անցքի մեջ մեկ այլ ժամացույց է դնում։

Ճաշ

Կրոնոպիոներից մեկին հեշտ չտրվեց կյանքաչափ ստեղծելը։ Մետր չափիչ անիվի և ջերմաչափի, քարտարանի և ինքնակենսագրականի միջև գտնվող մի բան։

Օրինակ՝ կրոնոպիոն իր տանն ընդունում է մի ֆամայի, մի էսպերանսայի և մի լեզվաբանի։ Օգտագործելով իր հայտնագործությունը՝ որոշում է, որ ֆաման ինֆրակյանքն է, էսպերանսան՝ պարակյանքը, իսկ լեզվաբանը՝ ինտերկյանքը։ Ինչ վերաբերում է կրոնոպիոյին, ապա նա փոքր-ինչ գերկյանք է, բայց ավելի շատ բանաստեղծական առումով, քան ճշմարտացիության։

Ճաշի ժամանակ այդ կրոնոպիոն հաճույքով լսում է իր զրուցակիցներին, որովհետև բոլորը կարծում են, թե նույն բանի մասին են խոսում, բայց դա այդպես չէ։ Ինտերկյանքն այնպիսի վերացական հասկացություններ է կառավարում, ինչպիսիք են ոգին և գիտակցությունը, ինչը պարակյանքի համար հավասարազոր է անձրևի ձայնն ունկնդրելուն, որը նույնպես նրբաբնույթ գործ է։ Ինֆրակյանքն անընդհատ քերած պանիր է պահանջում, իսկ գերկյանքը քառասուներկու շարժումով կտրատում է հավը՝ կիրառելով Սթենլի Ֆիցսիմոնսի մեթոդը։ Աղանդերից հետո բոլոր կյանքերը հրաժեշտ են տալիս միմյանց, և յուրաքանչյուրն իր գործին է վերադառնում, իսկ սեղանի վրա մնում են միայն մահվան առանձին-առանձին պատառիկները։

Թաշկինակներ

Ֆաման հարուստ է և սպասուհի ունի։ Այդ ֆաման մի թաշկինակն օգտագործում և նետում է թղթերի զամբյուղի մեջ։ Մյուսն է օգտագործում և դա նույնպես նետում է զամբյուղի մեջ։ Բոլոր օգտագործված թաշկինակները նետում է այդ զամբյուղի մեջ։

Սպասուհին հավաքում է այդ թաշկինակները և իրեն է վերցնում դրանք։ Քանի որ շատ է զարմանում ֆամայի պահվածքից, մի օր չի կարողանում զսպել իրեն և հարցնում է նրան, թե արդյոք իսկապես անհրաժեշտ է նետել թաշկինակները։

-Կատարյալ հիմա՛ր, – ասում է ֆաման, – չպետք է հարցնեիր։ – Այսուհետև կլվանաս թաշկինակներս, իսկ ես կխնայեմ փողերս։

Առևտուր

Ֆամաները կաշեխողովակների արտադրությամբ զբաղվող գործարան են կառուցում և մեծ քանակությամբ կրոնոպիոներ են վարձում՝ դրանք կլորելու և պահեստավորելու համար։ Հենց որ կրոնոպիոները հայտնվում են այդ իրադարձությունների վայրում, մեծ ուրախություն է համակում նրանց։ Կանաչ, կարմիր, կապույտ, դեղին և մանուշակագույն կաշեխողովակներ կային։ Դրանք թափանցիկ էին, և դրանք օգտագործելիս կարելի էր տեսնել, թե ինչպես էին դրանց միջով անցնում ջուրը՝ իր բոլոր պղպջակներով, և երբեմն նաև ինչ-որ զարմացած միջատ։ Կրոնոպիոները սկսեցին բարձր ճիչեր արձակել և աշխատելու փոխարեն ցանկացան տրեգուա և կատալա պարել։ Ֆամաները ցասումով լցվեցին և անմիջապես ներքին կանոնակարգի 21, 22 և 23 հոդվածները կիրառեցին։ Նմանատիպ արարքներից խուսափելու նպատակով։

Քանի որ ֆամաները շատ անուշադիր են, կրոնոպիոները հարմար պահի սպասեցին և մեծ քանակությամբ կաշեխողովակներով մի բեռնատար բարձեցին։ Երբ ինչ-որ աղջնակի էին հանդիպում կապույտ կաշեխողովակից մի կտոր էին կտրում և նվիրում նրան, որպեսզի վերջինս կարողանար դրա մեջ թռչկոտել։ Այդպես բոլոր անկյուններում չափազանց գեղեցիկ կապույտ գույնի, թափանցիկ պղպջակներ հայտնվեցին, որոնց ներսում մեկական աղջնակ կար, որն ասես իր վանդակի մեջ փակված սկյուռ լիներ։ Աղջնակների ծնողները ուզում էին խլել այդ կաշեխողովակները նրանցից, որպեսզի պարտեզները ջրեին, բայց պարզվեց, որ խորամանկ կրոնոպիոներն այնպես էին ծակել կաշեխողովակները, որ դրանք ջուր էին բաց թողնում և ոչնչի համար պիտանի չէին։ Վերջիվերջո ծնողները հոգնում էին, և աղջնակն անկյուն էր գնում և թռչկոտում ու թռչկոտում էր։

Դեղին կաշեխողովակներով կրոնոպիոները տարբեր հուշարձաններ էին զարդարում, իսկ կանաչ կաշեխողովակներն օգտագործում էին վարդանոցի կենտրոնում աֆրիկական եղանակով թակարդ դնելու համար, որպեսզի տեսնեին, թե ինչպես էին էսպերանսաները մեկը մյուսի հետևից ընկնում դրա մեջ։ Թակարդն ընկած էսպերանսաների շուրջ կրոնոպիոները տրեգուա և կատալա էին պարում, իսկ էսպերանսաները նախատում էին նրանց այդ արարքի համար․

-Դաժա՛ն կրոնոպիոներ, դաժա՛ն։ Դաժա՜ն։

Կրոնոպիոները, որոնք էսպերանսաների վատը չէին ցանկանում, օգնեցին նրանց դուրս գալ և կարմիր կաշեխողովակների կտորներ նվիրեցին նրանց։ Այդպիսով՝ էսպերանսաները կարողացան իրենց տները վերադառնալ, և ի կատար ածել իրենց ամենանվիրական երազանքները․ կարմիր կաշեխողովակներով ջրել կանաչ պարտեզները։

Ֆամաները փակեցին գործարանը և ճաշկերույթ կազմակերպեցին՝ լի տխուր ճառերով և մատուցողներով, որոնք ձուկ էին մատուցում բարձր հառաչանքների ներքո։ Ոչ մի կրոնոպիոյի չէին հրավիրել, միայն այն էսպերանսաներին, որոնք չէին ընկել վարդանոցի թակարդը, որովհետև մյուսներն անչափ ուրախանում էին, որ կաշեխողովակի կտորներ ունեին, և ֆամաները բարկանում էին այդ էսպերանսաների վրա։

Բարեգործություն

Ֆամաները ունակ են մեծահոգի վարմունք ցուցաբերելու․ օրինակ երբ ֆաման խեղճ էսպերանսային կոկոսյան արմավենու տակ ընկած է հայտնաբերում, իր ավտոմեքենայի մեջ է դնում, տանում է իր տուն և այնքան ժամանակ է կերակրում և զվարճացնում էսպերանսային, մինչև որ վերջինս չի վերականգնում իր ուժերը և սիրտ չի առնում նորից կոկոսյան արմավենու վրա բարձանալ։ Այդ վարմունքից հետո ֆաման շատ լավ է զգում իրեն, և դա շատ լավ է, միայն թե նրա մտքով անգամ չի անցնում, որ մի քանի օր հետո էսպերանսան նորից է ընկնելու կոկոսյան արմավենուց։ Էսպերանսան նորից է ընկնում կոկոսյան արմավենու տակ, մինչդեռ  ֆաման իր ակումբում իրեն լավ է զգում և մտածում այն մասին, թե ինչպես է օգնել խեղճ էսպերանսային, երբ նրան ընկած է տեսել։

Կրոնոպիոները, ըստ էության, մեծահոգի չեն։ Անտարբեր անցնում են այնպիսի բաների կողքով, ինչպիսին, օրինակ, խեղճ էսպերանսան է, որը նստած մայթի կողաքարին՝ չի կարողնաում կապել կոշիկի քուղերն ու տնքում է։ Այդ կրոնոպիոները նույնիսկ չեն նայում էսպերանսային, շարունակ ինչ-որ սարդոստայնի են հետևում։ Այդպիսի արարածների հետ անհնար է բարեգործությամբ զբաղվել, այդ պատճառով էլ բարեգործական համայնքներում բոլորը ֆամաներ են, իսկ գրադարանավարը էսպերանսա է։ Իրենց աշխատատեղերից ֆամաները շատ են օգնում կրոնոպիոներին, որոնք անտարբեր են այդ ամենի նկատմամբ։

 

 

 Կրոնոպիոների երգը

Երբ կրոնոպիոները երգում են իրենց սիրելի երգերը, այնքան են հրճվում, որ բեռնատարների և հեծանիվների տակ են ընկնում, պատուհանից են ընկնում՝ կորցնելով գրպանների պարունակությունը և նույնիսկ օրերի հաշիվը։

Երբ կրոնոպիոներից մեկը երգում է, էսպերանսաները և ֆամաները գալիս են նրան լսելու, չնայած որ այնքան էլ չեն հասկանում նրա հրճվանքը և որպես կանոն, մի փոքր վրդովված են լինում։ Շրջանի կենտրոնում կանգնած՝ կրոնոպիոն բարձրացնում է իր փոքրիկ ձեռքերն այնպես, ասես արև է պահում ձեռքերում, այնպես, ասես երկինքը սկուտեղ է, իսկ արևը՝ Մկրտիչի գլուխ, այնպես, ասես կրոնոպիոյի երգը մերկ Սալոմե է, որը պարում է էսպերանսաների և ֆամաների համար, որոնք զարմացած հարցնում են միմյանց․ Ձե՛րդ Սրբություն, մինչև ե՞րբ։ Բայց քանի որ հոգու խորքում նրանք լավն են (ֆամաները լավն են, իսկ էսպերանսաները՝ պարզամիտ), սկսում են ծափահարել կրոնոպիոյին, որը վախից ուշքի է գալիս, նայում է շուրջն ու նույնպես սկսում է ծափահարել, խե՜ղճ կրոնոպիո։

Միջադեպ

Փոքրիկ կրոնոպիոն դրսի դռան բանալին փնտրում էր մահճասեղանի վրա, մահճասեղանը՝ ննջասենյակում, ննջասենյակը՝ տանը, տունը՝ փողոցում։ Այդ պահին կրոնոպիոն կանգ է առնում, որովհետև փողոց դուրս գալու համար դրսի դռան բանալին էր անհրաժեշտ։

Փոքր չափաբաժին

Մի անգամ ֆամաներից մեկը բացահայտեց, որ առաքինությունը կլոր, բազմոտանի մանրէ էր։ Միանգամից մի մեծ գդալ առաքինություն խմեցրեց իր զոքանչին։ Հետևանքները սարսափելի էին․ այդ կինը հրաժարվեց իր թունոտ նկատողություններից, մոլորված լեռնարշավորդների պաշտպանության ակումբ հիմնեց և գրեթե երկու ամիս այնքան օրինակելի կերպով էր պահում իրեն, որ իր դստեր թերությունները, որոնք մինչև այդ չէին նկատվում, ջրի երես դուրս եկան՝ մեծապես ցնցելով և շշմեցնելով ֆամային։ Այլ ելք չգտնելով՝ մի գդալ առաքինություն տվեց նաև կնոջը, որը հենց նույն գիշեր լքեց նրան՝ անտաշ, անկարևոր համարելով ամուսնուն, որն ընդհանուր առմամբ չէր համապատասխանում նրա աչքի առաջ զարգացող բարոյական նախօրինակներին։

Ֆաման երկար մտածեց, և վերջիվերջո մի սրվակ առաքինություն խմեց։ Բայց շարունակեց նույն կերպ միայնակ ու տխուր լինել և ապրել։ Երբ փողոցում պատահաբար հանդիպում է կնոջը կամ զոքանչին, երկուսն էլ քաղաքավարի կերպով հեռվից ողջունում են նրան։ Չեն համարձակվում նույնիսկ խոսել միմյանց հետ, այդքան մեծ է նրանց կատարելությունն ու վարակվելու վախը։

Լուսանկարը մշուշոտ ստացվեց

Կրոնոպիոն գնումը դրսի դուռը բացելու, և ձեռքը գրպանն է մտցնում, որպեսզի բանալին հանի, և մի տուփ լուցկի է հանում։ Այդ ժամանակ կրոնոպիոն վշտանում է և սկսում է մտածել, որ եթե բանալու փոխարեն լուցկի է գտել, չլինի թե սարսափելի բան է պատահել, և աշխարհը գլխիվայր է շուռ եկել․ և գուցե եթե լուցկին այնտեղ է, որտեղ բանալին պետք է լինի, կարող է այնպես պատահել, որ դրամապանակը լցված լինի լուցկիներով, իսկ շաքարամանը՝ փողերով, դաշնամուրը՝ շաքարավազով, տեղեկագիրքը՝ երաժշտությունով, պահարանը՝ բաժանորդներով, մահճակալը՝ կոստյումներով, ծաղկամանները՝ սավաններով, տրամվայները՝ վարդերով, իսկ արտերը՝ տրամվայներով։ Այդպես վախենալով՝ կրոնոպիոն սարսափելի վշտանում է և վազում է՝ հայելու մեջ իրեն նայելու, սակայն քանի որ հայելին մի փոքր թեքված է, անձրևոցների տակդիրն է տեսնում, և կրոնոպիոյի ենթադրությունները հաստատվում են, սկսում է ողբալ, ծնկի է իջնում և սեղմում է փոքրիկ բռունցքները։ Չգիտի, թե ինչու։ Հարևան ֆամաները, ինչպես նաև էսպերանսաները, գալիս են նրան մխիթարելու, բայց ժամեր են անցնում, մինչև որ կրոնոպիոն դուրս է գալիս իր հուսահատ վիճակից և համաձայնում է մի բաժակ թեյ խմել, որի վրա հայացք է գցում և երկար ուսումնասիրում է խմելուց առաջ․ հանկարծ չպարզվի, թե մի բաժակ թեյը մրջնաբնի կամ Սամուել Սմայլսի[4] գրքի է վերածվել։

Եվգենիկա[5]

Պատահում է, որ կրոնոպիոները չեն ուզում երեխաներ ունենալ, որովհետև առաջին բանը, ինչ անում է նորածին կրոնոպիոն, կոպիտ կերպով վիրավորում է իր հորը՝ ենթագիտակցորեն տեսնելով նրա մեջ բոլոր այն դժբախտությունները, որոնք մի օր նրա սեփական դժբախտություններն են դառնալու։

Այդ պատճառները հաշվի առնելով՝ կրոնոպիոները գալիս են ֆամաների մոտ, որպեսզի վերջիններս բեմնավորեն նրանց կանանց, մի բան, որ ֆամաները միշտ պատրաստեն անելու, քանի որ նրանք վավաշոտ արարածներ են։ Բացի այդ՝ ֆամաները կարծում են, թե այդպիսով կկարողանան խախտել կրոնոպիոների բարոյական գերազանցությունը, սակայն չարաչար սխալվում են, քանի որ կրոնոպիոները իրենց ձևով են դաստիարակում իրենց երեխաներին և մի քանի շաբաթների ընթացքում վերացնում են ցանկացած տիպի նմանություն ֆամաներին։

Նրանց հավատը գիտություններին

Էսպերանսաներից մեկը հավատում էր ֆիզիոնոմիական տիպերի գոյությանը, այսինքն՝ նրանց, ովքեր տափակաքիթ էին, ձկան դեմքով, այտեղ, թախծադեմ, ունքեղ, բանական, վարսավիրատիպ և այլն։ Որոշելով վերջնականապես դասակարգել այդ տեսակները՝ էսպերանսան սկսեց ծանոթների մեծ ցուցակներ կազմել և վերոնշված խմբերի բաժանել նրանց։ Այնուհետև զբաղվեց առաջին խմբով, որը բաղկացած էր ութ տափակաքթերից, և զարմանքով բացահայտեց, որ իրականում այդ տղաները երեք ենթախմբերի էին բաժանվում, այն է՝ բեղավոր տափակաքթերի, բռնցքամարտիկ տափակաքթերի և նախարարական տափակաքթերի, որոնք համապատասխանաբար բաղկացած էին 3, 3 և 2 տափակաքթերից։ Հենց որ դասակարգեց նրանց՝ ըստ նոր խմբերի («Էլ Պաուլիստա դե Սան Մարտին» ռեստորանում էր անում դա, որտեղ հավաքել էր նրանց՝ մեծ դժվարությամբ և զովացուցիչ սուրճ Ֆրապե[6] ըմպելով), անմիջապես հասկացավ, որ առաջին ենթախումբը տարասեռ էր, որովհետև բեղավոր տափակաքթերից երկուսը ջրախոզուկների տիպին էին պատկանում, մինչդեռ մյուսները, անկասկած, ճապոնական տիպի տափակաքթերից էին։ Անձրուկներով[7] և պինդ խաշված ձվերով համեղ սենդվիչի օգնությամբ այն մի կողմ դնելով՝ երկու ջրախոզուկներից բաղկացած ենթախումբ կազմեց և պատրաստվում էր իր՝ գիտական աշխատանքներով տետրի մեջ գրանցել, երբ ծովախոզուկներից մեկը մի կողմ նայեց, իսկ մյուսը՝ հակառակ․ դրա արդյունքում էսպերանսան և մյուս բոլոր ներկաները նկատեցին, որ ջրախոզուկներից մեկը, ըստ երևույթին, կարճագլուխ էր, իսկ մյուս ջրախոզուկն այնպիսի գանգ ուներ, որի վրա ավելի հարմար կլիներ գլխարկը կախել, քան հագնել։ Արդյունքում այդ ենթախումբը կազմալուծվեց, իսկ մյուսների մասին ասելիք չկա, որովհետև մյուսները սառը զովացուցիչ սուրճից անցան եղեգի օղու, և միակ բանը, որում նման էին միմյանց այդ մակարդակում, էսպերանսայի հաշվին խմելը շարունակելու հաստատակամ որոշումն էր։

Կոմունալ ծառայությունների թերությունները

Տեսե՛ք, թե ինչ է կատարվում, երբ հույսդ կրոնոպիոների վրա ես դնում։ Հենց որ Ռադիոհաղորդման գլխավոր տնօրեն նշանակեցին նրան, այդ կրոնոպիոն մի քանի թարգմանիչ կանչեց Սան Մարտին փողոցից և նրանց կարգադրեց բոլոր տեքստերը, հայտարարություններն ու երգերը ռումիներեն թարգմանել, որն այնքան էլ հայտնի լեզու չէ Արգենտինայում։

Առավոտյան ժամը ութին ֆամաները սկսեցին միացնել իրենց ռադիոընդունիչները՝ ցանկանալով լսել վերջին նորությունները, ինչպես նաև «Խենիոլի»[8] և բարձր որակի «Բուսայուղի» գովազդները։

Լսում էին դրանք, բայց ռումիներեն, և միայն ապրանքանիշն էին հասկանում։ Խիստ զարմանալով՝ ֆամաները սկսեցին թափահարել իրենց ռադիոընդունիչները, բայց ամեն բան շարունակում էր ռումիներեն հնչել, նույնիսկ «Այս գիշեր գինովցած եմ լինելու» տանգոն, իսկ Ռադիոհաղորդման գլխավոր տնօրենի զանգերին մի տիկին էր պատասխանում, որը բոլոր ցասումնալից բողոքներին ռումիներեն էր պատասխանում, ինչն ավելի էր սաստկացնում շփոթությունը։

Այդ մասին իմանալով՝ Գերագույն իշխանությունը հրամայեց գնդակահարել կրոնոպիոյին, որն այդ կերպ արատավորել էր հայրենիքի ավանդույթները։ Դժբախտաբար դասակը նորակոչիկ կրոնոպիոներից էր կազմված, որոնք նախկին գլխավոր տնօրենի վրա կրակելու փոխարեն սկսեցին ամբոխի վրա կրակել, որը հավաքվել էր Մայիսի հրապարակում[9], և այնպիսի դիպուկությամբ էին կրակում, որ վեց ծովային սպաների և մեկ դեղագործի վիրավորեցին։ Եկավ ֆամաների դասակը, կրոնոպիոն պատշաճ կերպով գնդակահարվեց, իսկ վերջինիս փոխարեն նշանակվեց ազգային երգերի և մոխրագույն նյութի մասին ակնարկի մի ականավոր հեղինակ։ Այդ ֆաման վերականգնեց ռադիոյի մայրենի լեզուն, բայց ֆամաներն արդեն կորցրել էին վստահությունը և գրեթե չէին միացնում ռադիոընդունիչները։ Էությամբ վատատես շատ ֆամաներ ռումիներենի բառարաններ և տեղեկագրքեր գնեցին, ինչպես նաև «Կարոլ արքայի և սենյորա Լուպեսկայի վարքագրությունը»։ Հակառակ Գերագույն իշխանությունների զայրույթին՝ ռումիներենը մոդայիկ դարձավ, և պատվիրակությունները թաքուն այցելում էին կրոնոպիոյի գերեզմանը՝ արցունքներ թափելով և բացիկներ դնելով նրա շիրմաքարին, որոնց վրա Բուխարեստում՝ ֆիլատելիստների և ահաբեկիչների քաղաքում հայտնի անուններ էին գրված։

Զգացե՛ք Ձեզ, ինչպես Ձեր տանը

 Էսպերանսան տուն կառուցեց իր համար և մի տախտակ կախեց, որի վրա ասվում էր․ «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր գալիս են այս տուն»։

Ֆաման տուն կառուցեց իր համար և դիտավորյալ ոչ մի տախտակ չկախեց։

Կրոնոպիոն տուն կառուցեց իր համար և հետևելով սովորույթներին՝ արտասանդուղքի մոտ տարբեր տախտակներ կախեց, որոնք գնել կամ ինքն էր պատրաստել։ Տախտակներն այնպես էին կախված, որ հնարավոր լիներ հերթականությամբ կարդալ դրանց վրայի գրվածքները։ Առաջինն ասում էր․ «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր գալիս են այս տուն»։ Երկրորդն ասում էր․ «Տունը փոքր է, բայց մեծ սիրտ ունի»։ Երրորդն ասում էր․ «Հյուրի ներկայությունը մարգասեզի պես փափուկ է»։ Չորրորդն ասում էր․ «Մենք աղքատ ենք, ճշմարիտ է, բայց ոչ մեր կամոք»։ Հինգերորդն ասում էր․ «Այս տախտակը չեղյալ է հայտարարում նախորդ բոլոր տախտակները։ Կորի՛ր այստեղից, շո՛ւն»։

Թերապիաներ

Կրոնոպիոներից մեկը բժշկությամբ է զբաղվում և Սանտյագո դել Էստերո փողոցում բժշկական խորհրդատվության հիմնարկ է բացում։ Իսկույն ևեթ մի հիվանդ է գալիս, որը պատմում է, թե ինչ ցավեր ունի, թե ինչպես գիշերը չի կարողանում քնել, իսկ ցերեկը՝ ուտել։

-Վարդերի մի մեծ փո՛ւնջ առեք, – խորհուրդ է տալիս կրոնոպիոն։

Հիվանդը զարմացած հեռանում է, բայց առնում է փունջը և մի ակնթարթում ապաքինվում է։ Երախտագիտությամբ լցված՝ շտապում է կրոնոպիոյի մոտ և վճարելուց բացի՝ վարդերի մի գեղեցիկ փունջ է նվիրում նրան։ Հենց որ հեռանում է, կրոնոպիոն իսկույն հիվանդանում է․ ցավեր է ունենում, գիշերը չի կարողանում քնել, իսկ ցերեկը՝ ուտել։

Մասնավորն ու համընդհանուրը

Կրոնոպիոն ատամներն էր մաքրում պատշգամբում, երբ մեծագույն ուրախություն ապրեց՝ տեսնելով առավոտվա արևն ու գեղեցիկ ամպերը, որոնք սլանում էին երկնքով, և այնպիսի ուժգնությամբ սեղմեց ատամնամածուկի պարկուճը, որ մածուկը սկսեց վարդագույն, երկար ժապավենի նման դուրս պրծնել դրա միջից։ Խոզանակի վրա մածուկի մի հսկայական կույտ սեղմելուց հետո նկատեց, որ դեռ մի փոքր մնացել էր, հետո սկսեց թափահարել պարկուճը, և վարդագույն մածուկի կտորները սկսեցին պատշգամբի պատուհանից փողոց թափվել, որտեղ հավաքվել էին մի քանի ֆամաներ՝ քննարկելու քաղաքի վերջին նորությունները։ Վարդագույն մածուկի կտորները ընկնում էին ֆամաների գլխարկների վրա, մինչդեռ վերևում կրոնոպիոն գոհունակությամբ լի երգում և մաքրում էր ատամները։ Ֆամաները վրդովվեցին կրոնոպիոյի այդ աներևակայելի անփութությունից, և որոշեցին մի պատվիրակություն կազմել, որպեսզի այն անմիջապես նախատեր նրան։ Այդպես երեք ֆամաներից բաղկացած պատվիրակությունը բարձրացավ կրոնոպիոյի տուն և հետևյալ վճիռը ներկայացրեց նրան․

-Կրոնո՛պիո, դու փչացրել ես մեր գլխարկները, և պետք է վճարես ու փոխհատուցես հասցված վնասը։

