Նախորդ դարասկզբին Ստամբուլի փողոցները լեփ-լեցուն էին շներով։ Բարեհոգի թուրքերի մեղքով, որոնք մուսուլմանական հավատի հետևորդներ էին։ Ըստ նրանց, օգնելու փոխարեն քաղցած, անմեղ և անպաշտպան արարածին վնաս հասցնելը ոտնձգություն էր հե՛նց Արարման դեմ։ Ոչնչացման բազմաթիվ մեթոդներ առաջարկվեցին, դրանցից մեկը` գազի միջոցով։ 1910-ին երիտթուրքերը որոշեցին նրանց աքսորել Օքսիա կղզի։ Ջրից ու սննդից զուրկ շները հոշոտեցին միմյանց։ Այսպես կարգավորվեց 60 000 եւ ավելի շների հարցը։ (Տես՝ «Հայկական ցեղասպանության փոքր հանրագիտարան», Geuthner, 2021, էջ 79, ինչպես նաեւ՝ Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը)։
Այսօր նույնպես այս հիգիենիկ զտումը բանավեճեր է հարուցում։ Դա կարող էր հայերի ցեղասպանության փոխաբերությունը լինել։
Համապատասխան փոփոխություններով հանդերձ՝ այս մեթոդն ու մտադրությունը հինգ տարի անց նույնությամբ կիրառվեցին հայերի դեմ։ Մեկուսացման եւ սովի մատնելու միջոցով արդյունավետ զտմանն ավելացավ նաեւ կրակի կամ ջրի հանցավոր կիրառումը, աստիճանական մաշկազերծումը՝ մինչև «կաշին ու ոսկորը թողնելը», բոլոր հնարավոր հալածանքների շարանը, ընդհուպ մինչեւ ամենասատանայականները, որ մարդը կարող է կիրառել մեկ այլ մարդու հանդեպ։ Այդ առումով՝ սա արհամարհանք էր Արարման հանդեպ։ Ըստ էության, անանուն դառնալով՝ դահիճն ընկրկում է իր զոհի առջեւ հենց այն ժամանակ, երբ միավորում է անհրաժեշտ միջոցները ՝ «բնական» սպանությունը կամ քաղաքացիական սպանությունն իրագործելու համար։ Անմեղ բնություն, որը հանցագործության զենք է դարձել. կղզին, ջուրը, կրակը, սնվելու պահանջը եւ այլն։
Այսօր, գրելու պահին, նույն մեթոդը եւ նույն մտադրությունը մեր աչքի առջեւ վեր են հառնում մոխրից, եւ կրկին՝ հայերի դեմ։ Ուստի, Օքսիայի մահաբեր տեխնիկան, որ կիրառվում է Արցախի հայերի նկատմամբ, նույնքան ակնառու եւ սոսկալի է, որքան հայերին առհասարակ դիտավորյալ կերպով «շներ» որակելը։ Ոչ ոք չէր էլ պատկերացնի, որ երեկվա հանցավոր մեթոդները կարող են այսօր էլ կիրառվել, եւ որ ծայրահեղական ոխակալությունը կարող է այսօր գործի գցել ատելության չհագեցած մեխանիզմները, որոնք միանգամայն անմարդկային են։ Անհերքելի իրողություն է այն պնդումը, որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ, առանց լեզվական չարաշահման, մեկտեղվում են ցեղասպանության վերաբերյալ բոլոր նախնական դատողությունները։
Ողջ մնացած հայերը դա շատ լավ գիտեն։ Արցախի ընչազուրկներն իրենց հայրենասիրական կրքի և մարդկային գիտակցության թարմ վերքն են։ Ոճիրը դեռ արթուն է եւ աղաղակում է նրանց մեջ, մինչդեռ կարծում էին, որ այն ընդարմացել է իրենց տոկունության մոռացված ստվերներում։ Մղձավանջը կրկին հառնում է։ Մեծ ոճրագործներն այնքան ցինիկ են, որ այսօր էլ շարունակում են ամայացնել նրանց հոգիները, ովքեր բարձրաձայն պահանջում են 1915-ի ցեղասպանության ճանաչումը։ Այս պահանջի նպատակը պատմական ճշմարտության եւ անարդարությունների մասին բարձրաձայնելն է։
Բայց ներկայումս, եւ, առավել եւս՝ վաղը, հայերն իժերի կծիկի մեջ շնչահեղձ կլինեն․ թե՛ արցախահայերն՝ իրենց անմիջական պատմությամբ, թե՛ Հայաստանի հայերը՝ ապագայում։ Նաեւ` սփյուռքը, որն իր վճռորոշ եղբայրությամբ զգում է երկրի ու գուցե նաեւ ժողովրդի բնաջնջման շոշափելի հեռանկարը։ Իժերի կծիկն իր ատելության անամոթ հալածանքներով, խարդավանքներով եւ հերյուրանքներով, տնտեսական եւ ռազմավարական շահերով, նույն խաղն է խաղում փոքրիկ, անբարենպաստ դիրքում գտնվող, զոհ դառնալու ենթակա Հայաստանի դեմ։ Այսօր հայերի ոգին է շնչահեղձ լինում։
Ըստ էության, հայկական, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի եւ, առհասարակ, Հայաստանի իրավիճակի քաղաքական բացատրությունից, իրադրության գեոռազմավարական ընկալումից զատ՝ կա մեկ այլ չափում, որը չի ենթարկվում դատողությանը եւ անհավանական է դարձնում խաղաղության ձգտումը։ Դա այն ախտածին վիհն է, որտեղ գահավիժել է հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող ողջ դիվանագիտությունը։ Այնքանով, որքանով որ բանականության լեզուն անընդհատ առերեսվում է ցինիզմի ստահոդությանը։ Խնդիրն այն է, որ ժողովրդավար Հայաստանը մշտապես փորձում է համաձայնության եզրեր գտնել հոգեխանգարված տիրակալների հետ։ Դոկտոր Սթրենջլավերի, այրված հողերի մարտավարների, հոլոքոստներ կամ ապոկալիպսիսներ իրականացնողների հետ։
Երբ խոսակիցները չեն ապավինում համընդհանուր կերպով ընդունված լեզվին, երկխոսությունն իր բնականոն հունից շեղվելու վտանգի է ենթարկվում։ Երբ մեկն ուղղամիտ է, իսկ մյուսը ստում է, մեկը խաղաղության ջատագով է, իսկ մյուսը քարացել է տեղում որպես գիշատիչ, երբ մեկը մյուսի հանցանքների զոհն է՝ ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Իրականում նման բանակցությունները, թվում է, խուլերի երկխոսություն են եւ դատապարտված են այն առումով, որ բառերը չեն ընդգրկում միեւնույն իրականությունը ո՛չ մեկի, և ո՛չ էլ մյուսի համար։ Որպես ամփոփում՝ նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդակցությունների գայթակղության քարը «պատմական հող» հասկացությունն է, որն ամեն մեկն իմաստավորում է յուրովի եւ մյուսին մեղադրում զեղծարարության մեջ։ Հարցը կարևոր է, քանի դեռ այն այս արտահայտությամբ է սահմանվում եւ շարունակաբար քննարկման նյութ դառնում։ Որքա՞ն ժամանակահատված է հարկավոր, որ հողի վրա ապրող ժողովուրդը կարողանա հողն այդ անունով որակել։ Ինչ վերաբերում է երկու երկրներին, հարկ է նշել, որ մշակութային նշանների քանակն ու իսկությունը, ինչպիսիք են` քարե վկայությունները (գերեզմանատներ, եկեղեցիներ, հուշարձաններ), բացարձակապես որեւէ կասկած չեն հարուցում, որ հայերի ներկայիս բնակեցրած հողերը նախնյաց հողեր են։ Ադրբեջանն էլ ամեն անգամ ջանում է կործանել այս վկայությունները, ինչպես արել է Ջուլֆայում կամ Արցախում։ Ինչ-որ պահի հնարավոր է խեղաթյուրել պատմական փաստը, բայց գալիս է ժամանակ, երբ պատմաբանները պարտավոր են ներկայացնել իրական եղելությունը։
Հայտնի է, որ ցանկացած բռնապետություն մարդկանց գիտակցությունն ուղղորդում է իր նախընտրած ձևով։ Քարոզչությունը խեղաթյուրում է բառերի իմաստը՝ դրանց հաղորդելով քաղաքական արժեք։ Երեսուն տարի շարունակ, Ադրբեջանն իր հակահայկական գրոհը վարել է կրթության միջոցով։ Մարդկանց գիտակցության մեջ արմատացել է քամահրական հռետորաբանությունը։ «Քաղաքական տարածքը» «պատմական հողի» վերածելը բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկն է։ Հակահայկական իմաստաբանությունն այսօր ադրբեջանական հասարակության նյարդաթելն է։ Նույնիսկ քաղաքական խաղաղությունը չի կարող արմատախիլ անել մարդկանց գիտակցության մեջ խոր արմատացած չարությունը։ Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական հասարակությունները դեռ երկար ժամանակ կլինեն հիվանդ հասարակություններ։
Առայժմ այն անլուծելի խնդիրը, որին բախվում են բանակցությունները, կարելի է ամփոփել որպես «պատմական հողերը» եւ «քաղաքական տարածքները» միավորելու անհնարինություն։ Ինչ վերաբերում է Արցախին, Ադրբեջանը կարող է հավակնել քաղաքական, բայց ո՛չ պատմական լեգիտիմության։ Հայերի պատմական լեգիտիմությանը պակասում է քաղաքական լեգիտիմությունը, որն իրենցից 1921-ին խլեց Ստալինը։ Վերջիններիս նպատակն իրենց հողի վրա հնարավորինս երկար մնալն է, մինչեւ քաղաքական ճանաչումը։ Մինչեւ մահ՝ կառչած մնալը։ Ակնհայտ է, որ այս տարածքի նվաճումն Ալիեւի աչքին իր ծավալապաշտությանը, եթե ոչ՝ տիրակալի գոռոզամտությանը նետված մարտահրավեր է։ Հայերի համար մարտահրավերը մեկ այլ չափումից է ծագում։ Հարցը գոռոզամտությունը չէ, այլ հոգին։ Հոգու միջոցով ապացույցը բավական է Արցախը որպես պատկանելության հող սահմանելու համար։ Հայերն իրենց երկիրը համարում են հոգու հող։ Իրե՛նց հոգու հող։
Ֆրանսիայի հայ ընկերներիցս մեկն ինձ փոխանցեց Ստեփանակերտի բնակչից երեկ ստացված հաղորդագրությունը։ Ահա նրա վերջին բառերը․ «Դեկտեմբերի 12-ից 100 տոկոսանոց շրջափակման մեջ ենք։ Ո՛չ դեղորայք կա, ո՛չ առաջին անհրաժեշտության իրեր, ո՛չ բանջարեղեն, ո՛չ միրգ։ Էլեկտրականությունն ընդամենը մի քանի ժամով են միացնում։ Գազ չունենք։ Լավ ենք։ Դիմանալու ենք ու հաղթելու ենք»։
Դընի Դոնիկյան Գրող, Վերջին գիրքը՝ «Հայկական ցեղասպանության փոքրիկ հանրագիտարան», Գյոթներ, Փարիզ, 2021 թիվ
Թարգմանությունը` Սիրանուշ Եսայանի