Մի քանի օր էր արդեն, որ ցավը զուսպ հասունանում էր, կինն ուզում էր գոնե անհարմար մի ժամի չպորթկա, բայց ինչ պես կարող էր իրեն կառավարել: Դեպի հանրախանութ էր գնում, երբ երաժշտություն պոկվեց ռադիոյից` նրան լիովին ոչնչացնելու համար և, այդ ժամանակ, ուրբաթ օրվա առավոտյան ժամը տասն անց քսան րոպեին բավականին աշխույժ մի փողոցում նա սկսեց լաց լինել:
Ականցը փնտրեց պայուսակում, բայց ռադիոն չանջատեց, որովհետև էլ ճար չկար, հիմա, երբ արտասվում էր: Մտքերը, օգտվելով հոսող արցունքներից, տիրեցին գիտակցությանը, աչքի ոսպնյակներին: Բոլոր ճշմարտությունները միասին ջրի երես ելան, քանի որ տառապանքը կանգնեցնելու այլ ճար չկար, առնվազն զգուշորեն պիտի մեքենան կանգնեցներ: Մի հանգիստ փողոց փետրեց, կանգ առավ մեջտեղի գծին, բայց մայթին մարդիկ կային: Շարժվեց: Մի ուրիշ փողոցում մեքենան կանգնեցրեց մի շենքի առջև, բայց հետո դռնապանին տեսավ, որը վեր կացավ նստարանից ու մոտեցավ տեսնելու, թե այդ տարօրինակն ով է օրվա այդ ժամին: Այդ տեղից էլ գնացի:
Անցավ պողոտաներով, որոնք ավելի մեծ արագություն էին պահանջում, բայց չէր կարողանում գնալ քառասուն կիլոմետր ժամից արագ. անհնար էր` ցանկացած ուղղությամբ: Նա դան դաղ թափառում էր թաղծի մեջ, որն առանց պահն ընտրելու վերջապես եկել էր իրեն ընդառաջ:
Հանրախանության մոտ, երբ արդեն թվում էր, թե սկսում է ինքն իրեն կառավարել, պորթկման մի նոր ալիք բարձրացավ, ու ավելի շատ արցունք դուրս հորդացի. պետք էր կանգ առնել: Գնաց ինչոր մի դպրոցի շրջակայք, բայց այնտեղ ապահով չէր, շատ ծանոթներ կային: Փորձեց մի փոքր ու լքված բնակելի ծառուղի մտնել, բայց թիկունքում իրեն սևեռած աչքեր տեսավ: Քիչ առաջ անցավ, նորից կանգ առավ մի լքված տարածքում, իսկ այդտեղ վախը թույլ չտվեց մնալ, միայն դա էր պակաս, որ դառնար ինչոր մի ուրիշ բռնության զոհ, իրեն արդեն բավ էր այս զգացմունքների նոպան, որը չէր դադարում:
RAYBAN-ը դրած կարմրած քթին փորձում էր թաքցնել խոնավ մաշկը: Թող ոչ ոք իր մեքենայով չհավասարվի իմ գծին այս արգելված նշանի տակ, մտածում էր նա, միաժամանակ խորհում սխալ կյանքի մասին, որն ապրում էր, ուրիշի՞ կյանքի, որն իրենը չէր: Որտե՞ղ սկսի փնտրել այն ուրիշին, որ մի օր ինքն է եղել: Չէր գիտակցում, որ հենց դա էր տեղի ունենում, իր հուզումնալից հանդիպումը հենց իր հետ ներսից իրեն ջախջախելու համար:
Տեմպը դանդաղեցրեց մի եկեղեցու մոտ, բայց այդտեղ ավտոբուսի կանգառ էր, անհնար էր կանգնել: Կանգնեց մի ուրիշ շենքի առջև, բայց ապրել էր այդ փողոցում: Զբոսայգու դիմաց` ոչ: Որևէ մեկը կգա բարևելու. միշտ գտնվում է մեկնումեկը, ով ինչոր տեղից քեզ հիշում է:
Չկարողանալով մեքենան կանգնեցնել, ստիպված եղավ կտրել լացը: Դեմքը մաքրեց մի թղթե թաշկինակով, որ գտավ ձեռնոցի տուփի մեջ, նայեց ավտոմեքենայի ետևի հայելուն, որ տեսնի արդյո՞ք տեսքը մատնում է իր հոգևիճակը և որոշեց, որ նորմալ է` կյանքին ընդդեմ դուրս գալու համար, բավ է RAYBAN-ը դեմքից չհանի:
Հասնելով հանրախանութ` վերցրեց առևտրի սայլակն ու ուսումնասիրեց գնումների ցուցակը, որ տան սպասավորն էր տվել: Ալ յուր: Միս: Ձեթ: Զուգարանի թուղթ: Սոխ: Կինը, որ ինքը չէր, նորից կստանձնի հրամանատարությունը:
Թարգմանությունը պորտուգալերենից՝ Անի Վարդազարյանի
