Ցաքուցրիվ հացահատիկը, նպատակային հարցերը
ողջ կյանքի ընթացքում պահանջում են նշանացույց։
Երբ ես թողեցի վկայի կարգավիճակը,
պատերին, դատարանի առջեւ գտնվող տանը,
որտեղ սահմանները դիմադրում են գետերին,
վեց հազար մետր գարշահոտությունից վերեւ,
սափրիչը շնչում էր
հայելու վրա, եւ նրա մատը գրում էր։
Ե՞րբ է ծնվել։ Ասա՛ ինձ, խնդրում եմ, որտե՞ղ։
Այն գտնվում է հյուսիս-արեւելքում
եւ արեւմուտքից դեռ մոտ է լուսանկարիչներին։
Այն նախկինում այդպես էր կոչվում, այսօր եւս այդպես է կոչվում։
Նրանք այդ ժամանակներից ի վեր այնտեղ են ապրել։
Ես տառադարձում եմ։ Վրժեշց էր կոչվում նախկինում։
Տունը կանգուն է, միայն սվաղն է թափված։
Գերեզմանոցն, ուր ես գնում էի, այլեւս գոյություն չունի։
Այնտեղ, որտեղ ժամանակին ցանկապատեր կային, այսօր ամեն ոք կարող է լինել։
Աստված մտածում է ինչ-որ գոթական բան,
Հետո դու այն կարող ես ձեռք բերել մեծ գումարով։
Ես հաշվեցի ճակտոնները, ոչ մեկը չէր պակասում։
Միջնադարը հասնում է նրանց։
Միայն պոչավոր հուշարձանն է ձգվել դեպի արեւմուտք եւ դրանից էլ հեռու։
Եվ յուրաքանչյուր դադարի ազդանշան հարցնում է։
Ե՞րբ ես, խեցիների մեջ, ցայտեցի ավազով։
Երբ գտա Բրենտաուի մոտ գտնվող գերեզմանաքարը,
երբ թուղթը հանձնեցի արխիվին եւ հյուրանոցին եւ հինգ լեզվով հարց ուղղեցի։
Ե՞րբ եւ որտե՞ղ եք ծնվել, ինչո՞ւ։
Դա վարձակալության ժամանակն էր։
Այստեղ, Մոտլավայի վտակի մոտակայքում,
որտեղ Ֆորստերը մռնչում էր, եւ Հիրշ Ֆայանգոլդը լռում էր,
այստեղ, որտեղ ես մաշեցի իմ առաջին կոշիկները,
եւ երբ կարողացա խոսել,
սովորեցի թոթովել՝ ավազ, խոնավություն, թափոններ,
մինչեւ որ մանկությանս գավաթը
բարձրացավ գոթական աշտարակներ եւ փշրվեց։
Դա Վերդենից գրեթե քսան տարի անց էր։
Եվ առաջնեկից երեսուն տարի անց,
մինչ որդիներս ինձ հայր դարձրեցին։
Այս լեզուն ունի ախոռի հոտը,
հավաքական բնազդը,
երբ ես պատմություններ էի պեղում, թիթեռներ բռնում
եւ որսում էի բառեր, որոնք դողում էին ինչպես
կատուները փայտի վրա,
ափ էի հանում նրանց ծնած տասներկու ձագերին՝ մոխրագույն եւ կույր։
Ե՞րբ են ծնվել։ Որտե՞ղ։ Ինչո՞ւ։
Ես այն քարշ տվեցի հետ ու առաջ,
խորտակեցի Հռենոսում, թաղեցի Հիլդենհայմի մոտ։
Բայց ջրասուզակները գտան եւ խորտակված արկղը դուրս բերեցին։
Հաճարենու ընկույզ, սաթ, փրփրացող փոշի,
գրպանի դանակն ու կտրտված նկարը, տոննայանոց հաշվարկներ,
րոպեական սլաքներ, կոճակներ, մետաղադրամներ,
յուրաքանչյուր տեղի համար՝ քամու տոպրակ։
Իմ հորինած-գտած իրերի գրասենյակը սովորեցնում է,
թե ինչպես կուտակել հոտեր, մաշված քնապարկեր,
ժամկետանց պարտքեր, մարտկոցներ,
որոնք ներդաշնակ են միայն գրպանի լապտերների մեջ,
եւ անուններ, որոնք պարզապես անուններ են։
Էլֆրիդե, Բրոշկե, Զիեմոնեյթ,
Գուշներուս, Լուշ եւ Հայնց Ստանովսկի։
Խոդովեցկին եւ Շոպենհաուերը
նույնպես այնտեղ են ծնվել։ Ե՞րբ։ Ինչո՞ւ։
Այդպես է։ Ես միշտ ինձ լավ եմ զգացել
պատմության մեջ։
Հարցրեք ինձ ժանտախտի եւ գնաճի մասին։
Ես անընդհատ աղոթում եմ խաղաղության պայմանագրերի,
շքանշանակիր վարպետների, շվեդական աղետի համար
եւ ես գիտեմ բոլոր մատուռները եւ կարմիր աղյուսով եկեղեցիները՝
սուրբ Հովհաննեսից մինչեւ Երրորդություն։
Ո՞վ է հարցնում, թե որտեղ են նրանք։
Իմ լեզուն ունի բալթյան, դավաճանական տաք երանգ։
Ինչպե՞ս է ալեկոծվում Բալթիկ ծովը՝ բլաբ, փիֆ, պշշշ…
Գերմաներեն, լեհերեն՝ բլաբ, փիֆ, պշշշ…
Հանովերում, փախստականների հետ հանդիպման ժամանակ
ես հարցրեցի ժողովրդական փառատոնից հոգնած,
հատուկ ավտոբուսներով եւ դաշնային երկաթուղով մեկնող պաշտոնյաներին։
Մոռացե՞լ են նրանք, թե ինչ է անում Բալթիկ ծովը
եւ թողել են, որ Ատլանտյան օվկիանոսը որոտա։
Ես համառեցի՝ բլաբ, փիֆ, շշշ…
Հետո բոլորը գոռացին. «Սպանեք նրան»։
Նա հրաժարվել է մարդու իրավունքներից եւ կենսաթոշակներից,
հարկային բեռի հավասարեցումից, իր հայրենիքից,
լսեք լեզվակռիվը։
Դա Բալթիկ ծովը չէ, դա դավաճանություն է։
Ցավոտ հարցեր ուղղեք նրան, դուրս բերեք աշտարակը,
ձգեք, ջարդեք անիվները, փակեք, կոտրեք եւ փայլեցրեք,
պտուտակներ տեղադրեք նրա հիշողության մեջ։
Մենք ուզում ենք իմանալ, թե որտեղ եւ երբ։
Ոչ թե ծղոտե ամբարտակի եւ քաղաքային մարգագետինների վրա եմ ծնվել,
ոչ թե Պֆեֆերշթադթում,— ահ,
ես ծնվել եմ Հոլմի հացահատիկների մեջ,
Շտրիսբախի մոտակայքում, Հերեզանգերի մոտ
եւ այնպես է պատահել, որ այդ փողոցը լեհերեն կոչվում է Լելեեւելա,
մնացել է միայն մուտքի դռան համարը։
Եվ թաց ավազը կաթում է՝ գավաթ…
Այնտեղ լույսը սպասվածից ավելի արագ է փոխվում։
Ճայերը ճայեր չեն, այլ…
Եվ կաթը՝ Վայխզելի վտակը,
մեղրով լի հոսում էր կամրջի կողքով։
Մկրտված, պատվաստված, հաստատուն, կրթված։
Ես խաղում էի ռումբի բեկորներով։
Եվ ես մեծացել էի
Սուրբ հոգու եւ Հիտլերի պատկերի միջեւ։
Իմ ականջներում մնացել էին նավերի շչակների,
ընդհատված նախադասությունների, քամուն ուղղված ճիչերը,
սուրբ զանգերի ղողանջներն ու գետաբերանի մոտի խարույկները
եւ մի հնչյուն Բալթիկ ծովից՝ բլաբ, փֆֆֆ, շշշ…
*Կլեկերբուրգ — երեխաների կառուցած ավազե ամրոցները հաճախ անվանում են կլեկերբուրգ։ Շատ խոնավ ավազը կաթում է հատակին, որի միջոցով կառուցվում են աշտարակներ, որոնք միավորվում են ամրոցի մեջ։
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

