Վիկտորյա Սամուել | Լինում է, չի լինում

Ոչ մի արձագանք այլեւս.

սերը, որ նախկինում տարածվում էր մարմնիդ մեջ,
չկա,
եւ դու նույնիսկ չգիտես՝
կլինի՞ նորից

ապագայի մասին ոչ մի միտք.
այն թակարդ է

դու չես կարող ապրել մի տեղ,
որ չի գալիս

եւ դու ապրում ես տարածվող դատարկությունը,
որ արձագանքն է քո չունեցածի՝
սիրո,
համերի,
երազանքների,
խարսխի,
որ քեզ ամուր էր պահում.

ապագայի մասին ոչ մի միտք.
ավելի լավ է ապրել հիմիկվա դատարկությունը

ապագայի մասին ոչ մի միտք.
ավելի լավ է ապրել այն,
որ ոչինչ չի ցավում հիմա,
ոչինչ չի անհանգստացնում,
ոչինչ այնքան կարեւոր չէ

ապրելու համար ողջ անհեթեթությունը այսպիսի դատարկության,
որ անցնի,
որ անցնի,
որ անցնի

ոչինչ չի մնում անփոփոխ

ամեն ինչ գալիս է որպես բնական ընթացք
եւ էդ ընթացքից փախչելու ոչ մի տեղ՝
միայն ետ, միայն անցյալ, միայն մանկություն,
բայց դա նույնպես հիմա գոյություն չունի

լինում է, որ ցավում է մեռնելու չափ

լինում է, որ ոչինչ չի մնում տալու

լինում են պայծառության ժամանակներ,
երբ ներում ես բոլորին

լինում է, որ ոչ մեկին էլ չես ներում

լինում է, որ կյանքը նույն բաների կրկնությունն է՝
նույն անհեթեթեթ բաների

լինում է, որ մորդ ես ուզում

լինում է, որ ինքդ քեզ չես գտնում ոչ սիրելի գրքերում, ոչ հայելու մեջ,
ոչ փողոցներում, ոչ էլ արեւի տակ

լինում է, որ դադարում ես գոյություն ունենալ

լինում է, որ գրեչկան իսկապես համով է

լինում է, որ ոչ մի տորթ չես գտնում իսկապես էնքան քաղցր,
որ մոռանաս, մի պահ մոռանաս ցավի մասին

լինում է՝ ոչինչ էլ չի ցավում,
ոչինչ չի ուրախացնում,
ոչինչ չի լինում

լինում է, չի լինում

մի մեծ նապաստակ,
որ հավաքում է բոլոր ցավերը,
բոլոր ուրախությունները,
բոլոր հիշողությունները,
բոլոր համերը,
բոլոր երազները
ու վազում է անտառներով՝
իբրեւ հին ու սպիտակ կինո,
որն էսա ավարտվելու ա,
որն էսա կորելու ա էկրանից

լինում է, չի լինում.
այպես են սկսվում հեքիաթները

իսկ կյանքն ուրիշ է.

մեկ լինում է,
մեկ չի լինում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *