Հասմիկ Կարապետյան | Սինիգամի


(հոգեբանական դրամա)

«․․․․մոլորակի ցանկացած մասում, ցանկացած ժամի, այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում ու մեռնում են նոր աշխարհի համար»
(Տասոս Լիվադիտիս «Սպասում եմ քեզ ամենուր»)

Հիշողության խուլ ահազանգերը հանգիստ չէին տալիս՝ ցավից կուչ եկած ՆՐԱ մարմնում։ Տաք ջուրը փորձում էր հանգստացնել ՆՐԱ հիվանդոտ մարմինը, փայտե սանրը ՝ հարթել տագնապը, իսկ լոգարանի պատուհանից հոգնաբեկ արևի մի քանի շողեր շարունակում էին ջերմացնել ՆՐԱ սառը ուսերը։
Ես գրկեցի ՆՐԱ ծերացած ճաքած մատներն ու օճառեցի․․․Արագ իջեցրեց ներքև ՝ հասկացնելով , որ՝ «օճառելու ժամանակը չի»․․․ Պատրաստվե՜լ է պետք։
– Ինչի՞ն։
– Ճամփորդությա՜նը․․․Երկար ու բարդ ճամփորդությանը։
Ճամփորդության անսահման ճանապարհը ջրի ու ուտելիքի, մեծ ու փոքր ճամպրուկների պահանջ չունի։
Գունատ մարմինն արագ չորացավ ու դուրս եկավ լոգարանից՝ ինքնուրույն տեղավորվելով խոնավ անկողնում։ Կանաչ ու մանուշակագույն երակների դանդաղահաս արյան ճիչերը հանգիստ չէին տալիս ՝ կուլ գնացած աչքերին։
– Աչքե՜րս, – թույլ շշնջաց ՆԱ ու հասակացա, որ լույսը ոչ թե օգնում, այլ խանգարում է ապրել։ Անջատեցի լույսը։ Փակեցի աչքերը սպիտակ սրբիչով։ Քնեց։ Կիսափակ բերանը դեռևս շնչում էր վերջին վայրկյանները։ Գնացի հյուրասենյակ։ Ժամացույցի սլաքները դավաճանել էին ՆՐԱՆ ու կանգ էին առել։ Նստեցի սեղանի դիմաց, գլուխս հենեցի ափերին։ Մեղուն կանգնեց սեղանին դրված դաշտային չորացած ծաղկի վրա․․․Ուզեց կյանք վերցնել ծաղկից։ Ծաղիկը ցավոք առաջարկելու ոչինչ չուներ մեղվին՝ միայն թույլ ժպտաց ու հաջողություն մաղթեց նրան՝ իր մեղվային ճամփորդություններում։
Բարձրացրի գլուխս։ Առաստաղի ճաքերն ու խունացած պատերը շատ բան ունեին ինձ պատմելու։ Հատակը, առաստաղը, սպիտակ կեղտոտ աթոռներն ու սեղանը գոռում էին․․․Լսո՜ւմ եմ ձեզ։ Լսեցի լռությունն ու անցա առաջ։ Մոտեցա կիսաբաց դռանն ու հասկացա, որ ուզում եմ պառկել տան դիմացի դաշտի ա՜յ էն հատվածում, որտեղ լիքը թիթեռնիկեր կան։
Զսպում եմ դողացող ոտքերս, որ չվազեմ։ Քորում եմ մատներիս ծայրերը, որովհետև թմրել էին․․․Ձեռք էին տվել այն , ինչին դեռ իրենց հերթը չի հասել։
– Պա՜պ, չե՞ք գալիս, – պատասխան չկար։ Ոչ մեկը չէր գալու։
Արևը շատ արագ մայր մտավ։ Հիշեցի, որ լվացարանում լիքը խնձորներ կային։ Արժի՞ հիմա ուտել այն միրգը, որը մարդկային պատմության մեծագույն չարիքների պատճառը դարձավ․․․Թքա՜ծ։
Մեծ ու փոքր խնձորների արանքում տեսնում էի դրվագներ․․․Ահա՝ վազում եմ ՆՐԱ հետ ու ինձ պինդ գրկում է։ Մյուսում՝ խոր ամանի մեջ լցնում է մածունն ու մեկնում է ինձ, բայց ես բոլորից թաքուն իմ բաժին մածունը տալիս եմ փոքրիկ սպիտակ կատվին։ Հետո՝ ամեն ինչ խառնվում է իրար։ Երկինքը գոռում է ՆՐԱ վրա ու շանթահարում ՆՐԱ ամուսնուն այնտեղ, որտեղ այդքան ձգտում էին ոտքերս։ Հաջորդում՝ ՆԱ նստում է պատուհանի դիմաց ու սպասում․․․
– Տա՜տի երեք օր քո մոտ եմ մնալու։ Պապիի մոտ էլ կգնանք,- ՆԱ լռությամբ պատասխանեց։
Պապիի մոտ այդպես էլ չգնացինք։
Արյունոտ գետը շարունակում էր վարարել։ Կատաղի քամին արյունոտ կաթիլները ցփնում էր պապի վրա։ Նա չէր կարողանում շարժվել, բայց աչքերը գոռում էին, որ ․․․ժամանակն է։
– Ինչի՞ ժամանակն է։
– Ամեն ինչի ․․․
Արթնացա։ Քրտնած մարմինս դողում էր պատուհանից փչող սառը քամուց։ Խնձորները շարունակում էին մաքրվել իրենց մեղքից։
Ննջասենյակը դեռևս շնչում էր։ Սկսեցի մաքրել լոգարանը։ Անձրևի կաթիլները դանդաղորեն ազդարարում էին իրենց այցի մասին։ Ծորակից հոսում էր տաք ջուրը։ Մերկացա։ Սուզվեցի ։ Մոռացա, որ գոյություն ունեմ։
Շոշափեցի կյանք տվող մարմնագույն վարդի թերթիկները։ Լսվեց բջջայինի հնչող թույլ զանգը։ Վարդի թերթիկները շարունակում էին բացվել։ Կիսամեռած մարմինը շարունակում էր շնչել։ Թերթիկների արանքում տաք ջուրը չէր դադարում հոսել։ Մատները ներխուժում էին։ Ճաքճքված մատները շարունակում էին իրենց գոյաբանական կռիվը։ Սպիտակ մազերը չորանում էին։ Շեկ մազերը շարունակում էին տարուբերվել տաք ջրում ու․․․ Ժամանակի շունչը փչեց։
– Մե՜ռա զանգելով, – լսափողից այն կողմ հաճելի ձայնն էր։
– Կուշտ եմ մեռելներից, – հանգստացած էր ձայնս։
– Ո՞ղջ է – ձայնը տխրեց։
– Չեմ կարծում, – զգում էի, որ կանգնել էր ետևումս ու լսում էր խոսակցությունը։
Ննջասենյակի կիսաբաց դռնից երևացող գոյաբանական կռիվը ավարտվեց․․․Ու էլի էդ խունացած պատերը, սանրի ատամներին կուչ եկած սպիտակ մազերը ականատես եղան այդ պայքարին։ Կիսամութ ննջասենյակում օդը կանգ էր առել։ Սպիտակ սրբիչի տակից ինձ էին նայում մեռած աչքերը․․․
– Մահացածների աչքերը միշտ մոխրագույն են դառնում, – ասեց սպիտակ կատուն ու նստեց դիակի վրա։
-Ի՞նչ գիտես։
– Ամո՜թ քեզ, էսքան սիրում ես մեզ, բայց չգիտես, որ մենք ամեն ինչ գիտենք։
Կատուն ձգեց մեջքն ու սկսեց խաղալ դիակի մատների հետ։ Դիակի չռված աչքերին, կարծես թե, դուր չէր գալիս կատվի չարաճճիություններն, ու ես արագ փակեցի դրանք։ Իջեցրի կատվին ։ Վառեցի լույսը։ Բացեցի անձրևից թրջված պատուհանը։
Դեռ մի ժամ առաջ , երբ դիակը շնչում էր արևը չորացրել էր դաշտի բոլոր տեսակի բույսերն ու ծաղիկները, սպանել էր նրանց հոգին, քամել՝ սիրտը։ Թիթեռներն ու մեղուները նեկտարի ոչ մի ակնկալիք այլևս չունեին։ Նեղացան։ Փախան։ Շնչավորն անշնչացավ։ Անձրև եկավ։ Ծաղիկները վերակենդանացան։ Միջատները երջանկացան։ Կատուն շարունակում էր խաղալ դիակի ճաքճքված մատների հետ։ Դիակին հաճելի դարձավ սպիտակ կատվի անհոգ խաղը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *