Անահիտ Եփրիկյան | Խրախճանք մենակության

x
13: Ես գերեզման եմ էսօր։ Չասած բառերի ու թաղած երազների գերեզման եմ։
Կյանքիս հետ եմ խոսում։ Իմ կյանքի, որ լուփ ա ընկել։
Հել, գնա զուգարան, ատամ լվա, գործ արա, հաց կեր, երգ լսի, թերթի գրածներդ, որոնց հետ էլ կապ չունես դու, թերթի նախկին մարդկանց, ում հետ էլ կապ չունես, հիշի տեղերը, որոնց հետ էլ կյանքում կապ չես ունենալու։ Կարևորը իմացի, որ դու կաս, ստեղ ես, մնալու ես դեռ։ Ինչքա՞ն ես մնալու, ում հետ ես մնալու, մարդ ա՞ լինելու ում հետ մնաս, թե՞ մի հատ կատու ես գտնելու, թե՞ կատու ես դու։
Կատուն պիտի լինի Բեգեմոտ կամ չպիտի լինի, բայց որ լինի, ավելի թեթև կդառնա կյանքը։ Ափսոս տան տերը դեմ ա։ Պիտի սպասեմ, տենամ ինչ ա լինում։ Վարկ վերցնեմ՝ գործ դնեմ, վարկ վերցնեմ՝ տուն առնեմ, վարկերս չփակեմ՝ սնանկ ճանաչվեմ, վերջապես գնամ էն սնանկության գործերով կառավարչի մոտ։ Կարող ա ես իրան օգնեմ վերջը։
Արդեն անցնում ա տարին։ Ես հլը սպասում եմ՝ էս տարի ինչ ա գլուխս գալու։ Ոնց ամեն տարի սպասում եմ։ Ամեն ինչ անցնում ա, բացի էս լուփից։ Բայց ես ամեն ինչից չեմ հոգնել հենց էս լուփից եմ հոգնել։
Ծխի, որ գրես։ Խմի, որ գրես։ Ծխի, խմի, որ նենց բան գրես, որ սաղին դուր գա։
Ծխի, որ նկարես։ Խմի, որ նկարես։ Ծխի, խմի, որ նենց բան նկարես, որ քեզ դուր գա։
Ծխի, նվագի։ Խմի, նվագի։ Ծխի, խմի, որ նենց նվագես, որ ոչ մեկ չջոկի, որ նվագել չգիտես։
Գնա, որ սիրեն։ Սիրի, որ գնան։ Գնա, մի սիրի, որ մնան մոտդ։
Հետո զարմացի, որ ոչ մեկը չի ուզում մնա։
Ու էսքանը նորից։
Խառնեք, բաժանեք, մի կռուգ էլ խաղանք ու հելնեմ ես։
Ու տենց քանի ժամ ա հելնում եմ։ Քանի օր ա հելնում եմ։ Տարիներով հելնում եմ։
Դե լավ, սպասեք մի հատ էլ ես խառնեմ, բաժանեմ։
Խառնեցի, բաժանեցի, բաժանվեցի։
Ղառի Վալետը չկա։

y
Էսօր տասնչորսն ա։ Օրը երկուշաբթի։ Մի թվի, որ վրաս ա ծանրացել։ Քլոքերը ասում ա՝ մնա։ Ես էլ հնազանդ եմ, մնում եմ չորս պատի ներսում։ Չեմ գնում խմելու։ Չեմ գնում ծխելու։ Մնում եմ։ Լացում եմ, բայց մնում եմ։ Էն երևույթը, որ մի օր երջանկություն են կոչել, պարծանքով կրում եմ, հետո բաց եմ թողնում կրած ջրի նման։ Ջուրն ինձ կրում ա։ Զրկվում եմ ձայնից, զրկվում եմ ձայնից, զրկվում եմ։
Աստվածաշնչի խորը մեկնաբանողներից մեկը մի օր ասաց, որ ինքը կհետևեր ամեն տառին, եթե չձանձրանար։ y-ի ձանձրույթը Ֆրանսիան էր պատել, նույն ձանձրույթից ես բիզնես սկսեցի։ Հիմա էդ էլ ծանրացել ա վրաս, ոնց էս տարին, ոնց էս երկիրը, ոնց էս կյանքը։ Մի նոր օր պիտի որ հասկանամ, թե ինչի ա ամեն ինչ էդքան ծանրանում ու էդքան շուտ ծանրանում։ Բայց քանի դեռ նոր օրը չի հասնում, ես գինու հույսին եմ։ Էն գինու, որ մոռացել եմ դրսում։ Էն գինու, որ հիմա երակներովս պիտի հոսեր ու ուրախացներ գոնե։
Գիշերը վերելակով իջել, նստել էր մեր բակում ու կանչում էր մտքերին, որ իջնեն խաղալու։ Բայց մտքերի մաման չէր թողնում։
Իսկ մինչ այդ բզկտված բեղիկներով բորբոսնած բզեզիկը կառավարության նիստում բզբզում էր։
Ու էդպես նստած էր գիշերը բակում, լուսինն էր գլորում աջ ու ձախ։
Անհանդարտ սիրտը քանի էշություն պիտի անի, մինչև հանդարտվի։ Ասե՛ք, միանգամից էդքան անեմ, պրծնեմ։ Թե չէ էս փոքր դոզաներով սարսափելի ա։ Էդքան սպասելը ձանձրացնում ա։
Գիշերն էլ հույսը կտրեց, տուն գնաց։

z
14: Բրթելով օրերը առաջ եմ գցում։ Հեռվից մի հատ փռթկոց ա գալիս։ Հետո գնում եմ ամպերը հավաքելու։ Ամպերը դրսի տեղը ներսում են հավաքվում։ Հավաքվում են ու չեմ էլ իմանում հետո ուր պիտի ուղարկեմ։ 25, 26, 27… հանվում են էդքան անգամ։ Հետո դրա կեսի չափ հագնվում, հետո նորից բրթում են օրերը։
Մինչև շաբաթը գալիս ա։
Շաբաթ երեկոն ինքն ա բրթում ինձ։ Հետո հաց եմ դառնում։ Քարի հաց։
Լպստում եմ շրթունքներս, զգում ոնց են չորացել, ոնց թուքս ա հիմա չորանում։ Չէ, սենց չի լինի։ Մտածում եմ, որ երևի մի օր էլ ուժ չեմ ունենալու օրերը բրթելու։ Հետո հիշում եմ, որ բոլորը տենց են ապրում։ Մրջյունի նման մեկը ճզմվում ա։ Հետո օդ ա բարձրանում։ Նորից ամպերը դրսի փոխարեն ներսում են հավաքվում։
Լարերը հերթով իրանց գործն են անում, մի երկու հարված բառարանին ու բառերը դուրս են թռչում։ Ազատ եք, գնացեք։ Նոտաներն են դուրս գալիս, հետո նորից բառերը, բառարաններից, բերաններից, բերաններից, մտքերից, մտքերում։ Պլոկվում ա կաշիս։ Հարված բառարանին, նորից դուրս են գալիս։ Էդ ո՞ւր եք գնում։ Սպասող կա՞։
Գալիս ենք ուրեմն։ Սպասողներին չենք սպասեցնի երկար։
Երանի ստեղ լինես։ Դու չէ։ Երգն ա տենց։ Հիմա կողմնակի անձանց մուտքը արգելվում ա։ Դրա համար էլ քեզ ստեղ չի կարելի, ինձ էլ չի կարելի։
Հատկապես ինձ չի կարելի․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *