1.
Բոլորի մեջ
գտնում եմ քեզ։
Բոլորի,
բոլորի մեջ մի բան կա
քեզնից.
ես քայլում եմ փակ աչքերով,
մատներս՝ տաք շոշափուկներ,
ջիփիէս-ից արագ են
գտնում քեզ,
քո հոտն ու համը
մածուցիկ
լողում է քաղաքի վրա։
2.
Երկաթե կոպերս բացվում են
վիտրաժ քաղաքի վրա,
տեսնում եմ քեզ
բոլոր կենդանի ու մեռած բջիջներովս,
նկարում եմ 7D,
ֆոկուսի եմ բերում,
ու շրըըըըը՜խկ,
դեմքդ հանց հսկա դրոշ
ծածանվում է,
ծռմռվում շենքերի վրա։
3.
Առավոտյան
կարդում եմ քեզ
գլխագրերում,
Ֆեյսբուքում,
Թվիթերում,
քաղաքի էժան, անճաշակ պոստերներին,
հպվում եմ տրանսպորտում,
ամբոխի մեջ ես դու,
հպվում եմ,
ու ամեն բան
կանգնում է…
Պարբերաբար թափում եմ քեզ
գիշերները
առատ հեղուկով։
Կներես,
քեզ հիշելու միակ օգուտը
էս է վերջերս։
4.
Երեկոյան
ուտում եմ քեզ.
նուտելլայի
բարակ շերտի հետ
քսում եմ հացին,
մարսում եմ
օձի հանդարտությամբ։
Զգում եմ թրթռացող մաշկիդ
փուշ-կարմիրը
մատներիս վրա,
մինչ մութը փակում է
թոշնող կոպերս։
5.
Ի՞նչ անեմ, ասա՛։
Շարժվող ու անշարժ
ամեն բան էս աշխարհում
կրկնում է քեզ.
քայլում ես, անցնում
լույսի շեղակի վտակներով,
մթի առաջին փաթիլի մեջ
անվերջ վազում են կրկնակներդ։
6.
Ես ետդարձ եմ կատարում
ու կրկին
հպվում քեզ։
Քննում եմ աշխարհը,
ոչինչ չի մնացել.
հավիտենական
էս լոքշի մեջ
միայն դու ես,
քո անբեկանելի կրկնությունը
բևեռում
շաղկապում է անցյալն ու ապագան
անկման կետի մեջ։
Եւ դու սկզբիս մեջ ես,
եւ դու վերջիս մեջ ես։
7.
Գուցե դո՞ւ ես իրական չարիքը,
որի մասին չի խոսել
ոչ մի Աստված,
ոչ մի կրոն,
ախ, էդ դու ես՝
իմ ցերեկվա սերովբե,
Չարենցի կովբոյ աղջիկ…
Իմ երկսեռ հրեշտակ…
8.
Իմ Հուդա.
վերջին սեր,
դու ծնվել ես
հասարակ մարդկանց
նախանձը շարժելու համար։
9.
Զույգ խոռոչներն այս տեսանող
քեզ են միայն նշմարում
էս վիթխարի ցամաքում։
Դու ջուր ես,
որ խմել եմ ուզում անվերջ,
խեղդվելու աստիճան։
Հող ես, որից ուզում եմ արարվել էլի։
Կրակ ես եւ քամի, անձրև,
տո ինչ ասես։
Աշխարհն իր բնազդներով
եւ բանականությամբ
դեռ երկար կկրկնի քեզ
իմ ինադու։
10.
Վերջն է արդ.
մշուշի մեջ
թողնում եմ նույնականացման աղտը։
11.
Ես հիմա հուսահատ
աղոթք եմ կարդում,
եւ կանխավ ներում եմ հայցում
Աստված-չաստվածներից
ու բոլոր զոհերիցս (անմեղ նահատակ),
որովհետեւ
սպանելու եմ,
սպանելու եմ
քեզ
(ԲՈԼՈՐԻ ՄԵՋ):
Բոլորի համար…
***
Ուզում էի
պոեմ գրել
քեզ համար,
բայց հուշեցին,
որ էդքան էլ շնորհալի չեմ,
ու որ Սեւակը անլռելի…
որ Չարենցը Գիրք ճանապարհին…
ոչ Տերյանը Փշե պսակով…
Որ, որ, որ
բոլոր լավ պոեմները
եւ հուզիչ-պիտանի գործերը
գրվել-ասմունքվել-ծամվել
ու հարկադրաբար անգիր անելուց հետո
մոռացվել են,
ինչպես խուժան տղեկի
ու գարնանային
փթթանք ապրող աղջկա
առաջին համբույրն ու
լկստվելն ա մոռացվում,
ինչպես խմած մարդու երազը փլուշ…
որ ամենասիրուն կինոն ա հաստատ։
Ես քեզ համար պստիկ պոեմ
ուզեցի գրել,
ստացվեց սա՝
հիմար սպիտակ բանաստեղծություն,
բայց մի՞թե կա
ավելի սիրուն պոեմ
քան սպիտակն է…
Սպիտակ,
գրեթե դատարկ թերթը
թողնում եմ՝ էսպես մնա,
սպիտակը
թող գրի քեզ համար,
սպիտակը՝
սկիզբը-վերջը աշխարհի …
***
Աստղերը ընկնելու համար ստեղծվեցին,
եւ լուսինը,
(եւ առհասարակ ամենը )
բայց երկնային խոռոչը
լցված է գիշատիչ գիսաստղերով՝
տիեզերական անմահ մարմիններով։
Ամեն բան
կախված է գլխավերևումս,
գնալուցդ հետո
ոչինչ չի ընկնում…
Ամեն ինչ վեր է թռչում
Լիլի,
քամին անվերջ պարում է
կրակի մեջ,
բացելով
լողացող ահեղ ստինքը՝
երկինքը՝
կապույտ ջրանցիկ գերեզման ։
Հիմա՝
ծնվող- մեռնող ամեն բան
դեպ վեր է սուրում.
քեզ մոտ,
իսկ ես ոչ թևեր ունեմ,
ոչ ուժ,
եւ ոչ էլ մեռնել հնար
ո՞նց եմ քեզ մոտ հասնելու ։
***
մարդիկ
արագ են
մոռացվում.
մարդիկ ՝
չհիշվող
երազներ են
Աստվածների։