Դոստոևսկին շշնջաց ականջիս,
– Ժամանակը ներում էր, ժամանակն ամեն ինչ ներում էր։
Այդ գիշերվա մենության մեջ եկավ այցի ժամանակը` նվեր։
Նայում էի հյուրի նման`
ոնց եմ մեռնում ամեն րոպեն այդ գիշերվա։
Ու ներումը,
ու ոչինչը թևեր առած,
երգում էին` աղաղակում,
– Ժամանակն ամեն ինչ տանում է ՜
տանում է ՜…
Գիշերվա հազարին՝
կոփված մեջքին բեռնված լույսով և հույզերով և երգերով իմ ծանրացած,
ինձ ներելով հեռանում էր ժամանակը։
Վերմակն ինձնից մրսած, փաթաթվել շոյում էր մերկությունս արհամարհված։
Գուցե որպես սփոփանք
Գուցե որպես մահ։
Չծնվելու իշխանություն հավանաբար ես չունեի`
Հակադրություն գոյությանն իմ ծաղրելի։
Նորից եկավ, հաջորդ գիշեր,
ես կանչեցի։
Մնալու խոստում տվեց։
Դարձավ ընկեր, չդադարող անձևից հետո միայն որոշեց լքել։
Ամեն բան ներեց ժամանակը`
ամեն ինչ տանելու պայմանով։
Տանելու պայմանով,
տանելու պայմանով,
ելք չունեի։
Ժամանակը։
Դոստոևսկին։
Քաղաքները մեր միջև։
Եվ վերմակը։
Գուցե որպես սփոփանք
գուցե որպես մահ …