***
Սպիացած օդային վերքի
ստվերում կանգնել:
Ոչ- մեկի- համար-հանուն –ոչնչի- կանգնել
չճանաչված,
միայն
հանուն քեզ:
Այն ամենով, ինչ կարող է իր մեջ առնել
և առանց
բառերի:
Հեռվի գովքը
Ջրակունքում քո աչքերի
Խելահույզ ծովերի ձկնորսները ցանցեր են նետում,
Ջրակունքում քո աչքերի
Ծովը իր խոստումն է պահում:
Այստեղ եմ ես նետել
իմ սիրտը, որ մարդկանց մեջ է եղել,
հանդերձանքս և փայլը երդման:
Խավարի մեջ խավար և ավելի մերկ եմ,
դավաճանելուց հետո եմ միայն քեզ հավատարիմ:
Ես՝ դու եմ, երբ ես «ես» եմ:
Ցանցը ուրիշ ցանց է որսում,
Մենք բաժանվում ենք գրկախառնված:
Ջրակունքում քո աչքերի
Թիավարում եմ և ավարի մասին երազում:
Ջրակունքում քո աչքերի
Կախվածը իր օղակն է խեղդում:
Ծաղիկ
Քարը:
Քարը օդում, որին ես հետևում եմ:
Քո աչքը նույնն է, ինչ այդ քարը:
Մենք ՝
ձեռքեր ենք,
մենք մինչև վերջ դատարկել ենք խավարը,
և գտել ենք բառը, որից ծագել է ամառը.
ծաղիկ:
Ծաղիկը՝ բառ է կույր:
Քո աչքը և իմ աչքը.
նրանք մեզ
ընծայում են ջուր:
Հարաճում:
Շերտազատվում են
սրտերի պատերը:
Եվս նման մի խոսք և մուրճն է
ճոճվում երկնակամարի տակ:
***
Ես լսել եմ, որ կացինը հանկարծակի ծաղկել է,
ես լսել եմ, որ վայրը անվանել անհնար է:
Ես լսել եմ, որ հացը կարող է տեսունակ լինել
և կախվածներին փրկել,
այն հացը, որ կինն է թխել:
Ես լսել եմ, որ նրանք անվանում են կյանքը
միակ ապաստանը:
Սափորները
Ժամանակի երկար սեղանների շուրջ
խրախճում են Աստծո սափորները:
Նրաք մինչև վերջ խմում են
աչքերը տեսունակների և կույրերի,
տիրական ստվերների սրտերը,
փոսացած այտերը երեկոյի:
Նրանք գինեսերներից զորեղներն էին,
շուրթերին էին մոտեցնում դատարկությունը
լեցունության պես,
և չէին փրփրում, ինչպես դու կամ ես:
***
Ցող: Ես պառկած էի քեզ հետ, իսկ դու` ցնցոտիներում:
Եվ նեխած լուսինը
պատասխաններ էր հեղում:
Մենք փշուր-փշուր եղանք,
հետո դարձանք մի մարմին:
Աստված կիսեց հացը:
Հացը կիսեց աստծուն:
Դաշտը
Հարատև բարդի
մտքի եզերքին:
Հավերժ է ձեռքը,
որ ցուցանում է վեր
անտառեզրին:
Մինչդեռ
հապաղում է ակոսը մայրամուտին:
Բայց ամպը.
Ամպը լողում է:
Հավերժ է Աչքը,
որի կոպը բարձրացնում ես
լույսի մեջ նրա փակվող եղբոր:
Հավերժ է Աչքը, որի հայացքը
բոժոժում է բարդին:
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի