Վրեժ Իսրայելյան | Հայ-թուրքական հինավուրց խաղ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Գրեթե հարյուր տարի առաջ մի թուրք ուզեցավ տարբերվել մյուս թուրքից. հայ գաղթական կնոջը օրորոցային երկվորյակների հետ քարանձավում հայտնաբերելով: Նա զսպեց իր արյունակիցների մոլուցքը և փորձեց ստեղծագործական լիցք հաղորդել իր գործողություններին: Այդ «ստեղծագործության» արդյունքում այսօր ես կամ: Թուրքի այդ տեսակը գաղթական կնոջը փոխշահավետ գործարք առաջարկեց. եթե կինը խեղդի իր երեխաներից մեկին, ինքը խոստանում է պահպանել կնոջ և մյուս երեխայի կյանքը: Երևի կռահեցիք, որ տատս «ընդունել է» գործարքի պայմանները:
Արևելյան Հայաստան հասնելուն պես, հենց Էջմիածնում, մայր տաճարի դեմ հանդիման, տատս խելագարվեց: Հայր, որբանոցներում գոյատևելով, իր կյանքը բերեց-հասցրեց ինձ:
Այլ բաների հետ նա ինձ կտակեց նաև այս պատմությունը: Իմ կյանքի շատ ու շատ դրվագներ մոռացել եմ, բայց սա հիշում եմ:
Գրեթե հարյուր տարի անց, Ղարաբաղյան պատերազմի մասին պատմվածք մտմտալիս, հանկարծ հայտնաբերեցի, որ ցավը երևակայության թշնամին է: Ես պատերազմին չեմ մասնակցել, բայց տեսնում եմ, թե ինչպես է ծարավ հողը արյուն խմում, թե ինչպես են արեգակի շողերը խտտում սպանվածի դեմքը, և ինչպես է դրսից սողոսկող ջերմությունը դուրս մղվում նրա սառչող երակներից: Տեսնում եմ, թե ինչպես է վախը արիություն ծնում, և ինչպես են վաղվա հերոս հռչակվողները վախից թրջում իրենց տաբատները: Պատերազմը մարսելու համար խելք պետք չէ. մի քիչ հանդգնություն, մի քիչ էլ չտեսություն: Սխալ բան պիտի ասեմ, բայց ապացուցելու եմ, որ ճիշտ է. պատերազմ չտեսած գրողը ավելի լավ է զգում այն, քան այդ ողբերգության միջով անցածը: Ականատեսները միշտ պատերազմի մեջ սխալ բան են փնտրում և այնքան են խորանում այդ զբաղմունքի մեջ, որ կորցնում են ամենաէականը: Այնպես որ, առանց խղճի խայթ զգալու, սեփականել եմ այն, ինչ ուրիշին է պատկանում, ինչպես մեծն Տոլստոյը սեփականեց իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը:
Այն, ինչ պատմելու եմ, հորինվածք է, գրողի երևակայության արդյունք: Հայ և թուրք ազգայնականներին, այս և այն կողմի ականատեսներին խնդրում եմ` գլուխս ջարդելուց առաջ բարի եղեք մի քանի ակնթարթով մտնել հարյուրամյա այն քարանձավը, որտեղից ես չեմ կարողանում դուրս գալ:

* * *
Քամին ազգային պատկանելիություն չուներ. հայ երկրապահների դիրքերը հոտոտելով… Աշոտի աչքերին թոզ փչելով, անարգել խախտեց հայ-ադրբեջանական ռազմաճակատային գիծը և հայտնվեց ազերի կամավորականի մորուքի մեջ: Իր զորությունը գիտակցելով` քամին հանդգնեց ծաղրել հակառակորդների մարտավարական ծրագրերը, նրանց հայրենանվեր նկրտումներն ու հայեցակարգերը, սողոսկեց թշնամիների ինքնաձիգների փողերի մեջ, սվսվացնելով մերթ հայկական, մերթ թուրքական մեղեդիներ, որոնք մերթընդմերթ միաձուլվելով հավասարակշռում էին ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման միջազգային դրույթները: Հաշտարարի իր առաքելությունը քամին շարունակեց հարևան երկրների խաղաղ բնակավայրերին փոխանցելով իրենց քաջազուն զավակների հաղթական տրամադրությունները:
– Էս քամին էլ բռնաբարեց-թողեց,- ցաք ու ցրիվ եղած մորուքը հավաքելով ասաց ազերի կամավորականը:
Նույն պահին, հակառակ դիրքում, Աշոտ անունով հայ երկրապահը,սրտնեղելով քամուն իր սրածայր բեղերի դիմակայությունից, հայհոյեց.
– Ես քո տիրոջ մերը…
Քամին հայհոյանքներին պատասխանելու ցանկություն չուներ. մի քիչ հող հայկական դիրքերից, մի քիչ հող ադրբեջանական դիրքերից գողացավ, խառնեց-խառնշտեց, դես փչեց, դեն փչեց, հայ-ադրբեջանական մի փոշու ամպ սարքեր ու հավասարաչափ բաշխեց հակառակորդներին:
– Պարոն գնդապետ,- փոշի կուլ տալով ասաց ազերի կամավորականը,- մի հայ քածի ենք ճանկել: Խոսքը մեր մեջ, շատ համովն է: Ասում եմ` դեսերտի փոխարեն…
– Ռեստորանում չես, Մաքսուդ,- ասաց գնդապետը,- հետո էլ` ճաշակելուց առաջ գոնե մորուքիդ ոջիլներից ազատվիր: Հայերը ոջիլից զզվում են:
– Գերու զզվանք հարցնո՞ղն ով է: Մենք մեր գործը ոնց-որ պետք է կանենք… Դժգոհ չի մնա…
Գնդապետ Մեհմեդ Ամիրօղլին զտարյուն թուրք լինելուց զատ, այլ առաքինություններ էլ ուներ: Չուլ ու փալասի մեջ կոլոլված այս կամավորական կոչեցյալ խաժամուժից զզվում էր.
«Իբր հայրենասեր են: Շան հոտ է գալիս նրանցից: Եվ սրա±նք պետք է հայերի վերջը տան»: Նա աշխարհ տեսած մարդ էր: Գիտեր սեփական արժանապատվությունը որպես ազգային արժանապատվություն հրամցնելու նրբությունները: Գիտեր անգլիացուն, հնդիկին, ռուսին ու ճապոնացուն, մյուսներին: Ապրել էր հաղթելու և պարտվելու քաղցրություններն ու դառնությունները: Նրա պատվին թուրքական կիսալուսինը փողփողացել էր աշխարպի ազդեցիկ ասպարեզներում: Նա առաջին թուրքն էր օսմանյան կայսրության պատմության ընթացքում, որին հաջողվել էր նվաճել հրաձգության աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրան նա արժանացել էր եզրափակիչում մի հայ մարզիկի հաղթելով:
Այդ փաստը իր ազգակիցներին ավելի էր ոգևորել, քան բուն տիտղոսը: Հայրենիքում նրան դիմավորել էին որպես ազգային հերոսի, ինչը շոյում էր նրա ինքնասիրությունը, շեշտում նրա յուրահատուկ մարդկային կերտվածքը: Ինչինչ… թուրք հասարակությունը գնահատում է իր այն զավակներին, որոնք ամենադիպուկն են խոցելու արվեստի մեջ: Ըստ գնդապետի` թուրքական պատմությունը միտված է դեպի թիրախները. դրանք են օսմանյան կայսրության տեսլականի թափանիվները: Գուցե դա էր պատճառը, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից նրա մեջ ծնվեց իր արյունակից ազերիներին մարզելու առաքելությամբ, ռազմաճակատ գործուղվելու մտադրությունը:
«Ես չկորաղացա այս թափթփուկներին հասկացնել, որ թիրախը վերազգային բան է: Ամեն ինչի վրա գրում են «հայ» և կրակում այդ ուղղությամբ: Դրա համար էլ հաճախ են վրիպում: «Եթե ուզում ես խոցել` մոռացիր, որ թուրք ես, մոռացիր որ նա հայ է» ասում եմ նրանց: Իսկ նրա±նք… «Ախր ո±նց մոռանանք, պարոն գնդապետ»: Ես չկարողացա հասկացնել, որ հային գլխավոր թշնամի հռչակելով, մենք վիրավորում ենք մեր ինքնությունը, նսեմացնում մեր նախնիների երազանքները»,- մտածում էր գնդապետը, և այդ պահերին հուսահատությունը պատում էր նրան: Նույնիսկ Թուրքիա վերադառնալու որոշում էր կայացրել, սակայն ինքնասիրությունը համառել էր: Մեհմեդ Ամիրօղլու հռչակը միանգամից տարածվեց ադրբեջանական զորքերի մեջ: Գնդապետը կամավորականների վստահությունը շահելու ջանք գրեթե չգործադրեց: Ալլահի կողմից նրան շնորհված մարզական տաղանդը, որպես հաղթանակի խորհրդանիշ, ներծծվեց պատերազմի տրամաբանության մեջ:
– Պարոն գնդապետ,- շարունակեց Մաքսուդ անունով կամավորականը,- ղարաբաղցի տղաներից մեկը ոնց որ թե ճանաչում է այդ քածին, ասում է հայերի հրամանատարի քույրն է:
Գնդապետը իր այտոսկրերը ծամծմելով ասաց.
– Լավ է, շատ լավ է:
– Ասում եմ` խրտվիլակ սարքենք ու էն բարձունքին տնկենք: Թող տեսնեն իրենց ապագան:
– Հայերին սեփական խրտվիլակով չես վախեցնի,- ասաց գնդապետը,- նրանք իրենց արյունից էլ գինի կեփեն: Նրանց հետ ուրիշ լեզվով պիտի խոսես:
– Հայերի հետ խոսելու միայն մեկ լեզու գիտեմ,- ասաց կամավորականը,- քրտվիլակի լեզուն:
Նրանք դեռ անցյալի մեջ են, օգնենք թող այնտեղ էլ մնան:
– Իսկ մե՞նք, մենք հիշելու բան չունե՞նք,- զայրացավ գնդապետը:
– Ո՞րն է լավ, հիշեցնե՞լը, թե՞ հիշելը,- շարունակեց Մաքսուդը:
– Ալլահը վկա,- ասաց գնդապետը,- հայ թե թուրք, նույն բաներն են հիշում և մոռանում:
– Ատում եմ հայերին,- բորբոքվեց կամավորականը,- ճանճի պես միշտ հայտնվում են այն կաթսայի մեջ, ուր մեր երազանքն է եփվում:
– Ատելությունը նույնպես սնունդ է,- ասաց գնդապետը,- հրեաներին և հայերին պետք չէ ատել` զորեղանում են:
– Ուրեմն, սրբել է պետք աշխարհի երեսից,- ներեց կամավորականը:
– Դե սրբիր,- հեգնեց գնդապետը,- էս` դու, էն էլ` հայերը: Թե՞ ուժդ միայն մի աղջնակի վրա է պատում:
– Մաքսուդը մեր գլխին հայագետ է դարձել,- գնդապետին դուր գալու միտումով ծաղրեց մեկ այլ կամավորական:
– Ցավդ տանեմ, էս ի՞նչ լավ բան ասացիր. հայագե՜տ… իսկական անուն է, թե չէ` Մաքսուդ… Մաքսուդ… չի էլ հնչում,- խառնվեց մեկ ուրիշը:
– Այո՜,- ծոր տվեց գնդապետը,- չի հնչում:
– Ահա՛,- վախից կծկված աղջկան ցույց տալով` ասաց նոր-նոր «Հայագետ» մականունը վաստակաց Մաքսուդը,- ընդամենը սա է հայ կոչվածը: Թույլ տուր վախը չափեմ, արյունս ղզղնել է:
– Ո՛չ,- սրտնեղեց գնդապետը,- այս գեղեցկուհին իմ խաղընկերն է:
– Խաղընկե՞ր,- ուսերը թոթվեց Մաքսուդը,- ի±նչ խաղընկեր:
– Ես ռազմաբեմի արտիստ եմ,- ասաց գնդապետը,- սիրում եմ լեփլեցուն դահլիճներ և անսահման երևակայություն:
Թե ինչեր էր մտածել Ամիրօղլին, կամավորներից ոչ ոք չկռահեց: Ընդունում էին նրա հեղինակությունը, անձը, ավելի քան իրենց լպրծուն գեներալներին, որոնց ռուսահունչ ադրբեջաներենից զզվում էին նույնչափ, որչափ քաղաքական ճարտասաններից:
– Ինձ մենակ թողեք,- սենյակ մտնելով կարգադրեց գնդապետը:
Նստեց սեղանի առջև, հայացքը հառեց ճերմակ թղթին:
«Նամակ հայ կամավորական ջոկատի հրամանատարին»,- բարձրաձայն արտասանեց ու սկսեց գրել` ցուցադրելով վայելչագեղության իր տաղանդը:
«Պարոն հրամանատար, եթե ադրբեջանական դիրքերից մի թուրք գնդապետ նամակ է հղում հայ հրամանատարին, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ես ազերի չեմ, ոչ էլ ազերին է թուրք (ինչպես դուք եք պնդում). պարզապես մեզ միավորում և մեկ ազգ է դարձնում հայերի հանդեպ ունեցած մեր նույնական ատելությունը: Ես չեմ առաջարկում քանդել մեր և ձեր միջև եղած այդ պատնեշը, բայց հավատացնում եմ, որ այս պահին ատելությունը չէ, որ ինձ մղում է գործարքի առաջարկով Ձեզ դիմել: Մեզ մոտ մի հայ աղջնակ կա: «Գերություն» բառը նրան չի սազում, դրա համար էլ չեմ շեշտում: Ես խոսքի մարդ եմ, այն ինձ համար ավելին արժե, քան ազգային պատկանելությունն ու ատելությունը: Գիտեմ, որ հայերդ պատվի մարդ եք: Ես Ձեզ հնարավորություն եմ տալիս փրկել աղջնակի (մեր տվյալներով Ձեր քույրն է) կյանքն ու պատիվը: Առաջարկում եմ հինգ մենամարտ նրա համար` ինչպես հին, երանելի ժամանակներում էին անում, երբ խոսքը խոսք էր, պատիվը` պատիվ: Ընտրեք Ձեր լավագույն դիպուկահարներին: Նրանց հետ առանձին-առանձին մենամարտելու եմ ինքս, եթե կենդանի մնամ: Եթե սպանվեմ որևէ մենամարտի ընթացքում, աղջնակը անվնաս Ձեզ կհանձնվի: Եթե հինգին էլ հաղթեմ` դարձյալ կստանաք նրան: Որպեսզի չկասկածեք, որ ծուղակ է, չեզոք տարածքում առաջինը ինքս կհայտնվեմ: Կկրակենք ատրճանակներով. 40 մետր հեռավորությունից: Որպեսզի խաբեություն չփնտրեք վարքիս մեջ, պարզեմ իմ նպատակը. ես լավ եմ կրակում և վստահ եմ, որ հինգ մենամարտում էլ կհաղթեմ: Իսկ դուք, ուզած ելքի դեպքում էլ, աղջնակին փրկելու հարյուր տոկոսանոց հնարավորություն եք վաստակում: Փոխշահավետ առաջարկ է` ես հայրենիք կվերադառնամ իմ կենսագրությունը հարստացրա, իսկ դուք` հայի Ձեր տեսակը կպահպանեք: Վստահ եմ, որ ճիշտ որոշում կկայացնեք: Եթե ընդունենք, որ այս գործարքը հայ-թուրքական հինավուրց խաղ է, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես. Ձեր խաղընկեր, գնդապետ Մեհմեդ Ամիրօղլի»:
Այս անգամ քամին հակառակ կողմից էր փչում. ադրբեջանական դիրքերը հոտոտելով, Մաքսուդի աչքերին թոզ փչելով, նա անարգել կտրեց ադրձեջանա-հայկական ռազմաճակատային գիծը և հանդիպեց հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանի սրածայր բեղերի դիմակայությանը:
– Կամանդիր,- ասաց երկրապահներից մեկը,- թուրքը նամակ է ուղարկել:
Ռուսական բառեր օգտագործելով` հայ երկրապահները փորձում էին իրենց զինվորական կեցվածքին լրջություն հաղորդել:
Թուրքը նամա՜կ է ուղարկել…- փոստատար քամին լուրը տարածեց խրամատի երկայնքով:
– Ավետի՞ս է, թե գույժ. ջոկատը այն ընդունեց խանդավառությամբ: Նամակագրությունը միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների ամենաարհամարհված ժանրն է եղել:
– Եթե թուրքը նամակ է գրում, ուրեմն, թուրք չէ,- ասաց դեռ քսանը չբոլորած մի տղա, որին երգիծելու տաղանդի համար «Մեղու» մականունն էին կպցրել:
– Եթե թուրք չէ, ուրեմն ազերի էլ չէ,- ասաց մեկ ուրիշը:
– Եթե ազերի չէ, ուրեմն խարտոցն է,- հանրահայտ անեկդոտըը ակնարկելով խայթեց «Մեղուն»:
«Կամանդիր» տիտղոսով մեծարված երկրապահը, որի աչքերին ժամեր առաջ աներես քամին թոզ էր փչել, սրածայր բեղերը ոլորեց, սփյուռքահայերից նվեր ստացած առաջնակարգ սիգարը վառեց, խորը շնչեց ախորժալի ծուխն ու ասաց.
– Չմեռանք` թուրքի նամակին էլ արժանացանք:- Բացեց նամակն ու զարմացած ասաց,- ի՜նչ գեղեցիկ ձեռագիր ունի:
Ձեռքով մոտ կանչեց երկրապահներից մեկին:
– Մոտեցիր ծանրաձողին, «Լեզվաբան»,- ասաց նա,- ճիշտ կթարգմանես, շեշտի տեղը` շեշտ, բութի տեղը` բութ:
– Թուրքերը կետադրական նշաններ չունեն,- ասաց «Մեղուն»,- նախադասությունը սկսում է Ալին, շարունակում է Վալին:
Նամակը, որ շեքսպիրյան հերոսներին վայել ճարտասանությամբ արտասանեց «Լեզվաբանը» ցնցող տպավորություն թողեց հայ երկրապահների վրա: Ազդեցիկ էին թե Մեհմեդ Ամիրօղլու գրելաոճը, թե աղջնակի գերության փաստը, ինչին անտեղյակ էր ջոկատը, թե գնդապետի գործարքի լրջությունն ու նրա ինքնավստահությունը:
– Արա, «Լեզվաբան»,- ասաց երկրապահներից մեկը,- ոնց որ թուրքի նամակ կարդալու համար ծնված լինես: Չլինի± շպիոն ես:
Ջոկատը սրամտելու տրամադրություն չուներ: Լրջացել էր նույնիսկ «Մեղուն»:
– Կամանդիր,- ասաց նա,- դու գիտեի±ր…
– Ե՞ս… Կարևոր չէ,- կմկմաց Աշոտը:
– Ի՞նչ ենք անելու,- տխուր հարցրեց երկրապահներից մեկը:
– Թակարդ է,- ասաց մեկ ուրիշը:
– Անիծյալ թուրք,- նետեց «Լեզվաբանը»,- ինչ էլ խելոք է շարադրել:
– Ես կմենամարտեմ,- առանց շրջվելու ասաց մի երկրապահ:
– Ես էլ:
– Ես էլ:
– Դու կրակել չգիտես,- ասաց «Մեղուն,- ձգանը ատամով ես քաշում:
– Ռուսների հրաձգարանը մեր տնից հարյուր մետրի վրա էր,- ասաց մի ղարաբաղցի,- նրանց մթերք էինք տանում, փոխարենը մեզ` երեխաներիս կրակել էին սովորեցնում:
– Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարծում եք,- տխուր ասաց հրամանատարը:
– Մեր պատվի հետ է խաղում շունը և ոչ միայն պատվի…- ասաց «Լեզվաբանը»:
– Ես գիտեմ այդ գնդապետի մասին,- ասաց հրամանատարը,- նա մեր հինգին էլ կսպանի:
– Կամանդիր, էդ ի±նչ ես ասում,- բորբոքվեց երկրապահներից մեկը,- հո մենք սոխի գլուխ չե՞նք: Էդ գնդապետ է, ինչ զիբիլ է, թուրք է, չէ՞, հո Ալլահը չի՞:
– Եթե համաձայնենք` մեր հինգին էլ կսպանի: Նա աշխարհահռչակ հրաձիգ է, աշխարհի բազմակի չեմպիոն:
Հրամանատարի խոսքերը ռումբի պայթյունի պես տակն ու վրա արեցին խրամատը: Բոլորը սսկվեցին:
– Մեհմեդ Ամիրօղլին անկեղծ է, սա «հայ թուրքական հինավուրց խաղ է»,- լռությունը խախտեց հրամանատարը:
– Խաղը` խաղ, հասկացանք,- բորբոքվեց տարեց երկրապահը,- չկա՞ այնպիսի «խաղ» որտեղ աշխարհահռչակ հրաձիգը հայը լինի:
– Կա այդպիսի խաղ,- ասաց հրամանատար Աշոտ Վարդանյանը,- ինքը` թուրք գնդապետն է հուշում. «հայի ձեր տեսակը կպահպանեք»:
– Ի՞նչ իմանանք, ո՞րն է «հայի մեր տեսակը», էն ինչ-որ կանք, էդ ենք:
– Մեհմեդ Ամիրօղլին նենգ գործարք է առաջարկել` հինգ մահ մեկ կյանքի դիմաց: Հա, ասեմ, որ այդ աղջնակը իմ քույրը չէ, ես քույր չունեմ: Բայց դա չէ կարևորը: Նա ուզում է մեկ անգամ էլ ճանաչել իր թշնամուն: Ուզում է իմանալ, հայը ընդունա՞կ է հինգին զոհել մեկին փրկելու համար: Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ: Հենց դա պետք է պարզենք: Պատերազմական օրենքներով եթե դատենք, ճիշտ որոշում կկայացնենք, բայց հայի մեր տեսակը չենք պահպանի: Եթե հայի մեր տեսակը պահպանենք, Մեհմեդ Ամիրօղլուն կօգնենք, որ նա էլ թուրքի իր տեսակը պահպանի և հայրենիք վերադառնա «իր կենսագրությունը հարստացրած»: Սա է խնդիրը: Մտածենք: Կես ժամից պատասխան եմ գրելու:
Կես ժամից հայ երկրապահ ջոկատի հրամանատարը «Լեզվաբանի» օգնությամբ գրեց պատասխանը: Ընդհանուր համաձայնությամբ բարձրագույն հրամանատարության հետ այդ հարցը չքննարկեցին` վերադասին փրկելով «հայի իրենց տեսակը» պարզելու տանջալից փնտրտուքից: «Լեզվաբանը» ջանք չխնայեց վայելչագրության նույնքան պատշաճ մակարդակ ապահովելու համար: Պահպանվեց նաև թուրք գնդապետի հրամցրած հարգալից ոճը:
«Թուրք գնդապետ Մեհմեդ Ամիրօղլուն:
Պարոն գնդապետ, Ձեր նամակը ընթերցվեց ամոբողջ ջոկատին: Որոշումը կայացրինք քվեարկությամբ` շրջանցելով ռազմական օրենքները: Դուք խնամքով թաքցրել էիք Ձեր հրաձգության աշխարհի չեմպիոն լինելու փաստը: Իզու¯ր… Այդ փաստը ավելի հաստատակամ դարձրեց մեր վճիռը: Ձեր «կենսագրությունը հարստացրած հայրենիք վերադառնալու» զուտ թուրքական երազանքը և «հայի մեր տեսակը պահպանելու» հորդորը ավելի քան անկեղծ էր: «Հայ-թուրքական հինավուրց խաղի» Ձեր առաջարկը ընդունում ենք չնչին հավելումով` հինգերորդ մենամարտողը ես եմ լինելու (համոզված ենք, որ նախորդ չորս մենամարտերում Դուք հաղթելու եք) և կրակելու ենք երեք մետր հեռավորությունից: Այն բավարար է միմյանց աչքերի մեջ նայելու համար: Ատելության այն պաշարը, որ դարեր շարունակ գոյացել է մեր միջև, կսպանի և՛ ինձ, և՛ քեզ: Կենսագրություն հարստացնելու ավելի գեղեցիկ ձև ես չգիտեմ: Ցանկալի է «խաղը» սկսել առավոտյան, որպեսզի ձերոնք և մերոնք առջևում մտածելու օր ունենան: Եթե Ձեր առաջարկած խաղին իմ չնչին հավելումը Ձեզ չի վախեցնում, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես.
Ձեր մահընկեր, հայ երկրապահ ջոկատի հրամանատար`
Աշոտ Վարդանյան»:
Քամին, եթե ռազմական փորձագետ լիներ, չէր հաջողելու տարբերակել հակառակ դիրքերում ամրացած թշնամական բանակները միմյանցից. նույն համազգեստները, նույն բեղ-մորուսները, նույն տանջահար, բայց մարտականորեն տրամադրված դեմքերը, նույն անհամ, երբեմն` համով կատակները, նույն զենքերը, որոնց արձակած պայթյուններից թշնամու չափ իրենք էին վախենում: Ի՞նչ իմանա քամին, թե սրանցից որն է թուրք, որը` հայ: Ախր, գաղտնիք էլ չկա, որ մեկից առնես` մյուսին տաս: Երկուսն էլ թիրախ են. անձրև եկավ` երկուսն էլ թրջվում են, կայծակը երկուսին էլ խփում է, անտեր շունը երկուսի վրա էլ հաչում է: Մեկն էլ չկար, որ ասեր. «Քամի, այ քամի, մարդկանց գործերին մի խառնվիր», ոչ այս կողմից, ոչ այն կողմից մեկն էլ չկար, որ քամուն ժողովուրդների հերոսական պատմություններից դրվագներ հիշեցներ, Օսմանյան կայսրության և Մեծ Հայքի քարտեզները անձամբ քջջելու պատեհություն ընձեռեր: Բայց դե քամին հենց նրա համար է քամի, որ լսելու ընդունակ չէ, իր գործի տերն է` մեկ այս կողմից, մեկ այն կողմից փչում է ու փչում…

* * *
Պատմվածքի սկզբում խոստովանեցի, որ այսպիսի դեպք չի եղել, այն գրողի երևակայության արդյունքն է: Եղել է, թե չի եղել` այն իր տրամաբանական ավարտը պետք է ունենա: Ընթերցողը պարտավոր է իմանալ. կատարե՞ց արդյոք Մեհմեդ Ամիրօղլին իր զուտ թուրքական երազանքը` հարստացնել իր կենսագրությունը: Հաջողվե՞ց, արդյոք, հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանին երեք մետրից նայել թուրք գնդապետի աչքերի մեջ. և ի±նչ տեսավ այնտեղ: Արդյո՞ք հինգի մեջ էին «Մեղուն», «Լեզվաբանը»: Իսկ աղջնա՞կը…
Վերջիվերջո ինչպե՞ս ավարտվեց հայ-թուրքական հինավուրց խաղը…
Գրողի ճակատագիր է, ինքն իրեն փորձանքի մեջ է գցում և ամբողջ կյանքում փորձում է այդ փորձանքից դուրս գալ: Եթե ճշմարտությունն ասեմ` կամ այս կողմից, կամ այն կողմից գլուխս կջարդեն. ընդամենը արձանագրում եմ փաստը` հայ ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ այդ պատերազմում (սա արդեն իմ երևակայության արդյունքը չէ): Իսկ «հայ-թուրքական հինավուրց խաղի» մասին կասեմ հետևյալը. այն շարունակվում է: Ինչու± է շարունակվում, այդ էլ կասեմ. աղջնակը գերությունից ազատագրվելուց հետո ծնողների հետ արտասահման է մեկնել և, ըստ լուրերի, ամուսնացել է թուրքի հետ (երդվում եմ, սա նույնպես գրողի երևակայության արդյունքը չէ):
Ամեն ինչ խառնվեց իրար. եթե Մեծն Տոլստոյին հաջողվեց սեփականացնել իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը, ես ընդամենը կարողացա մտնել հարյուրամյա մի քարանձավ ու այնտեղից դժվար թե դուրս գամ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *