Ականջներիս մեջ,
երբ լսվում է անդարձության ձայնը,
ես թողնում եմ այս լղար
իրականությունը,
փաթաթվում քամիներին
ու հանգրվանում քո գրկում՝
որպես փողոցի կատու,
որն ուր որ է կճանկռի։
Ես թույլ եմ տալիս ինձ լինել
այստեղ ու ամենուր,
ես թույլ եմ տալիս
թեւաթափվել,
եթե այդպես է պահանջում հիման
եւ բացել ճանկերը,
եթե վտանգը հենց քթիս տակ է։
Բայց որն ավելի կարեւոր է՝
ես թույլ եմ տալիս մարմնիս
թավալոտվել այս մեծ անկողնում
նաեւ առանց քեզ,
անել դա պարզ ուրախությամբ,
առանց քեզ հիշելու։
Ես այլեւս հաշիվ չեմ տալիս ինձ,
ես այլեւս չեմ մեղադրում
ոչ մի բանի համար։
Խաբում եմ
ես երբմեն ինձ մեղադրում եմ,
երբ ինձնից փող են ուզում
փողոցում։
մեղադրում եմ, որ մարդն
ստիպված է փող ուզել։
Ինձ հիմա տաք ձեռքեր են պետք,
բայց միակ հույսս ես եմ։
Սարսափելի բաներ չկան,
ու հենց դա է դատարկությունն
զգայուն մարդու մեջ
վերածում դրամայի՝
մեծ դրամայի։
բայց այստեղ էլ ես մի բան կձեռնարկեմ,
ոնց մեր վերեւի հարեւանն է
ձեռնարկում իր տան ռեմոնտը,
տղու հարսանիքը,
թոռան կնունքը։
Ես նրանից սովորում եմ
ինչպես անել սովորական բաներն
էդքան կենսախնդորեն։
Ականջներիս մեջ լսվում է
մութ լռություն,
էնքան մութ,
որ քունդ տանում է,
ու եթե զգայուն ես,
սա էլ ա դրամա.
քո քունն արդեն տանում է,
բայց դեռ ոչինչ չի կատարվել։
Ծաղիկները ժամանակից շուտ են
թոշնում հիմա։
Վերջին յասամանների կյանքը
երեք օր էր,
բայց ես ամեն օր փոխում էի ջուրը,
ես ամեն օր ուրախանում էի
դրանց ներկայությամբ։
Ու եթե զգայուն չես,
դրանք ընդամենը սիրուն ծաղիկներ են,
ուղղակի օդն ու ջուրն էնքան վատն են,
որ շուտ են թոշնում։
Ոչ մի սարսափելի բան
Ու մինչ դու մտածում ես,
որ քո սիրուն կյանքն էլ
կարող է այսպես անհեթեթ ավարտվել,
մյուսներն ուղղակի թափում են ծաղիկները։
մեր դիմացի բիսեդկի պապին
կերակրում է տարածքի շներին՝
իր թոշակով,
իսկ նրա կինն էդ թոշակով
պիրոգներ ա սարքում
ու վաճառում։
Էդ փողը պահում է սեւ օրվա համար։
ու էսքանն էլ մի ամբողջ
սոցիալական դրամա է՝
բոլորին ծանոթ,
բոլորից մերժված
ու լուսանքցքում մի տեղ։
Եւ էս հոգնությունը,
որ նվաճել է քո ջահել մարմինը,
շատերի համար ընդամենը
կյանքն է։
Բոլորս էլ սկսում ենք հոգնել,
իսկ քո՝ էդքան ապրելու ուզելու հետ
դա դառնում ա դրամա,
ավելի ճիշտ՝
տրագեդիա,
եթե հումորդ էլ տեղն ա,
տրագիկոմեդիա։
Ու մինչ նրանք բարբառում են՝
դա կյանքն ա, ոչինչ,
մեզ հետ նույնպես դա եղել է,
տուն արի, ոչինչ,
մեզ մոտ արի,
մենք նույնպես թեւեր ենք ունեցել,
մեր աչքերն էլ են փայլել,
դայց դա անցնում ա,
դա կյանքն է,
տուն արի։
Իսկ դու լիզում ես վերքերդ
ու բացում թեւերդ հոգնած,
որ նորից,
էլի մի անգամ,
էլի առաջվա պես թռչես։
