Ղուկաս Սիրունյան | Ես հասկացա

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

*
Ես ցանկացա,
որ քո եւ իմ վայրկյանները
հավերժանային վերջալույսի մեջ
իբրեւ հանգստավետ հովիտներ:
Իմ աչքերում հիմա անցածի մեղրահամը
լուծում Է տարիքս, խինդս եւ վիշտս:
Սեփական պատմությունս տարածվում Է շուրջս
հատված-հատված
եւ ամեն վայրկյան հեռանում ինձնից:

Քնքշանքների ու գեղեցիկ խոհերի երկրից
հեռու
այստեղ
ծաղկում են ցավի քնքուշ ու գեղեցիկ
ծաղիկները:

Ես անցնում եմ վերջալույսի երկրով
եւ վերջալույսի անծանոթ մի քաղաքում
ահա կարծես գտնում եմ տունս:

 

ՊԱՊՍ

Արթնացավ շատ վաղ, դեռ աստղեր կային,
պատուհանից նայեց դուրս, դժգոհեց, որ ձյուն Է եկել.
«Տարին վատ կլինի» ու տան անկյուններում փնտրեց
իր առտնին իրերը:
Երբ դուրս Էր գալիս, նայեց մեզ.
մենք քնած էինք-մեր դեմքերին նստել էին
աղավնու նման փափուկ ժպիտներ:
Երբ դրսում Էր, համբուրեց մեզ բոլորիս,
նաեւ ուրախ խոսքեր ասաց
ու հազարամյակի պես դանդաղ
իջավ մեր հին տան աստիճաններով:
Իսկ մենք ձմռան երկար քնի մեջ ճաշակում Էինք
երկնքից ընկած քաղցր խնձորները:

*
Անձրեւոտ պատկերներից այն կողմ,
իմ ճանաչած խաբկանքի ու սիրո սահմաններում
արձանների պես այլեւս անփոփոխ
մնում են մեր կերտած կենսագրությունները:
Ես երիտասարդ եմ արդեն: Նշանակում Է
անձրեւափոսը, որ ամենամեծ ծովն Էր
եւ քաղաքը, որ ամենամեծ քաղաքն Էր
եւ պատմվածքը, որ ամենասրտաշարժն Էր
եւ հավատն այս ամենի,
պիտի նվիրեմ մանուկ մարդկանց:
Իսկ այստեղ, այս բոլորովին նոր աշխարհում
սիրով ընդունելու եմ այս աշխարհի հրաշքները
եւ պարզելու եմ իմ հիացումը:

*
Հին երգերից մնում են ինչ-որ հուշ-ելեւէջներ
եւ մնում են մարմրող երանգներ անցյալ գարնան ծաղիկներից:
Նոր առօրյան նախ ծնում Է զարմանքը՝ իբրեւ սկիզբ:
Առավոտից երեկոյի կարճ կտավին
պետք Է հասցնել ուրվագծել նորահայտ աշխարհը
եւ նոտագրել նորածին աղմուկը:
Երեկոյի վերջում միայն լուծվում Է զարմանքը
եւ ծնվում Է նախասկզբնական սարսափն ու հիացումը,
իսկ կյանքը շարունակվում Է ակնկալիքների բուրավետ հովտում:

Եվ բոլորովին մոռացված ելեւէջներից ու թույլ երանգներից
հյուսվում են անմատույց առեղծվածներ
մեծ, փայլուն, մռայլ,
որ մնում են մեր ետեւում, պտտվում են մեր շուրջը
եւ թռչում մեզանից առաջ:

*
Սպասիր լեռան կատարին,
ձյան հեքիաթների մեջ ապրիր ջերմ օրեր
եւ փրկիր նրանց քո փոքրիկ ափերով:
Սպասիր լեռան ստորոտում,
խոտերի ստվերներում թաքցրու քո
հուսահատությունը: Ինքնամոռացման մեջ սակայն հիշիր,
թե երբ է բացվում օրը:
Եվ լուսաբացի հետ ամեն անգամ
ցանկացիր լինել երազներիդ մոտ:
Իսկ երեկոյան չչափես արցունքներդ,
որովհետեւ չես տեսնի լուսաստղը
եւ չես զգա երկրի սերը:

 

*
Երջանկության համար
բախիր դուռը, եւ թող վերջապես
ճանապարհներից մեկը ավարտվի տան մեջ:

Երջանկության համար
ջրիր ծաղիկները, եւ թող նրանք
խմեն քո ջահելության կենացը:

Երջանկության համար
վառարանը վառիր դողդոջ մատներով
եւ ձյան տակավին մեղմ սառնության մեջ
որոնիր ինչ-որ պատասխաններ:

 

ԻՆՁ

Մանկության հովտում բոլոր-բոլորը արձաններ են:
Դու հաճախ ետ կդառնաս այնտեղ՝
նրանց հարությունը հսկելու:
Պետք Է գույների, ձեւերի ընտրություն անել
եւ դաշնության անհրաժեշտ տեղադրում
դիմանկարիդ կատարելության համար:
Ո՞վ գիտե, կընկնես հանկարծ զարմանքի մեջ եւ մեկին
սիրո ձեռք կմեկնես:
Քո ակնածանքն արդեն կխախտի բոլոր ճշմարտությունները,
Դու աշխատիր չկորցնել քո նախընտրանքը՝ ոչ նրա համար,
որ ահեղ դատաստանին գոնե մեկը հիշի քեզ:
Այլ նրա համար լոկ, որ
տենչերդ ննջեն նախընտրանքիդ շուրջ խաղաղության մեջ,
եւ դու մի ուրիշ անգամ շատ շուտ
կարողանաս ասել այո կամ ոչ:

 

***
1.
Նրանք միացնում են տառապանքը եւ ցնծությունը
եւ ստանում են սովորական կյանքը:
Ապա ստանում են լույսը,
նաեւ ստվերը
եւ ընդմիշտ ձգտում են երջանկության:

2.
Գարնան երփնագույն խոտերի տեղում հիմա
մեր խոհերն են կանգնած իբրեւ արձանիկներ:
Ոչ ոք չգիտեր,
որ գարնան ճանապարհներն ավարտվում են անսպասելի,
ցանկալի խոսակցության ամենաթեժ պահին անգամ:
Եվ սկսվում Է մի նոր աշխարհ, ուր ավելորդ են
հրաժեշտի խոսքերը եւ փոխադարձ մխիթարանքը:
Ես քեզ չեմ որոնում այլեւս: Դու հեռացար իմ տան ճանապարհով,
եւ բաժանումը կիսեց մեր կյանքը հավասար մասերի՝
տառապանքի եւ ցնծության:
Ես ինձ Էլ չեմ որոնում: Հեռացա քո տան ճանապարհով,
եւ քո տունը արեւի հետ մայր Էր մտնում եւ արեւի հետ երեւում
ինձանից հավիտյան հեռու:
Մենք որոնում ենք մեր թողած բախտակիր խեցիները
եւ սիրով, տենչանքով, հավատով, տխրությամբ
սպասում ենք միշտ գարնան ձայներին:

 

ԼԵԳԵՆԴ

Առավոտ-երեկո մի ծղրիդ էր երգում,
մի ուրիշ ծղրիդ ձայնակցում Էր նրան
հավիտյան, ընդմիշտ:
Երբեմն նրանցից մեկը թռչում Էր հեռու երկրներ,
մյուսն հավատարիմ էր՝ դեռ երգում է, ընկերը:

Նրանք երբեք իրար չէին կորցնում,
որովհետեւ աշխարհն անդառնալիորեն
սուզել Էին իրենց բերկրանքի ծովում:

*
Տխրություն, դու նման ես ծառի,
որ հիմա հեռանում Է,
որ կանաչ Է, արեւոտ Է, թռչուններով լի:

Տխրություն, դու նման ես տղամարդու,
որ հազար տարեկան Է,
որ գիտի միայն հին պատմություններ
եւ արդեն դարձել Է հուշամատյան:

Տխրություն, դու նման ես ծառի,
որ տանում Է թանկագին պատրանքն իր հետ,
որ հուսահատության համար պտուղներ Է թողնում
ու ինքը հավերժորեն հեռանում Է:

Տխրություն, դու նման ես տղամարդու,
որին թողել են ծովում եւ դարձել Է խեցի:

*
Այսօր կանաչ թելեր են խոտերը,-
ասեղնագործիր գարնան պատկերներ
եւ երիզիր քո խոհերը նրանց փափուկ գծերով:
Ճպուռների եւ ոստերի մեջ
դիր քո հայթայթած հազվագյուտ նշանները
քո սեփական հարության առասպելի համար-
վաղը կդառնան խոտերը կարմիր թելեր,
գույները՝ կարմիր:
Մենք կլինենք մեր արյան մշտական զրուցակիցը,
եւ խոսքերը կլինեն միայն հորդորներ մեր հեղեղվող ուրախության
վերադարձի համար:
Օտար երկրում
ով կիմանա քո կորցրած սիրո եւ կորցրած
տխրության մասին:
Միայն փնտրիր գերված կոթողների մեջ
ճպուռներին եւ ոստերին:

*
Աշունը կգա ծաղկած խոտերի միջից՝
ջերմ օրերի եւ ակնկալիքների փափուկ ճամփաներով:
Մեր համբույրը
մի պահ կլինի դառնահամ:
Մենք կփորձենք մի պահ հիշել նրանց,
ովքեր գիտեն մեր հասցեն,
եւ անհամբեր կսպասենք մի պարզ հրավերի:
Երբ աշունը գա,
կծնվեն նոր-նոր քաղաքներ
մեր հուսահատ մեկնումների համար:

*
Հավիտյան
բուրում են վարդերը,
ջրերը հոսում են անկանգ,
ծովափի ավազին գրվում եւ ջնջվում
բոլոր անցած օրերի մասին:
Իսկ հեռավոր մի տեղ
նոր-նոր բացվել Է առավոտը
եւ սկսվում Է ինչ-որ մի կյանքի հետ
գրվել եւ աշխարհի կենսագրությունը:
Ես խորհում եմ քո մասին եւ չեմ զգում բնավ,
որ ավարտվում Է օրը,
եւ վերջալույսը կնվիրի մեզ շուտով
մեր կյանքի արդեն հին-հին նկարները, անվերջանալի
հուշագրություններ եւ ոսկե հավաքածո՝
հին, հին մակագրություններով…

Գարուն, 1974, համար 1

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *