հայտարարեցին
լքել տները,
վերցնել ինչ որ հնարավոր է
անհնարին բաների հետևից ընկնողը
կմնա դատարկվող քաղաքում
որպես հայ, ում
թանգարանում են թողել…
չհամարձակվեցի
թալանել իմ տունը.
կահույքը,
հուշանվերները,
գրքերը,
ծաղիկները
պետք են իմ տանը,
իսկ ես սեփական տուն թալանել չհամարձակվող
ու փախչող
պոետ եմ,
ես առանց տուն էլ կապրեմ…
ի վերջո բոլոր պոետների տունը
երկնքում է…
չհամարձակվեցի
ջարդել ու ավիրել,
վերջին անգամ
վերջին 8 ամսում այդքան հզոր
չեղած հոսանքից միացրի
փոշեկուլը և
մաքրեցի բոլոր սենյակները
վախի, անհանգստության փոշուց,
թվաց՝ նոր ենք տեղափոխվել
և Տեր Հայրն ինձ հրաժեշտ է տալիս՝
տնօրհնեքի վերջին աղոթքից հետո…
չհամարձակվեցի
հատակը կեղտոտ թողնել,
զուգարանի ջուրը քաշեցի
և զուգարանի թղթով մաքրեցի
կաֆելի վրայի մատնահետքը…
ջահերի ու ապակիների
սպասքի փշրոցի զրնգոցներ էին
թափառում քաղաքում,
փակեցի միջանցիկ քամու պատուհանը,
վարագույրները դադարեցին դողալ,
ափերովս շոյեցի պատերին սոսնձածս զարդանախշերը,
անգամ ռումբերից չեն դողացել
պատերն այս,
հիմա դողում են.
իմ տնից զրնգոց չհնչեց…
ես տնից փախչող պոետ էի,
որ վախենում էր
մենակ մնացող տան մենությունից…
վերջին անգամ սանրեցի հոնքերս
հայելու մեջ՝
ննջասենյակիս,
ժպտալով խառնեցի մազերս՝
հայելու մեջ՝
ծնողներիս ննջասենյակի,
և միջանցքի
հայելու մեջ
խոստացա գալ
առանց կորստի…
չհամարձակվեցի
կողպել դուռը
վերցրի տան կարմիր բոլոր բանալիները,
որ առանց ինձ չկողպվի տունս..
նա մենակ մնաց,
բայց ոչ դատարկված,
նա մենակ մնաց
ու ոչ մոռացված,
ես պոետ եմ,
ես չեմ թալանում,
ես չեմ կողոպտում
տունն իմ,
այն միայն իմն է…
08.01.2024