Իսկ հետո ավելի մեծ ճնշմամբ ավելացրին․

– Կրոնո՛պիո, չպետք է այդպես վատնես ատամնամածուկը։

Հետազոտողներ

Երեք կրոնոպիո և մեկ ֆամա միավորվում են անձավագիտական[10] հարցերով զբաղվելու նպատակով, որպեսզի գտնեն ստորերկրյա աղբյուրների ակունքները։ Երբ հասնում են քարանձավի մուտքին, կրոնոպիոներից մեկը, որին պահում են մյուսները, սկսում է իջնել՝ մեջքին կապոց, որի մեջ նրա սիրելի բուտերբրոդներն են (պանրով)։ Երկու կաբեստան[11] կրոնոպիոները կամաց-կամաց իջեցնում են նրան, իսկ ֆաման մեծ տետրի մեջ գրի է առնում արշավի մանրամասնությունները։ Շուտով առաջին լուրն է գալիս կրոնոպիոյից․ սաստիկ կատաղած է այն պատճառով, որ սխալվել և խոզապուխտով բուտերբրոդներ են պատրաստել նրա համար։ Քաշում է պարանից և պահանջում, որ հետ բարձրացնեն նրան։ Կաբեստան[12] կրոնոպիոները հուսահատորեն խորհրդակցում են միմյանց հետ, իսկ ֆաման իր ողջ սարսափելի հասակով ոտքի է կանգնում և ասում․ «Ո՛Չ»։ Այնքան բարձր է ասում, որ կրոնոպիոները բացեն թողնում պարանն ու գալիս վերջինիս հանգստացնելու։ Այդ ընթացքում երկրորդ լուրն են ստանում, որովհետև կրոնոպիոն ընկել է մի աղբյուրի մեջ և այնտեղից հայտնում է, որ ամեն բան սխալ ընթացք է ստանում, և վիրավորելով ու լաց լինելով՝ ասում է, որ բոլոր բուտերբրոդները խոզապուխտով են, նայում ու նայում է, բայց խոզապուխտով բուտերբրոդների մեջ գեթ մի հատ պանրով բուտերբրոդ չկա։

Հեռագրեր

Էսպերանսաներից մեկը հեռագրերով է փոխանակվում իր քրոջ հետ՝ Ռամոս-Մեխիայից[13] Վիեդմա[14]

ՄՈՌԱՑԵԼ ԵՍ ՎԱՌ ԴԵՂԻՆ ԹԱՆԱՔԱՁԿԱՆ ՄԱՍԻՆ։ ՀԻՄԱ՛Ր։ ԻՆԵՍ։

ՀԻՄԱՐԸ Ի՛ՆՔԴ ԵՍ։ ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆ ՈՒՆԵՄ։ ԷՄՄԱ։

Կրոնոպիոների երեք հեռագրերը․

ՍԽԱԼՄԱՄԲ ՈՒՐԻՇ ԳՆԱՑՔ ԵՄ ՆՍՏԵԼ, 7․21-Ի ՓՈԽԱՐԵՆ 8․24-Ը։ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱՅՐՈՒՄ ԵՄ։ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԱՐԴԻԿ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ։ ԽԻՍՏ ՄՌԱՅԼ ՏԵՂ Է։ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՀԵՌԱԳԻՐԸ ՉԵՆ ՀԱՍՏԱՏԻ։ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՀԻՎԱՆԴԱՆԱՄ։ ԱՍՈՒՄ ԷԻ ՉԷ՞, ՊԵՏՔ Է ՎԵՐՄԱԿ ՎԵՐՑՆԵԻ։ ԷՇԵԼՈՆՈՒՄ ՆՍՏԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՀԵՏԱԴԱՐՁ ԳՆԱՑՔԻՆ։ ԱՐԹՈՒՐ։

Ո՛Չ։ ՉՈՐՍ ՈՒ ՎԱԹՍՈՒՆ ՊԵՍՈ ԿԱՄ ՈՉԻՆՉ։ ԵԹԵ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼ, ԵՐԿՈՒ ԶՈ՛ՒՅԳ ԱՌԵՔ, ՄԵԿԸ՝ ՄԻԱԳՈՒՅՆ, ՄՅՈՒՍԸ՝ ԶՈԼԱՎՈՐ։

ՄՈՐԱՔՈՒՅՐ ԷՍԹԵՐԻՆ ԼԱՑԵԼԻՍ ԳՏԱ։ ԿՐԻԱՆ ՀԻՎԱՆԴ Է։ ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ԹՈՒՆԱՎՈՐ ԱՐՄԱՏՆ Է ԿԱՄ ՆԵԽԱԾ ՊԱՆԻՐԸ։ ԿՐԻԱՆԵՐԸ ՆՈՒՐԲ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՆ։ ՄԻ ՓՈՔՐ ՀԻՄԱՐ ԵՆ, ՉԵՆ ԶԱՆԱԶԱՆՈՒՄ։ ՑԱՎԱԼԻ Է։

Արքայազնի կրթությունը

Կրոնոպիոները գրեթե երբեք երեխաներ չեն ունենում, բայց եթե ունենում, կորցնում են գլուխներն, ու արտասովոր բաներ են կատարվում։ Օրինակ՝ կրոնոպիոն որդի է ունենում, և նրա հետ հրաշք է կատարվում, նրան թվում է, թե որդին նրա՝ գեղեցկության շանթարգելն է, և որ մի ամբողջ քիմիա է հոսում նրա երակներով՝ մե՛րթ այստեղ, մե՛րթ այնտեղ հերթափոխվելով արվեստներով, պոեզիայով և ուրբանիզմով լցված կղզիներով։ Այդպիսով՝ կրոնոպիոն չի կարող նայել սեփական որդուն՝ առանց նրա առաջ գլուխ խոնարհելու և հարգալից երկրպագության խոսքեր ասելու։

