Նա իմ կյանք եկավ շատ պատահական՝ գրիպի պես, եկավ ու միացավ բջիջներիս, եկավ ու բնակվեց ներսումս ու ես ոչինչ չարեցի նրանից ազատվելու համար։ Ես վարակվեցի նրանով ու ուզեցի միշտ հիվանդ մնալ․․․
Մարտի 27, օրը՝ ուրբաթ․ պահք։ Դուրս եմ գալիս տանից ու թափթփված սովորությանս համաձայն՝ վստահ եմ, որ ինչ-որ բան մոռացել եմ։ Ձեռքերս ակամա գնում են գրպաններս ստուգելու․ հեռախոսս տեղն է, դրամապանակս հետևի գրպանում, չնայած, որ մայրս ասում է՝ մի օր կգողանան, բայց դե վստահ եմ՝ գողի հիասթափությունը ավելի մեծ կլինի, քան իմը։ Ականջակալներս չեմ գտնում։ Ախ հա՜, դրանք ծոցագրպանում եմ պահում՝ այնպես, ինչպես առաջ մարդիկ թերթերը։ Հիմա թերթեր չկան, բայց ականջակալները նույն դերն են կատարում, ինչպես դասականը կասեր՝ պարապ վախտի խաղալիք։
Համոզվելով, որ առաջին անհրաժեշտության պարագաները մոտս են, իջնում եմ աստիճաններով։ Մարդ պիտի մի քիչ էլ բախտ ունենա․ ապրել շենքում արդեն լավ չէ, բայց դե ի՞նչ է որ, այդպես էլ է պատահում, իսկ 5 հարկանի շենքի 5-րդ հարկում ապրելու համար երևի հատուկ տաղանդ է պետք։ Մայրս ասում է, որ եթե ամեն օր 5 անգամ բարձրանամ-իջնեմ կնիհարեմ, բայց դե եթե 5 անգամ բարձրանամ-իջնեմ, վերջում ստացվում է դրսում կմնամ։ Հիմար մտքեր։ Առաջին հարկի մեր հարևանուհին է, գրանցում է, որ դուրս եկա։ Արտակարգ դրությունը իր վրա չի ազդել․ ինքը միշտ էլ տնից էր աշխատում։
Ընկերս բակում սպասում է իր կարմիր «Opel»-ով, որը մի ժամանակ կանաչ էր։ Հետո ընկերուհին ասել էր՝ կանաչը լավ գույն չէ, ինքն էլ ներկել էր․․․ կարմիր։ Մի ամբողջ կյանք մտածել եմ՝ ինչո՞ւ հենց կարմիր ու չեմ հասկացել․ ընկերս կա՛մ հանճար է, կա՛մ էլ շարքային դալտոնիկ։ Հա՛, չմոռանամ ասել՝ ֆուտբոլ է խաղում ու իր կարծիքով Մեսսիից էլ լավ․ «ուղղակի Մեսսին ավելի հայտնի է», չնայած այս նախադասության մեջ իմ կարծիքով «ավելին» անելիք չունի։ Գնում ենք Էջմիածին, բայց նշանդրեքի չէ, դե երևի հասկացաք։
Գնում ենք ռուսական էստրադայի հիթերից մեկը լսելով, իսկ ինձ մոտ տպավորություն է, որ երգիչը հորանջում է, ոչ թե երգում։ Ընկերս մեծագույն լարվածությամբ ինձ մի պատմություն է պատմում, որ ես արդեն հազար անգամ լսել եմ․ մայրս ասել է՝ հազար կառնես։ Ընկերս պատմության վերջը խառնում է, որովհետև անցած անգամ ինքն էր առաջինը համբուրել, իսկ հիմա ընկերուհին։ Այ թե երևակայություն ունի։ Իրականում չեմ կարծում, թե համբուրվել են․ աղջիկը գուցե, բայց ընկերս դժվար։
Դուրս ենք գալիս Արմավիրից, բայց առջևում խցանում է։ Շատ հեռվում երևում են ոստիկանական մեքենաների լույսերը և մի ամբողջ մեքենայաշար, որ իրենց մոտից հասնում է մեզ մոտ։ Ընկերս խառնվում է իրար ոստիկան տեսնելիս։ Ես իջեցնում եմ պատուհանը, որ մեզ զուգահեռ կանգնած մեքենայի վարորդից ճշտեմ՝ ինչ է կատարվում։ Վարորդը կլորադեմ, առաջին հայացքից բարի մարդ է, ասում է․ «երևի նարկոտիկ են փնտրում»։ Հասկանում եմ՝ կատակում է, բայց դե ծիծաղելի չէր։ Ու մեկ էլ իմ լուրջ հայացքը բախվում է նրա կողքին նստած աղջկան, որին նկարագրելու համար մի բառ է պետք միայն՝ իմն էր։
Երկար նայում եմ աղջկան․ կարծես թե լավ չի զգում իրեն։ Մեքենայում շշով ջուր ունենք։ Վերցնում եմ, իջնում ու հերոսական քայլերս ուղղում դեպի աղջկա դուռը․ չնայած հայտնի սիրային պատմություններում միշտ աղջիկն էր ջուր տանում․ է՜։ Դուռը բացում եմ, ջուրը մեկնում ու զգում նրա արտառոց ժպիտը, որ ոչ թե շնորհակալական էր, այլ ավելի շատ հեգնական։
– Կարող էիք պատուհանից փոխանցել։
– Չէ՛, գուցե ձեր հայրը վարակված լիներ․ ինչքան քիչ ձեռք դիպչի, այդքան ավելի ապահով։
Հայրը խորամանկ ժպտում է․ դե հա՛, երևի ինքն էլ մինչև հայր դառնալը իմ տարիքին եղել, նոր է մեծացել։ Աղջկա մազերը կարճ էին․ չմոռանամ ասել՝ ես երկար մազերով աղջիկներին եմ սիրում կամ չէ՛, երևի արդեն էի։ Աչքերը կանաչ էին՝ չնայած դժվար այս ընթացքում ներկած լինի․ աչքերը կանաչ են։
– Ամելի ֆիլմը տեսե՞լ եք, ասես Ամելին լինեք,- ասում եմ ես հոլիվուդյան ժպիտով․ մայրս ասում էր․ «գնա՛, թող ատամներդ սպիտակեցնեն»։
– Տեսել եմ ու շատ եմ սիրում։
Իսկ ես այդ ֆիլմը չէի տեսել, վերջերս փորձեցի նայել․ ահավոր ձանձրալի ֆիլմ էր, իսկ այ երաժշտությունն ամեն ինչ արժեր։ Ես նրանից միայն այդ 10 բառը լսեցի․ աղջիկները շատ լակոնիկ են։ Տե՛ս է, միայն 10 բառ արտասանեց ու նույնիսկ պատասխանեց հարցիս, իսկ ես իր հետ խոսելու ու հարց կազմելու համար օգտագործեցի կրկնակին։ Պատասխանելուց ավելի ձանձրալի եմ․ լավ էր, որ հարց չտվեց։
Հայրն ինձ հասկացրեց, որ ինքը դեռ այդտեղ է և չի էլ պատրաստվում գնալ ու ես եկա մեր մեքենան՝ արդեն առանց ջրով լի շշի։ Նստելուց դրամապանակս ուղղեցի ու հիշեցի, որ անձնագիրս ու տեղաշարժման թերթիկը տանն եմ մոռացել․ անտանելի թափթփված եմ։
Վերադարձի ճանապարհին ընկերս միայն փնթփնթում էր, թե իմ պատճառով այդքան ժամանակ կորցրեց։ Այ փնթփնթալը իր մոտ լավ է ստացվում ու երևի ավելի լավ, քան Մեսսիի։ Հասնում ենք մեր շենքի մոտ։ Առաջին հարկի մեր հարևանուհին զարմացած ինձ է նայում․ երևի ավելի ուշ էր նշել վերադարձի ժամը ու հիմա մտածում է՝ ինչու շուտ եկա։ Մտածում եմ իզուր էլ հետ եկանք․ որ թերթիկ ուզեին, կզանգեի իրեն, ինքն էլ կասեր տվյալներս, վերադարձի ժամն էլ ճիշտ կիմանայի։
Բարձրանում եմ աստիճաններով․․․ երկինք։ Հիմա ավելի քան երբևէ ինձ մոտ եմ զգում երկնքին․ մտքումս նա է։ Մտածում եմ՝ եթե ամեն ինչ լավ ավարտվի, մի պատմվածք կգրեմ «Սերը վարակի օրերին» վերնագրով ու նախաբանն էլ սա կլինի․
Նա իմ կյանք եկավ շատ պատահական՝ գրիպի պես, եկավ ու միացավ բջիջներիս, եկավ ու բնակվեց ներսումս ու ես ոչինչ չարեցի նրանից ազատվելու համար։ Ես վարակվեցի նրանով ու ուզեցի միշտ հիվանդ մնալ․․․
ՀԱվետ