Ի. Ս. Oսունդու | Սպասում

Է. Ս Օսունդուն ծնվել է Նիգերիայում: «Սպասում» պատմվածքը 2009-ին արժանացել է աֆրիկացի գրողների Քեյն մրցանակին: Ավելի վաղ՝ 2007-ին, նույն մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ է անցել նրա՝ «Ջիմմի Քարթերի աչքերը» պատմվածքը: Նրա առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Ամերիկայի ձայնը» վերնագրով, լույս է տեսել 2010-ին։

Իմ անունը Օռլանդո Զակի է: Օրլանդոն վերցված է Կարմիր խաչի կողմից ինձ տված շապիկի Օռլանդո, Ֆլորիդա գրվածքից: Զաքին այն քաղաքի անունն է, որտեղ ինձ գտել և բերել են այս փախստականների ճամբար: Ճամբարի իմ ընկերներին ճանաչում ենք ըստ իրենց շապիկների գրվածքի: Ակապուլկոյի հագի շապիկի վրա գրված է Ակապուլկո: Սեքսիի շապիկին գրված է «Ասա ինձ, որ սեքսի եմ»: Փարիզի շապիկն ասում է. «Տես Փարիզն ու նոր մեռիր: Երբ նա մոտենում է ինձ,  աչքերս փակում եմ, որ չմեռնեմ: Նույնիսկ եթե նոր շապիկ են տալիս, հին անունը շարունակում է քեզ հետ մնալ: Փարիզը նոր շապիկ է ստացել, որի վրա գրված է. «Հարցրու ինձ Հիսուսի մասին», բայց մենք դեռ նրան Փարիզ ենք ասում ու ոչ մեկի մասին չենք հարցնում: Ճամբարում մի աղջիկ կար, ում շապիկին գրված էր. «Կաթ Ունե՞ս:» Նա ստիպված մի կողմ նետեց շապիկը, քանի որ տղաները սեղմում էին նրա կրծքերը, որ տեսնեին` արդյոք կաթ կա: Չես կարող իմանալ, թե շապիկիդ վրա ինչ կլինի գրված: Շապիկների համար մենք պայքարում ու կռվում ենք և մեզ բախտավոր համարում, երբ ձեռքներս ինչ-որ բան է ընկնում: Օրինակ Քոսոտը, նրա շապիկին գրված է. «Հայրիկս գնաց Յելոուսթոն եւ ինձ բերեց այս քոսոտ շապիկը»: Նա չի կարողանում կռվել, այնպես որ ճամբար եկած օրվանից մնացել է նույն շապիկով ու նորը չի կարողանում ձեռք բերել: Շապիկի գրվածքն արդեն ջնջվել է, իսկ անունը մնացել է: Որոշ մարդկանց բախտը բերում է: Լոնդոնի շապիկին գրված էր Լոնդոն, ու հիմա նա Լոնդոնում է։ Նրան Լոնդոնում ապրող մի ընտանիք է որդեգրել: Միգուցե ես կգտնեմ մի ընտանիք Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում, ոն էլ  ինձ կորդեգրի:

Քույր Նորան է ինձ ասել, որ սկսեմ այս գիրքը գրել, նա ասում է, որ մոռանալու լավագույն ձեւը հիշելն է, և հիշելու լավագույն ձեւը` մոռանալը: Քույր Նորան այսպես է խոսում, զարտուղիներով: Երեւի այն պատճառով, որ վերապատվելի քույր է եւ սիրում է Հիսուսի նման առակներով խոսել: Նա ասում է, որ ես պատմություններ պատմելու տաղանդ ունեմ: Ահա թե ինչու է կարծում, որ մի օր գրող կդառնամ:

Առաջին գիրքը, որ նա ինձ տվեց կարդալու, «Գոդոյին Սպասելիս»- ն էր: Նա ասում է, որ գրքում մարդիկ սպասում են Գոդ (Աստված)-ին, որ գա ու իրենց օգնի: Այստեղ ճամբարում մենք սպասում ենք ու սպասում և հետո էլի սպասում: Դա միակ բանն է, որ անում ենք: Մենք սպասում ենք, որ սննդի բեռնատարը գա, ապա ուղիղ շարքով հերթ ենք կանգնում, ապա սպասում ենք մի քանի րոպե, որ շարքը ցրվի, հետո սպասում ենք, որ կռիվ սկսվի, ու հետո կռվում ենք ու պայքարում, կծում ու քացով տալիս ու հայհոյում ու ճանկում ու փախչում:  Ապա սկսում ենք նայել ճանապարհին ու սպասում՝ տեսնելու, թե արդյոք չեն գալիս ջուր բերող բեռնատարները, հենց տեսնում ենք բարձրացող փոշին, գնում ենք, բերում մեր տարաներն ու սկսում սպասել, ու հետո բեռնատարները գալիս են, ու սկզբի մի քանի տարաները լցվում են, ու հետո սկսվում է կռիվ-քաշքշուկն ու ճանկռտոցը, քանի որ ինչ-որ մեկը մյուսին շշնջացել է, թե քիչ ջուր է մնացել տանկերի մեջ: Դե դա այն դեպքում, եթե բախտներս բերում է, ու ջրի տանկերը գալիս են. ավելի հաճախ մենք բերում ենք տարաներն, սկսում սպասել ու աղոթել, որ անձրեւ գա:

Այսօր մենք սպասում ենք, որ լուսանկարիչը գա ու մեզ նկարի: Կարմիր Խաչն այս նկարներն է ուղարկում արտասահմանում իրենց մարդկանց, որոնք էլ իրենց հերթին այդ նկարները ցույց են տալիս օտար երկրներում գտնվող տարբեր մարդկանց՝ ընտրություն կատարելու համար: Արդեն երեք շաբաթ է սպասում ենք լուսանկարչին, բայց նա պետք է անցնի պատերազմական զոնայով, այնպես որ կարող է այսօր նույնիսկ չհասնի: Լուսանկարելուց հետո, պետք է սպասենք, որ նա տպի ու հետ բերի նկարները, իսկ հետո մենք դրանք կփոխանցենք Կարմի Խաչի մարդկանց ու կսկսենք սպասել արտասահմանից պատասխանի:

Ուզում եմ գնալ ու միանալ ընկերոջս, որ նստած է ճամբարի դեռ միակ կանգուն  ծառի տակ: Ակապուլկոն մի բուռ կարմիր փոշի է բաց  թողնում օդ, որ տեսնի թեթեւ զեփյուռ կա արդյոք: Օդը կանգնած է, ու կարմիր հողն ուղիղ գծով ընկնում է վար:

-Օռլանդո, կարծում ես լուսանկարիչը կգա՞այսօր:

-Միգուցե կգա:

-Կարծում ես մի ամերիկացի ընտանիք ինձ կորդեգրի՞:

-Միգուցե, եթե բախտդ բերի:

-Նրանք կբուժե՞ն իմ գիշերամիզությունը:

-Ամերիկայում բոլոր հիվանդությունների համար դեղ կա:

-Ես հիվանդ չեմ, ուղղակի տակս եմ անում, քանի որ երազումս միշտ տեսնում եմ, որ դրսում միզում եմ, իսկ  հետո արթնանում եմ ու տրուսիկս թաց է. տեսածս միայն երազ է, իսկ չիշիկը՝ իրական:

-Ամեն գիշեր նույն երա՞զը:

-Այո:

-Կարծո՞ւմ ես, որ եթե Ամերիկա գնամ, իմ ծնողները կլսե՞ն իմ մասին ու  կգրեն ինձ.  ես նրանց կգրեմ, և կխնդրեմ իմ նոր ընտանիքին, որ թույլ տան նրանց գալ ու միանալ ինձ:

-Երբ պատերազմը վերջանա, ծնողներդ կգտնեն քեզ:

– Ե՞րբ կվերջանա պատերազմը:

-Չգիտեմ, բայց շուտով կվերջանա:

-Եթե պատերազմը շուտով կվերջանա, ապա  էլ ինչո՞ւ են Կարմիր Խաչի մարդիկ մեզ Ամերիկա ուղարկում:

-Որովհետեւ նրանք չեն ուզում, որ մենք միանանք պատանեկան բրիգադին ու կրակենք ու սպանենք ու թալանենք ու բռնաբարենք ու ավիրենք ու կռվենք մինչեւ վերջ ու չգնանք դպրոց:

Հենց այդ պատճառով էր Ակապուլկոն միշտ  միայնակ նստում  ծառի տակ, որովհետեւ նա միշտ լիքը հարցեր էր տալիս: Քույր Նորան ասում է, որ լավ է հարցեր տալը, որ եթե հարցեր տաս, չես կորչի: Ակապուլկոն եւս մի անգամ ավազ է նետում՝ տեսնելու՝ քամի՞ կա արդյոք: Նրա ականջներից թարախ է գալիս, մի քիչ նեխած ձվի հոտով: Դա էլ մեկ այլ պատճառ, որ մարդիկ հեռու են մնում նրանից: Մի ճանճ բզզում եմ նրա ականջի շուրջ, նա որոշ ժամանակ անտեսում է, ու հենց այն պահին, որ ճանճն ուզում է նստել, կատաղած քշում է:

-Երանի շուն ունենայի, ասաց նա:

-Շան հետ ի՞նչ ես ուզում անել:

-Ես Ամերիկա ուղարկվելիք իմ նկարում շան հետ կլուսանկարվեի, քանի որ սպիտակները շուն սիրում են:

-Բայց նրանք մարդկանց էլ են սիրում:

-Այո, բայց նրանք սիրում են այն մարդկանց, ովքեր սիրում եմ շներին:

-Լոնդոնը շան հետ չէր լուսանկարվել:

-Այո, Լոնդոնը հիմա Լոնդոնում է:

-Միգուցե դու շուտով կլինես Ակապուլկոյում:

-Որտե՞ղ է Ակապուլկոն:

-Նրանք այնտեղ մեծ օվկանոս ունեն, այն կապույտ է եւ գեղեցիկ:

-Ես չեմ սիրում օվկանւսը, ես լողալ չգիտեմ, ուզում եմ գնալ Ամերիկա:

-Ամերիկայում բոլորը լողալ գիտեն, բոլոր տները լողավազան ունեն:

-Ինձ դուր կգա լողավազանում լողալ, ոչ օվկիանոսում: Լսել եմ՝ ավազանի ջուրը քաղցրահամ է ու մաքուր ու կապույտ ու մաշկին օգտակար:

Մենք լուռ ենք: Լսվում է ալյումինե թիթեղների ձայնը, որոնցից շինված են տները: Նրանք ջղային ձայն են հանում, ասես գնդասեղի չափի փամփուշտներ արձակելիս լինեն: Բրեզենտի եւ պլաստմասսայի թիթեղներից շինված տները քամուց թրթռում են, ասես հազարավոր պլաստիկ օդապարուկներ արձակվեն: Ակապուլկոն մի բուռ փոշի է օդ բարձրացնում: Թեթեւ քամին այն տանում է: Դրա մի մասը փչում է մեր դեմքին, եւ Ակապուլկոն ժպտում է:

-Աստված քնած չէ,- ասում է նա: Ես ոչինչ չեմ ասում:

– Նախկինում այս ճամբարում ևս շներ կային:

Նա ինձանից շուտ էր եկել ճամբար: Նա ճամբարի հնաբնականերից է:

-Լիքը սեւ շներ կային: Նրանք մեր ընկերներն էին, մեր պաշտպանները: Նույնիսկ երբ ուտելիքը քիչ էր, շները երբեք սոված չէին մնում: Կանայք նրանց կանչում էին, երբ որեւէ երեխա պպզում էր քաքելու, եւ շները վազելով գալիս էին: Նրանք սպասում էին, որ երեխան վերջացնի, հետո նրա տուտուզը մաքուր լպստում էին, ապա ուտում կղանքը: Մարդիկ նրանց առաջ նետում էին ուտելիքի թերմացքը: Շներն ուրիշ կերպ էլ էին օգտակար լինում: Այն օրերին, թշնամին հաճախ էր հարձակվում ճամբարի վրա: Մենք մեզ թաղում էինք մի փոսի մեջ, ու շները հավաքում էին տերեւներ ու այլ բաներ ու տարածում մեր թաքստոցի անցքի վրա: Թշնամին անցնում էր անցքի մոտով և չէր նկատու, որ այնտեղ ենք թաքնված:

Սակայն մի անգամ երկու շաբաթ  Կարմիր Խաչի մարդիկ չկարողացան ուտելիք բերել ճամբար, քանի որ թշնամին թույլ չէր տալիս նրանց ինքնաթիռին վայրէջք կատարել: Մենք այնքան սոված էինք, որ շներից մի  քանիսին սպանեցինք եւ պղպեղապուր պատրաստեցինք: Մի քանի օր անց, Կարմիր Խաչի մարդկանց թողեցին անցնել, ու ուտելիքը եկավ: Շները մի քիչ զգուշավոր էին, բայց թվում էր` հասկանում էին, որ մեր մեղքը չէր:

Եւ հետո, երկրորդ անգամ շատ երկար ժամանակ ուտելիք չկար: Այս անգամ մենք միայն շներից մի քանիսին կարողացանք բռնել: Նրանցից ոմանք փախչում էին, հենց որ մենք մոտենում էինք, բայց այնուամենայնիվ բռնեցինք մի քանիսին, եփեցինք ու կերանք: Դրանից հետո, մենք էլ չտեսանք շներին, նրանք, որոնք փախել էին, հեռու էին մնում: Մի օր մի փոքրիկ երեխա պպզած կղկղում էր: Երբ մայրը հայացքը բարձրացրեց, անհետացած շներից մի վեցը հայտնվեցին չգիտես թե որտեղից ու հարձակվեցին փոքրիկ երեխայի վրա: Մինչ մայրը ճչում էր, նրանք պատառ-պատառ արեցին երեխային եւ փախան նրա մարմի մասերը դնչներից կախված: Տղամարդկանցից մի քանիսը դարանակալեցին շներին ու մի քանիսին սպանեցին: Նրանք ասացին, որ շները դարձել էին առյուծի նման պինդ: Դրանից հետո մենք այլևս շներին չտեսանք: Մարդիկ ասում են` պատերազմն է (պատճառը):

Որոշեցի, որ պիտի հարցնեմ քույր Նորային: Ասես իմ միտքը կարդալով` Ակապուլկոն ինձ ասաց` ոչ մեկին չպատմեմ: Նա ասաց, որ ճամբարի մարդիկ չեն սիրում խոսել շների մասին:

-Վստահ չեմ, որ լուսանկարիչն այսօր կգա,- ասացի ես:

-Երբեմն ես կարծում եմ, որ ուղեղիս մեջ փամփուշտ է լռված, ասաց Ակապուլկոն:

-Եթե ուղեղիդ մեջ փամփուշտ լիներ, մեռած կլինեիր:

-Այն ներս է մտել իմ վատ ականջի միջով: Ես լսում եմ պայթյուններ գլխիս մեջ, փամփուշտներ են տրաքում, ձայներ են ճչում.  «Բանզա, բանզա, եթիմ, դուրս արի մենք արյունդ կխմենք այսօր», ու հետո կարբիդի հոտ եմ առնում, զենքի ծխի, վառվող ծղոտի: Ես չեմ սիրում կրակի ծխի հոտը, երբ կանայք վառելափայտով ճաշ են եփում: Դրանից ուղեղիս միջի փամփուշտները պայթում են:

-Երբ հասնես Ամերիկա, լավ կլինես: Նրանք վառելափայտով չեն եփում, նրանք էլեկտրական հոսանք են օգտագործում:

-Դու ամեն ինչ գիտես, Զաքի: Այդ ինչպե՞ս գիտես այդ բոլոր բաները` չնայած այդ տեղերում երբեք չես եղել:

-Ես շատ գրքեր եմ կարդում, գրքերում շատ տեղեկություն կա, երբեմն էլ դրանք պատմություններ են պատմում, – ասում եմ ես:

-Ես չեմ սիրում առանց նկարների գրքեր, ես սիրում եմ մեծ գեղեցիկ գունավոր նկարներով գրքեր:

-Ոչ բոլոր գրքերը նկարներ ունեն: Միայն մանկական գրքերը նկարներ ունեն:

-Ես հոգնել եմ լուսանկարվելուց ու նկարներն արտասահման ընտանիքներին ուղարկելուց, որոնք ինձ չեն ուզում, համարյա բոլորն, ում հետ ես ճամբար էի եկել, գտել են ընտանիքներ ու հիմա ապրում են արտասահմանում: Ընկերնիցս մեկն ինձ նամակ էր գրել Դակոտա կոչվող վայրից: Ինչո՞ւ ինձ ոչ մի ընտանիք չի որդեգրել, կարծում ես դեմքս չեն հավանում:

-Բախտի բան է, դեռ բախտդ չես գտել:

-Երբեմն ուզում եմ միանալ Պատանեկան բրիգադին, բայց վախենում եմ: Ասում են` նրանց ծխելու բան են տալիս, ու  նրանք արյուն են խմում ու երդում են տալիս գթասիրտ չլինել ոչ մեկի նկատմամբ, ներառյալ ծնողների:

-Քույր Նորան կզայրանա, եթե լսի, որ նման բաներ ես խոսում:  Գիտես, որ նա հնարավորինս ամեն ինչ անում է մեզ համար, Կարմիր Խաչի մարդիկ էլ, նրանք փորձում են ընտանիք գտնել քեզ համար:

-Այդ Դակոտա կոչված տեղը պետք է որ քարքարոտ լինի:

-Ինչո՞ւ ես այդպես ասում:

-Այդպես է հնչում, ասես քարի հսկայական կտորներ միանգամից իրար վրա են ընկնում:

-Ես կուզենամ գնալ այն հրեշտակներով տեղը:

-Ի նկատի ունես Լոս Անջելե՞ս:

-Նրանք մերոնցից շատերին սպանեցին, բոլոր նրանց, ովքեր չկարողացան ճիշտ արտաբերել ապստամբության առաջնորդի անունը. մենք չէինք կարողանում ասել Տսոֆո, մենք շարունակում էինք ասել Տոֆո, ու նրանք շարունակում էին կրակել մեզ վրա: Այստեղ՝ ճամբարում, ընկերս ինձ սովորեցրեց ասել Տսոֆո, նա ասաց որ ես պիտի արտաբերեմ այնպես, ասես բերանումս ավազ կա: Ասես լեզվիս վրա խիճ կա: Հիմա ես երկու ձեւով էլ կարողանում եմ ասել:

-Դա լավ է: Երբ գնաս Ամերիկա, կսովորես խոսել նրանց նման: Կփորձես ամեն բառի հետ լեզուդ կուլ տաս, կասես larer, berrer, merre, ferre, herrer.”

-Պետք է գնանք: Ճաշի ժամն է գալիս:

– Ես ուժ չունեմ կռվելու: Երբ ուտելու ժամը գալիս է, ես վախենում եմ: Եթե մայրիկս այստեղ լիներ, ես Տեղահանված չէի լինի: Նա ինձ համար ճաշ կեփեր, ես ստիպված չէի լինի ամեն անգամ ուտելու կռիվ տալ:

Երկուսս էլ վեր նայեցինք հյուղակներից վեր գալարվող ծխին: Այնտեղ կանանցից ոմանք դավա էին եփում: Մայր ունեցողներին կարելի էր տարբերել, քանի որ նրանց հյուղակներից միշտ ծուխ էր դուրս գալիս կեսօրից հետո: Մտորում էի՝ արդյոք ես ու Ակապուլկոն դեռ ընտանիք կգտնե՞նք, որ մեզ որդեգրեն, քանի որ մենք տեղահանված ենք ու ընտանիք չունենք: Արտասահման գնացողներից շատերն ընտանիք ունեցողներն են: Ես այդ մասին չասացի Ակապուլկոյին: Ես չէի ուզում, որ նա սկսեր մտածել իր ծնողների մասին, որոնք չէին կարող ասել Տսոֆո: Ճամբարում մեկը մի անգամ ասաց, որ եթե Աստված ուզենար, որ մենք ասենք Տսոֆո, կտար մեզ լեզու, որ կարող է ասել Տսոֆո:

-Արի ինձ հետ, ես կօգնեմ քեզ կռվել ուտելիքի համար, – ասում եմ Ակապուլկոյին:

-Դու կարիք չունես կռվելու, Օռլանդո: Բոլոր մյուս երեխաները քեզ հարգում են, նրանք ասում են` դու ոչ մեկից ու ոչ մի բանից չես վախենում, ու նրանք ասում են, որ քույր Նորան քեզ սիրում է, ու նրանք ասում են, որ դու գիրք ունես, որտեղ գրում ես բոլոր վատ, վատ բաները, որ մարդիկ անում են, ու դու տալիս ես այն Քույր Նորային կարդալու, ու երբ երկուսդ կարդում եք գիրքը, երկուսդ գլուխներդ տմբտմբացնում եք ու ծիծաղում ինչպես ամարիյա եւ անգո, ինչպես ամուսին եւ կին:

Մենք ոտքի ելանք ու սկսեցինք քայլել դեպի ծալքավոր թիթեղից շինված հյուղակը, որտեղից ստանում էինք մեր ընթրիքը: Ես դավայի հոտն առա, միշտն նույն դավան էր, եւ նույն կանաչ ճանճերն ու նույն ծռված եւ կիսաճմրթված ալյումինե ափսեները, բայց մեկ է, մենք դեռ կռվում էինք դրանց համար:

Կիմոնոն առաջինն ինձ տեսավ ու սկսեց  կանչել, նրան շուտով միացան Արուբան, Երուսաղեմն ու Քոսոտը ու Ինձ դզում ան ու Մայորկան եւ մյուսները: Շեֆ խոհարարուհին կանգնած էր դավայով ու կանաչ ապուրով ափսեների առաջ: Նրա դեմքին այն արտահայտությունը կար, ինչպես մի տղամարդու, որը շուտով պիտի ականատես լինել, թե ինչպես են երկու գեղեցիկ կանայք իրենց խայտառակում նրա համար կռվելով ու հանվելով: Նա մատը թափ տվեց ու ասաց. «Տղաներ, այսօր կռվել չկա»: Դա այն ազդանշանն էր, որ մեզ պետք էր, ու մենք առաջ նետվեցինք: Դավան ու ապուրը գետին էին թափվում: Ոմանք փորձում էին ափսեն ձեռք գցելու համար կռվելու ընթացքում մի քիչ բերանը խցկել, եթե հանկարծ կռվի վերջում ոչինչ չստանան: Ես մի գունդ դավա ճանկեցի ու նետեցի Ակապուլկոյին ու առաջացա դեպի ապուրի ամանը, բայց երբ մատներով բռնեցի այն, Քոսոտը ոտքով հարվածեց ու ապուրը թափվեց գետնին: Նա ծիծաղեց իր խենթ բորենու ծիծաղով եւ ֆշշացնելով ասաց «Բորոտը կարող է չիմանալ ինչպես կով քթել, բայց հաստատ գիտի ինչպես դույլի կաթը թափել»: Շեֆ խոհարարը գորգոռում էր. «Հեեյ, մի կռվեք, հերթով, շարք կանգնեք, դավան բոլորիդ կհերիքի»: Ես կարողացա ճանկել կիսաթափված ապուրի պնակը, սկսեցի դեպի ելքը գնալ ու նշան արեցի Ակապուլկոյին դուրս գալ: Մենք պպզեցինք սննդի հյուղակի հետեւում ու սկսեցինք մատներս թաթախել ուտելիքի մեջ` ազատ ձեռքով քշելով մեծ ճանճերին: Մենք ունեինք դավայի երկու պինդ գնդիկ ու շատ քիչ ապուր: Ես մի քանի բուռ կերա, ու ձեռքերս սրբեցի կիսավարտիքիս վրա` մնացածը թողնելով Ակապուլկոյին: Նա դժվարանում էր ճանճերին քշել իր վատ ականջից, ճաշի ափսեից ու ինձ հայացքով շնորհակալություն հայտնեց:

Ես հիշեցի այն գիրքը, որ քույր Նորան ինձ մի անգամ տվել էր կարդալու Անգլիայում ապրող մի աղքատ տղայի մասին, որն իր շեֆ խոհարարից հավելում էր խնդրել: Գրքի նկարից տղան աղքատ չթվաց ինձ: Գրքի տղաները բոլորը վերարկուներով ու գլխարկերով էին, եւ նրանց նույնիսկ մատուցում էին: Մենք ստիպված էինք կռվել, ու եթե խոհարարից հավելում խնդրեինք, նա մատնացույց կաներ հատակը, կասեր, որ սիրում ենք ուտելիքը վատնել: Ես մի անգամ խոսեցի քույր Նորայի հետ ուտելիքի կռիվների մասին, բայց նա ասաց, որ չի ուզում խառնվել: Նա բացատրեց, որ Կարմիր Խաչի համար չի աշխատում, ու  ինքն էլ ինձ պես նրանց հյուրն է:

Ես մտածում էի ինչպես հեռանալ Ակապուլկոյից, ինձ պետք էր որոշ ժամանակ մենակ մնալ, բայց չէի ուզում նրան նեղացրած լինել, ասացի նրան, որ ափսեները տանի հետ սննդի հյուղակ: Լվանալու կարիք չկար, քանի որ լեզուներով մաքուր լպստել էինք:

Մինչ Ակապուլկոն ափսեները ձեռքին կքայլեր սննդի հյուղակ, ես կամացուկ հեռացա:

Նիգերիա

Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Պողոսյանի

Share Button

Նշանաբառ՝

4 Կարծիք

  • Արևիկ says:

    տխուր, բայց շատ սիրուն պատմվածք էր: Թարգմանությունը ևս հաջողված է:

  • Rosa Petrosyan says:

    Կլանված կարդացի։
    Շնորհակալ եմ թարգմանության համար, ավելի մոտեցա աֆրիկյան գրականությանը։

  • Ռոզա says:

    Կլանված կարդացի։ Աֆրիկյան գրականությանը ծանոթ չէի, հուսամ թարգմանությունները շարունակական կլինեն։

  • Աննա says:

    Շատ հաջողված թարգմանություն է, ու նաև լավ բովանդակություն է ընտրվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *