Ասացին երկրորդ անգամ պսակվի, մարդդ երկնքից չի նեղանա, կողքից ինչ ուզում են` թող ասեն, բայց հո ինքն էլ գիտե՞ր, որ առաջինը էդ խորհուրդ տվողներն են սպասում, որ մեկի հետ կապվի ու ամբողջ քաղաքով մեկ տարածեն, որ ամուսնու զոհվելու 5 տարին չլրացած արդեն աջ ու ձախ ֆռֆռում է։
Տրամաբանությունից ելնելով` ինքը պետք է, որ էդ քայլին վաղուց գնացած լիներ՝ համ երեխու գլխին մեկը կլիներ, համ էլ առօրյա հոգսերը կքչանային, բայց հենց սկսում էր համեմատել զոհված ամուսնուն մնացածների հետ, նրանք մանկամիտ էին թվում։ Մահը մարդուն միանգամից մեծացնում է, ու եթե մահը չլիներ, երևի ամուսինն էլ իր աչքին երեխա կմնար, բայց եղածը եղել էր, ու հիմա հետին թվով չէր կարող գուշակել, թե եթե էսպես չլիներ, էնպես կլիներ։
Էնպես չէր, որ մահացած ամուսնու համար խելքը գնում էր, ու կարոտից տառապում։ Նրա կենդանության օրոք լինում էին պահեր, երբ ինքն էր ուզում սեփական ձեռքերով նրան խեղդել՝ նամանավանդ էն օրերին, երբ ընկերներին հետևը գցած, հարբած ժամը միլիոնին գալիս էր տուն ու կնգան անկողնուց հանելով՝ ստիպում սեղան դնել ու մինչև առավոտ մատուցողուհի աշխատել։
Ամենատհաճը տանը տարածվող ծուխն էր, որ վիշապների նման բերաններում պահած փչում էին դուրս։ Մեկ էլ անդադար լցվող մոխրամանները։ Վառվող ծխախոտի մոխիրը, կպնելով նոր բացված ծխախոտի ցելոֆանին, մի էնպիսի քիմիական ռեակցիա էր առաջացնում, որ մեկ շաբաթ պետք էր այդ հոտը անցնելու համար։ Շատ ժամանակ նա չէր էլ դիմանում հոտին ու հնազանդ կնոջ կերպարից դուրս գալով՝ հյուրերին հորդորում էր գոնե ցելոֆանի մնացորդները ծխախոտի հետ նույն մոխրամանում չհանգցնել, սակայն երկու րոպե հետո ամուսինն ու հետևը գցած ընկերները մոռացած էին լինում խնդրանքը ու կրկին նույն հոտը։
Նա ամեն ինչ կտար, որ ծխի հոտը հեռանար իրենց օջախից ու էլ երբեք չվերադառնար, բայց հիմա երբեմն ինքն էր վառվող խունկի վրա մի պոլիէթիլենային մնացորդ գցում, որ վերհիշի հին օրերը։
Խնկի հոտը սկսել էր վրան ավելի ազդել, քան նախկին կյանքից մտքում լղոզված մնացած մոխրամանի պատկերը։
Էդ «մանուկներն» էլ իրենց հերթին էին վրան ազդում, որ անընդհատ կողքերը պտտվում ու ուզում էին իր հետ հարաբերություններ ստեղծել, ու ոչ մի կերպ ճիշտ ձևը չէին գտնում։
Նա նրանցից էլ էր խնկի հոտ առնում՝ նամանավանդ էն մեկից, ով ամուսնու ընկերն էր եղել ու նրա կենդանության օրոք իրենց տանը մի անկյուն քաշված անդադար ծխել։
Եթե ավելի ստույգ լինենք՝ էդքան նրանց «մանուկ» լինելը վրան չէր ազդում, որքան իրեն որպես զոհվածի այրի նայելը։
Բայց ախր ինքը կին էր՝ բավական հետաքրքիր, ով փայփայանքի կարիք ուներ, ոչ թե խղճահարության, ով գուրգուրանքի կարիք ուներ՝ ոչ թե հերոսացման, ով սիրո կարիք ուներ՝ ոչ թե գթասիրության։ Թող մեկը լիներ, ով իրեն ուզենար ոչ թե որպես զոհվածի այրի, այլ որպես սիրային խաղերի օբյեկտ, ու եթե մի փոքր էլ թեթևացներ իր հոգսը ու երեխու հանդեպ ուշադրիր լիներ, դա էլ վատ չէր լինի։ Բայց հանկարծ ու հանկարծ չխղճար։
Թող մեկ-մեկ էլ մի դիտողություն աներ Արամիկին, կամ երբ սխալ բան էր անում, գոռար նրա վրա, բայց երբևէ ձեռք չբարձրացներ, որովհետև որդու վրա իսկական հորից բացի ոչ մեկը իրավունք չունի ձեռք բարձրացնել՝ էն էլ ծայրահեղ դեպքերում, երբ առանց չափալախի հարց չի լուծվում։
Արփին երբեմն մտնում էր անկողին ու բարձը ոտների արանքը խրած՝ պատկերացնում ապագա ամուսնուն, ով տուն է գալիս դրսից, ու միասին դուրս են գալիս մարդամեջ։ Ինքը գլուխը դնում է նրա ուսին ու հայտնում իր հղի լինելու մասին լուրը, իսկ ամուսինը բռնում ու փողոցի մեջտեղում շրթունքները համբուրում է։ Նա մտքում երկար պահում էր էդ ապագա համբույրի պահը, իսկ ոտքերի արանքում հայտնված բարձը գնալով թրջվում էր։
Մի պահ հիշում էր քահանայի մի բարձի ծերանաք մաղթանքը, սակայն էդ չէր խանգարում երազելը շարունակելուն ու ոտքերի տակ խրված բարձը ավելի ամուր սեղմվելուն։ Հետո նրանք միասին գնում էին զոհված ամուսնու գերեզմանի մոտ, բայց հաճախ չէ՝ տարին մի երկու անգամ, չէ, լավ, գոնե երեք-չորս, ու ծաղիկ դնում նրա շիրիմին։ Ապագա ամուսինը մտքում հողի տակ պառկածին ասում էր. «Հանգիստ եղիր, ախպերս, կարևորը կինդ ու երեխեդ ապահով ձեռքերում են»։
Արփին կարդում էր Միսաք Մանուշյանի՝ գնդակահարությունից առաջ կնոջը գրած նամակն ու որպես երջանիկ լինելու հնարավոր փաստարկ՝ նրան մեջբերում, որ Միսաքի համար իր մահից հետո կարևորը ապագայում կնոջ երջանիկ լինելն էր, իսկ մնացածը հազարերորդական բաներ են։
Նա վստահ չէր, որ զոհված ամուսինը մահվանից առաջ Միսաքի պես էր մտածել, բայց իրեն հանգիստ էր զգում, երբ ինքզինքը հավատացնում էր, որ ամուսինն էլ կարող էր նման կերպ մտածել։
Ոտքերի արանքից բարձը հանում, հետ էր դնում գլխի տակ և հանգիստ քնում, իսկ երազում տեսնում էր էն ծաղիկները, որ ուրիշ տեղից էին գնված, ոչ սգո սրահից, որովհետև սգո սրահից գնված ծաղիկները միանգամից տարբերվում էն նորմալ ծաղկի խանութներից գնվածներից։ Ամուսնու գերեզմանին էլ որոշել էր սգո սրահից ծաղիկներ չդնել՝ այլ միայն ու միայն էն մյուս՝ նորմալ ծաղկի խանութներից։
Իսկ Արամիկին պարզապես մեկն էր պետք, որը մոր կողքին կհայտնվի ու նրան կերջանկացնի՝ կապ չունի զոհված հոր ընկերը կիներ, թե անծանոթ մեկը, կարևորը մայրը ողջ կյանքում որդուն ենթագիտակցորեն չմեղադրի իր կանացի երջանկության չստացվելու համար։
Մեկ-մեկ էլ Արամիկին ընդհանարապես ոչ ոք պետք չէր լինում, քանի որ տղամարդկային հպարտությունը պահանջում էր, որ հերոսի որդին հերացու չունենա։ Ինքն էլ էր երկու քարի արանքում հայտնվել, ու երբ ուրիշների հայրերը իրենց որդիներին օգնում էին աստիճաններով սեղան ու դաշնամուր բարձրացնելիս, ինքը մտածում էր, թե մեկը չլիներ, որ իրեն էլ օգներ նույն բանը անելիս ու մայրը ստիպված չլիներ անդադար վարձակալած բնակարաններում էդ ողջ խվր-զվրը որդու հետ քարշ տալ։ Հետո կրկին վերհիշում էր իր հերոսի որդի լինելու մասին ու մտածում, թե բացի կոկորդը խեղդող հպարտությունից ուրիշ ի՞նչ է տալիս զոհվածի որդի լինելը։
Ինքը մեծանում էր, ու մոր՝ արդեն թաքցնելու անկարող տանջանքները տեսնելով, հերոսը մի կողմ էր գնում ու մնում էր միայն մոր երջանկության անհագ տենչանքը։ Միսաքին էլ էր ավելի լավ սկսել հասկանալ՝ անտեսելով կողքի էժան խոսակցությունները, Սևակի բանաստեղծություններն ու հավայի շնորհանդեսները, որոնք ամեն անգամ ստիպում էին մոր հետ ավելի անկեղծ լինել ու ընդունել, որ ամեն մարդ, ամուսնուց ու երեխայից անկախ, ինքնուրույն երջանիկ լինելու իրավունք ունի՝ նույնիսկ սեփական մայրը։
Էդպես էլ կշարունակեին ապրել, եթե չլիներ մոտ որոշում չկայացնելու կարողությունն ու իր՝ Միսաքին այլևս հասկանալու անկարողությունը։ Իսկ էս պարագայում օգնության հասավ բոլոր դեպքերի համար փրկօղակ ու անվտանգության բարձիկ հանդիսացող բարձը, որը մորը գտավ երազների մեջ ու հավերժ փակեց նրանց տվայտանքներով ապրել շարունակելու էջը։
Ու կկուն այլևս դադարեց թռչել նրանց բնի վրայով։