Արման Գիզյան | Վարպետ Ավոն

Հոր առաջնեկն էր, հերն էլ՝ իր հոր անունով որդուն կոչեց․- «ԱՎԵՏԻՍ»։ Մայրը դեմ էր, սակայն չէր կարող հանդիմանալ, ո՛չ էլ կարծիք արտահայտել։ Անգամ վախենում էր անունը կրճատել, ուստի որդուն կոչում էր «ԱՎԵՏԻՔ»։ Ավոն փոքրուց հանդարտ և զուսպ էր։ Բավարավում էր հանապազօրյա հացով և մտքով չէր էլ անցնում աշխարհներ գրավել։ Շուտ էլ սիրահարվեց, շուտ էլ կազմեց ընտանիք։ Երբ, ուշ երեկոյան ուժասպառ գալիս էր տուն, կինն արագորեն տաք ճաշն էր հասցնում և փաղաքշորեն անունը տալիս․- «ԱՎԵՏ»։
Ավոյի սերունդը պատեպատ զարկվելով չէր գնում բարձրագույն կրթություն ստանալու, առավել կարևոր էր արհեստի ընտրությունը, որպես փեշակ։ Դեռ փոքր տարիքից ամեն ինչով զբաղվել էր։ Խոտ էր հնձել, քանդակագործություն էր սովորել, Ճանապարհ էր ասֆալտապատել։ Բայց իր արհեստը հստակ ընտրեց, առանց վարանելու։ Իսկապես հաշվի առավ, որ կյանքում ինչ էլ լինի՝ մարդուն առաջին հերթին տուն է պետք։ Կողքից ասում էին՝ «Ավետի՜ս, գնա՜ ոսկերչություն սովորի»։ «Չէ՜, ու չէ՜»․- ասում էր Ավոն․ «Ոսկին օրմ կվերջանա, բայց քարը չի վերջանա, տուն, որ չունանաս, կնիկ հո չե՞ս բերի, մի հատ էլ ոսկի նվեր տաս»։ Որոշեց Ավոն ու դարձավ շինարար։ Քսանհինգը դեռ չէր բոլորել, երբ դարձավ վարպետ և այդ օրից ի վեր՝ նրան կոչում են․- «ՎԱՐՊԵՏ ԱՎՈ»։

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Քաղաքում շինարարությունը եռում էր։ Ավոյին գիտեին ամեն մի շինհրապարակում։ «Քար չկա, որ Ավոյի ձեռը կպած չեղնի»․- կատակում էին բոլորը։ Այնքան տարված էր գործով, որ մոռացել էր իր համար տուն շինել։ Քաղաքի տների մեծ մասը ինքն էր կառուցել, իսկ ապրում էր «փինաջիների» սարքած պետական շենքում։ Մտքին միշտ էլ կար տուն կառուցելը, բայց աշխատանքն այնքան շատ էր, որ անընդհատ հետաձգում էր դա։
Կինն անդադար բողոքում էր՝ երկու սենյակի մեջ բարդ է ապրելը։ Տարիներ առաջ, երբ Ավոյին հարցրել էին․- «Երե՞ք, թե՞ երկու սենյակ», Ավոն ընտրել էր երկու սենյականոց բնակարանը,— «Հո տան մեջ մուկ ու կատու պտի չխաղանք», պատասխանել էր նա։ Նույնպես հրաժարվել էր հեռախոսից, երբ թաղի բոլոր շենքերում քաշում էին հեռախոսգիծ, Ավոն ասում էր, թե․ «Էդ էր մնացել, գիշերը զանգեն՝ քունս հարամ էնեն»։ Կինը չէր լռում, կռվում էր, վիճում ամուսնու հետ, բայց կոշտացած և ամուր բռունցքը տեսնելով հնազանդվել էր ընդհուպ մինչև հաջորդ երեխայի ծնունդը։ Իսկ Ավոն չորս երեխա ունեցավ, և ամեն մեկի հետ կնոջ հոգսերը շատանում էին։ Ավոն էլ առավոտ ծեգին գնում էր գործի, երեկոյան գալիս տուն և ամեն ողջույնից՝ «Բարև, վարպետ Ավո», «Ի՞նչղ ես, վարպետ Ավո», հպարտանում և ուրախանում էր։
Շենքի վերջին՝ հինգերորդ հարկում, աջ կողմից Ավոյի երկուսենյականոցն էր, իսկ դեմ ու դեմ ընկնում էր հարևան Տրդատի երեքսենյականոցը։ Տրդատը ապրում էր կնոջ և որդու հետ, աշխատում էր քաղկոմում։ Թե Ավոն գիտեր տուն կառուցել, Տրդատն էլ գիտեր հարաբերություններ կառուցել։ Դեռ խորհրդային տարիներին քաղաքի արվարձանում Ավոյին տուն կառուցել տվեց, լավ վարձրատրեց, բայց չտեղափոխվեց։ Միայն ամառը երկու անգամ էին գնում սեփական տուն՝ միս խորովելու։ Տրդատը ընտանիքի հետ շարունակում էր ապրել պետական շենքում, որ ավել-պակաս բամասանքների առիթ չտար։ «Մարդ էլ սեփական տուն ունենա ու պետական շենքի մեջ ապրի՝ էն էլ վերջին հարկում»- ինքն իրեն հարցնում էր Ավոն:
Հիմա էլ է նույն հարցը տալիս, երբ Քաղաքն ավերվեց, շենքերի մեծ մասը քանդվեց։ Ավոյի ու Տրդատի շենքն էլ չկա։ Ընդամենը մեկ, երկու օր անցավ՝ մինչև մարդիկ հասկացան ինչ է կատարվել, մինչև գտան մեռելներին, միչև լացեցին, մինչև հիշեցին ապրելու մասին՝ կառուցող մարդիկ սկսեցին տանիք փնտրել։ Վարպետ Ավոն նորից սկսեց կառուցել։ Նա լավ գիտեր կյանքի սկզբունքը՝ սկբզից մորթուս հետո որդուս, և առաջինը, շենքերի փլատակներից հավաքած քարի, փայտի, մետաղի կտորներով իր տնակը կառուցեց։ Երկար ապրել չէր լինի, ժամանակավոր կացարան էր, մինչև պետությունը տուն հատկացներ։ Ստացվեց այնպես, որ թեպետ ամեն ինչ տակնուվրա էր եղել՝ Ավոն շարունակում էր լինել պահանջված ու հարգված և արևանների համար էլ տնակ կառուցեց։ Մեկը օգնությունից ձեթ ու շաքարավազ տվեց, մյուսը մի ոսկյա շղթա, երրորդը մի քանի հարյուր ռուբլի՝ ով ինչքան կարող էր։ Հետո Տրդատը հայտնվեց, տնակ ուզեց, ասեց, որ կվճարի։ Փող աշխատելու հնարավորությունը Ավոյին շատ ուրախացրեց։ Բայց հետո նրա մտքին եկավ հին հարցը, որ մարդ էլ սեփական տուն ունենա, բայց որոշի տնակում ապրել։ Հաջորդ առավոտ Վարպետ Ավոն անցավ գործի, Տրդատի համար տնակ էր կառուցում, հենց իր տնակի կողքին։
Օրերը սկսեցին թվալ երկար, իսկ տարիները լուռ թռնում էին։ Վարպետ Ավոն շատ սխալներ էր թույլ տվել։ Ամենամեծ սխալն էլ այն էր, որ չէր հասկացել իր սխալները մինչև երկրաշարժ։ Կարծում էր որ, երկրաշարժը բոլորին գցեց հատակին, որպեսզի բոլորը նույն տեղից սկսեին՝ նույն հնարավորություններով։ Ամեն ինչ փոխվել էր, բացի նրանից, որ Տրդատը կրկին պետական կառույցում է աշխատում, բայց արդեն՝ այլ պետության, այլ կառույցում։ Հարկային տեսուչ է։ Ավոն էլ՝ նույն գործին է, էլի տուն է կառուցում, նրանց համար՝ ովքեր կարողացան նորից հարստանալ։
Վարպետ Ավոն իր հակապատկերն էր տեսնում Տրդատի մեջ։ Ոչ թե նողկում էր Տրդատից, այլ երբեմն ուզում էր նրան նմանվել։ Մի Դավիթ և Գոլիաֆ, մեկ այլ Դավիթ ու Մելիք, մի Վարպետ Ավո և օջախ մարող Տրդատ։ Հենց այդպիսի մականուն էր էր տվել Տրդատին։ Երեկոյան Ավոն իր փոքրիկ ծալվող աթոռին նստած էր լինում, երբ Տրդատը գալիս էր տուն, թղթապանակը ուսի տակ դրած։
— Էսօր քանի՞ տուն քանդեցիր, քանի՞ օջախ մարեցիր,- հարցում էր Ավոն, Տրդատն էլ կատակից չեր նեղանում, պատասխանում էր․
— Սարքածդ տների չափ, վարպետ Ավո՜, տուն սարքող մեր Վարպետ Ավո՜,— միայն Տրդատի ասած «Վարպետ Ավոն» վարպետ Ավոյին դուր չէր գալիս, որի համար երբեմն ուզում էր ելնել և քացու տակ առնել։ Իսկ գլխավոր հարցի պատասխանը Ավոն այդպես էլ չգիտեր․- «Ա՜յ, մարդ սեփական ղայդին տուն եմ քեզի համար սարքել, թող գնա ապրի, ի՞նչ ես դոմիկի մեջ մնացել։»
Առհասարակ Տրդատի զգայարանները լավ էին զարգացած։ Նա դռան մոտից հասկանում էր՝ կինը ինչ է եփել։ Այդպիսի լավ հոտառությամբ հայտնվում էր նրա գլխին, ով առանց հարկային դաշտ մտնելու առևտուր էր անում։ Լիներ շուկայում կանգնող առևտրական, մի խեղճուկրակ տարեց կին, թե նախկին ուսուցիչ, որն իր գրքերն էր վաճառում։ Չտուգանելու համար կաշառքը վերցնում էր և հեռանում՝ մինչև հաջորդ ամիս։ Այդպես օրեցօր ինչ-որ մեկի օջախն էր մարում, տունը քանդում, և շուտով բոլորն էին նրա թիկունքում անվանում «օջախ մարող»։ Իսկ, օրվա վերջին, իր տնակի առջև նստած նրան դիմավորում էր վարպետ Ավոն՝ ժպիտը դեքին։ Մինչև մի օր այդ ժպիտն էլ կորավ։ Քաղաքում աղմուկ բարձրացավ․- «Վաուչեր կուտան, որ տուն առնիս, դոմիկդ քանդես»։

 

ՔԱՆԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Քաղաքում տնակներից հարկավոր էր ազատվել։ Նախկին հացի հերթերը վերականգնվել էին, բայց արդեն՝ տան հերթերը։ Ով տուն էր ստանում՝ պիտի տնակը քանդեր։ Դե մարդիկ էլ որոշեցին, որ քանդել կկարողանան նրանք ովքեր կառուցել են, ու վարպետ Ավոն կրկին աշխատանք ուներ՝ համատարած պարապության մեջ։
Հավաքեց իր հին աշխատողներին ու սկսեցին քանդել տնակը՝ տնակի հետևից։ Քանդված տնակներից հանած պետքական շինանյութը վաճառում էին։ Շինանյութն էլ հիմանկանում փայտ էր։ Վարպետ Ավոն մի տարածք կառուցեց՝ տանիքով, երկաթյա ցանկապատով, որտեղ պահում էին շինանյութը։ Ամեն օր գնում էին մեկի տնակը քանդում, փողն առնում, ապրանքը բերում, վաճառում, փողն առնում ու գնում տուն։ Տան ճանապարհին վարպետ Ավոյի միտքը մեկն էր՝ թե, ե՞րբ է իր տնակը քանդելու։ Տան շեմին հասնելով մի օր լսեց․
— Վարպետ Ավո, էսօր քանի՞ տուն քանդեցիր․- շրջվեց՝ Տրդատն էր, մոտեցավ Ավոյին, ժպիտով բարևեցին միմյանց․
— Սարքածներս քանդածներիցդ շատ են, այ, որ մե օրմ ավելի շատ տուն քանդած եղնիս, քան ես՝ սարքած, էդ վախտ ժաշքն էլ մարդու աչքին չի երևա․- չկորցրեց իրեն Ավոն։ Տրդատն էլ լուրջ դեմք ընդունեց ու հարցրեց․
—Սարքածդ դոմիկը ե՞րբ կքանդես․— Ավոն շփոթվեց մի պահ և իր ամբողջ հետաքրքրասիրությունը թաքցնելով հարցրեց․
— Ե՞րբ է պետք։
— Ինչքան շուտ քանդես, էդքան շուտ նոր տուն կուտան։- Ավոն էլ շփոթմունքը չկարողացավ թաքցնել․
— Հբը էն սարքածս սեփական տունը։
— Ըդոր մասին ո՞վ գիտե։ Ես, դու, կնիկս ու երեխեքս։ Հբը ընչի՞ չէի երթա, ընչի՞ չէի գրանցվի, թե չէ հմի ո՞վ էր ընձի տուն տվողը․- կրկին ժպտաց և կարծես ստորացնելով Ավոյին՝ ձեռքը դրեց ուսին․- Հբը, դոմիկ քանդող Ավո, հբը։
Հենց այդպես էլ արդեն անվանում էին, «դոմիկ քանդող Ավոյի մահլա»,
«դոմիկ քանդող Ավոյի անգար», «Լավ գործ կենե դոմիկ քանդող Ավոն», «Ավոն՝ դոմիկ քանդող Ավոն»։
Վաղեմի հարևաններ էին Տրդատի հետ, շուտվանից իրար գիտեին։ Երբևիցե չէին վիճել, չէին կռվել։ Բայց իրար չէին սիրում։ Ավոն կուզենար խփել քիթ-մռութը ջարդել հենց տեղնուտեղը, բայց դե ամոթ է։ Ու հիմա Ավոն ոչ թե բարկացած էր, այլ ավելի շատ ուրախացած, որ Տրդատը կգնա, որ նրա երեսն էլ չի տեսնի, որ նրանից էլ լուր չի ունենա, նրա հաջողությունների մասին չեն խոսի։ Քանդեց Տրդատի տնակը, փողը վերցրեց, հանած շինանյութը տեղադրեցին անգարում։ Մեծ քար ընկավ Ավոյի սրտից։ Նա խորը արտաշնչեց ու մտավ իր տնակ, որ տարիներ առաջ կառուցել էր ժամանակավորապես։
Տրդատի հեռանալուց հետո իսկապես այլևս չլսեց նրա մասին, չտեսավ նրան։ Բայց իր դարդն ու ցավը չպակասեցին։ Տնակ քանդելու գործը առաջվանը չէր։ Քանդելու գործը շատ էր, քանդողներն էլ էին շատացել, իսկ կառուցման գործը այնքան քիչ էր, որ Ավոյին էլ չէին դիմում․ «Դե, եքա մարդ է, վարպետ Ավոն» Ավոն մնացել էր հավաքած ապրանքը վաճառելու հույսին։ Էն էլ ո՞վ կսպասեր, որ օրերից մի օր անհասկանալի հանգամանքներում անգարը կհրդեհվեր․ ինչ ուներ հավաքած՝ վառվեց։
Կանգնած էր Ավոն մոխիրի ու երկաթների մեջ, հիշում էր, թե ինչպես էր ափոսում այդ տախտակներից ձմռանը տանը վառել։ Երկար չմնաց, դուրս եկավ մոխրի միջից։ Հետո էլ կինը մահացավ։ Որդին գնաց։ Ավոն մնաց մենակ։ Վարպետ Ավոն մնաց մենակ։ Երեկոյան նստում էր տնակի դիմաց իր ծալովի աթոռին։ Ինքն էր, իր տնակը՝ այլ տնակների համապատկերում։ Ինքն էր, իր տնակը՝ նորակառույց շենքերի արանքում։ Մեկ մեկ կարոտում էր անգամ Տրդատին։ Նա էլ չկար։ Վեր էր կենում, փակում աթոռը, բացում տնակի դուռը՝ այն տնակի, որ կառուցել էր մի տարվա համար, երկար ապրել այդտեղ չէր լինի, մտնում էր ներս։ Լսողությունը արդեն լավ չէր, տեսողությունն էլ։ Նստում էր մինուճար թախտին ու մատծում․ «տեսնիս էն Տրդատի տեսողությունը մինչև հիմի լա՞վ է։» Պատուհանը ի սկբազնե ճեղքված էր, գնալով կոտրվել էր, և մի բռունցքաչափ տեղ ապակի չկար։ Դե ձմռանը ցելոֆանով էր փակում, ամառն էլ, հաճելի քամի էր խաղում։ Կամ էլ ճանճերն էին մտնում, մինչև մի օր էլ, որ դուրս եկան ճանճերը դոմիկ քանդող, վարպետ Ավոյի տնակից։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *