Նարինե Աբգարյան | Ինիշերինի Բանշիների շիզմոգենեզը

Ու եթե դու չես տեսել հսկային, այլ ես եմ տեսել, արդյոք չպե՞տք է դու ինձ թողնես
կռվել նրա դեմ։ Եթե նույնիսկ նա հողմաղաց է։ Եթե հատկապես նա հողմաղաց է։

Երբ Դոն Կիխոտը հաստատ հավատում էր, որ հողմաղացները հսկաներ են, և ձիով մղվում դեպի ամենամոտը՝ խոցելով նրան իր նիզակով…հենց այդ պահին մի ուժեղ քամի պտտեց թևերը, և գետնին ընկավ ոչ միայն նա, այլ նաև այն վերջին պատրանքը, թե ինչ-որ մեկն ի վերջո կհասկանա իր պայքարը։ Պայքարը, որը ոչ թե բանական էր, այլ անձնական։ Ոչ թե հաղթելու համար, այլ՝ ինքն իրեն չկորցնելու։ Իսկ երբ ընկերը ասաց՝ «գուցե տու՞ն գնանք», դա նույնքան անօգուտ էր, որքան հարցնելը՝ «ինչի՞ ես ինքդ քեզ վնասում»։ Դոն Կիխոտը երբեք չէր կարող վերադառնալ տուն։ Նա ծնվել էր ճամփա կոչվող մի հոգեվիճակում։ Եվ ընկերը՝ Սանչոն, դա գիտեր։ Ու երբ ինքը, շատ տարիներ անց, բուժվեց, Սանչոն լռեց։ Այս պատմությունը գուցե ուրիշ ընթացք ունենար, եթե մեկը, այնուամենայնիվ և ի վերջո, չընդուներ ու չհասկանար մյուսի պայքարը հողմաղացների դեմ։

Սա ուրիշ պատմություն է։ Բայց սերմերը նույն հողի մեջ են։

—-

Մենք բոլորս դաժան ենք, այնպես չէ՞։ Բոլորս էլ երբեմն ծայրահեղ ենք այս կամ այն կերպ, և դրաման, հույներից ի վեր, հենց դրա հետ էլ գործ է ունեցել։ Արիստոտելի՝ ողբերգության ընկալման մեջ աղետը կամ պերիպետեան ներկայացնում է դրամայի գագաթնակետը, որն առաջացել է հերոսի մտադրություններից, ով, չգիտակցելով դրանց անկատար բնույթը, ականատես կլինի իր բախտի՝ այս կամ այն կերպ հաստատվելուն։

Ժամանակակից սինեֆիլները, իրենց բնորոշ բացատրասիրությամբ, ջանում են իմաստ փնտրել պատումը բառացիորեն բեմադրած ռեժիսորների գործերում՝ անտեսելով, որ արվեստը պարզունակ հաղորդագրությունների վերածելը անշնորհք հանդգնություն է, և որ արվեստը հարցեր է բարձրացնում, ոչ թե պարզունակ պատասխաններ շպրտում կյանքի և մարդկային վիճակների վերաբերյալ։

Միշտ չէ, որ պարզ է՝ արդյոք ՄաքԴոնան խաթարում է Իռլանդիայի և իռլանդացիների մասին հին կլիշեները՝ մշուշոտ պոետիկա, գեղջկական հետամնացություն, բուռն ալկոհոլիզմ և այլն, թե՞ պարզապես օգտագործում է դրանք իր յուրահատուկ ձևով։ Նրա վերջին ֆիլմը «խափանված առակ» է (Ռանսիերի ականջը կանչի). այն հակասում է արիստոտելյան գործողությունների միմետիկ տրամաբանությանը՝ սյուժեն տեղավորելով որոշակի մարգինալ ժամանակի ու տարածության մեջ, և սկզբունքորեն պահպանում է մարգինալության փոփոխականությունը. երբ թվում է՝ կոմեդիա է էկրանին, լողում է դեպի

սարսափ, երբ թվում է մետաֆիզիկական, աբսուրդիստական ֆարս, վերածվում է ողբերգության։ Երբ սյուժեն արդեն չի շարժվում, բայց ինքը՝ կյանքը, դեռ մնացել է։ Երբ աղետը տեղի է ունեցել առանց էֆեկտի, առանց շուքի, առանց մաքրումի։

Իմ նպատական այստեղ ցույց տալն է, թե ինչպես է տարածությունների, տեսանկյունների և կերպարների միջև կողմնորոշիչների տեղաշարժը համընկնում, համապատասխանում որոշակի մթնոլորտներին՝ մեզ պարտադրելով պատկերին ու պատումին մոտեցման որոշակի եղանակ։ Ես ֆիլմի իմաստի մեկնաբանման հանդգնությունը չունեմ ինչպես ներսորեն, այնպես էլ հանրային, բայց եթե թույլ տաք, ես կփորձեմ միայն բացել մի պատուհան դեպի այդ լանդշաֆտը՝ չհանդգնելով բացատրել, բայց փորձելով համաժամանակեցնել կարծրատիպային միջավայրերը, մասնավորապես՝ մարգինալության կոնցեպտը և միայն այն տարածությունները, որտեղ մեկը փորձում է դուրս գալ սենյակից, ուր մյուսը որոշել է մնալ մինչև մահ։ Դիտարկել Ինիշերինը ոչ թե ուղղակի համայնք, այլ համայնքում մարգինալացվող հերոսներ՝ ըստ մեկուսացման իրենց տարբեր պարադիգմերիի՝ փախուստ, խզում, ինքնավնասում, կամ, ինչպես Պոդրիկը՝ համառ անփոփոխելիություն։

«Ինիշերինի բանշիները» պատմում է «համայնքի» և «անհատի» միջև լարվածության մասին։ Համայնքը սահմանափակում է անհատականությունը, բայց անհատականացումը վտանգվում է օտարացմամբ և մեկուսացմամբ։ Ֆիլմի վերնագիրը վերաբերում է դիցաբանական կին արարածի՝ բանշիի, որի ճիչը, ասում են, անխուսափելի մահվան մասին է։ Հավաքական ապագա մահը՝ արդեն իսկ առկա ոչնչացումը, որը կանխագուշակում են ծերունին, պատգամախոս քուրմը, շամանը կամ Ինիշերինի Բանշիները՝ որպես հիշեցում, որ այստեղ մահն իսկ երբեք պատշաճ չէ։

Ֆելանը հետաքրքիր մեկնաբանություն ունի ֆիլմի վերաբերյալ՝ որպես Հայդեգերի ազդեցությամբ եվրոպական փիլիսոփայական շարունակական բանավեճի արտահայտություն, որը վերաբերում է ժամանակի ընթացքում ինքնավար գոյության հնարավորությանը և դրա խանգարումներին։ Ես ուզում եմ գրել հենց այս խանգարումների և խզումների մասին։ Որպեսզի մոռանանք հարցնել՝ արդյոք ֆիլմը սարկազմ է, թե ոչ։ Որպեսզի չփորձենք զոռով դասակարգել ժանրը։ Որպեսզի չասենք՝
«հա, բայց հսկաներն իսկապե՞ս չկային»։

«Աշխարհը ձյուն է․ ու միշտ նույն տեղում է հալվում», գրում էր Շուշանյանը։ Այստեղ աշխարհը թունավոր համայնքի շուրջ էր սփռվում։ Իսկ եթե կղզին ինքը համայնք է, ապա դրա լռությունն ավելի ճնշող է, քան դրա լանդշաֆտը։ Այն հաճախ բնութագրվում է լրացուցիչ շիզմոգենեզով: Մարդիկ հայտնվում են ասիմետրիկ դերերի մեջ, որոնք փոխադարձաբար ընդգծում են միմյանց։ Այս թունավոր համայնքը կարող է բացահայտվել ճշմարտացի խոսքի միջոցով, բայց ճշմարտությունն ասելով՝ անկեղծ խոսքը խախտում է այն լռակյացությունը, որը պահպանել է այդ ապրելակերպի որոշակի հանդուրժողականություն:

Այստեղ մարգինալությունը արդեն բացի տարածականից նաև կառուցվածքային է՝ համայնքի ներքին լոգիկան, որտեղ բովանդակությամբ չհիմնավորված սոցիալական

հարաբերությունները պայմանավորվում են բացակայությամբ։ Սա համայնք է, որը քեզ չի վռնդում, պարզապես չի լսում։ Մի համայնք, որը գոյատևում է «զսպվածության» վրա։ Փոխարենը՝ կա մի պահանջ՝ լինել «նորմալ», լինել «ինչպես միշտ», լինել սահուն։ Իսկ ով շարժում է այդ տեկտոնիկան, դառնում է զավեշտ, աղետ, կամ պարզապես անհետանում։

Հերոսներից յուրաքանչյուրը, ի վերջո, արձագանք է այս համայնքին՝ որպես հիվանդ սոցիալական մարմնի։ Որովհետև համայնքը չի ընդունում մարգինալին, ավելին՝ հենց ինքն է մարգինալը՝ հեռացված քաղաքակրթությունից, ժամանակից, արդիականությունից։ Քահանան, ոստիկանապետը, պանդոկի տերը, անգամ փոստի կինը գործում են իբրև լռության գործակալներ։ Նույնիսկ օրենքն ու բարոյականությունը այստեղ աղմուկ չեն հանում։ Ֆուկոյական պառրեսիան (parrhesia)՝ ճշմարտության բաց խոսքը, այստեղ բացակայում է, և հենց իր բացակայությամբ է պահում կարգը։ Այս համայնքի «խաղաղությունը» պահվում է այն գնով, որով ճշմարտությունը լռեցվում է ներսում։ Իսկ երբ մեկը փորձում է արտաբերել այն, նա պարզապես կտրվում է, լուրջ ու լռելյայն՝ ինչպես Կոլմի մատները։

Colm: I just don’t have a place for dullness in me life anymore.
Siobhán: But you are living on an island off the coast of Ireland, Colm, what the hell are you hoping for like?

Շիզմոգենեզը՝ հակամարտության սրմամբ միմյանց սահմանող փոխկախված դերերը, այստեղ լիովին ուժի մեջ են։ Թե փորձես լինել մի բան, որից համայնքը չունի նախադեպ, քեզ դուրս կշպրտի, կդարձնի բանշիի հասցեատեր՝ դեռ ողջ ժամանակ։ Այն նորմալությունից դեպի գրեթե ֆանտաստիկ, գրոտեսկային ռեժիմ անցման ֆորմալ համարժեքն է, որի դեպքում գյուղական ձանձրույթը կամ «մռայլությունը», ինչպես արտահայտվում է սցենարում, վերածվում է արյունալի ինքնախեղման։

Ինիշերինը, ինչպես ցանկացած մարգինալ տարածք, ապրում է մեկուսացման լոգիկայով։ Բայց «մեկուսացված» բառը քիչ է. սա տարածություն է, որին աշխարհը նույնիսկ չի էլ փորձել մոտենալ։ Այս կղզում մարդիկ ոչ թե պատերազմի մասնակից չեն, այլ դրա իմաստը չեն էլ կարող ձևակերպել։ Քաղաքացիական պատերազմը՝ ջրից այն կողմ, գուցե մահվան շուրջ է, բայց այն կյանք ունի։ Կռվողների աշխարհը կարող է ցնցող, քայքայող, անգամ հուսահատ լինել, բայց այնտեղ կա շարժում՝ դեպի ինչ-որ բան։ Ինիշերինում այդ շարժումը չկա։ Այստեղ ոչ մի բան «առայժմ» չէ։ Այստեղ ամեն ինչ արդեն ավարտվել է, ու դա տեղի է ունեցել այնքան վաղուց, որ նույնիսկ հիշողություն չի մնացել՝ թե երբ։

Սա մարգինալության ամենաբարձր աստիճանն է. երբ մոռացվել ես ոչ միայն ուրիշների, այլև քո կողմից։ Երբ պայքարը տեղի է ունենում ուրիշ տեղ, ուրիշների համար, իսկ դու՝ նստած ժայռի վրա, չես կարող կողմ ընտրել, որովհետև չգիտես անգամ, թե կողմն ընդհանրապես որ ուղղությունն է։

Այստեղ կոնֆլիկտը կղզու վրա չի սկսվում պատերազմից։ Այն սկսվում է պատերազմից դուրս մնալու կասկածից։ Կոլմի ներսում սկսվում է ճեղք, որը բոլորովին չի բխում ձանձրույթից, այն խորը գոյաբանական է։ Ջրի մյուս ափին մարդիկ մարտնչում են

իմաստի համար, մինչդեռ ես անիմաստ եմ ապրում։ Եվ եթե հնարավոր է գոյություն, որ իմաստով է լցված, ուրեմն իմ այսպիսի գոյությունն արդեն անարժեք է։ Պատերազմը՝ որպես ֆոն, աշխատում է որպես ներքին վերադասում։ Այն խախտում է իներտությունը։ Կոլմը պայքարը Պոդրիկի դեմ չէ, ինչպես դիալոգները կարող են շփոթեցնել կինոյում։ Պոդրիկը պարզապես հիշեցումն է այն մարդու, ով չի հասկանում՝ ինչու պայքարել։ Մարդը, ում համար կյանքը պարզապես ապրելու համար այն իմաստավորել պետք չէ։ Բայց սա այն նույն կյանքն է, որը Կոլմն այլևս չի կարող ընդունել որպես բավարար։ Իսկ Պոդրիկը, շրջանցելով բոլոր ֆրոնտները, մնում է միակը, ով չի պայքարում և չի էլ հասկանում՝ ինչու են մյուսները սկսել։ Նա համակերպված է կղզուն, լռությանը, կրկնությանը։ Նրա դեմքին շարունակությամբ նստած է միամտությունը, մի տեսակ բարոյական իներտություն, կարծես սեփական ձանձրույթի արդարացում։

Այս փուլում տարածական ու սոցիալական մարգինալությունը դառնում է նաև էթիկական. ինչպիսի՞ մարգինալ ընտրություն ես կատարում, երբ գիտակցում ես քո մոռացվածությունը։ Մի՞թե դիմում ես փախուստի, ինչպես Շիբոնը, հանձնվում, ինչպես Դոմինիկը, դառնում դևիանտ՝ Կոլմի պես, թե՞ մնում ես ճակատագրական համակերպման մեջ՝ անփոփոխ, անձեռնմխելի, միամիտ Պոդրիկ։
Համայնքը, որը մերժում է կոնֆլիկտը, մերժում է նաև ապագան։ Նա չի գիտակցում, որ երբ կորստյան հնարավորությունը վերացվում է, կյանքի հնարավորությունն է վերացվում։ Դա մահ է՝ առանց սևազգեստների։ Ինիշերինը չունի ապագա, որովհետև չունի ժամանակ։ Նրա ժամանակը ոչ թե լինեար է, այլ ցիկլիկ, ինվոլյուցիոն՝ միշտ նահանջող դեպի նույն տեղը, որտեղ ձյունը միշտ հալվում է։ Կղզին չի ընտրում կողմ քաղաքացիական պատերազմում՝ ոչ զուտ քաղաքական անգործության պատճառով, այլ որովհետև գաղափար չունի կողմ ընտրելու մասին։ Էնպես էլ չի, որ հրաժարվում է ապագայից կամովին, այն ուղղակի անգամ չի կարող մտածել դրա մասին։ Դա է իրական աղետը։ Ոչ թե բռնությունը, այլ նրա բացակայությունը։ Ոչ թե մահը, այլ նրանից առաջող չգոյությունը։
Քոլմը, հակառակ կղզու սովորույթին, լսում է Բանշիի երգը։ Նա իմանում է՝ ինչ է նշանակում սպասել մահվանը սրբազան խռովքով՝ անգիտակից տրտմության փոխարեն։ Նա դադարում է ապրել համայնքի օրենքով, որտեղ անտեսանելի լռությունը պահպանում է ողջախոհության պատրանքը։ Նա ընտրում է գիտակցաբար լինել մարգինալ՝ կղզու մեջ, իր հյուսած սեփական եզրին։
Siobhán: I think you might be ill, Colm.
Colm: I do worry sometimes I’m just entertainin’ meeself while I stave off the inevitable. Don’t you?
Siobhán: No, I don’t. Colm: Yeah, you do.
Շիբոնը ընտրում է փախչել, ինքը դասական գյուղացիական հասարակության վերջնական պատմությունն է՝ արտագաղթ՝ խուսափելու դրա նեղ սահմաններից, որոնք չեն կարող ներքին կերպով բարեփոխվել լռակյացության նորմատիվ հրամայականի պատճառով, որը, թեև ֆունկցիոնալ և անհրաժեշտ է, կարող է լինել պաթոլոգիական «թունավոր

համայնք»։ Վերջը կարող է կանխվել, և աշխարհը կարող է փրկագնվել, եթե անձև լիմինալության մահացու լճացումը կարողանա դառնալ ձևավորող դիալեկտիկա։ Նա փախչում է, քանի որ գիտակցում է, որ այստեղ ոչ մի կոնֆլիկտ չի լուծվում. այստեղ կոնֆլիկտը ջերմաստիճանի նման բան է՝ երբեք չի դառնում կրակ, բայց մշուշոտ մխում է։
Դոմինիկը, ով ի սկզբանե էր խոցելի, մոռացված համայնքի մոռացված անդամը, չուներ փրկագնման լեզու։ Սիրո հույսը ավարտվում է բարեհոգի մերժումով, և երբ ճշմարտությունը ծանրանում է չափից ավելի, մարմինը պարզապես հրաժարվում է այն կրել։ Well, there goes that dream…
Այս կերպարները կանգնած են մի սահուն, բայց սարսափելի անցման մեջ՝ դեպի գիտակցման տարածք։
Պոդրիկը իրականում վերջինն է, ով ձայն է ստանում։ Նա այնքան լավն էր, այնքան
«սովորական», որ երբեք չէր մտածել՝ ինչու է ապրում։ Նրա բարությունը վախեցնող է, որովհետև չգիտի դրա գինը։ Լինել բարի, որովհետև հակառակին չես հանդիպել։ Նա դառնում է այն մարդը, ում դեմ պայքարում էր՝ չուզենալով ընդունել, որ իր բարությունն էլ մի տեսակ բռնություն էր՝ ուրիշների ազատ ընտրության դեմ։
Իր քարանձավում երջանիկ Պոդրիկն իրերը տեսնում է հիմնականում մի տեսանկյունից. ախր ազգանունը Súilleabháin է, բառացի՝ «միաչքանի»։ Էս խեղճ ցիկլոպը դանդաղ անցում է կատարում դեպի էթիկական մթության խոռոչը՝ ուղղակի ոչ թե հեղափոխությամբ, այլ մեղմ կապիտուլյացիայով։ Նրա չգործելը՝ չգնալը, չհեռանալը, չխորտակվելը, իսկապես միակ գործողությունն է, որ կարողանում է թույլ տալ իրեն։
Չորսով կանգնած են իմաստի և չիմաստի սահմանին, և սա է մարգինալության ճշմարտությունը․ մարգինալը միշտ գիտի, որ ինքը վերջի մոտ է՝ մոռացված, կողմնակի,
«մեկ»։ Եվ հենց այդտեղ է, որ սկսվում է ընտրությունը։ Ո՞վ է պայքարում, ո՞վ՝ փախչում,
ո՞վ՝ համակերպվում, ո՞վ՝ մեռնում։ Մարգինալ գոյության իրական նարատիվը չի ցավում չլինելուց, այն խուսափում է լինելու մասին հարցերից։
Կոլմի անտարբերությունը Պոդրիկի ձայնին ժամանակի հանդեպ անտարբերությունն է. նա կփախչեր Շիբոնի պես, եթե դրա ժամանակն ունենար։ Բայց հենց այդ ժամանակի կորուստն էլ իր մեջ ծնել է կոնֆլիկտը։ Դրա դիմաց Պոդրիկը դանդաղ լցվում է լիմինալ զգայացունց մի վիճակով, որտեղ ձանձրույթը նույնանում է մահվան հետ՝ ոչ հանկարծակի, ձգվող, անթափանց մահվան, որը կրում ես ներսում՝ որպես չխոստովանված վիճակ։

Նրանց ընտրությունները գոյաբանական են՝ մահվան մասին գիտակցությամբ պայմանավորված, բայց ոչ մետաֆիզիկական ձգտումներով։ Կոլմի ստեղծագործությունը, Շիբոնի մեկնումը, Դոմինիկի հեռացումը՝ կյանքի ձևեր են, որ հնարավոր են դառնում միայն այն բանից հետո, երբ կղզու դիեգեզիսը կոտրվում է, երբ նորմատիվ լռությունն այլևս չի պաշտպանվում։

Այս ամենը տեղի է ունենում մի տարածքում, որտեղ պատմությունն ինքը չեզոք է։ Քաղաքացիական պատերազմը՝ որպես միակ հղում իրականությանը, որևէ ներգործություն չունի կղզու վրա, բայց ունի՝ ներաշխարհների։ Աշխարհը շարժվում է, կղզին կանգնած է։ Այս վիճակում շարժումը ներսում է, և ներսում ծնվում են բախումները, բախումների ձևերը, բախումների ոճերը։ «Մարդկային ընտրությունը,– ասում էր Լևինասը,– միշտ տեղի է ունենում քաոսի սահմանի վրա»։

Այս չորս ընտրությունները՝ համակերպվելու, մեռնելու, հեռանալու, դիմակայելու, ցույց են տալիս կոնֆլիկտի իրական գծագիրը։ Մարդիկ փորձում են շարունակի արժանի նարատիվ ձևակերպել մի տարածության ներսում, որը մերժում է շարունակականությունը։

«Ինիշերինի բանշիները» վերածվում է մարգինալ տարածքում ծագող բախման՝ իր ամբողջ լիմինալ դաժանությամբ ու հնարավորություններով։ Երբ համայնքային նորմալության խաղը խախտվում է Կոլմի կողմից միակողմանի խզումով, և լռության բարոյական չխոսված կանոնը՝ Պոդրիկի կողմից, կղզում սկսվում է շիզմոգենեզի մի շրջան, որի սրընթաց միմետիզմը տանում է միաժամանակ և՛ հակամարտության վարակիչ տարածման, և՛ հնարավոր վերաձևակերպման։

Եվ այս ամենը ավարտվում է մի մռայլ լռությամբ՝ միաժամանակ փակելով և բացելով նարատիվը։ Սա հենց այն պահն է, երբ շիզմոգենեզը՝ որպես ավերում, դադարում է գոյություն ունենալ և վերափոխվում է սոցիոգենեզի՝ որպես վերաձևման։
Այս դրամատիկ կառուցվածքը արձագանքում է հին փիլիսոփայական դրամայի՝ հատկապես Սոկրատյան դիալեկտիկայի տրամաբանությանը, ինչպես այն արտահայտված է Պլատոնի «Ապոլոգիայում»՝ ճգնաժամը որպես ավանդույթի լճացման խախտում ընթերցելու և դրան ի պատասխան բարոյական վերաստեղծման հնարավորություն պատկերացնելու մոդելով։ Ողբերգությունը՝ ըստ իր դասական ձևի, հենց այդ խախտման՝ hubris-ի սահմանը հատելու մեղքի արձանագրումն է՝ ինչպես նաև այդ մեղքի հետևանքների ճանաչմամբ վերածնվող նոր կարգի հնարավորությունների դաշտը։
Այստեղ շիզմոգենեզը՝ որպես տարբերության սրումով պայմանավորված հակամարտության ճյուղավորում, ավանդաբար չի շրջվում դեպի կործանարար պառակտում, այն վերաձևում է նարատիվը։ Մնում է բաց հարց՝ արդյոք սա սոցիալական կապերի դրական վերակենդանացման սկիզբն է, թե Պոդրիկի՝ որպես նոր ինքնություն ձևավորած «հակադիր ինքնագիտակցության» հաղթանակը Կոլմի նկատմամբ։ Բարեբախտաբար, ՄաքԴոնան, որպես մաքուր enfant terrible, չի կլիշեացնում իր արվեստը վճիռներով։
Սա միայն քառանկյուն մարգինալության մասին չէ, սա այն համայնքի մասին է, որն իր լուսանցքներում ծնում է ճանաչման, մերժման ու միմետիկ հակամարտության միկրոդրամաներ։ Եվ երբ խոսքն ու երաժշտությունը լռում են, մնում է միայն մի ժեստ, մի հայացք, մի «խնդրեմ»՝ որպես սոցիալական կոնֆլիկտի անորոշ, բայց շատ մարդկային ձև։

Խախտումը երբեք չի եղել ողբերգության ավարտը. այն սկիզբն է՝ երբ լեզուն արդեն սպառվել է, բայց պատմությունը շարունակվում է։

Good luck to you, whatever you’re fighting about.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *