Տիտոս Պատրիկիոս | Փորձություն

Պարտք 

Այսքան մահերի մեջ, որ եղան ու լինում են,
պատերազմներ, մահապատիժ, դատաստաններ, մահ ու էլի մահ
հիվանդություն, սով, դժբախտ պատահար,
թշնամիների ու ընկերների սպանություններ պատվերով,
սովորական դարձած գերեզմանափոսեր ու պատրաստի մահախոսականներ,
այս ամենի մեջ իմ կյանքն ասես նվեր տված լինեն:
Եթե ոչ գողություն այլոց կյանքից, ապա նվեր բախտի,
քանի որ չկորավ այն գնդակը, որից ես փրկվեցի
այլ հարվածեց իմ տեղում հայտնված ուրիշ մարմնի:
Այնպես որ, կյանքն ինձ նվերի պես տրվեց, որին արժանի չէի,
և ինձ մնացած ժամանակը
ասես մահացածներն են ինձ նվիրել,
որպեսզի ես նրանց մասին պատմեմ:

 

Փորձություն

Իսկ քո մեջ, եթե ոչինչ չի հաշմվել
այն ամենից հետո, որի միջով անցանք,
շատ մի պարծենա:
Դու, հավանաբար,
չունեիր ոչ մի վտանգելու բան:

 

Մարմինը

Մարմինս
միշտ ցավում է հարվածներից
փաղաքշանքից հրճվում է ամեն անգամ:
Այդպես էլ ոչինչ չսովորեց:

 

Փորձարկումներ

Եվ ուրեմն, վրեժխնդիր լինել էլ ես փորձեցի:
Պարտվողը կրկին ես էի:

 

Ապաքինում 

Ուզում ես, թե չէ`
ժամանակի հետ փակվեցին շատ վերքեր:
Իսկ ով է տեսնում
տան սարդերի նման
նրանց լուռ սողալը
մեր մաշկի տակ…

Թարգմանությունը հունարենից` Շամրիկ Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *