Ռումի | Ղազելներ

Ղազալ 1129-րդ, Դիվան-է Շամս

Կյանքը թե անսեր անցավ, այն բնավ հաշվի մի առ,
Կենաց ջուրն է սերը, այն սրտիդ, հոգուդ մեջ առ,
Սերը քողը բաց արավ, կանաչ դարձավ ամեն ծառ,
Դալար տերև ծիլ տվեց ամեն շնչին ծեր ճյուղից։
Ով զոհն է դառնում սիրո, ինչպե՞ս կդառնա զոհը մահվան,
Լուսինն է վահանը նրա, ինչպե՞ս կխոցի նետը նրան,
Բոլոր հոգիները ջինջ գերի դարձան աշխարհին ,
Սերն անձրևեց ոսկի, որ ազատի գերիներին։

 

Ղազալ 460-րդ

Քո այդ քաղցրության սիրահարը քաղցրատենչ հոգին է մեր ,
Ստվերը քո գանգուրների երկու աշխարհում ապավենն է մեր,
Բոյ-բուսաթից է նրա, որ սերը հառնեց վերև,
Իսկ ով խորտակվել է սիրո մեջ, հենց բոյ-բուսաթն է մեր։

Պատճառը բաժանումն է նրանից, որ գիշերը հագել է սև,
Ոլոր-մոլոր ծուխը գիշերի հառնում է հրից մեր խենթ կարոտի,
Ինձ չե՞ս հավատում դու, ուրեմն գիշերին հարցրու,
Որ պատմի նրա մասին, ով վաղվա խռովքն է մեր սրտի:
Սկիզբն ու վերջը սիրո ճամփի սկսվում է մեր քայլերի հետքից,
Ամեն խոսքն ու ամեն շունչը հառաչն է մեր զուռնայի,
Գիշերն ի՜նչ է, ցերեկն անգամ հառնում ու ընկնում է ձեռքով նրա,
Լուսնկան նվազ է դառնում վշտից մեր սիրտ գերող լուսնի ։
Ով զոհն է դառնում սիրո, ինչպե՞ս կդառնա զոհը մահվան,
Լուսինն է վահանը նրա, ինչպե՞ս կխոցի նետը նրան,
Բոլոր հոգիները ջինջ գերի դարձան աշխարհին,
Սերն անձրևեց ոսկի, որ ազատի գերիներին։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով