…քո ստվերն իմ գոյության միակ հայելին է,
այնտեղ, ուր լույսն ինձ չի ստվերագծում
1
երբ ժամանակն ազդարարեց իր գոյությունը,
մի մարգարե գրեց.
«…հետո վերքեր կփնտրես, ու չես գտնի
միայն սպիեր, որոնց տակ մնացած ցավին մատներով չես հասնի:
կճանկռոտես մաշկդ, բայց արյուն չի լինի:
բառեր, բառեր, բառեր…
բառերը կկորցնեն քեզ:
գիշերները կկորցնեն երազները:
մարդիկ մարդկանց կարիք կունենան, բայց չեն գտնի իրար:
կաղմկեն նոտաները:
դատարկ կտավներ ու հայացք՝ անտարբեր:
…»
և ամեն ինչ կատարվեց անտարբերության մեջ
2
մարմինը խաղում է լույսի հետ՝
ստվեր է ծնվում
այն ամենն, ինչի միջով չի անցնում լույսը,
ստվեր է ծնում
ինչպե՞ս անցնել տարածությունն այս
մարմինների միջով,
որ անանդրադարձ կլանում են լույսը
դեպի ու՞ր գնալ,
երբ ամեն ինչ հիշողություն է
անԷԱԿան
3
թարթվող կոպեր, որոնց տակ աչքեր չեն բացվելու
ինչ-որ բան է ցավում
հայացք, առանց դիմագծերի,
հիշողություն,
սփոփանք, որ բառերը կարևոր չեն համարում,
իրականություն, որ օտարում է ամեն ինչ
և անիմաստություն,
որ ամեն ինչ միատարր է դարձնում
մարմինը խաղում է լույսի հետ՝
ստվեր է ծնվում
ստվեր, երբ արև այլևս չի լինելու
ստվեր՝ բաց անապատում
առանց երկրաչափության մի ստվեր
հետապնդում է ինձ,
կոտրում բոլոր հայելիները.
փշրանքներ,
որոնց մեջ իմ արտացոլանքը չլինելու մասին է
4
արևը գոլորշացնում է մարմինը
և ի՞նչ է մնում
մի ստվեր դեռ խաղում է իմ բառերի հետ
անմարմին մի ստվեր
դատարկում է բանաստեղծությունս տողերից,
տողերս՝ բառերից.
տառերը քաոսի մեջ են
քամին քրքրում է ծառերը
բոլոր ձայները լռության են տանում:
այն, ինչ հասնում է ինձ երաժշտություն է՝
անբառ, անմարմին, առանց նոտաների
մեկ գույն՝ տարբեր երանգներով,
մի մարդ՝ առանց ներկայության,
մի ստվեր՝ առանց մարմնի,
անավարտ մի խաղ՝
արևի ու հողի միջև
քամին քրքրում է ծառերը
5
ամեն ինչ կատարվեց անտարբերության մեջ
մի քամի քրքրեց ծառերը
մի մարմին կլանեց ամբողջ լույսը
քաոս եղավ
6
այս քաոսն իմ գլխում՝
առանց որևէ օրինաչափության,
առանց ուղղության,
առանց միտք որսալու հնարավորության…
այս քաոսը հետևանք է ու նախերգանք…
ինչ-որ բան պիտի ծնվի
աշխարհը նոր փոփոխությունների կարիք չունի,
քանի դեռ չի փոխվել…
7
շարժումը գոյության ամենահայտնի ձևն է.
անշարժ եմ…
գոյությունը կատարյալ է
կյանքն այն է, ինչ կատարվում է կատարելության մեջ
պետք է ազատվել քաոսից
այն տարածությունն, ուր իրական եմ
այն տարածությունն, ուր գոյություն ունեմ
շուտով կբախվեն իրար
քաոսը կուլ կտա ամեն ինչ
լռությունը կլինի
այլևս ոչինչ չի լինի
այլևս ոչինչ չի լինի
