Հորական տատիս մահվան հետ կապված մի զվարճալի դեպք պատմեմ: Զվարճալին ո՞րն է… զուտ չգիտեինք, որ ամեն ինչ այդքան վատ կվերջանա: Ես ու եղբայրս՝ Միքոն, հիմա արդեն ծիծաղելով ենք հիշում կատարվածը, բայց այն ժամանակ չէինք էլ մտածի անգամ, որ մեր Իռա տատի վաղաժամ մահվան մեջ մենք մեղավոր կլինենք, ավելի ճիշտ՝ եղբայրս, բայց ես էլ մեղավորության իմ չափաբաժինն ունեի:
Ամեն ինչ սկսվեց մի անմեղ ստից: Արհեստական բանականության միջոցով ստեղծվող տեսանյութերի մի հարթակ կար… ավելի ճիշտ՝ մինչև հիմա էլ կա, բայց այն ժամանակ ես առաջին անգամ էի դրա մասին իմացել: Ինստագրամյան reels-երը թերթելիս պատահաբար բախվել էի մի քանի վայրկյանանոց տեսանյութի, որտեղ ստատիկ պատկերը վերածվում է շարժականի և լուսանկարում պատկերված տղամարդուն մոտենում է Հիսուսն ու փաթաթվում: Հերիք չի փաթաթվում է, մի հատ էլ դա անում է ջերմագին ժպիտով, ասես, լուսանկարում պատկերվածը սրբերի սուրբն է: Ժպիտ է հայտնվում նաև ինստագրամյան սրբի դեմքին, որը լուսանկարում ի սկզբանե խոժոռված էր, բայց երբ Հիսուսը մտնում է կադր՝ երջանիկ ապուշի պես լիաթոք ժպտում է՝ ցուցադրելով ատամնաշարը: էլ ո՞նց չժպտաս, երբ անձամբ Հիսուս Քրիստոսն է հազարամյակների խորքից եկել, հասել 21-րդ դար, և ինչի՞ համար. քեզ գրկելու:
Հետագայում նմանատիպ reels-երի շատ հանդիպեցի. բոլորը գրկախառնվում էին Հիսուսի, իսկ մի կին էլ՝ միանգամից երկու Հիսուսների հետ: Հա՛, հա՛, չեմ չափազանցնում, երկու Հիսուսներ՝ մեկը ձախից, մյուսը աջից, գալիս են կադրի կենտրոնում գտնվող կնոջ ուղղությամբ և երկուսով միաժամանակ փաթաթվում նրան: Եվ ի՞նչն էր հետաքրքիր. մարդիկ հաջորդում էին իրար, բայց Հիսուսը չէր փոխվում: Դեմքով մի քիչ Սերժ Թանկյանին էր նման, բայց տեսքով լիարժեք համապատասխանում էր Հիսուսի արտաքին տվյալների մասին կարծրացած պատկերացումներին. երկար մազեր, երկար մորուք, ճերմակ զգեստ…
Էլ չեմ խոսում երաժշտության մասին, որով ուղեկցվում էին գրկախառնության այդ բոլոր reels-երը: Չէի ալարել՝ Shazam-ով գտել էի երգի անունը: Կատարողն ամերիկացի էր՝ Բեն Ֆուլեր անունով, իսկ երգի անունը՝ «If I Got Jesus»: Երգն այն մասին էր, թե ինչպես է մարդը կորցնում ամեն ինչ, բայց չի հուսալքվում, որովհետև իր մեջ ապրում է Հիսուսը:
Նույն կերպ Հիսուսն ապրում էր Իռա տատիս մեջ, որն օրերից մի օր գամվեց անկողնուն, քանզի ծերությունը նրանից խլել էր վերջին ուժերը: Անկողնային վիճակում գրեթե մահամերձ տատս ոչինչ այլևս չէր ուզում կյանքից. իր ապրածն ապրել էր, թոռներին պահել, մեծացրել: Միայն մեկ բան էր ուզում՝ տեսնել Հիսուսին այս կամ այն աշխարհում: Հավատալով, որ ծնված օրվանից Աստված պահել-պահպանել է իրեն՝ տատս կյանքի վերջում հրաշքների էր սպասում և համոզված էր, որ Բարձրյալն ինչ-որ կերպ երևալու է իր աչքին կամ էլ ուղարկելու է աստվածային ներկայության մասին վկայող որևէ նշան: Քանի դեռ մուտք չէր գործել հանդերձյալ աշխարհ, որոշեցի նրան անակնկալի բերել՝ հանդիպեցնելով Հիսուսի հետ հենց այս կյանքում, նախքան երկինք կհամբարձվեր:
Քրքրելով ընտանեկան ալբոմը՝ տատիս ծննդյան օրվանից գտա մի լուսանկար, որտեղ նա պատկերված էր միջին պլանով և համեմատաբար ավելի երիտասարդ ու առույգ տեսք ուներ: Հիսուսի հետ փաթաթվելու համար իդեալական տարբերակ էր: Զուգահեռաբար ուզում էի արհեստական բանականության միջոցով տեսանյութերի ստեղծման ուրիշ հարթակներ էլ ուսումնասիրել, մա՛րդ ես, մեկ էլ տեսար՝ հոլովակների գեներացման մի այնպիսի առցանց գործիք պատահեց, որը շատ ավելի լայն հնարավորություններ կառաջարկեր, քան պարզապես հասարակ գրկախառնությունը: Օրինակ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո ամբողջ ինստագրամով մի տեսանյութ էր տարածվել, որտեղ պատկերված էր Հիսուսի հետ միասին երկնքով ճախրող Ֆրանցիսկոսը: Իռա տատիս պարագայում մի փոքր ավելի իրատեսական բան էր պետք:
Ալբոմի լուսանկարը թվայնացնելուց հետո որքան էլ փորփրեցի AI հարթակները, միևնույն է, հարմար ոչինչ չգտա: Հիմնականում կամ շատ արհեստական էին դիտվում տեսանյութերը (դրանցից մեկում տատս շարժասանդուղքով բարձրանում էր դրախտ, բայց արհեստական բանականությունն արհեստական ժպիտ էր հաղորդել դեմքին, և նա դարձել էր գրեթե անճանաչելի), կամ էլ դրանց ստեղծման համար անհրաժեշտ էր օգտվել վճարովի ծառայությունից: Վերջը որոշեցի վերադառնալ հին ու բարի գրկախառնության տարբերակին:
Լուսանկարը տեղադրեցի, տեսանյութը գեներացվեց, ներբեռնեցի այն, և՝ ալելուիա. սպասածիցս շատ ավելի բնական ստացվեց: Հիսուսն ու տատս այնպես էին գրկախառնվում, ասես, հարյուր տարվա ծանոթներ կամ ազգակից-բարեկամներ լինեին: Եվ որ ամենակարևորն է՝ տատիս ժպիտն անկեղծ էր…
Նույն օրն իսկ շտապեցի նրա մոտ: Էլ չէի համբերում, թե երբ էի մահվան շեմին կանգնած տատիս երջանկություն պարգևելու, ինչը, թերևս, մեկ շաբաթով երկարաձգեր նրա երկրային գոյությունը: Եղբայրս, ինչպես միշտ, պոչ եղավ, եկավ ինձ հետ: Կարելի էր կարծել, թե մտահոգված է տատի առողջությամբ, բայց իրականում ինքը մեր մորական տատի հետ ավելի էր կապված, այս մի տատին չէր սիրում, փոքրուց անհաշտ էր նրա հետ: Մենք էլ՝ երկու եղբայր, միշտ չէ, որ լեզու էինք գտնում իրար հետ, քանզի շատ տարբեր էինք թե՛ բնավորությամբ, թե՛ նախասիրություններով: Միքոն սովորում էր ագրարային համալսարանում, ես՝ կինոյի և թատրոնի ինստիտուտում: Ապագա քիմիկոսի և ապագա կինոռեժիսորի մասնագիտական անհամատեղելիությունը, նրա՝ պրակտիկ, իմ՝ եթերային լինելն առօրեական հարցերի շուրջ տարակարծությունների պատճառ էին դառնում: Չնայած դրան՝ երկու եղբայր անբաժան էինք միմյանցից, երևի, որովհետև չէինք կարող ապրել առանց իրար գործերի մեջ խցկվելու, իրար հետ վիճելու և նյարդեր քայքայելու: Մինչ օրս էլ ամեն պատեհ-անպատեհ առիթով իրար միս ենք ուտում:
Երբ եկանք տատիենց տուն, Միքոն իջավ նկուղային հարկ՝ պապին օգնելու իրերի տեղափոխման գործում, իսկ ես մտա տատիս ննջասենյակ: Խեղճ կինը հյուծված տեսք ուներ. մաշկի գունատությունն ու դեմքի խոր կնճիռները մարող կյանքի ակնհայտ նշաններն էին ցույց տալիս: Չնայած այդ վիճակին՝ ինձ տեսնելով, շատ ուրախացավ, ոգևորվեց և նույնիսկ տեղից վեր կենալու փորձեր արեց: Նրա խնամքով զբաղվում էր հորաքույրս, բայց աշխատանքի բերումով այդ օրը բացակայում էր տնից և, տատիս ասելով, վերադառնալու էր մոտ մեկ ժամից: Ինձ ընդամենը մեկ րոպե էր հարկավոր տատիս Հիսուսի հետ հանդիպեցնելու համար: Ավելի ճիշտ՝ հանդիպումն արդեն կայացել էր, բայց դրա մասին տատս չգիտեր: Պետք էր իմաց տալ նրան…
Տեսնելով իր ու Փրկչի ջերմ ողջագուրանքը՝ տատս ապշահար հայացքով գամվեց սմարթֆոնի էկրանին: Մեկ անգամ էլ միացրի տեսանյութը, ինչից է՛լ ավելի սրվեց նրա զարմանքը: Տպավորություն էր, թե նա ինքն իրեն չճանաչեց երիտասարդ տարիքում կամ, միգուցե, Հիսուսին չճանաչեց Սերժ Թանկյանի դիմագծերով: Թեպետ սովետական հին մարդ էր և պատկերացում իսկ չուներ, թե ինչ է արհեստական բանականությունը, բայց գուցեև գլխի ընկավ, որ փորձում եմ խաբել, իսկ ավելի վատ՝ ծաղրել իրեն: Կասկածներս ցրվեցին, երբ նրա հարցական հայացքը վերափոխվեց հիացականի, ու երանությունից կմկմալով՝ նա ասաց.
– Դավիթ ջան, բալա ջան… Հիսո՜ւսը…
– Հա՛, հա՛, տատ ջան, Հիսուսը…,- ինքնագոհ պատասխանեցի ես:
Տատս այդ օրվանից սկսեց հարազատների ու բարեկամության շրջանում անընդմեջ պնդել, որ տեսել է Հիսուսին և հայտնվել նրա գրկում: Նույնիսկ մանրամասները չէր հայտնում, չէր ասում, թե ինչը ոնց եղավ, չէր հիշատակում ոչ սմարթֆոնը, ոչ տեսանյութը, ոչ էլ իմ անունը, պարզապես հավատացնում էր, որ Աստված այցելել է իրեն: Լեզուս չի պտտվի հանգուցյալ տատիս դյուրահավատ կամ միամիտ անվանել, գուցե նա ենթագիտակցորեն ցանկանում էր հավատալ անհավատալիին, բայց դա արդեն երբեք չենք իմանա: Փաստը մնում է փաստ, որ այդուհետև նա ոտքի կանգնեց և երբեմնի առույգությամբ սկսեց այցելել հարևաններին, բարեկամներին՝ հայտնելու բարի լուրը:
Անկողնային վիճակից հանկարծակի դուրս գալը, անսպասելի կազդուրվելն ու կենսական էներգիայով լիցքավորվելը շատերի կողմից իսկապես ընկալվեց իբրև վերերկրային հրաշք կամ աստվածային միջամտություն, բայց ահա հայրս ու մայրս թերահավատորեն էին վերաբերվում Հիսուսի հայտնվելու և տատիս հետ ողջագուրվելու փաստին: Հատկապես հայրս խիստ կասկածամիտ էր նման հարցերում: Նույնիսկ մտավախություն ունեի, որ հայրս կպարզի տատիս և Հիսուսին հանդիպեցնելու իմ «միջնորդությունը»: Բարեբախտաբար, աստվածային ներկայության մասին լուրը հայրս վերագրեց տատիս ծերունական զառանցանքին, այլ ոչ թե արհեստական բանականության լայն հնարավորություններին: Իսկ տատս շարունակում ու շարունակում էր համայն ազգուտակին համոզել, թե իր մոտ եկել է Հիսուսը, իրեն գրկել է Հիսուսը կամ իր մեջ մտել է Հիսուսը (չգիտեմ, թե բառացի ինչ է ասել): Իրողությունն ամեն անգամ նորովի ներկայացնելիս՝ նա ավելի շատ մանրամասներ էր հրամցնում իր ողջագուրանքից: Սկզբում հիշատակել էր Փրկչի բարձր հասակը, հետո գլխին շողացող լուսեղեն պսակը, հետո բարեհամբույր ժպիտը և, վերջապես, սմարթֆոնը, որի էկրանին էլ տեսել էր Հիսուսի հետ իր հանդիպումը: Վերջում էլ հավելել էր, որ ես այդ պահին իր կողքին էի և նույնպես տեսել էի Հիսուսին ու հաստատել Նրա ներկայությունը: Երբ այդ մանրամասները հասան Միքոյի ականջին, նա մի կուշտ ծիծաղեց՝ գլխի ընկնելով, թե ինչ եմ արել: Ինստագրամյան reels-երը դիտելիս ինքն էլ էր հասցրել ծանոթանալ գրկախառնվող Հիսուսների տեսանյութերին և տեղյակ էր, թե ինչպես է աշխատում արհեստական բանականությունը: Նա չշտապեց սուտը ջրի երես հանել, այլ, ի հեճուկս ինձ, ցանկացավ մի չար կատակ խաղալ մեր տատի գլխին: Եվ դա միայն ինձ նյարդայնացնելու, այդկերպ ինքնահաստատվելու և հորական տատի հանդեպ իր հակակրանքը վերահաստատելու նպատակով: Դեռ փոքր հասակից իմ ու եղբորս ընդհարումների պատճառով սովորաբար տուժում էին մեծերը, և այս անգամ էլ բացառություն չեղավ:
Այդ չար կատակը խաղացվեց մի պայծառ օր, երբ սենյակում փակված Միքոն ամբողջ առավոտ մշակեց իր դավադիր մտադրությունը, իսկ կեսօրին շտապեց տատի մոտ՝ ավելի պայծառացնելու այդ օրը: Մնացածն արդեն գիտեմ Միքոյի պատմածով, որում, անշուշտ, տեղ-տեղ կային չափազանցված նրբերանգներ և զարդարված նկարագրություններ: Նա եղածը ներկայացնում էր բավականին հետաքրքիր (կմեղանչեմ, եթե ասեմ՝ ծիծաղելի):
Տատս դեռ գտնվում էր Հիսուսի հետ իր հանդիպման տպավորության ներքո, երբ Միքոն այդ ճակատագրական օրը այցելեց նրան, և խեղճ կինը դեռ չգիտեր, թե իրեն ինչ է վիճակված տեսնելու: Տատի հետ սրճելուց հետո Միքոն հանեց սմարթֆոնն ու նրան ցույց տվեց այն, ինչը բառիս բուն իմաստով մինչև կյանքի վերջին րոպեն հետապնդեց կնոջը, ապա և, ըստ երևույթին, դարձավ մահվան պատճառ:
Տատս սկզբում մի շատ ծանոթ դիմապատկեր տեսավ սմարթֆոնի էկրանին, որին մոտեցրեց կիսախուփ աչքերը և ճանաչեց որդու առաջին կնոջը՝ իր նախկին հարսին:
– Էս էն մի հոգավորը չի՞,- հեգնական տոնով հարցրեց տատս՝ խոսելով իր կողմից չսիրված, եթե չասենք՝ ատելի անձնավորության մասին:
– Հա, տատի, Մարինան ա,- պատասխանեց Միքոն և մատը էկրանին հպելով՝ գործարկեց տեսանյութը:
Հենց անշարժ կադրը դարձավ շարժական, տատիս դեմքն իսկույն մռայլվեց: Նա տեսավ, թե իր ճանաչած ուրախադեմ Հիսուսն ինչպես մոտեցավ և ողջագուրվեց նախկին հարսի հետ, նույնկերպ, ինչպես ոչ վաղ անցյալում գրկախառնվել էր տատիս հետ: Երբ տեսանյութն ավարտվեց կնոջ հետ գրկախառնված Հիսուսի պատկերով, տատս, դնելով ակնոցը, փորձեց ավելի ուշադիր տնտղել տեսածը՝ համոզվելու համար, որ իր նախկին հարսին գրկողը հենց Հիսուսն էր: Կողքին նստած Միքոն հազիվ էր զսպում ծիծաղը, մինչ տատի ներաշխարհը տակնուվրա էր լինում:
– Մեր Տեր Հիսուսն ի՞նչ գործ ունի էս լրբի հետ,- զայրացավ տատս:
– Է՜հ, Աստծո գործերն անքննելի են,- ծիծաղի հերթական պոռթկումը կուլ տալով՝ պատասխանեց Միքոն:
Տատս դեռ չէր հասցրել իր տեսածից խելքի գալ, երբ Միքոն ցույց տվեց մեկ ուրիշ տեսանյութ, որտեղ Հիսուսն այս անգամ գրկախառնվում էր տատիս հարևան Սուրենի հետ: Սուրիկը, ինչպես նրան անվանում էին հարևանները, մի չկայացած նկարիչ էր, որը չէր վճարում վերելակի վարձը, և տատս, որ ժամանակին շենքի լիազորն էր, նրա հետ պարբերաբար վեճերի մեջ էր այդ հարցում: Ամեն անգամ նրան տեսնելիս տատս ձեռքով չանչ էր անում ետևից ու քթի տակ մրթմրթում՝ «հողեմ գլուխդ»: Եվ ահա տատիս կողմից անիծված այդ մարդն այժմ ողջագուրվում էր ոչ այլ ում, քան տատիս պաշտելի Հիսուսի հետ:
– Ո՞նց թե, էս քյաֆթառ շա՞նը խի ա գրկում,- նոր թափով բորբոքվեց տատս:
– Շատ ա սիրում, դրանից ա,- շարունակեց սրախոսել Միքոն:
– Ո՞նց թե շատ ա սիրում:
– Աստված բոլորին ա սիրում, տատի, բոլորն էլ Իր զավակներն են:
Տատս արդեն ուզում էր վեր կենալ և գնալ ճնշման գործիքի ետևից, բայց Միքոն կանխեց դա և, ինչպես ընկածին խփողը, ցույց տվեց իր պատրաստած մյուս տեսանյութը: Ոնց էլ չէր ալարել՝ նստել էր, արհեստական բանականությանը տանջել էր, որ իր համար այդքան տեսանյութեր գեներացնի Հիսուսի և տատիս չուզողների մասնակցությամբ: Չուզողների լուսանկարներն էլ տեսանյութերի ստեղծման համար ներբեռնել էր ֆեյսբուքից:
Հարևան Սուրիկից հետո Հիսուսը գրկախառնվեց բախտագուշակ Բելլայի հետ: Երրորդմասցի Բելլան (բոլորն այդպես էին անվանում նրան) խաղաթղթերով կանխագուշակել էր տատիս բախտը՝ պնդելով, որ ապագայում նրան սպասվում է շուրջերկրյա ճանապարհորդություն: Դա 6 տարի առաջ էր, և այդ օրվանից տանը մնացած տատս առիթ-անառիթ հիշում էր նրան ու նողկանքի խոսքեր հնչեցնում նրա հասցեին:
Մեռնելու չափ ծիծաղելի էր և՛ Բելլայի ֆեյսբուքյան լուսանկարը, որտեղ նա պատկերված էր վառվող մոմերի ֆոնին, և՛ ԱԲ-ով գեներացված գրկախառնության տեսանյութը: Թեպետ Բելլան միջին տարիքի էր, բայց լուսանկարում նրա դեմքը պատված էր արդեն խորացող կնճիռներով, իսկ սրածայր քիթը վհուկի տեսք էր հաղորդում նրան: Բայց հերիք էր, որ Հիսուսը հայտնվեր կադրում՝ և կնճիռներն անմիջապես անհետանում էին, դիմագծերը ջահելանում, քթի սրությունը վերանում: Դեմքն այնքան էր պարզվել, դարձել հրապուրիչ, որ ես էլ, Միքոն էլ տեսանյութը դիտելիս պահի տակ ցանկացել էինք մենք լինել Բելլայի հետ ողջագուրվող Հիսուսի փոխարեն:
Այդ տեսանյութը տատիս մեջ ոչ միայն խանդի զգացում արթնացրեց Հիսուսի հանդեպ, այլև կանացի նախանձ Բելլայի «երիտասարդության» նկատմամբ: Միքոյի ասելով՝ տատիս վրդովմունքն այնքան էր ուռճացել, որ թվում էր, թե ուր որ է փուչիկի պես կպայթեր: Եվ հենց այդ ժամանակ նրան հրամցվեց չորրորդ և վերջին տեսանյութը: Հիսուսի գրկախառնությունների շարքը սահմանափակվեց տատիս քրոջորդիով: Փրկիչը գրկաբաց ընդունել էր մի «անպետք լակոտի», ինչպես նրան հաճախ բնորոշում էր տատս: Քրոջորդի Լևոնը նրա կողմից այդկերպ էր ընկալվում, քանզի, հարազատների ասելով, ամբողջ կյանքում հերիք չէր, որ չամուսնացավ և մորը թոռներ չպարգևեց, դեռ մի բան էլ հակառակ սեռի փոխարեն իր սեռի ներկայացուցիչներին էր նախընտրում: Իբր դա քիչ էր՝ տեսանյութում էլ Հիսուսի հետ այնպես էր գրկախառնվում, ասես, դա իր բակի ընկերն ու երիտասարդ տարիների սերը լիներ, ում հետ ունեցած հարաբերությունները հայտնի էին ամբողջ գերդաստանին:
Այս աշխարհում արդեն ամեն ինչ տեսած տատս քարացել էր ճնշող լռության մեջ, որը քողարկում էր ներքուստ բորբոքվող նրա ցասումը և հոգեմաշ տվայտանքը: Միքոն պաթետիկ տոնով պատմում էր, թե ինչպես էր նրա խռովահույզ դեմքն ալեկոծվում զայրույթի զսպվող ճիչերից: Երկու օր անց նա անկողնում այդպես էլ չարթնացավ քնից: Գուցե իր կյանքի վերջնակետում նա հասցրեց հիասթափվե՞լ Աստծուց կամ էլ պարզապես դադարեց հավատալ չափից ավելի սիրառատ Աստծուն: Դա գաղտնիք մնաց եղբորս ու ինձ համար: Հորաքույրս ասում էր, որ վերջին երկու օրերին նա թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես հալումաշ եղած վիճակում էր. քիչ էր ուտում, գրեթե չէր խոսում, տեղից վեր չէր կենում, արհամարհում էր բոլորին…
Հոգեհանգստին մյուսների արտասվախառն ձայներից հնչեղությամբ առանձնանում էր Միքոյի հեծկլտոցը: Նայելով մահացած տատի այլևս ոչինչ չարտահայտող դեմքին՝ նա իր կեղծ լացուկոծը վերածել էր երեխայական զռռոցի: Թվում էր, թե նույնիսկ սգո սրահի պատերն էին նրա ողբին արձագանքում: Մեր հարազատությունը զարմացած էր նրա այդ բուռն ապրումներից: Ինքս ինձ կսմթելով՝ փորձում էի չծիծաղել այդ թատերական տեսարանի վրա: Ագրարային համալսարանում ուսանելուն զուգահեռ նա, անշուշտ, պետք է սովորեր նաև մեր կինոինստիտուտի դերասանական բաժնում:
Սմարթֆոնս հանեցի և ծածուկ լուսանկարեցի նրա մոնոներկայացումը, որպեսզի ինստագրամում սթորի անեմ: Երբ դիտեցի արված լուսանկարը, քիչ էր մնում հեռախոսը վայր գցեի ձեռքիցս: Զռռացող Միքոյի և տատիս դիակի կողքին մի ուրվապատկեր էր հայտնվել, որն աղոտ հիշեցնում էր մարդկային կերպարանք: Այդ պահին չհավատացի, որ տեսախցիկս աստրալային մարմին է ֆիքսել՝ բացելով սահմանը մեր և անդրաշխարհի միջև: Մի փոքր ուշադիր զննելով լուսանկարը՝ ինձ համար պարզ դարձավ, թե իրականում ում էին պատկանում այդ մարդկային ուրվագծերը: Մարմնով իջնող երկարավուն, լայն հագուստ, ուսերին թափվող առատ մազեր, գլխին՝ մեղմ շողացող, լուսապսակ հիշեցնող ցոլք. այո, դա Հիսուսն էր: Սկզբում երկյուղեցի, նույնիսկ ուզեցի ջնջել, վերացնել այդ լուսանկարը, բայց քիչ անց հանդարտվեցի, ևս մեկ անգամ նայեցի Փրկչի կերպարին և մտովի ուղղեցի մի տրամաբանական հարց. «Գալուդ իմա՞ստը»: Եթե ավելի շուտ հայտնվեր, արհեստական բանականության կարիքն այլևս չէր լինի: Մյուս կողմից՝ լավ է ուշ, քան երբեք…

