Արվո Մետս | Մի՞թե շատ բան է մարդուն անհրաժեշտ…

Ծնվել է 1937 թվին, Տալլինում: Ավարտել է Լենինգրադի գրադարանային ինստիտուտը: Ուսումը շարունակել է Գորկու անվան գրականության ինստիտուտում /Մոսկվա/: Եղել է գրական երեկոների կազմակերպիչ, որոնք վերակառուց ման տարիներին հաշտարար չեզոքության վայր եղան մայրաքաղաքի գրական անջատ խմբավորումների համար: 1975-1991թթ. աշխատել է «Նովի միր» ամսագրի պոեզիայի
բաժնում, գլխավորել «Նա Տագանկե» գրական ակումբը:

Կյանքի օրոք լույս են տեսել նրա բանաստեղծական
երեք գրքերը: Ա.Մետսի ստեղծագործությունները հրապա րակվել են Ռուսաստանի առաջատար գրական պարբերականներում:
Մահացել է 1997 թվին։

 

***

Մի՞թե շատ բան է մարդուն անհրաժեշտ…
Մի պատառ հաց:
Մի գավաթ կաթ:
Եվ արևի շողեր գլխավերևում:

***

Անտերունչ շունը հարմարվում է քայլքին:
Ձևացնում է,
Իբր գնում է անտեսանելի սանձափոկը վզին:
Մարդը շրջվում է:
Եվ շունը հետզհետե ետ է ընկնում:

***

Աշնանային գունեղ անտառներում
այնպես հանգիստ է
հոգին:
Իր ձայնն է լսում՝
դարերով խլացված:

***

Ժողովում եմ իմ հարստությունը
ցողի կաթիլներ,
ամենքի հետ խաղացող ծիածանի գույներ:

***
Այնպես ձգված է
սպասման երկար լարը,
որ իշամեղվի մեղմիվ բզզյունը
ասես նախերգանքն է
չլսված զրույցի:

***
Ես ազատեցի
փոքրիկ թխկին
տապալված հսկա ծառի տակից:
Ի նշան խորին երախտագիտության,
նա շտկվեց, ապա
պատսպարեց ինձ
օտար հայացքներից:

***

Ծանրակշռությունը,
իրականորեն,
ուզես թե չուզես,
նման է
դագաղի չափաստուգման:

 

***
Որքան շատ են մարդիկ,
որոնց մարմիններում
մեռել է հոգին…
Եվ նրանք վերածվում են
ռոբոտների:

Նրանց մատնում է
աչքերի գորշ ու
մետաղական փայլը:

 

***

Էլեկտրագնացքում
գնչուների թափորն է
խայտաբղետ նրանց ճչոցները
թութակների հսկա
վանդակի մոտ:
Բայց բանաստեղծությունը
ինչ-որ թեթև է ծնվում ու գրվում…

 

***

Հայրս
ժլատ էր
զգացմունքներում,
բայց երբ աշխատում էր,
ես ակնբախորեն տեսնում էի նրա ձեռքերում
լռին բարությունը
վերածվում էր
վսեմ բարեհոգության:

 

***

Հայրս
վախճանից քիչ առաջ,
հաղթահարելով անգութ ցավը,
փայտը բծախնդրորեն
շարում էր ցախանոցում:

…Վերջին բանը, որ նա
հասցրեց կատարել
աշխարհի խաղաղ ներդաշնության համար:

 

***
Հազիվ լսելի է
տերևների շրշյունը հավանաբար հենց դա է
հավերժի ալեբախության
աղմուկը հեռավոր:

 

***

Պոեզիայի փնտրտուքով
հասա քաղաքն այն,
որի անունն իսկ չի հիշատակվում:

Չորս ուզբեկներ հանում են իրենց կոշիկները,
և հանց խեղդուկ գազ,
սենյակում տարածվում է գարշահոտը:

Բայց ես կենտրոնական շուկայում լեցուն
անցել եմ նաև վարդերի հրաշք բույրի միջով:

 

***
Երբ ես անտառում
աղբանոց եմ տեսնում,
ասում եմ կրկին՝
երևի քաղաքակրթությունը
ինչ-որ մոտերքում է:

 

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ընկած են տերևները
հանց զարկված հավքեր՝
թաթիկները վեր:

 

***

Նման մութ գիշերով
լույս կարելի է գտնել միայն գրքերից:

***
Երկու կնճիռ է
դաջվել
բերանի մոտ:
Կամ նրանք նստվածքն են
քաղցր ժպիտի,
կամ էլ խոր վշտի…

 

***

Երեկոյան, երբ
մարդիկ տուն են դառնում,
միայնակները չեն երևում:

Ցերեկով, երբ
մարդիկ ճաշում են իրար հավաքված,
քաղցածները իսկի չեն երևում:

Նրանց ստվերները
պտտվում են մեր շուրջ:

***
Ջութակով տղամարդը
մտավ գաստրոնոմ:
Հանկարծ նրա շուրջ
ծագեց մղկտուն մի խեղճություն նա անհեթեթ տեսք ուներ
վաճառասեղանների մոտ ու
հրմշտոցի մեջ:
…Իսկ ե՞ս
անտեսանելի
իմ ջութակով…

 

***

Ջահել աղջիկները դեմքով նման են
երկնքին,
քամուն,
ամպերին:
Հետո նրանցից ծնվում են
հրաշալի հավատարիմ մայրեր,
որոնց դեմքերը նման են
տներին,
կահույքին,
տնտ․պայուսակներին:
Բայց նրանց աղջիկները
կրկին նման են
երկնքին, քամուն
և գարնանային առվակներին:

 

***

Պոետը կանգնած է վերմիշելի հերթում:
Այստեղ են և նրա երկրպագուները:
Պոետը մի փոքր ամոթ է զգում:
Նա կանգնած էր բեմին
հանց սեգ արքայազն,
որ չի ուտում երբեք:

***

Անհետանում եմ գարնան ծոցում,
ամբոխի մեջ,
գետում,
կապույտի մեջ:
Եվ մի փնտրեք ինձ:
Ինձ համար այսպես լավ է անչափ…

***
Քաղաքում քայլում է
անփող մարդը:
Միգոտ աստղերը
դողում են ցրտում:

Փող չունեցող մարդը
անձեռ մարդն է,
անոտ մարդը,
անաչք մարդը:

Քաղաքում վառվում են կրակները
և տեսնում են ահա՝
անփող մարդը ունի
կապտակուռ աչքեր:

Բայց դա ամենևին չի փրկում նրան:

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *