Վարդան Սմբատյան | Սանտա Բարբարան վերջացավ

Սանտա Բարբարան վերջացավ,
բայց դեռ սիրում եմ քեզ։
Կոմունիզմը փլվեց.
ես դեռ սիրում եմ քեզ,
Լենինի արև
թե խաբում եմ,
Պիոներական վզկապ- փողկապներից
քեզ համար ներքնաշոր եմ կարել
ուզո՞ւմ ես։
Կռվում հաղթեցինք 91 ին՝
քեզ սիրում էի,
բայց դու ՝ էդպես էլ մնացիր Ռախմանինովի ստեղների տակ,
էշ-էշ հավատալով թե՝
սերը ձիով կգա,
կամ Աստծո նախանշաններ կլինեն։
Ու չեկավ ոչ ոք,
մինչ մի օր կատաղած անցար Rammstein ին։
Հիմա քսաներեք թիվն է,

կորոնա-պատերազմ հաղթահարած,
կիսամեռ, բայց համառորեն սիրում եմ քեզ.
բոլոր ջղերով,
մարմնիս բոլոր անդամներով։
Սիրում եմ՝
ավելի շատ քան Աստված սիրեց աշխարհը ՝
երբ որդուն զոհեց, որ ամեն մեղավոր չկորչի,
այլ հավիտենական կյանք ունենա։
Ես հիմա վերջին աշունն եմ ապրում
էս անբոհեմ,
գեշ փազլ քաղաքում ու
պատմում եմ բոլորին.
անվերջ- անսկիզբ- չհնացող
իմ սիրո մասին։
– Ինչի՞, – հարցնում են
զարմացած մարդիկ,
էսքան տարի՞ ու անպաստխա՞ն։
– Մեծ բան չէ ,- ասում եմ նկարած մի ժպիտով,
ես սիրում եմ, պարզապես.(ասեմ չեք հավատա)
մի քանի լավ ստիխ գրելու համար ։

 

Նեոկլասիկ ողբերգություն

Կարմրամութն էլի
սարսուռ է մաղում,
մահը՝ հսկա
լոզոտ պիթոն,
մարտիրոսության
բոթն է արձակում։
Հողը բացում է գիրկը՝
հողը մայրն առաջին,
եւ լողում է երկինքը
պորտալը
հավերժ երազի։
Թե տեսնես շուրջդ լացում են,
թե լսես մահերգ-պատարագ,
պինդ սեղմիր իսկույն
գոց կոպերդ,
զինվոր իմ՝
Մարտիրոս հարազատ։
Հերոսները մեռնել չգիտեն,
սա ասա,
Էդտեղ՝ վերեւում,
հերոսները կրակից էլ հառնում են՝
մարտիկներն են լույսի անկոտրում։
Կլռեն մի օր փամփուշտները,
կհնչի շեփորն հաղթության,
բայց հավերժ պիտ պայթեն մեր սրտերը,
անունները ձեր հուր՝
անուններն ասելիս
անավարտ։
2020 Սեպտեմբեր

 

Լռության պանդեմիա

Մեռնելը ախր
շատ թանկ է՝
փող չունեմ, այ մա՜րդ,
փող չկա,
ապրելն էլ անօգուտ մի ակտ է՝
աշխատիր, շնթռկիր,
կեր,
զռռա ։
Թիվիով ասեցին սթրվեք,
վարակվել է՝
երեք միլիոն
մարդ,
ինձ խեղդում է լռության
պանդեմիան,
դեղ չկա,
դեղ չկա։
Շատ հոռի՝
անարդար է
ապրելս
անարցունք,
անպատճառ,
առանց մահ,
գոյը իմ`
Աստծո
անեծքն է,
ապրող մահ,
ապրող մահ։
Վերջ, գնում եմ թռնեմ
ջրերի մեջ՝
օձապար վտակին միանամ,
կլինի միշտ ձեր հետ
պանդեմիան,
սինդրոմը ՝անպետք
գոյության:

 

Սենտիմենտ

Լավագույն բանաստեղծությունները
արցունքներս էին,
չորացրի բարձերիս վրա,
գրքերիս մեջ,
որ ոչ ոք չտեսնի…
– Տղամարդիկ չեն լացում, ամո´թ է,-
կրկնում է մորս ձայնը՝ գանգատուփիս մեջ:
Տղամարդիկ մեռնում են
առանց գոռալու՝
մարսելով ցավը որովայնում:
Մա՛մ, վաղուց արդեն չեմ արտասվում.
դու սպանել ես իմ մեջ
քնքշությունը,
պրոզայիկ սենտիմենտը,
ես հիմա հասարակ
բառասեր եմ:

 

Բանաստեղծական վենդետա

Քեզ զարմանալիորեն արագ ներեցի
ու հեշտ՝
մեծ բան չէր պստիկս։
Բայց ինչ անե՞մ էս գիշատիչ բառերի հետ,
ընկել են հետևիցս:
Մեր հիմար ու անհիշարժան պատմությունը
տրամաբանական ողբերգության է սպասում,
հասկանո՞ւմ ես։
Անխուսափելի է բանաստեղծության վենդետան
ի՞նչ անեմ, ասա,
բառերը ներել չսովորեցին…
մեռնելու հնար չունեմ, պստիկս,
վարկերս սիրուցդ թանկ նստեցին վրաս,
պիտի փակվեմ. ճար չկա:
Դու մեռիր էս անգամ՝
հանուն համընդհանուր շահի եւ բարօրության
սատկի պստիկս,
ինչ մի դժվար բան ա քո համար
քանի՞ ղզիկ յար ունես,
կզարթնես մեկի
լոզոտ համբույրից։

 

Մահ-պահմտոցի

Աստղեր չկան,
չկան
այստեղ՝ վերևում,
դանակներ են,
դանակներ են երերում,
փայլատ մթի մեջ խաղում են
ողջ գիշեր,
մահը իջնում է լույսի հետ՝
մահը մեզ չի երևում։

 

***

Քնի՛ր, իմ Հուդա՛
քնի՜ր, կրծքիս տակ։
հետո նորից կգաս,
երբ հոգնեմ սիրո բթությունից
ու հույսերից թռուցիկ։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ճանճերը կսատկեն մինչ երեկո,
ու կմնան պատերին:
Հետո`հանգիստ շունչ կքաշենք բոլորս
եւ կանցնենք մեր վարձու մեղքերին:
Քնի՛ր, իմ Հուդա
Հիմա ցերեկ է
ննջում է մեղքը սուրբ Իսրայելի

 

***

Փնտիր գոյի գաղտնագիրը

հին հիերոգլիֆներում,
մաշված քարտեզներում,
ծառերի վրա,
մոգական ու չմեկնված բառերի մեջ,
հինավուրց քաղաքներում վաղնջական ստի։
Փնտրի՛ր Տիբեթում,
Փրկչի գերեզմանին՝ Երուսաղեմում,
նույնիսկ Մարսում չես գտնի, բարեկա՛մ։
Ծերացած բանականությունդ կկանգնեցնի քեզ մի օր
ու կասի.
– Դադարի՛ր փնտրել,
Աստվածները սխալվել են,
Աստվածները սխալվել են…

 

***

կլիշե- երջանկություն

Ցավն համբերանք չունի,
ինչ որ տեղ ծնվել՝
էլի վազում է։
Եւ Աստվածներն աղջամուղջի
մանթրաշ պտտվում են շենքերի մեջ ու
քնում են ՝
սպասելով էդպես էլ չեկող` սուտասան փրկչին:
Վիրտուալ աշխարհը փնտրում է
օնլայն երջանկությունը` քաշելով հերթական հավելվածը,
իսկ ես՝ արդար քաքի մեջ թաթախված
Ակուտագավա եմ կարդում ու
մտածում եմ` սակուրաների տակ թաղված ոսկորների,
անջո պանդաների մասին, որ երջանիկ բամբուկ են ծամում,
մինչ նրանց ձագերից մեկին գողացած հայվանը սատկում է
Կրակե ճայթունի տակ:
Միակ կենդանին` որ չի գտնում իր տեղն էս աշխարհում մարդն է,
միակ անտանելի կենդանին,
ասում էր տատս, ֆռթացնելով դառը սուրճը:
Ճիշտ, որ` մտածում եմ
ու ծխախոտի մոխիրը լցնում դառը սուրճի մեջ,
թողնում եմ սառչի,
խմում եմ դանդաղ,
լեզվիս ծաղկում է սակուրան,
քաղցր թմբիրի մեջ եմ հիմա,
մոխիր ու արև եմ լիզում եւ բերանս լի է
անուշաբույր, վարդագույն քաղցրությամբ:
Մութը գայթում է կոպերիս մեջ.
գիրքը փակվում է,
օրը  փակվում է

եւ հափշտակվում է մեզնից ։
Հեռուստացույցով մի չաղ կին երգում է,
թռչկոտում,
երկու տղամարդ
պար են գալիս հետը,
դրսում շներն են հաչում
կամ մարդիկ,
կամ էլ մենությունը,
ո ՞վ գիտի,
ոչ ոք,
ոչ ոք
չի հասկանում,
մի Կարմրաշեկ գլխով աչոն
վազում է տաք կանաչի միջով ու կորում է:
Ամեն ինչ սողում ու
թափ է առնում,
ամեն շունչ շաժվում է, հանգում,
քամու մեջ:
Ես փակում եմ պատուհանս,
պողպատե սիրտս թաքցնում եմ
բարձիս տակ,
ու քնում եմ օրերով:
Ես օտար եմ այս աշխարհում՝
ուր բոլորը կլիշե երջանիկ են:

 

***

Եւ լեղին կապեց բոլոր բերանները
Համրությամբ ,
եւ ջուրը խոսեց այդժամ,
Ջուրը փաստորեն
Աստվածն էր:

 

***
Լսվեց կրակոց,
ոչ ոք չբղավեց,
ոչ ոք չփախավ:
Բոլորը վաղուց մեռել էին,
մահը կուլ տվեց վերջին փամփուշտը,
արնածոր փռվեց
ձյունե թավիշում:

 

***

Երեկ պարզեցի, որ
կատարյալ տղամարդ եմ,
լավ սիրեկան ու կարգին պոետ…
զարմանքից շիկնեցի:
Մեծարեցին ինձ՝
տաս անգամ խմեցին կենացս,
կարդացին անհաջող բանաստեղծություններս ու
ծափ տվեցին,
հայրս զղջումով համբուրեց
կնճռոտված ճակատս,
երեկ աշխարհը զարմանալիորեն բարի էր,
երեկ
ինձ թաղեցին:

Ութերորդ հնչյունը

Ավարտվեց էտյուդը։
Հոգնած ստեղները մերկ լռության մեջ
խաղաղ մարեցին,
բայց գալարվում է օդում թանձրացած
խեղճացած մի ճիչ․
հնչյունն ութերորդ`
սերն իմ դորիական, թովիչ,
խուլ աշխարհին պետք չեկավ նորից:

 

***
Ամբոխի մեջ
ինչ-որ մեկը
ճանկռեց դեմքս,
շրջվեցի ու տեսա՝
բոլորը դանդաղ ծերանում էին:

 

***

Խոցվեց վերջին հրեշտակը՝
մանուկ․
զարթնի՛ր, ցած իջի՜ր
ՏԵ՜Ր։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *