
Հորեղբայր Նաբուկկոն պատմում է, որ շատ տարիներ առաջ սիրողական առաջնությունում ֆուտբոլ էր խաղում։ Դրանից ի վեր շատ բաներ են փոխվել, որոնցից չորսը՝ չափազանց ակնհայտ կերպով, այն է՝ պատմողը, ֆուտբոլի գնդակը, խաղադաշտերն ու եզրային պաշտպանի դերը։ Պատմողն ինչ—ինչ անհասկանալի պատճառներով հիսուն տարի առաջ ավելի արագ ու երկար էր վազում։
Այդ միֆական ժամանակներում ֆուտբոլի գնդակը սպիտակ չէր՝ գունավոր նախշերով, այլ դեղնաշագանակավուն, ավելի ճիշտ՝ կովի թրիքի գույնի, քանի դեռ նոր էր։ Առաջին մի քանի հարվածից հետո փոխում էր գույնը․ ամռանը սպիտակ ու մաշված էր, ձմռանը՝ ցեխակոլոլ։ Երբ դաշտը ցեխոտ էր լինում, խոզի պես թավալվում էր տիղմի մեջ ու սև ուրվականի նման սլանում, բայց հատկապես ցեխակոլոլ ժամանակ դառնում էր քարի կտոր, թնդանոթի փամփուշտ, ասուպ, և յուրաքանչյուրը այն պահին, երբ պետք է գլխով հարվածեր, փակում էր աչքերն ու վախով և ակնածանքով սպասում, ասես գլխին պետք է իջներ Ֆուտբոլի Աստծո սուրբ ձեռքը, որ երկնքից շանթելով ազդարարում էր․ եթե ոտքի վրա մնաս, միայն այդժամ արժանի կլինես խաղին։
Ինչ վերաբերում է խաղադաշտերին, դրանք երկու տեսակ էին․ խաղադաշտ, որտեղ խոտածածկ կար, և խաղադաշտ, որտեղ ժամանակին եղել էր։
Խաղում էինք ճաքճքված ու չոր գետնին, ինչպես անապատում կամ սերմնացանի պատրաստ խորդուբորդ դաշտերում, որտեղ խոտից բացի ինչ ասես կար՝ կավ, մանրաքար, ավազ։ Իսկ երբ դարպասի մոտ մի որևէ ծիլ էր հայտնվում, հենց միայն դրա տեսքն ապշանք ու հուզմունք էր ներշնչում։ Շատերս այդ կողմով անցնելիս ծիլը չտրորելու համար փոխում էինք ճանապարհը։ Այնքան փխրուն էր, այնքան կանաչ ու եզակի։ Սակայն մեր ժամանակների ու այդ միջնադարի միջև գլխավոր տարբերությունը եզրային պաշտպանին մարդաբանորեն ու ճակատագրի բերումով բաժին ընկած դերն է։ Հիմա պաշտպանը մյուս խաղացողների նման, ինչպես ասում են, «ամբողջական խաղացող» է։ Պաշտպանում է, վազում տուգանային հրապարակում, երկար փոխանցումներ կատարում, նույնիսկ գոլ է խփում։ Բայց ոչ վաղ անցյալում դրությունն այլ էր։
Եզրային պաշտպանը լոկ հակառակորդի առաջխաղացմանը հետևող ճգնավոր էր, որի վանքը սեփական կիսադաշտն էր։ Նրա գործը եզրային հարձակվողին խոչընդոտելն էր, ուրիշ ոչինչ։ Երբ գնդակը հակառակորդի մոտ չէր, եզրային պաշտպանը խաղին հետևում էր կովի հանդարտությամբ։ Կարող էր նույնիսկ պառկել ու նայել ամպերին։ Մյուս կիսադաշտում տեղի ունեցողը նրան չէր վերաբերում՝ բացառությամբ գոլի պահերին, երբ նրան էլ թույլատրված էր տոնել։ Ես ականատես եղա այն դարակազմիկ հեղափոխությանը, որով վերջ տրվեց եզրային պաշտպանի հին ժամանակաշրջանին։
Մեր թիմը, որ բաղկացած էր ամրակազմ լեռնաբնակներից, բնականաբար երկու եզրային պաշտպան ուներ։ Աջակողմյանը՝ Գամփռ մականունով Բասլինին, գենետիկորեն պաշտպան էր՝ ցածրահասակ, մարմնեղ, հարձակվողի սրունքներին հարվածելու հարմար կարճ ու ջլոտ ոտքերով։ Համարյա վիզ չունենալով՝ երբեք գլուխը խաղից չէր բարձրացնում: Ապրում էր երեսուն քառակուսի մետրի վրա։ Այդտեղ էլ մռնչալով ու փնչացնելով իր գործն էր անում։ Պատկերացրեք, որ երբեք կենտրոնագծին չէր մոտենում։ Եթե պատահում էր, որ գնդակը խլի, սպասում էր, մինչև մոտակայքում կիսապաշտպան հայտնվի, ու նրան էր փոխանցում։
Ձախ պաշտպան Գալիլեյը՝ Պոլդո մականունով, ընդհակառակը, անոմալ պաշտպան էր՝ բարձրահասակ, նիհար, երկարոտն։ Վազքի մեջ գերազանցում էր բոլորին։ Կարող էր հարձակվողական ոճի կամ կենտրոնական կիսապաշտպան լինել, բայց հանդարտ բնավորությանն ու երևակայությունից զուրկ մարզիչը նրան այդ դիրքում էին տեղավորել։ Չի կարելի ասել, թե երջանիկ պաշտպան էր, քանի որ հակառակորդին ետ մղելուց հետո երկար ոստյունով առաջ էր սլանում ու նայում իր դիմաց տարածվող անծայր դաշտին։ Բարձրացնում էր գլուխը, հոտոտում օդը։ Գիտեր, որ կենտրոնագծից այն կողմ մեկ այլ հրաշագեղ աշխարհ է, հարձակվողների ու թնդանոթավորների արքայությունը, որից վառոդի ու արկածախնդրության հոտ էր տարածվում, և որը նման էր ծովից անդին ընկած մոգական կղզու։ Բայց կենտրոնագծին հասնելուն պես հապաղում էր, կանգնում ու նայում մարզչին՝ հայացքով հարցնելով, թե ինչ պետք է անի, իսկ կատենաչո խաղաոճով գործող մարզիչ Պուլլեգան ամեն անգամ բղավում էր․
— Փոխանցո՛ւմ արա ու տե՛ղդ վերադարձիր։
Այդ տեղը հետևում էր՝ դարպասապահի մոտ, մինչդեռ դաշտում ճակատամարտը մոլեգնում էր։ Գալիլեյը մնում էր այդտեղ՝ հարձակվողի հետ ուս ուսի։ Նրանց միջև ինչ ասես կարող էր լինել՝ անտարբերություն, համակրանք, գզվռտոց, իրար վրա թքել, լուռ համաձայնություն։ Միայն թե հարձակվողին երբեմն թույլատրվում էր կիսադաշտը փոխել ու պաշտպանության անցնել։ Պոլդոյին՝ ոչ։ Ծերանում էր այդտեղ՝ սեփական ճակատագրին հնազանդ։
Մի անգամ մեկ — զրո պարտվում էինք։ Առաջին խաղակեսի քսաներորդ րոպեին գոլ էինք բաց թողել ու արդեն մի ժամ է՝ ապարդյուն գրոհում էինք։ Սպիտակ ու կարմիր համազգեստով հակառակորդը՝ այդ համառ հովտաբնակները, իրենց բունկերում փակված դիմադրում էին։ Բազլինին ու Պոլդոն համարյա թե անելիք չունեին։ Բազլինին նույնիսկ սկսել էր մի աչքի ընկնող թխահեր երկրպագուհու սիրահետել, մինչդեռ Գալիլեյը վիզը երկարել ու անհամբեր հետևում էր, թե ինչ է կատարվում մյուս կողմում։ Պաշարումը շարունակվեց, բայց երևում էր, որ գրոհը թուլանում է, հարձակվողներն ուժասպառ էին ու հեշտ էին կասեցվում, հարվածները թուլանում էին, շունչներս կտրվում էր։ Ես կաղում էի, կենտրոնական հարձակվողը ծերուկի պես հևում էր։ Թվում էր, թե խաղի ելքը վճռված է։
Բայց ահա մեր աչքերի առաջ պատմություն կերտվեց։ Բարձր նետված գնդակը հայտնվեց դաշտի կենտրոնում։ Մոտակայքում ոչ ոք չկար։ Հակառակորդի ձախակողմյան կիսապաշտպանը անշտապ քայլում էր գնդակի հետևից, երբ հանկարծ մեր կողմից վարգաձիու պես սուրալով վրա հասավ Պոլդոն, հակառակորդից առաջ ընկավ ու ոտքը դրեց գնդակին՝ իներցիայով հայտնվելով մեր կիսադաշտից ուղիղ մի մետր այն կողմ՝ թշնամու տիրույթում։ կանգ առավ։ Գուցե կայծակից կամ երկրաշարժից էր վախենում, որ պետք է նման սրբապղծության պատիժը լինեին։ Բայց ոչ մի նման բան տեղի չունեցավ։ Առաջևում արգելված կիսադաշտն էր, հակառակորդի դարպասը։ Նրա աչքերում պրոմեթևսյան լույս ճառագեց։
— Փոխանցո՛ւմ արա ու տե՛ղդ վերադարձիր,— որոտաց Պուլլեգան։
— Էդ էր պակաս, շե՛ֆ,— պատասխանեց Գալիլեյն ու շարունակեց կարմրասպիտակների շշմած հայացքների ներքո առաջ գնալ։ Ոչ ոք չհամարձակվեց ընդառաջ գալ։ Նրա հանդգնությունը շանթահարել էր բոլորին։ Հասավ տուգանային հրապարակ, մահացու դրիբլինգով շրջանցեց հակառակորդի պաշտպանին և ուժգին հարվածով գնդակը դարպաս ուղարկեց։ Գոլ։ Հաշիվը հավասարվեց։
Մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Քչերը հասկացան, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան, թե ինչ հեղաշրջում էր տեղի ունեցել։ Դա կարող էր կրակի հայտնագործության հետ համեմատվել։ Հենց որ զարմանքն անցավ, տրիբունաները ծափահարեցին։ Գալիլեյը թռչկոտալով իր տեղը վերադարձավ։ Դեռ չգիտեր, որ փոխել է ապագա պաշտպանների ճակատագիրը։ Մարզիչ Պուլլեգան գլուխն էր տարուբերում՝ չիմանալով՝ ուրախանալ, թե բարկանալ։ Նրա համառ պաշտպանությունը հոդս էր ցնդել։ Նրա գաղափարախոսության Բեռլինի պատը փլուզվել էր։ Հետո ժպտաց։ Այդ տարի Գալիլեյը բազմաթիվ անգամներ հատեց կենտրոնագիծն ու վեց գոլ խփեց։ Առաջնության ավարտին նույնիսկ Բազլինին էր երբեմն երկչոտությամբ հարձակման անցնում անկյունային հարվածների ժամանակ։
Շատ չանցած Ջաչինտո անունով մի խաղացող պատմության մեջ կհիշվեր որպես հարձակմանը մասնակցող կենտրոնական պաշտպանի նախատիպ և Իտալիայի առաջնության առաջին ռմբարկու պաշտպանը։ Բայց ես, որ ականատես եմ եղել վերը նկարագրված իրադարձություններին, կասեմ, որ իտալական, գուցե եվրոպական և գուցե անգամ համաշխարհային ֆուտբոլի ընթացքը փոխած հեղաշրջումը սկսվել է անհայտ Գալիլեյից՝ մի արևոտ օր, լեռնային փոքրիկ խաղադաշտում։ Նա դա արեց առանց միլիարդավոր դիտողների, առանց տեսախցիկների, ընդամենը երեք հարյուր հանդիսատեսի առաջ, ամսական տասը հազար լիրա վարձատրությամբ ու միակ վերնաշապիկով, որն ինքն էլ լվանում էր ամեն երկուշաբթի։
Ուր էլ որ այժմ լինես, Պո՛լդո Գալիլեյ, քո՛նն է փառքն անհայտ հերոսների։
Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Աբովյանի
