ՓՆՏՐՏՈՒՔ
Չգիտեմ՝ դու հիմա իմ չգրած ո՞ր երգի մեջ ես։
Հաշտվել չի լինում իրականության հետ։
Ուզում եմ տեսնել անհնարին ծաղիկներ, որ
աճում են անմատչելի ժայռածերպերին,
մռակած երկինքներում ՝
գուցե քո լռելը հասկանամ։
Ինչո՞ւ վայրի մեղուները հենց այնտեղ են
տնավորվում,
ուր արեգակի վաղորդյան ցոլքերը
ուրվագծում են ծագող օրվա պատկերը։
Հազար տարի է ՝
տող չեմ գրում։
Անտառներում ամենուրեք թափառում են
քո ոտնաձայնը փնտրող անմոռուկները,
թռչուները ծառերով շյուղ առ ճյուղ անցնում,
որոնում են քեզ։
Հավքերն իրենց հրեղեն կտուցներին փորձում են
բոլոր այն բառերը, որ դեռ գրչածայր չեն տեսել։
Գաղտնիքը գիտեն միայն ու միայն աստղերը։ Եվ ես
դարձել եմ գիշերաշրջիկ, ափիս մեջ՝ մի փոքրիկ մոմ, որ
աչքերիդ հրով վառվում է՝ խոսելով երկնքի հետ։
ԴԱԺԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի համար մեկ է ՝
դու կլինես, թե չես լինի,
բայց չէ, անպայման չես լինի,
կհեռանաս, թե չես հեռանա,
բայց չէ, անպայման կհեռանաս,
կանհետանաս երկրի երեսից ,
թե չես անհետանա,
բայց չէ, անպայման կանհետանաս,
կմոռացվես, թե չես մոռացվի,
բայց չէ անպայման կմոռացվես։
Հուշն էլ, ի վերջո, հող է դառնում։
Ամեն օր երեխաներ են հառնում,
ուշադիր նայեցեք՝
նրանց մեջ տեսեք Հիսուսը չկա՞…
Ինչ ծանր է, այնուամենայնիվ, հող լինելը,
թեեւ այլ ելք դեռ չի եղել ու չի լինելու։-
Մեր ոտքերով հողն անցնում է մեր վրայով,
եւ աշխարհի համար մեկ է՝
թե ով ում վրայով է քայլում, կամ ՝ ով ով է։
ՀԱՅՐԵՆԻՔ
Արյունդ հորդում է
քո ամեն դաշտում,
երազդ որդնում է
հացի սուրբ տաշտում։
Օտարի վարակ է,
ազգ իմ, ամենուր,
մատնության ճարակ է,
ավերմունք անլուր։
Ոռնում ես երկնքի
փեշից դու կախված,
քո հույսն են քո ոգին
և անցյալդ նեխած։
Փրկիր քեզ դու մահից,
լույս աստվածածին։
Արթնացիր սև նիրհից,
սլացիր, ես՝ քո ձին․․․
* * *
Ես գրում եմ բանաստեղծություններ՝ չիմանալով ամենեւին,
թե ինչպես եմ գրում բանաստեղծություններ։
Թռչունը թեւերը բացում ու երկինք է նետվում՝ չիմանալով
ամենեւին, թե ինչպես է թռչում։
Իսկ արեգակը, որ ամեն օր սարի ետեւից ծագում է մեծ
տիեզերքում,
գիտե՞, արդյոք, ինչպես է ծագում։
Լուսինը, որ աչքերիդ մեջ նորում է քո ամեն ժպտալու հետ,
արդյոք, գիտե՞, թե ինչպես է նորում։
Կա մի անհուն գաղտնիք, որով չի իմանում շուրթիդ վարդը,
թե ոնց է բուրում,
առուն չի իմանում, թե ինչպես է վայրիվերո քարերի մեջ
երգի փոխվում,
ոչ ոք չի իմանում, թե ոնց է սիրտը սիրուց գժվում, այլապես
ի՞նչ սեր։
Այդ ամենը, անշուշտ, ինձնով է սկսվում եւ նրանից է (մեկը
մեկի հետ կապ ունի), որ ես երբեք
չեմ իմանում, թե քայլերս ուր են տանում, մինչեւ չեմ
հասնում քեզ մոտ։
ՎԱԽԼՈՒԿ-ՎԱԽՎՈՐԻԿՍ
Վախենում եմ՝ անձրևը հանկարծ կվարարի,
անասելի նուրբ են ծաղկաթերթերս։
Վախենում եմ՝ արևը հանկարծ կշիկանա,
կվառվեն շուրթերս։
Վախենում եմ՝ գիշերամութը
կծածկի քեզ մոտ բերող ուղիները։
Վախենում եմ՝ մեր հանդերի աղբյուրները
խռովեն, վաղուց նրանց չեմ այցելել։
Վախենում եմ՝ եղնիկների աչքերում
սպասումներն արցունք դառնան՝
պախրաներին աչք են գցել որսորդները։
Վախենում եմ՝ թեժ մասրեվարդը չհամտեսված՝
թառամի ժայռի ծերպին։
Վախլուկս, վախվորիկս․․․
Աստված, ի վերջո, քեզ առաքել է
Սպիտակ աղբյուրից անապական մի կում ջուր,
և դու քո մեջ ամփոփում ես զորությունը տիեզերական։
Ես ինչ անեմ, չգիտեմ,
ես ընդամենը սիրուդ հեղեղին տրված
քշվող մի նավակ եմ, որի մեջ
ես եմ եւ փրկարար երազս՝ քո տեսքով։
***
Մինչեւ վերջին, վերջին,
վերջին-վերջին պահը
հույս ունեի, թե հույսը
ինձ չի լքի ու
եւ քոնը կլինի իմ ապրումը։
Մինչեւ վերջին, վերջին,
վերջին-վերջին պահը,
երբ ծաղիկը տեսավ
ինքն իր մարումը։
ԲԱՑ ՆԱՄԱԿ
(ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին)
Հարգարժան Ջո… Տխրությունն աշխարհում
շարունակում է
առավել ողբերգական դարձնել այն ամենն ,
ինչ կա արեւի տակ։ Ճանաչել ճշմարտությունը,
իրոք , սխրանք է,
բայց «ճանաչել» բառը միայն խոսք չէ ,
այլ գործառույթ, այլապես ճշմարտությունը
կանգնում է
խաբկանքի ու ճամարտակության մակարդակի վրա
(լինի դա Եղեռնի մասին, թե այլ մի երեւույթի)։
ԱՄՆ-ի նախագահի համար դժվար չէ լինել արդար։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ եք սահմանում ՝
Եվրոպայի հետ ձեռք-ձեռքի տված,
Ուկրաինային զենք ու զինամթերք եք տալիս անսահման ,
այն Ուկրաինային, որ Արցախի դեմ կռվում
Բաքվի դամը զենքով էր պահում, Ջո։ Բայց
չե՞ք մտածում, որ, անկախ արդարից ու անարդարից ,
ճիշտ ու սխալից տերությունների, ամեն օր
անմեղ մարդիկ են զոհվում։ Ինչու՞
այդ պատիժներից ազատ է երկրագնդի ամենաբարբարոս
պետությունը՝ Թուրքիան, որ ցեղասպանության է ենթարկել
հայերին, հույներին ասորիներին,
զավթել է Կիպրոսի կեսը,
Լիվիայից ձեռք չի քաշում,
Սիրիայում ամեն օր արյուն է թափում,
Արցախում նոր ցեղասպանություն է իրականացնում…
Չբռնել հանցագործի ձեռքը,
նշանակում է աջակից լինել նրան։ Այդպե՞ս չէ, Ջո։
Նրան՝աշխարհում առաջին ցեղասպանություն կատարողին,
ներվում է ամեն ինչ, քանի որ
ՆԱՏՕ-ի անդամ է, այո՞…
Թուրքիան որ, առայսօր միջազգայնորեն ճանաչված
հայկական հողերի վրա է հիմնված,
արյունարբու ղեկավարի բերանով ասում է.
-Թուրքիայի աչքն ուրիշի հողերի վրա չէ…
Զավեշտ է, չէ՞…
ՄԱԿ-ը պիտի բացառի պատերազմները՝
դրանք տեղափոխելով սեղանի շուրջ….
Թուրքը միշտ թարս նալած ձիու վրա է, Ջո, եւ
չբռնելով նրա արյուն հեղող թաթը,
դու նույնպես խթանում ես նրա ձիուն։
Արցախի վրա քանի-քանի անգամ հարձակվեցին
թուրք-ազերի հորդաները,
վարձկան ահաբեկիչները,
բայց ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ Եվրոպան մատը մատին չկպցրին,
ինչպես եղեռնական տասնհինգին,
շարունակեցին սրտակեղեք լոզունգներ ու կոչեր արտասանել
«հումանիզմի»…
Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին արդար
լուծում տար խնդրին,
բոլշեւիկների անաստված վճիռներից հեռանար մի քիչ,
եթե ոչ միայն խոսքով, այլ գործով,
ԱՄՆ-Ն Կամ Ֆրանսիան
կանգնեին Հայաստանի կողքին,
ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի մոտ,ապա այլ ելք կունենար
թուրքերի հարձակումն իմ երկրի վրա։
Երբ պատերազմ է, Ջո,
«հանրության կարծիքը» մի փամփուշտ անգամ չարժե։
Միթե չես հիշում քո մեծ նախորդի՝
Վիլսոնի, իրավարար ծրագիրը։
Այժմ էլ թուրքերն անարգել քրդերին են ենթարկում ցեղասպանության՝
դանդաղ-դանդաղ…Դեմոկրատացող աշխարհի առաջ։
Աստված մեկն է, դու գիտես, Ջո, բայց ամեն ազգ ու կրոն
այլ անուն է տալիս նրան, ասել է թե՝մորը,
որ բոլորին ծնունդ ու կյանք է տալիս՝ հողի նման,
բաժանում են մասերի,
ուտում-հայհոյում են մեկ-մեկու՝
«քո բաժին մայրը»
հիշոցներով։
Սուտն ու կեղծիքը միացել են պոպուլիզմին,
ավերում են՝ չխնայելով ոչինչ։
Ջո, քո տեղ ես լինեի, ամեն բառի ու խոսքի մեջ
կենդան կպահեի …գործառույթը։ Այլապես
մարդը
ինքն իրեն օտարանալով ՝արժեզրկում է
մեր այնքա՜ն սիրուն երկիր մոլորակը,
երեւի այդպես է եղել էն գլխից, որ մարդիկ
դարձել են այլմոլորակայիններ
եւ ապրում են աստղերի վրա։
Իմ մոլորակն Արցախն է։ Ջո։
Այսօր եւ միշտ։
Հավիտյանս հավիտենից։
Այսօր՝ այսքանը։ Աստված պահապան բոլորիս։
ԻՄ ԱՐՑԱԽ
Անթափանց մութով լցված իմ աչքերն առկայծում են
կսկիծների մեջ՝ սեւ, դառնապատիր։ Եվ անդուռ, եւ անելք։
Նայում եմ կամարներին մեր հին ու նոր աշտարակների,
որ փլուզված, ամայացած՝ բյուր ծագերում հայոց հողի,
կամուրջներ են դառնում մեղկ, անսփոփ դարերի համար՝
ժամանակի եւ տարածության ցրիվ-ցրիվ պատկերներում։
Աննման են, շքեղ են մեր տուն-վանքերն՝ անգամ ավերված,
ու դրանից նեռան պղտոր երակներում, թույնն ավելի է եռում։
Տրվելով վայրի տենդին ու մոլուցքին գորշ գայլերի, աչքերի
ֆոսֆորով նա «զարդարում» է իր ապագան, վանքից հուր է
թռցնում մոմի՝ պղծելով եւ խորանները մեր սրբազան աշխարհի,
որ թեժ լինեն կրակներն իր ճենճերահոտ ու երկրակուլ դժոխքի։
Լույսը վաղվա, սակայն, երեւում է եւ այն պահին, երբ այն չկա։
Ու ես խորքն եմ նայում ցավի՝ որպես բացվող հորիզոնին,
կամաց-կամաց նշմարվում է հույսի մի շող՝ հոգուս ընդերքներում.-
եւ Դավթի ձին քայլ է անում, եւ փայլում է Դավթի թուրը հավլունի,
եւ ձյուներից ծիլ է տալիս կրկին հայկյան հերկի Հունտը ոսկյա,
եւ երկիրս արթնանում է վշտի միջից՝ որպես անմեռ ոգին Քիրսի։
ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ
Ես միշտ տանուլ եմ տվել հենց այնտեղ,
ուր թվացել է, թե
հաղթում եմ,
ուր ինքնավստահ եմ եղել գուցե ավելին:
Իմ սխալներն, ավաղ, չեն շտկվի արդեն,
մեղքի թողության
և ավելցուկի համար իմ սիրո, աղոթում եմ:
Սակայն մի ուրիշ ես կա, որ էլի ես եմ,
կուզեի նրան՝ իբրև ինձ,
երկու խոսք ասել մխիթարական.
-Ինչ էլ որ լինի, ինձ երգ է տրվել՝
ոսկեղենիկ ու սուրբ բանալին Աստծո տան:
Ինձ ոչինչ պետք չէ, ոչի՜նչ այլևս,
թող որ աշխարհում
թեկուզ մոռացված
մի կածան լինեմ, բայց միայն թե՝ Արցախում:
***
Քաղաքակրթությունը մարդուն դարձրել է
ավելի վայրենի, քան այն ժամանակ,
երբ նա վայրենի էր:
Խաղաղություն երբեք չի հաստատվում
աշխարհում,
լինում է անվերջ, անդադար պատերազմ:
Մարդու փրկությունը միայն նրա մահն է ։
Ամեն ինչ թվացյալ է՝ և ժպիտը ծաղկի,
երբ նվիրում ենք,
և լացը ծաղկի, երբ այն դնում ենք շիրմին:
Երկու դեպքում էլ սուտ է,
իրականում
ծաղիկը պոկելուց հետո մեռնում է արդեն:
Մարդն ակամա խեղաթյուրում է
իրականությունը
և երբ ուրախ է, ծագող արևի մեջ խինդ է տեսնում,
եւ երբ տխուր է, ծագող արևի մեջ տեսնում է սուգ։
Ադամն ու Եվան թե մեղքով չհանդիպեին,
այգին եդեմական չէր անվանվի։-
Սերը մաքուր է միայն թռչունների մեջ,
տեսնես ո՞վ է մարդուն զրկել թևերից:
Ամեն ինչ հարաբերական է,
թե ոչինչը, թե ամեն ինչը։
Թեև սեր չկա,
բայց սիրո երգերն այնքան շատ են:
Իսկ հայրենիքների պատերազմները
կապ չունեն
հայրենիքների պատերազմների հետ:
Առավել ևս՝ ժողովուրդների հետ:
Ցավալի է, բայց՝ ճշմարտություն՝ մարդ սպանելու
սովորական արվեստի մեջ
ամենակատարելագործվածը մարդասիրությունն է:
***
Միաբանության օրվա առիթով
հայտարարությամբ
հանդես են եկել
կարապը, ձուկը եւ խեցգետինը,
կարմիր պաստառի վրա
ամրացրել սայլի
կողին․ «Կեցցե միաբանությունը»,
ապա շարունակել են սայլը քաշել՝
ամեն մեկն իր քթի ուղղությամբ։
ԻՐԻԿՆԱԹԱԽԻԾ
Լեռներն ամեն օր հեռանում են իրիկնամուտին,
Ժամանակը նույնպես նրանց հետ հեռանում է:
Քայլվածքից հեռվում նշմարվում է թախիծը լերանց,
Ձեռք ձեռքի՝ սեգ գագաթները ձուլվում են մութին:
Արեգակի վերջին-վերջին ցոլքերո՜վ ողողված են
Շարժվող ուսերը՝ կիպ-կպած, թանձրացող մթան մեջ:
Վաղը լույսի հետ կրկին կվերադառնան լեռները,
Միայն ժամանակի մեկնումն է, ավա՜ղ, որ անդարձ է: