Ալին ջան, մտածում եմ՝ ինչ բառ կարելի ա ասել քո վեպի մասին՝ իմ ընթերցելու փորձառությամբ։ Մտածածս նոր բան չէ, գրականության մասին օգտագործում են, բայց քո վեպը իսկապես համոզիչ է, համոզիչ՝ պլյուս մի խազ էլ, ու խելացի. խելացին իր ամենալավ իմաստով՝ մտքի եւ հույզի խելացի։
Բայց էնքան տարօրինակ փոխվեց տպավորությունս: Մինչեւ քսանքանի էջը մի տեսակ նյարդայնանալով ու ձանձրանալով էի կարդում` պատմողական լեզվից, նորմալությունից, պրակտիկ ձայնից: Միտքս անընդհատ զբաղեցնում էր դիստանցիայի հարցը, ու թվում էր՝ պատմողը գետնին զուգահեռ ու ցածր գնացող դրոն ա։ Որ էդ դիստանցիան չի ստեղծում գրականության վերիրականությունը, այլ մնում ա կպած կյանքին: Զգում էի, որ տեքստը ոչ թե emerge ա անում իրա ինչ-որ սաղմնային տեղերից, այլ զուտ առօրյայից, ու էդ սաղմնայինից հեռավորությունը մի տեսակ քիչ էր կամ շատ: Օրինակ` իմ տեքստի պարագայում, կոնկրետ Զորայի, ես զգում եմ էդ այսբերգի ահարկու դուրս գալը, հառնելը ծանր ջրից, ու ակնկալում էի կամ ավելի շատ դիստանցիա, կամ ավելի քիչ դիստանցիա:
Հետո, ինչ-որ պահի տեքստը սկսեց ամբառնալ, ինքն իրենից բարձրացավ, ոնց որ էդ առօրյային կպած ծակից գրականությունը սկսեց փչվել ու ուռել: Լեզուն գտավ իրեն, ընթերցելը տեղն առավ: Սկսեցին հայտնվել կապերը, որոնք կան բացված անջրպետների միջով, որ շատ հմտորեն թողնում ես, ու դրանց վրայով երբ բաները իրար են կապվում, ընթերցողը ունենում ա հիացումի զգացում: Քանի գնաց վերջին մոտ, էլ չէի կարում դադարեի կարդալ:
Դե, հրաշալի էր մտածված պատերազմի երկու երեսները ցույց տալու հնարը ու հատկապես Տիգրանի հերոսի միջոցով: Երազները, դրանք պատմող լեզուն, հետո որ առանձին տողերով տալիս ես` կանայք ու իրենց դատարկված ձեռքերը, ահավոր ազդեցիկ էին մտնում: Ուշադրությունս շատ գրավեց ու հմայեց համ երբ սկսեցին հայտնվել իսկապես լավ նկարագրված պատկերներ, որոնք խորանում էին` ցույց տալու հոգեկան ապրումներ, համ էդ վիկիպեդիա հատվածները, որ շատ սեքսի էին:
Շատ զարմացա, թե ինչ լավ ես գրում երկխոսությունները, ինչ բնական, ու վաբշե` ինչքան անպոնտ ես պատմում:
Բայց, իհարկե, ամենացնցողը Լեւոնի` նարինջներին վազելու հատվածն էր: Արա, ո՞նց էիր նկարագրել էդ դանդաղ վազքը` նաեւ տեքստի կառուցվածքով, սաղ կարելի էր զզզզզզգալ, ու ինչ լավ ա, որ կապույտ թրաքով մարդը էդ ութոտնուկի հատվածն ա պատմում, ու եղելությունը կարծես լրիվ մեխում ուղեղիդ մեջ: Ոնց ա էդ պահը սաղ մայրության թեման կապում իրար։
Ինչ լավ վերջացավ Նորայի գիծը` տարբերվելով մյուս երկու գծերից` Մարտուն-Վարդուհի, Տիգրան-կին, որտեղ տղամարդը կնոջ տառապանքի հանդեպ կարծես մեն-մի հատիկ քայլ արեց` գոնե սուշիի ու ձեռքերի ծանրության մակարդակի: Իսկ Նորան տենց էլ մնաց՝ նապաստակի գլխի մեջ անհայտ խաղալով իր խաղը ու ընթերցողին թողնելով հուսալ, որ կյանքի խաղը ինքը ավելի լավ կանի:
Մի քիչ մտածեցի Վչոյի` Հայաստանի տարածքը ներբերելու մասին (մինչեւ էդ Հայաստանը ներկա էր որպես անցյալ), որը մեջ էր առնված բանակի հարցի համար, բայց էնքան լավ պատում էիր գտել` էդ առավոտյան քաղաքում լինելը, դրոշի տղան ու էդ անսակարկելի նախադասությունը` էսօրվանից հետո էկողի մասին, որ էնքան անորոշ ա, որ լրիվ դառնում ա որոշակիություն, սաղ տեղ ա հասնում:
Ալին, ինձ համար անտանելի էին հղիության թեմաները, թեստերը, հղիության համար սեքսը, գիտես, ես չեմ կարում դրանք առանց զզվանքի կարդալ: Բայց կարացի կապվել Վարդուհու զգացումների հետ, շատ լավ էր ստացվել իրա կերպարը, ու էլի էդ բառը՝ համոզիչ։
Կային բառեր, որոնց հայերենը միշտ խնդիր ա առաջացնում, ես էլ չեմ իմանում ըդտեղ ինչ անեմ, օրինակ` վարտիքը կամ հետույքը: Էս վերջերս մտածում եմ` ոնց են հայերենում սեքսի բառերը սաղ անկապ` պտուկ, հեշտոց, հետույք, վարտիք։ Բայց քո մոտ ոնց որ նստում էին, ոնց որ զգայիր, որ պատմողը չի վարանում։
Ընդհանուր, գուցե խորհուրդ տայի ավելի շատացնել լեզվագրական, քան պատմողական մասերը, բայց զգում եմ, որ էս էդ դեպքը չի: Ինքը ոնց որ հողային առօրյայից անցում ա կատարում դեպի օդային տագնապ, եւ դա ա իրա արժանիքը:
Ինձ նման մարդու համար սա այլ հայացք ունեցող մարդու մտածելը իմ մտածումի մեջ տեղաշարժեր ու հայեցումներ անելու հնարավորություն ա: Ոնց ա մարդ տենց նայում ծառերին, տենց զգում իրա մարմինը, օդը, լիճը, գարեջուրը, բարը, քաղաքը: Ոնց ա կարում քաղաքը մի տեսակ իրենով անել:
Լսի, մի հատ խնդալու բան:
Ուրեմն սկսեցի կարդալ, քարշասայլակը կարդում եմ քայլարշավ, պարբերությունը վերջանում ա, զգում եմ, որ մի բան նի տո ա: Նորից եմ կարդում, էլի քայլարշավ: Ասում եմ` հեղափոխությունից ա սկսո՞ւմ: Բայց ո՞նց են մյուս նախադասությունները կապվում: Հետո ջոկեցի, որ քարշասայլակ ա:)))
Շատ հավանեցի բույսերի, թռչունների, ավտոյի մասերի հայերենացված անունները: Էնքան սեռական էին: Դրոնների տեսակները՝ ըըըմմմ))
Մենակ՝ հեռՎանալ բայ չկա, թեեւ գիտեմ, որ կարիքը կա։ Ու վերաբերելն էլ կա, վերաբերվելն էլ։ Էս նախադասությամբ փորձի տեղը բերես երկուսին։ — Թեեւ դու նրան լավ ես վերաբերվում, բայց դա ինձ չի վերաբերում։ Վերաբերվելը վերաբերմունքն ա, վերեբերելը՝ մասին, վերաբերյալ լինելը։
Իսկ թե ոնց էիր օգտագործել նապաստակի գլուխը, ոնց էր ինքը լիքը բանի մետաֆոր դառնում ու գրքի վերջում վերնագիրը դարձնում շատ տպավորիչ, կլաս էր:
Ալյոնա, բացարձակ անբնական ու անսպոնտան չէր, ինքը էդ տիպի վեպ ա, իրա տիպը ուրիշ ա՝ սկսել գետնից ու պոկվել-բարձրանալ, նենց որ` you nailed it.
Բայց մի վերջին հարց եմ ինձ տալիս, որ սովորել եմ Նշանյանից։ Ասում ա՝ որ կկարդամ, ես ինձի հարց կուտամ՝ արդյոք ինչի՞ կպատասխանե կամ կհամապատասխանե կարդացածս։ Դժվար թե այլ ընթերցողներ էս հարցի համար խորանան, բայց ես քանի օր ա, դա եմ մտածում։ Կհամապատասխանե նորմալի աննորմալությունը նորմալ ձեւով պատմելո՞ւն։ Որովհետեւ չնայած Վարդուհու երկու մռնչյունին՝ էս վեպը չի աղաղակում աննորմալություն, ցավ, այլասերվածություն, նույնիսկ պատերազմի ցավը չի աղաղակում, տակից ա մղկտում։ Կարա՞մ ասեմ, որ սա աղաղակի լռեցման ու լռեցման հետ հաշտ լինելու վեպ ա։ Բայց ինքը աղաղակը ու լռությունը չի շրջում գլխի վրա, խեղճությունը՝ քո բառով, չի դարձնում ուժ, որը կյանքում խեղճություն ա, բայց գրականության մեջ կարա իրա թարս նշանը հագնի։ Վարդուհու լռելը ո՞ւժ ա՝ ոնց որ թե։ Կարա՞մ ասեմ, սակայն, որ սա նորմալի աննորմալությունը ցուցանելու վեպ ա, բայց դու տենց վայբ չես դրել մեջը։ Սիրո՞՝ չէ։ Հավատարմությա՞ն՝ չէ։ Սոլիդարությա՞ն՝ գուցե։ Բայց ցավը մի տեսակ ոչ թե շրջվում ա դեպի անդինը, դեպի մի այլ տեղը, որը շոշափում ես՝ որպես ավելի աննյութական մի բան, չի փոխակերպվում, այլ Հայաստանից քոչում ա Ամերիկա, կարծես ասելու՝ մենք էլ ենք տառապում։ Ցավի արտոնությո՞ւնը, ցավին ապավինո՞ւմը։ Չգիտեմ։ Բայց կարծես ցավը ապրվելու ա ու անցնի։ Թեեւ Վարդուհին էլի ա լռելու, բայց ցավը չի դառնալու ֆոն, նա շարունակելու ա կտրտել իր սոխը ու իր մարմինը հաճույքով հանձնել արեւին ու լճին։ Եւ ինչ լավ ա դա։