Որդին, բնականաբար, հանգամանորեն ատում է հորը։ Երբ գալիս է դպրոց գնալու ժամանակը, հայրը առաջին դասարան է տանում որդուն, և վերջինս շատ  գոհ է մյուս կրոնոպիոների, ֆամաների և էսպերանսաների հետ լինելուց։ Սակայն կեսօրին մոտ տրամադրությունը փչանում է, որովհետև գիտի, որ մուտքի մոտ նրան սպասելու է հայրը, որը տեսնելով նրան՝ բարձրացնելու է ձեռքերն ու տարբեր բաներ ասելու, ինչպես օրինակ․

-Բուե՛նաս սալենաս, կրոնո՛պիո, կրոնո՛պիո, բոլոր որդիներից ամենալա՛վը, ամենաբարձրահասա՛կը, ամենադաստիարակվա՛ծը, ամենահարգալի՛ցը և ամենահոգատա՛րը։

Դրանից հետո մայթի կողաքարերի մոտ կանգնած ֆամաները և կրտսեր էսպերանսաները ծիծաղից ծամածռվում են, իսկ փոքրիկ կրոնոպիոն համառորեն ատում է իր հորը և առաջին հաղորդության և զինվորական ծառայության միջև ընկած ժամակահատվածում, անկասկած, ինչ-որ ստոր արարք է գործելու։ Բայց կրոնոպիոներն այնքան էլ չեն տառապում դրա պատճառով, քանզի իրենք էլ են ատել իրենց ծնողներին, և նույնիսկ նրանց կարող է թվալ, որ այդ ատելությունը ազատության կամ անծայրածիր աշխարհի մեկ ուրիշ անվանումն է։

Նամականիշը ծրարի վերին աջ անկյունո՛ւմ սոսնձեք

            Ֆաման և կրոնոպիոն շատ լավ ընկերներ են և միասին գնում են փոստ՝ իրենց կանանց նամակներ ուղարկելու, որոնք «Քուքի և որդիների» ջանքերով ճանապարհորդում են Նորվեգիայում։ Ֆաման խնամքով սոսնձում է իր նամականիշները՝ թեթևակի թխկթխկացնելով դրանց վրա, որպեսզի ամուր փակցվեն, բայց կրոնոպիոն մի սարսափելի ճիչ է արձակում, որը զարմացնում է փոստի աշխատակիցներին, և անասելի ցասումով հայտարարում է, որ նամականիշների վրայի պատկերները գարշելի և անճաշակ են, և նրանք երբեք չեն կարողանա ստիպել նրան անարգանքի ենթարկել իր սիրային նամակները նմանատիպ ողորմելի միջոցով։ Ֆաման շատ անհարմար է զգում իրեն, որովհետև արդեն փակցրել է իր նամականիշները, բայց քանի որ կրոնոպիոյի լավագույն ընկերն է, կցանկանար համաձայնել կրոնոպիոյի հետ և ասել, որ քսան սենտավո արժողությամբ նամականիշներն իսկապես գռեհիկ և մաշված են, իսկ մեկ պեսո արժողությամբ նամականիշը գինու բաժակի նստվածքի գույն ունի։ Ասվածից ոչինչ չի հանգստացնում կրոնոպիոյին, և նա շարունակում է թափահարել իր նամակն ու անեծքներ թափել աշխատակիցների գլխին, որոնք շշմած նրան են նայում։ Գալիս է փոստի տնօրենը, և մի քան վայրկյան հետո կրոնոպիոն փողոցում է հայտնվում՝ նամակը ձեռքին և ծայրահեղ վատ վիճակում։ Ֆաման, որն իր նամակը թաքուն փոստարկղն էր գցել, նրան մխիթարելու է գալիս և ասում․

            -Բարեբախտաբար մեր կանայք միասին են ճամփորդում, և նամակումս ես նշել եմ, որ քեզ հետ ամեն բան կարգին է, այնպես որ կինդ ամեն բան իմ կնոջից կիմանա։

Նրանց՝ բնության և կենդանական աշխարհի մասին պատմությունները

            Առյուծն ու կրոնոպիոն

Անապատում թափառող կրոնոպիոն մի առյուծի է հանդիպում, և տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը․

Առյուծ։ Ուտելու եմ քեզ։

Կրոնոպիո (վշտացած, բայց սեփական արժանապատվության զգացումով)։ Դե՜, լա՛վ։

Առյուծ։ Ո՛չ, այդպես չի լինի։ Զոհ ձևանալն ինձ հետ չի անցնի։ Լա՛ց եղիր կամ կռվի՛ր, երկուսից մեկը։ Հակառակ դեպքում չեմ կարողանա ուտել քեզ։ Դե՛, սպասում եմ։ Ասելիք չունե՞ս։

 Կրոնոպիոն լռում է, իսկ առյուծը շփոթված է, բայց հանկարծ մի գաղափար է ծագում նրա գլխում։

Առյուծ։  Բարեբախտաբար ձախ թաթս փուշ է մտել, որն ահավոր նյարդայնացնում է։ Հանի՛ր այն, և ես կներեմ քեզ։

Կրոնոպիոն հանում է փուշը, և առյուծը հեռանում է՝ դժկամորեն մռնչալով։

-Շնորհակալ եմ, Անդրո՛կլես։

 

 

Կոնդորն[15] ու կրոնոպիոն

Կոնդորը կայծակնային արագությամբ ընկնում է Տինոգաստա փողոցով անցնող կրոնոպիոյի վրա, սեղմում է գրանիտե պատին և մեծագույն ինքնապարծությամբ ասում․

Կոնդոր։ Միայն համարձակվիր ասել, որ ես գեղեցիկ չեմ։

Կրոնոպիո։ Դուք ամենագեղեցիկ թռչունն եք, որ երբևէ տեսել եմ։

Կոնդոր։ Էլի՛ մի բան ասա։

Կրոնոպիո։ Ավելի գեղեցիկ եք, քան դրախտային թռչունը։

Կոնդոր։ Միայն համարձակվիր ասել, որ այնքան էլ բարձր չեմ թռչում։

Կրոնոպիո։ Գլուխ պտտեցնող բարձրության վրա եք թռչում, և դրա շնորհիվ էլ բացարձակ գերձայնային ու  վերնոլորտային եք։

Կոնդոր։ Միայն համարձակվիր ասել, որ վատ հոտ է գալիս ինձնից։

Կրոնոպիո։ Դուք ավելի լավ եք բուրում, քան մեկ լիտր «Ժան Մարի Ֆարինա» օծանելիքը։

Կոնդոր։ Զզվելի՛ արարած։ Կտցահարելու տեղ էլ չի թողնում։

Ծաղիկն ու կրոնոպիոն

Կրոնոպիոն մարգագետինների մեջտեղում միայնակ ծաղիկ է գտնում։ Սկզբում որոշում է պոկել այն, բայց հետո անօգուտ դաժանություն է համարում դա, ծնկի է իջնում և սկսում է ուրախ-ուրախ խաղալ դրա հետ․ շոյում է թերթիկները, փչում է ծաղկի վրա՝ ստիպելով դրան պարել, մեղվի նման բզզում է, հոտ է քաշում, իսկ վերջում պառկում է ծաղկի տակ և քնում՝ մեծագույն հանգստությամբ համակված։

Ծաղիկը մտածում է․ «Ասես ծաղիկ լինի»։

 

Ֆաման և Էվկալիպտը

Ֆաման գնում է անտառով և ագահաբար ծառերին է նայում, թեև փայտի կարիք ամենևին էլ չունի։ Ծառերը սարսափում են, որովհետև գիտեն ֆամաների սովորույթների մասին, և վատագույնից են վախենում։ Դրանց մեջ էվկալիպտի ծառ է աճում, որին տեսնելով՝ ֆաման մի ճիչ է արձակում ու սկսում է տրեգուա և կատալա պարել վրդովված էվկալիպտի շուրջ՝ ասելով հետևյալը․

-Հակասեպտիկ տերևներ, ձմռանն առողջություն, շատ հիգիենիկ է։

Հանում է կացինը և անվրդով կերպով հարվածում էվկալիպտի փորին։ Մահացու վիրավոր էվկալիպտը տնքում է, իսկ մյուս ծառերը լսում են, թե ինչ է ասում հառաչանքների միջից․

-Երևակայե՛ք, որ այս հիմարն ընդամենը կարող էր «Վալդոքսան» հաբեր գնել։

Կրիաներն ու կրոնոպիոն

Պարզվում է, որ կրիաները, բնականաբար, մեծ արագության երկրպագուներ են։

Էսպերանսաները գիտեն դա և չեն անհանգստանում։

Ֆամաները գիտեն դա և ծաղրում են։

Կրոնոպիոները գիտեն դա և ամեն անգամ, երբ կրիայի են հանդիպում, հանում են գունավոր կավիճների տուփը և կրիայի պատյանի վրա ծիծեռնակ են նկարում։

 Թարգմանությունը իսպաներենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Քաղաք Արգենտինայի հյուսիս-արևելքում։

[2] Քաղաք Բուենոս Այրեսում։

[3] Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս, խոշոր ծաղիկներով ընտանի կանկար (արտիշոկ):

[4] Շոտլանդացի գրող և բարենորոգիչ։

[5] Ուսմունք մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին։ Եվգենիկի խնդիրն է ակտիվ կերպով ազդել մարդու էվոլյուցիայի վրա, կատարելագործել նրա բնույթը, նպաստել տաղանդի ժառանգմանը և հնարավորինս սահմանափակել ժառանգական հիվանդությունների փոխանցումը հետագա սերունդներին։ «Եվգենիկա» եզրույթն առաջարկել է անգլիացի կենսաբան Ֆրենսիս Գալթոնը։

[6] Կաթի փրփուրով ծածկված հունական խմիչք, որը ծագել է Հունաստանում։

[7] Տառեխի ցեղին պատկանող մանր ձուկ (անչոուս):

[8] Գլխացավի դեղ։

[9] Բուենոս Այրեսի գլխավոր հրապարակը։

[10] Անձավագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է քարանձավները, նրանց գոյացումը, ձևը, պատմական փոփոխությունները, միկրոկլիման, ջուրը, օրգանական աշխարհը և նրանց օգտագործումը մարդու կողմից՝ անցյալում ու ներկայում (սպելեոլոգիա):

[11] Բեռնաշարժ մեխանիզմ։

[12] Բեռնաշարժ մեխանիզմ։

[13] Քաղաք Արգենտինայի Բուենոս Այրես մարզում։

[14] Քաղաք Արգենտինայի Ռիո-Նեգրո մարզում։

[15] Ամերիկյան գրիֆների՝ հսկա թևերով և ուժեղ կտուցով մեծ գիշատիչ թռչունների խմբին պատկանող թռչուն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *