Առողջարանում երբեք լուռ չէր։ Նույնիսկ երբ գիշերը համեմատական լռություն էր բերում, օդում սպասողական լարվածություն կար. պարբերական հոգեկան խանգարումները նույնքան անխուսափելի են, թեև ոչ այնքան կանոնավոր, որքան կարուսելի պտույտները։
Այդ երեկո՝ ավելի վաղ, 13-րդ հիվանդասենյակում Գրեգսոնի մանիակալ փուլը իր տեղը զիջել էր դեպրեսիվ փուլին, և խնդիրներ էին առաջացել։ Մինչ սանիտարները կհասցնեին զսպաշապիկի մեջ կապել նրան, նա հասցրել էր կոտրել «սառած» կատատոնիկ հիվանդի ձեռքը, որը նույնիսկ ոսկորի չրթոցի ժամանակ ծպտուն չէր հանել։
Ապոմորֆինի ազդեցության տակ Գրեգսոնը հանդարտվել էր։ Մի քանի օր անց նա արդեն իր հոգեկան վիճակի կորագծի ամենացածր կետում էր՝ բթացած, անշարժ և անտարբեր։ Որոշ ժամանակ նրան ոչինչ չէր կարող արթնացնել։
Անձնակազմի ղեկավարը՝ բժիշկ Ռոբերտ Բրունոն, սպասեց, մինչև բուժքույրը դուրս եկավ՝ իր հետ տանելով արդեն ոչ ստերիլ ենթամաշկային ներարկիչը։ Ապա գլխով արեց սանիտարին։
— Դե ինչ, պատրաստեք հիվանդին։ Կես ժամից թող երրորդ վիրահատարանում լինի։
Նա դուրս եկավ միջանցք։ Բարձրահասակ հանգիստ տղամարդ էր` կապույտ աչքերով և իրար սեղմած շուրթերով։ Բժիշկ Քենեթ Մորիսին նրան էր սպասում։ Նա, որ ավելի երիտասարդ էր, անհանգիստ տեսք ուներ։
— Վիրահատությո՞ւն, բժիշկ։
— Գնացինք,— ասաց Բրունոն,— պետք է պատրաստվենք։ Ուիլերն ինչպե՞ս է։
— Ճաճանչոսկրի թեթև կոտրվածք է ստացել, կարծում եմ։ Թիթեղներն են պատրաստում։
— Նրան մեկ ուրիշ բժշկի հանձնեք,— առաջարկեց Բրունոն։— Ինձ քո օգնությունն է պետք։
Նա բանալիով բացեց կողպված դուռը։
— Փորձի համար Գրեգսոնը լավ վիճակում է։
Մորիսին չպատասխանեց։ Բրունոն թեթևակի ծիծաղեց։
— Ի՞նչն է քեզ անհանգստացնում։
— «Փորձ» բառը,— պատասխանեց Մորիսին։
— Պենտոտալ նարկոսինթեզը նույնպես փորձ էր, երբ առաջին անգամ արվեց։ Նույնն էլ սա է՝ էմպաթիայի սուրոգատը։ Եթե ռիսկ կա, ուրեմն այդ ես եմ ռիսկի ենթարկվում, ոչ թե Գրեգսոնը։
— Չեք կարող վստահ լինել։
Նրանք մտան վերելակը։
— Վստահ եմ,— ասաց Բրունոն տարօրինակ շեշտադրմամբ։— Ամբողջ կյանքում հետևել եմ այդ կանոնին։ Ես համոզվում եմ։ Պետք է վստահ լինեմ նախքան նոր բան ձեռնարկելը։ Հնարավոր չէ՝ այս փորձը ձախողվի։ Ես ռիսկի չեմ ենթարկում հիվանդներին։
— Դե…
— Գնացինք,— Բրունոն քայլերն ուղղեց դեպի զննասենյակ։— Ուզում եմ մի վերջին ստուգում անցնել։ Չափիր արյանս ճնշումը։
Նա հանեց սպիտակ խալաթը և օդաճնշիչ ռեզինը հմտորեն փաթաթեց թևի շուրջը։
— Ես իրավիճակը բացատրել եմ Գրեգսոնի կնոջը,— շարունակեց Բրունոն, մինչ Մորիսին սեղմում էր տանձիկը։— Նա ստորագրել է թույլտվությունները։ Նա գիտի, որ սա միակ հնարավորությունն է Գրեգսոնին բուժելու։ Ի վերջո, Քեն, էդ մարդը յոթ տարի է՝ ինչ խելագարվել է։ Արդեն ուղեղի հետընթաց է սկսվում։
— Նկատի ունեք՝ բջջային մակարդակո՞ւմ։ Հը՜մ։ Ինձ դա չի անհանգստացնում։ Արյան ճնշումը նորմալ է։ Սիրտը…
Մորիսին ձեռքն առավ ստեթոսկոպը։ Քիչ անց գլխով արեց։
— Բժիշկն իրավունք չունի խավարից վախենալու,— ասաց Բրունոն։
— Այնպես չէ, որ բժիշկը բացարձակ անհայտ տարածքներ կարող է մտնել,— կտրուկ ասաց Մորիսին։— Դուք կարող եք դիակ հերձել, բայց հոգեկանը հերձել չեք կարող։ Որպես հոգեբույժ՝ Դուք առաջինը պետք է ընդունեք, որ մենք ամեն ինչ չէ, որ գիտենք մարդկային մտքի մասին։ Դուք մենինգիտով հիվանդից արյուն կվերցնեի՞ք փոխներարկման համար։
Բրունոն կչկչաց։
— Կախարդություն, Քեն, մաքուր կախարդություն։ Փսիխոզի մանրէային տեսություն։ Վախենում ես՝ վարակվե՞մ Գրեգսոնի խելագարությամբ։ Չեմ ուզում հիասթափեցնել, բայց դրվագային խանգարումները վարակիչ չեն։
— Եթե Դուք չեք տեսնում մանրէն, չի նշանակում, թե այն չկա,— մռթմռթաց Մորիսին։— Ի՞նչ կասեք այն վիրուսների մասին, որոնք զտիչի միջոցով են հայտնաբերվել։ Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հեղուկ միջավայրում հիվանդածին բակտերիաներ կարող են ապրել։
— Իսկ գուցե վերադառնաս եղիսաբեթյան ժամանակներ և սկսես խոսել փայծաղի ու մարմնական հեղուկների մասի՞ն։
Բրունոն կրկին հագավ վերնաշապիկն ու խալաթը։ Նա լրջացավ։
— Չնայած, ինչ-որ առումով, սա էլ է փոխներարկում։ Փոխներարկման միակ հնարավոր տեսակը։ Ես խոստովանում եմ, որ ոչ ոք չգիտի ամեն ինչ փսիխոզների մասին։ Բայց ոչ ոք չգիտի նաև՝ ինչն է ստիպում մարդուն մտածել։ Հենց այստեղ է, որ ֆիզիկան հանդիպում է բժշկությանը։ Երբ հանդիպեցին կախարդությունն ու բժշկությունը, առաջացավ դիգիտալիսը։ Գիտնականները սկսում են ճանաչել մտքի բնույթը՝ էներգիայի էլեկտրոնային կառուցվածքը։
— Էմպիրի՛կ:
— Եկեք ոչ թե ուղեղը, այլ հենց միտքը համեմատենք միջուկային ռեակտորի հետ,— ասաց Բրունոն։— Ատոմային պայթյունի ներուժը մտքի մեջ է, որովհետև հնարավոր չէ մտածողության համար ստեղծել մասնագիտացված կոլոիդային կառուցվածք՝ առանց վտանգավորության աստիճանի մոտենալու։ Սա այն գինն է, որը մարդիկ վճարում են հոմո սափիենս լինելու համար։ Միջուկային ռեակտորում կան բորապատ պողպատե ձողեր, որ ծառայում են որպես զսպիչներ և կլանում են նեյտրոնները, քանի դեռ դրանք դուրս չեն եկել վերահսկողությունից։ Մտքի դեպքում այդ զսպիչները, բնականաբար, զուտ հոգեկան են, բայց հենց դրանք են ապահովում մարդու ողջամտությունը։
— Խորհրդանիշներով կարելի է ցանկացած բան ապացուցել,— վրդովված ասաց Մորիսին։— Բայց չեք կարող Գրեգսոնի գանգի մեջ բորապատ պողպատե ձողեր խրել։
— Այո, կարող եմ,— ասաց Բրունոն,— փաստորեն, կարող եմ։
— Բայց այդ զսպիչները գաղափարնե՛ր են։ Մտքե՛ր։ Դուք չեք կարող…
— Ի՞նչ է միտքը,— հարցրեց Բրունոն։
Մորիսին ծամածռեց դեմքը և դուրս եկավ աշխատակազմի ղեկավարի հետևից։
— Կարելի է միտքը գրանցել էնցեֆալոգրաֆի վրա…,— համառեց նա։
— Որովհետև այն ճառագայթում է։ Ի՞նչն է առաջացնում այդ ճառագայթումը։ Որոշակի էլեկտրոնային կաղապարների կողմից արձակվող էներգիան։ Ինչի՞ց են առաջանում էլեկտրոնային կաղապարները։ Նյութի հիմնական ֆիզիկական կառուցվածքից։ Ի՞նչն է ստիպում ուրանին նեյտրոններ արձակել հատուկ պայմաններում։ Պատասխանը նույնն է։ Եթե ատոմային ռեակտորը սկսում է վերահսկողությունից դուրս գալ, արագ գործելու դեպքում կարելի է զսպել այն բորով կամ կադմիումով։
— Արագ գործելու դեպքում։ Իսկ ինչո՞ւ Գրեգսոնին օգտագործել։ Նա տարիներ շարունակ խելագարված է եղել։
— Եթե նա ընդամենը մի շաբաթ առաջ խելագարված լիներ, մենք չէինք կարողանա ապացուցել, որ նրան հենց էմպաթիայի սուրոգատն է բուժել։ Դու վիճում ես ընդամենը պատասխանատվությունից խուսափելու համար։ Եթե չես ուզում օգնել ինձ, մեկ ուրիշին կգտնեմ։
— Մեկ ուրիշին սովորեցնելու համար շաբաթներ կպահանջվի,— ասաց Մորիսին։— Պետք չէ, ես կվիրահատեմ։ Միայն թե… մտածե՞լ եք՝ Ձեր սեփական մտքի վրա ինչպես կարող է դա ազդել։
— Իհարկե,— ասաց Բրունոն։— Քո կարծիքով՝ ի՞նչ գրողի տարած հոգնեցնող հոգեբանական թեստեր անցկացնում ինքս ինձ հետ։ Ես լիովին գիտակից եմ, ես այնքան նորմալ եմ, որ իմ միտքը պետք է որ հագեցած լինի բորային զսպիչներով։
Նա կանգ առավ իր աշխատասենյակի դռան մոտ։
— Բարբարան էստեղ է։ Կհանդիպենք վիրահատարանում։
Մորիսիի ուսերը կախվեցին։ Բրունոն թեթևակի ժպտաց և բացեց դուռը։ Նրա կինը նստած էր կաշվե բազմոցին՝ անտարբեր թերթելով հոգեբուժական ամսագրի էջերը։
— Ուսումնասիրո՞ւմ ես,— հարցրեց Բրունոն։— Բուժքրոջ աշխատանք կուզե՞ս։
— Ողջույն, սիրելիս,— ասաց Բարբարան՝ մի կողմ նետելով ամսագիրը։
Նա արագ մոտեցավ Բրունոյին։ Նա փոքրամարմին էր, մուգ մաշկով և, Բրունոյի ակադեմիական կարծիքով, շատ գեղեցիկ։ Բրունոյի մտքերը դադարեցին ակադեմիական լինելուց, երբ նա համբուրեց կնոջը։
— Ի՞նչ կա։
— Էս երեկո ես, չէ՞, անելու էդ վիրահատությունը։ Ուզում էի հաջողություն մաղթել։
— Ի՞նչ իմացար։
— Բո՛բ,— ասաց Բարբարան,— մենք էնքան երկար ժամանակ ենք ամուսնացած, որ արդեն մի թեթև կարողանում եմ կարդալ մտքերդ։ Չգիտեմ՝ ինչ վիրահատություն է, բայց գիտեմ, որ կարևոր է։ Ուրեմն՝ հաջողություն։
Նա նորից համբուրեց Բրունոյին, ապա ժպտաց, գլխով արեց, դուրս սահեց սենյակից ու գնաց։ Բժիշկ Ռոբերտ Բրունոն հոգոց հանեց, թեև ոչ այնքան տխուր, և նստեց իր սեղանի մոտ։ Ազդարարի միջոցով ստուգեց առողջարանի ռեժիմը, համոզվեց, որ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում և գոհունակությամբ ճպպացրեց լեզուն։
Իսկ հիմա՝ փորձը…
________________________________________
Երրորդ վիրաբուժարանում որոշ նոր սարքավորումներ կային փորձի համար։ Այնտեղ էր նաև Բրունոյի գործընկերը՝ ատոմային ֆիզիկոս Էնդրյու Փարսոնսը՝ փոքրամարմին, անփույթ մի մարդ՝ խոժոռ, կնճռոտ դեմքով, որն անհեթեթ տեսք ուներ վիրաբուժական գլխարկի տակ։ Իսկական վիրահատություն չէր լինելու. գանգահատության կարիք չկար, բայց, ըստ ընդունված կարգի, նախազգուշական հականեխիչ միջոցներ էին ձեռնարկվել։
Անզգայացնող բժիշկն ու երկու բուժքույր պատրաստ կանգնած էին, իսկ Մորիսին, սպիտակ խալաթը հագին, կարծես մոռացել էր իր անհանգստության մասին և վերագտել էր իրեն հատուկ հանդարտությունն ու վարպետությունը։ Գրեգսոնն արդեն վիրահատական սեղաններից մեկի վրա էր՝ պատրաստ և անգիտակից։ Ներերակային անզգայացումը շուտով կգումարվի նրա օրգանիզմում առկա ապոմորֆինին։ Նույնը սպասվում էր նաև Բրունոյին։
Ներկա էին ևս երկու բժիշկներ՝ Ֆերգյուսոնն ու Դեյլը։ Վատագույն դեպքում կարող էր ուղեղի շտապ վիրահատության կարիք առաջանալ, եթե ինչ-որ բան այն չլիներ։ Բայց չէր կարող լավ չլինել, մտածեց Բրունոն։ Չէր կարող։
Նա նայեց հարթ, փայլուն սարքավորումներին, դրանց կցափողերին և գրանցման թվատախտակներին։ Բժշկական սարքավորումներ չէին, իհարկե։ Դրանք Փարսոնսի ձեռքի աշխատանքն էին. նա էր նախագծել ու կառուցել դրանք։ Բայց գաղափարն, ի սկզբանե, Բրունոյինն էր. Բրունոյի հոգեբուժական գիտելիքները լրացրել էին Փարսոնսի տեխնոլոգիային։ Գիտության երկու ճյուղերը հանդիպել էին, և արդյունքը լինելու էր խելագարության բուժումը։
Բրունոյի գլխի վրա երկու կետ էին մաքուր սափրել։ Փարսոնսը զգուշորեն ամրացրեց էլեկտրոդները, որոնք արդեն տեղադրվել էին Գրեգսոնի գանգին։
— Հիշեք,— ասաց Փարսոնսը,— պետք է հնարավորինս հանգիստ լինեք։
— Հանգստացնող չեք ընդունել, բժիշկ,— ասաց Մորիսին։
— Պետք չէ։ Անզգայացումը բավարար է։
Բուժքույրերը վիրահատարանի շուրջը շարժվում էին անձայն, վարպետորեն։ Թթվածնի սարքը ստուգել էին արտակարգ իրավիճակների համար։ Ադրենալինը ստուգված էր, ստերիլիզատորը գոլորշի էր արձակում սեղանի վրա։ Բրունոն ցրեց մտքերը և փորձեց թուլանալ, երբ բուժքույրը նրա թևին սպիրտ շփեց։
Բանականության էլեկտրոնային մտավոր մատրիցայի վերադրում… հոգեմտավոր կապ… Բրունոյի բանականության զսպիչների կաղապարներն անփոփոխ կերպով պետք է ֆիքսվեին մանիակալ-դեպրեսիվ մարդու աղավաղված, խեղաթյուրված մտքում։
Բրունոն զգաց ասեղի ծակոցը։ Իրենից անկախ սկսեց հաշվել։ Մեկ։ Երկու։ Երեք…
Նա բացեց աչքերը։ Գլխավերևում Մորիսիի կենտրոնացած ու մտազբաղ դեմքն էր։ Մորիսիի հետևում երևում էր առաստաղից կախված լյումինեսցենտային լամպը, որի վառ լույսից Բրունոն թարթում էր աչքերը։ Թևը թեթևակի ծակծկում էր. ուրիշ հետևանքներ չկային։
— Լսո՞ւմ եք ինձ, բժիշկ,— հարցրեց Մորիսին։
Բրունոն գլխով արեց։
— Այո, արթուն եմ,— լեզուն ասես հաստացած լիներ։ Բնական էր։— Գրե՞գսոն։
Բայց Մորիսիի դեմքը փոքրանում էր։ Ոչ, ներս էր քաշվում։ Առաստաղի լամպը փոքրանում էր։ Նա ընկնում էր…
Նա կուրացուցիչ արագությամբ ներքև էր սլանում։ Սպիտակ պատերը սուրում էին նրա կողքով։ Մորիսիի դեմքը փոքրանալով վերածվեց մի փայլուն կետի, որ մնաց հեռու-հեռվում՝ վերևում։ Մինչ նա ընկնում էր, ավելի էր մթնում։ Քամին ոռնում էր, և հատակի հրեշավոր անդունդից լսվում էր դանդաղ, աստիճանաբար ուժգնացող որոտ, որ ասես արձագանք լիներ։
Ընկնում էր ավելի ու ավելի ներքև, ավելի ու ավելի արագ, իսկ սպիտակ պատերը շարունակում էին խամրել՝ ստանալով մոխրագույն ու սև երանգներ, մինչև նա կուրացավ, մինչև խլացավ որոտացող արձագանքից։
Տեսանելիությունը վերականգնվեց։ Ամեն ինչ ֆոկուսից դուրս էր։ Նա թարթեց աչքերը, թուքը կուլ տվեց և մի կերպ կարողացավ տարբերակել մահճակալի կողքի ուղղանկյունաձև շիրման։ Այնտեղ մի ուրիշ բան էլ կար՝ սպիտակ և տձև։
— Արթո՞ւն եք, բժիշկ։
— Ողջույն, Հարվուդ,— ասաց Բրունոն բուժքրոջը։— Ինչքա՞ն ժամանակ եմ անգիտակից եղել։
— Մոտ երկու ժամ։ Հիմա կկանչեմ բժիշկ Մորիսիին։
Նա դուրս եկավ սենյակից։ Բրունոն փորձնական աշխատեցրեց մկանները։ Լավ էր զգում։ Նույնիսկ գլխացավ չուներ։ Տեսողությունն արդեն նորմալ էր։ Նա բնազդաբար ձեռքը տարավ դեպի դաստակն ու սկսեց հաշվել զարկերակը։
Պատուհանից երևում էին ճյուղի դանդաղ շարժումն ու մեղմ քամուց թեթև ծածանվող տերևները։ Ոտնաձայներ լսվեցին։
— Շնորհավորում եմ,— ասաց Մորիսին՝ մոտենալով մահճակալին։— Գրեգսոնը ցնցված է, բայց քիչ-քիչ խելքի է գալիս։ Դեռ կանխատեսումներ չենք անում, բայց, գրազ կգամ, Ձեզ մոտ ստացվեց։
Բրունոն խոր շունչ քաշեց։
— Կարծո՞ւմ ես։
Մորիսին ծիծաղեց.
— Չասեք, թե վստահ չէիք։
— Ես միշտ եմ վստահ,— պատասխանեց Բրունոն։— Բայց, միևնույնն է, հաստատում ստանալը հաճելի է։ Ահավոր ծարավ եմ։ Ինձ համար սառույց կբերե՞ս, Քեն։
— Լավ։
Մորիսին կիսով չափ դուրս եկավ դռնից և կանչեց բուժքրոջը։ Այնուհետև վերադարձավ և իջեցրեց շերտավարագույրը։
— Արևը Ձեր աչքերի մեջ է ընկնում։ Էսպես ավելի լա՞վ է։ Ո՞նց եք զգում, թե՞ պետք չի հարցնել։
— Լրիվ նորմալ։ Ոչ մի կողմնակի ազդեցություն։ Լսիր, ավելի լավ է տեղեկացրու Բարբարային, որ ողջ եմ։
— Արդեն ասել եմ։ Էստեղ է գալիս։ Իսկ Փարսոնսը դրսում է։ Ուզո՞ւմ եք տեսնել նրան։
— Իհարկե։
________________________________________
Ֆիզիկոսը հավանաբար դռան մոտ էր, քանի որ գրեթե անմիջապես հայտնվեց։
— Հիմա ես պետք է հույսս Ձեզ վրա դնեմ,— ասաց նա։— Հոգեբուժական հետազոտություններն իմ ոլորտը չեն, բայց բժիշկ Մորիսին ասում է, որ մենք, ըստ երևույթին, հաջողել ենք։
— Դեռ չենք կարող վստահ լինել,— զգուշավորությամբ ասաց Բրունոն՝ ձեռքը մեկնելով սառույցի կոտրված կտորին։— Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի։
— Ինչպե՞ս եք զգում։
— Եթե էս հիվանդանոցում բժիշկ Բրունոյից ավելի առողջ նմուշ կա, ուրեմն ես նրա մասին դեռ չեմ լսել։ Ես շուտով կվերադառնամ։ Պետք է մի հիվանդի ստուգեմ,— ասաց Մորիսին և դուրս եկավ։
Բրունոն հենվեց բարձին։
— Վաղը ոտքի վրա կլինեմ,— ասաց նա։— Մի քանի ստուգում պետք է անցկացնեմ Գրեգսոնի վրա։ Իսկ մինչ այդ կհանգստանամ՝ փոփոխության համար։ Էս վայրը մի առավելություն ունի. ռեժիմն այնքան կատարյալ է, որ կարող ես լրիվ անջատվել ու հանգստանալ, եթե ուզում ես։ Անձնակազմն էլ հուսալի է։
Շերտավարագույրը քամուց թխկթխկաց։ Փարսոնսը մռթմռթալով գնաց դեպի պատուհանն ու բռնեց պարանը։
Նա բարձրացրեց շերտավարագույրն ու մնաց կանգնած՝ մեջքով դեպի Բրունոն։ Բայց պատուհանից այն կողմ մութ էր։
— Արևն աչքերիս էր ընկնում,— ասաց Բրունոն։— Մի րոպե՛։ Ընդամենը մի քիչ առաջ էր։ Փա՛րսոնս, ինչ-որ բան այն չէ։
— Ի՞նչ,— հարցրեց Փարսոնսն առանց շրջվելու։
— Մորիսին ասաց՝ ընդամենը երկու ժամ եմ անգիտակից եղել։ Ես անզգայացում էի ընդունել ինն անց կեսին։ Երեկոյա՛ն։ Բայց երբ արթնացա մի քանի րոպե առաջ, այդ պատուհանից տեսա, որ արևը փայլում է։
— Հիմա գիշեր է,— ասաց Փարսոնսը։
— Չի՛ կարող գիշեր լինել։ Կանչե՛ք Մորիսիին։ Ես ուզում եմ…
Բայց Փարսոնսը հանկարծակի առաջ թեքվեց ու բացեց պատուհանը։ Հետո ցատկեց դուրս և անհետացավ։
— Մորի՛սի,— գոռաց Բրունոն։
Մորիսին ներս մտավ։ Նա չնայեց Բրունոյին։ Արագ անցավ սենյակով և պատուհանից դուրս ցատկեց դեպի մթությունը։
Ներս մտան Ֆերգյուսոնն ու Դեյլը՝ դեռևս իրենց վիրահատական խալաթներով։ Նրանք հետևեցին Մորիսիին։
Բրունոն վեր կացավ։ Երեք բուժքույրեր ներս մտան դռնից։ Նրանց հետևեցին մի սանտար ու մի պրակտիկանտ։ Հետո եկան մյուսները։
Անձնակազմը մղձավանջային երթով մտավ Բրունոյի սենյակը։ Գերեզմանային լռության մեջ նրանք քայլում էին դեպի պատուհանն ու դուրս ցատկում։
Ծածկոցը սահեց Բրունոյի մարմնի վրայից։ Նա տեսնում էր՝ ինչպես են նրանք դանդաղ լողում դեպի պատուհանը…
Մահճակալը թեքվում էր։ Ոչ, սենյակն ինքը պտտվում էր, բոլորվում, մինչ Բրունոն հուսահատորեն կառչել էր մահճակալի գլխատախտակից, իսկ ձգողականության ուժն անողոքաբար քաշում էր նրան դեպի պատուհանը, որն այժմ հենց իր ներքևում էր։
Մահճակալն ընկավ։ Այն դուրս շպրտեց Բրունոյին։ Նա տեսավ՝ ինչպես պատուհանի երկարավուն մասը երախի նման բացվեց՝ կուլ տալու իրեն։ Նա սուզվեց բացարձակ խավարի մեջ, գիշերվա և որոտի արձագանքող ու մռնչացող դժոխքի մեջ…
— Օ՜, Աստվա՜ծ իմ,— հառաչեց Բրունոն։— Էս ի՜նչ երազ էր։ Մորիսի, ինձ հանգստացնող տվեք։
Հոգեբույժը ծիծաղեց։
— Դուք նախկինում էլ եք, չէ՞, երազ տեսել երազի մեջ։ Բժի՞շկ։ Վախենալու է հնչում, բայց Դուք արդեն ինձ ամեն ինչ պատմել եք։ Ավելի լավ է կատարսիս, քան բարբիտուրատ։
— Ենթադրում եմ՝ այո,— Բրունոն պառկեց մահճակալին։
Սա այն սենյակը չէր, որ տեսել էր երազում։ Այն շատ ավելի ընդարձակ էր, իսկ պատուհաններից դուրս նորմալ մթություն էր։ Մորիսին ասել էր, որ անզգայացումը մի քանի ժամ էր տևել։
— Ամեն դեպքում, նյարդային եմ,— ասաց Բրունոն։
— Չգիտեի, որ Դուք նյարդեր ունեք… Էստեղ, Հարվուդ,— Մորիսին դիմեց բուժքրոջն ու նոթատետրում մի քանի սիմվոլ գրի առավ։— Ահա, կբերենք Ձեր հանգստացնողը։ Չե՞ք ուզում Գրեգսոնի մասին իմանալ։
— Լրիվ մոռացել էի նրա մասին,— խոստովանեց Բրունոն։— Կարո՞ղ եք ինչ-որ հստակ բան ասել։
— Նա դեպրեսիայի փուլի կորագծի ամենացածր կետում էր, հիշո՞ւմ եք։ Դե, նա դեռ չի խոսում, բայց մի փոքր էյֆորիա կա։ Ոգևորությունը կանցնի։ Կարևորը՝ Դուք կոտրել եք շրջապտույտը։ Նրա միտքը դեռ չի հարմարվել Ձեր դրած այդ զսպիչներին, բայց, հանպատրաստից գնահատելով, կասեմ, որ վատ չէ։
— Փարսո՞նսն ինչ է մտածում։
— Խորասուզվել է հաշվարկների մեջ։ Ասաց՝ կգա Ձեզ տեսնելու, հենց արթնանաք։ Ահա այդ հանգստացնողը։
Բրունոն պարկուճները վերցրեց բուժքրոջից ու կուլ տվեց ջրով։
— Շնորհակալ եմ։ Ես ավելի լավ է մի քիչ հանգստանամ։ Երևի անգիտակցաբար բավականին մեծ լարվածություն եմ կուտակել։
— Էդպես էլ հասկացա,— սառը տոնով ասաց Մորիսին։— Դե լավ, ահա զանգի լարը։ Է՞լ ինչ է պետք։
— Միայն հանգիստ,— Բրունոն վարանեց։— Օ՜, մի բան էլ,— ասաց նա՝ պարզելով ձեռքը։— Ճմկտիր։________________________________________
Մորիսին նայեց նրան ու հռհռաց։
— Դեռ վստահ չե՞ք, որ արթուն եք։ Վստահեցնում եմ, որ արթուն եք, բժիշկ։ Ես չեմ պատրաստվում դուրս ցատկել պատուհանից։ Եվ հիմա գիշեր է, կնկատեք։
Բրունոն չշարժվեց, իսկ Մորիսին բթի ու ցուցամատի արանքում ճմկտեց Բրունոյի նախաբազկի ծալքը։
— Ա՛խ,— ասաց Բրունոն,— շնորհակալություն։
— Համեցեք,— ուրախ ձայնով պատասխանեց Մորիսին։— Հիմա մի փոքր հանգստացեք։ Շուտով կվերադառնամ։
Նա դուրս եկավ բուժքրոջ հետ։ Բրունոն շունչ քաշեց ու սկսեց հայացքով զննել սենյակը։ Ամեն ինչ կատարյալ ամուր ու նորմալ էր երևում։ Հատակի տակ ոչ մի որոտացող սև անդունդ չէր երևում։ Տհաճ երազ էր։
Նա վերցրեց նոթատետրն ու մատիտը և մի քանի մանրազնին գրառում արեց տարօրինակ կրկնակի պատրանքի մասին, հետո ինքն իրեն թույլ տվեց հանգստանալ։ Այնուհետև զգաց՝ ինչպես հանգստացնողը դանդաղ հոսեց իր նյարդերի միջով. ջերմ, հաճելի զգացողություն էր, որը նա ուրախությամբ ընդունեց։ էմպաթիայի սուրոգատի փորձի, Գրեգսոնի, ֆիզիկոս Փարսոնսի, Բարբարայի մասին՝ ավելի ուշ։
Նա նիրհեց։ Թվաց՝ ընդամենը մի ակնթարթ անցավ, երբ բացեց աչքերն ու պատուհանից այն կողմ տեսավ արևի լույսը։ Նրան համակեց կարճատև տագնապ, հետո նա նայեց ձեռքի ժամացույցին ու հանգստացավ՝ տեսնելով, որ այն ցույց էր տալիս ժամը տասնմեկը։ Դռնից և պատուհանից այն կողմ լսվում էին հիվանդանոցային առօրյայի խուլ ձայները։ Շուտով թարմանալով՝ նա վեր կացավ ու հագնվեց։
Բուժքույր Հարվուդի աշխատասենյակից նա զանգեց Մորիսիին, նրանք կարճ ողջույններով փոխանակվեցին, իսկ հետո նա գնաց իր աշխատասենյակ՝ ցնցուղ ընդունելու և սափրվելու։
Նա զանգեց Բարբարային։
— Ողջույն,— ասաց նա։— Մորիսին ասել է ինձ, որ լավ ես։ Այդ պատճառով որոշեցի սպասել, մինչև արթնանաս։
— Արդեն արթնացել եմ։ Գա՞մ տուն ճաշի։
— Լավ, կսպասեմ։
— Կես ժամի՞ց, ուրեմն։
— Կես ժամից։ Ուրախ եմ, որ զանգեցիր, Բոբ։ Ես անհանգստանում էի։
— Կարիք չկար։
— Փորձը հաջո՞ղ անցավ։
— Դեռ չգիտեմ։ Խաչիր մատներդ։
Տասը րոպե անց Բրունոն, մատները դեռ խաչած, զննում էր Գրեգսոնին։ Ներկա էին Փարսոնսն ու Մորիսին։ Ֆիզիկոսը շարունակ գրառումներ էր անում, իսկ Մորիսին կանգնած էր լուռ ու զգոն։
Դեռ շատ բան չէր երևում։ Գրեգսոնը պառկած էր իր մահճակալին, մուգ մազերի ֆոնին երևում էին սափրված սպիտակ կետերը, դիմագծերը հանգիստ ու խաղաղ էին։ Դեմքի բնորոշ անհանգիստ արտահայտությունն անհետացել էր։ Բրունոն բացեց տղամարդու աչքերն ու լույսը պահեց աչքերին։ Աչքերի բիբերի կծկումները նորմալ թվացին։
— Լսո՞ւմ ես ինձ, Գրեգսոն։
Գրեգսոնի շուրթերը շարժվեցին։ Բա նա ոչինչ չասաց։
— Ամեն ինչ կարգին է։ Լավ ես զգում, չէ՞։ Անհանգստացնող բան չկա, չէ՞։
— Գլխացավ,— ասաց Գրեգսոնը,— ահավոր գլխացավ։
— Գլխացավի համար քեզ մի բան կտանք։ Հիմա փորձիր քնել։
Դրսում՝ միջանցքում, Բրունոն մի կերպ էր զսպում ցնծությունը։ Փարսոնսը, խոժոռվելով, թարթեց աչքերը։
— Դեռ չե՞ք կարող ինչ-որ բան ասել։
Բրունոն զսպեց իրեն.
— Ոչ, դեռ շատ շուտ է։ Բայց…
— Մանիակալ-դեպրեսիվ փուլն անցել է,— հայտարարեց Մորիսին։— Բանականությունը տեղն է։ Երեք տարի անց։
— Զսպիչներն են,— ժպտաց Բրունոն։— Դե, պետք է սպասենք ու տեսնենք։ Դեռ չենք կարող զեկույց գրել։ Գիտակցությունը հաստատ տեղն է։ Մենք նրան հանգստանալու հնարավորություն կտանք։ Մյուս ստուգումները՝ հետո։ Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։
Բարբարայի հետ նա իրեն թույլ տվեց ավելի շատ ոգևորվել։
— Մենք արեցի՛նք դա, Բարբարա։ Խելագարության համար բուժո՛ւմ գտանք։
Բարբարան թեքվեց սեղանի վրա՝ սուրճ լցնելու։
— Ես կարծում էի՝ փսիխոզի այնքան շատ տեսակներ կան, որ բուժումներն էլ զգալիորեն տարբեր պետք է լինեին։
— Դե, դա ճիշտ է, բայց նախկինում մենք երբեք չենք հասել խնդրի իրական պատճառին։ Մրսածությունը կարելի է բուժել հանգստի ռեժիմով, հարկադիր հեղուկ խմելով ու ասպիրինով, բայց պատվաստանյութն է ուղղակիորեն հասնում խնդրի արմատին։ էմպաթիայի սուրոգատը ամենափոքր ընդհանուր հայտարարն է։ Այն ազդում է մտքի էլեկտրոնային կառուցվածքի վրա, և եթե վիճակի ֆիզիկական վատթարացում չկա, ինչպես ծանր պարեզի դեպքում, մեր բուժումը պետք է հիանալի աշխատի։
— Ահա թե ինչի վրա էիր աշխատում,— ասաց Բարբարան։— Բոբ, չես պատկերացնի՝ որքան ուրախ եմ, որ հաջող է անցել։
— Դե, հուսանք։ Գրեթե վստահ ենք։ Բայց…
— Հիմա կարո՞ղ ես արձակուրդ վերցնել։ Այնքան շատ ես աշխատել։
— Մի քանի շաբաթ էլ, ու ես պատրաստ կլինեմ։ Պետք է իմի բերեմ գրառումներս։ Այս փուլում չեմ կարող Փարսոնսին մենակ թողնել։ Բայց շատ շուտով, խոստանում եմ։________________________________________
Նա հայացքը բարձրացրեց՝ տեսնելու Բարբարայի ժպիտը, բայց քարացավ։ Կնոջ ժպիտը լայնանում, ձգվում էր, ստորին շրթունքն այնքան իջավ, մինչև բոլոր ատամները մերկացան։ Նրա աչքերի ստորին կոպերը կախվում էին… ձգվում…
Քիթը երկարում էր։
Աչքերը դանդաղ դուրս սողացին խոռոչներից և հրեշավոր ցողունների պես երկարեցին նրա այտերի վրա։
Նա հալվեց ու սեղանի տակ անհետացավ տեսադաշտից։
Սեղանը սկսեց սուզվել։
Եվ հիմա նրա շուրջն ամեն բան հալվում էր։ Նրա տակ աթոռը վերածվեց պլաստիկի, ապա հեղուկի։ Հատակը աման էր և պատերը կաթում էին դրա մեջ՝ կենտրոնում փայտուն հորձանուտ ստեղծելով։
Նա անօգնական սահում էր թեքության վրա, մինչև որ լճակը կլանեց նրան՝ որոտի, խառնաշփոթի և սրտխառնոց առաջացնող սարսափի քաոսի մեջ։
Քամին ոռնում էր… Դատարկ տարածությունը փակվում էր նրա շուրջը… Նա ընկնում էր խավարի մեջ…
Այս անգամ, երբ արթնացավ, վստահ չէր։ Խուճապը դեռևս չէր լքել նրան։ Հետագայում իմացավ, որ կիսազառանցանքի վիճակում է եղել ութ օր, և միայն Մորիսիի անդադար ուշադրության շնորհիվ էր հնարավոր եղել հանգստություն պահպանել։ Այնուհետև՝ շաբաթներով ապաքինում և արձակուրդ։ Թվում էր՝ երկար ժամանակ էր անցել, որ վերադարձավ Ֆլորիդայից՝ արևայրուքով և առողջ՝ վերսկսելու իր պարտականությունները։
Նույնիսկ այդ ժամանակ վախը չէր նահանջում։
Երբ ավտոմեքենայով մոտեցավ առողջարանի ծանրաքաշ շենքերին, ինչ-որ ալիք զգաց։ Նա բռնեց Բարբարայի ձեռքը, և նրան փոքր-ինչ մխիթարեց վստահությունը, որ Բարբարան մոտ էր։ Նա նույնպես օգտակար էր եղել, թեև չէր գիտակցել։
Դրանից հետո ամեն օր Բարբարայից բաժանվելիս մի անցողիկ անհանգստություն էր պատում նրան. գուցե այլևս չտեսնի նրան։ Որպեսզի մոռանա ոտքերի անհաստատության մասին և այն մասին, որ գետինն այլևս ամուր չէր իր ոտքերի տակ, նա ընկղմվել էր հիվանդանոցի առօրյայի մեջ։ Աստիճանաբար՝ շաբաթներ անց, սարսափը սկսեց լքել նրան։
Գրեգսոնը բուժվել էր։ Նա շարունակում էր նախազգուշական հսկողության տակ մնալ, բայց նրա փսիխոզի բոլոր նշանները կարծես անհետացել էին։ Դեռևս թեթևակի նևրոզներ կային, որոնք վերջին վեց տարիների աննորմալ զսպվածության բնական հետևանքն էին, բայց դրանք վերանում էին պատշաճ թերապիայի շնորհիվ։ էմպաթիայի սուրոգատը հաջողվել էր որպես բուժում։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ Բրունոն հրաժարվում էր նոր փորձեր կատարելուց։
Փարսոնսը դժգոհ էր։ Նա անհամբեր սպասում էր՝ երբ էին գործընթացի գրաֆիկ կազմելու, բայց մեկ փորձը բավարար ապացույցներ չէր ապահովում։ Բրունոն անընդհատ ձգձգում էր՝ միայն խոստումներ տալով Փարսոնսին։ Ի վերջո, նրանց միջև թեթև վեճ տեղի ունեցավ, որը կասեցրեց Մորիսին՝ նշելով, որ բժիշկ Ռոբերտ Բրունոն, տեխնիկապես, ինքն իր հիվանդն էր և դեռևս պատրաստ չէր այս վտանգավոր թեմայի շուրջ հետագա հետազոտությունների։
Փարսոնսը զայրացած հեռացավ։ Բրունոն Մորսիսիի հետևից գնաց վերջինիս աշխատասենյակ և նստեց հարմարավետ աթոռներից մեկին։ Հետմիջօրե էր, և պատուհաններից այն կողմ ամառվա անաշխույժ բզզոցը լուռ հակադրությունն էր տեղի ունեցած խոսակցությանը։
— Ծխախո՞տ, Քեն։
— Շնորհակալ եմ… Նայիր, Բոբ,— վերջին շաբաթների ընթացքում երկու տղամարդիկ ավելի էին մտերմացել։ Մորիսին անձնակազմի ղեկավարին այլևս «բժիշկ»-ով չէր դիմում, ինչպես նախկինում։— Ես հավաքել եմ քո գործի փաստերն, ու կարծում եմ՝ գտել եմ խնդրի արմատը։ Ուզո՞ւմ ես լսել իմ ախտորոշումը։
— Անկեղծ ասած՝ չեմ ուզում,— ասաց Բրունոն՝ փակելով աչքերն ու ծուխը ներս քաշելով։— Կնախընտրեի մոռանալ։ Բայց գիտեմ, որ չեմ կարող։ Դա կործանարար կլիներ իմ հոգեկանի համար։
— Դու, կարելի է ասել, պարբերական, ինքնաներփակ երազի մեջ ես եղել։ Երազում տեսել ես՝ ինչպես ես երազում տեսնում, որ երազ ես տեսնում։ Գիտե՞ս՝ որն է քո խնդիրը։
— Հապա՞։
— Դու հիմա էլ վստահ չես, որ արթուն ես։
— Չէ, բավականին վստահ եմ,— պատասխանեց Բրունոն,— հիմնականում վստահ եմ։
— Դու պետք է միշտ վստահ լինես։ Կամ պետք է ինքդ քեզ ստիպես հավատալ, որ կարևոր չէ՝ քնած ես, թե արթուն։
— Կարևո՛ր չէ։ Քե՛ն։ Իմանալ, որ ցանկացած պահի ամեն ինչ կարող է հալվել ոտքերիդ տակ և մտածել, որ դա կարևոր չէ։ Անհնա՛ր է։
— Ուրեմն պետք է վստահ լինես, որ արթուն ես։ Քո հալյուցինացիաներն անցյալում են։ Շաբաթներ են անցել։
— Հալյուցինացիաների ժամանակն առաձգական է և սուբյեկտիվ։
— Դա պաշտպանական մեխանիզմ է, ենադրում եմ, որ դա գիտես։
— Պաշտպանություն ինչի՞ դեմ։
Մորիսին թրջեց շրթունքները։
— Հիշիր՝ ես հոգեբույժն եմ, իսկ դու՝ իմ հիվանդը։ Դու հոգեվերլուծություն ես ուսումնասիրել, երբ հոգեբուժություն էիր սովորում, բայց դու չես կարողացել քո ենթագիտակցությունից հեռացնել բոլոր չարքերին։ Գրո՛ղը տանի, Բոբ, դու շատ լավ գիտես, որ հոգեբույժների մեծ մասը ստանձնում է այդ աշխատանքը, որովհետև դա նրանց գրավում է պաթոլոգիական պատճառներով՝ իրենց սեփական նևրոզների պատճառով։ Ինչո՞ւ էիր միշտ պնդում, թե լիակատակար վստահ ես ամեն հարցում։
— Ես միշտ համոզվում էի։
— Փոխհատուցելու համար։ Որպեսզի փոխհատուցես քո սեփական անվստահությունն ու անապահովությունը։ Գիտակցական մակարդակում դու վստահ էիր, որ էմպաթիայի սուրոգատն աշխատելու էր, բայց քո ենթագիտակցությունն այնքան էլ վստահ չէր։ Չնայած դու երբեք ինքդ քեզ չես խոստովանել։ Բայց դա արտահայտվեց սթրեսի ազդեցության տակ, հենց թերապիայի միջոցով։
— Շարունակիր,— դանդաղ ասաց Բրունոն։
________________________________________
Մորիսին թփթփացրեց իր սեղանին դրված թղթերի վրա։
— Ես գիտեմ, որ իմ ախտորոշումը ճշգրիտ է, բայց դու ինքդ կարող ես որոշել։ Դու, թերևս, ավելի լավ կիմանաս։ Մտքի սահմանները terra incognita են։ Միջուկային ռեակտիվի քո համեմատությունն ավելի լավն էր, քան դու պատկերացնում էիր։ Կրիտիկական զանգվածի մոտենալիս առաջանում է վտանգ։ Իսկ քո սեփական մտքում գտնվող զսպիչնե՞րը… Ի՞նչ արեց Փարսոնսի մեքենան դրանց հետ։
— Ես լիովին ողջամիտ եմ,— ասաց Բրունոն,— կարծում եմ։
— Հիմա, իհարկե։ Դու հաղթահարում ես այդ պայթյունը։ Քեզ մոտ անհանգստության նևրոզ էր կուտակվել, և թերապիան այն պայթեցրեց։ Կոնկրետ ինչպես՝ չեմ հասկանում։ Մտքի էլեկտրոնային կաղապարներն իմ ոլորտը չեն։ Միայն գիտեմ, որ Գրեգսոնի հետ կատարված փորձի արդյունքում քո մտքի անվտանգության բլոկները հեռացվեցին քո մտքից, և դու որոշ ժամանակով կորցրիր վերահսկողությունը։ Այստեղից էլ՝ հալյուցինացիաները, որոնք պարզապես գնացին ամենահեշտ ճանապարհով՝ ամենափոքր դիմադրության պայմաններում։ Կետ առաջին՝ դու վախենում ես անվստահությունից և անապահովությունից, և միշտ էլ այդպես է եղել։ Այդ պատճառով էլ քո երազը հետևում է ծանոթ սիմվոլիկ կաղապարի։ Ցանկացած պահի արթուն լինելու վստահությունը կարող է հօդս ցնդել։ Կետ երկու՝ քանի դեռ մտածում ես, որ երազի մեջ ես, դու խուսափում ես պատասխանատվությունից։
— Աստվա՛ծ իմ, Քեն,— ասաց Բրունոն,— ես ընդամենն ուզում եմ համոզված լինել, որ արթուն եմ։
— Բայց բացարձակապես ոչ մի ձև չես կարող վստահ լինել,— պատասխանեց Մորիսին։— Այդ համոզմունքը պետք է բխի քո սեփական մտքից և պետք է սուբյեկտիվ լինի։ Ոչ մի օբյեկտիվ ապացույց չի կարող լինել։ Հակառակ դեպքում, եթե չկարողանաս համոզել ինքդ քեզ, անհանգստության նևրոզը կրկին կվերածվի փսիխոզի, և…,— նա թոթվեց ուսերը։
— Տրամաբանական է հնչում,— ասաց Բրունոն։— Հիմա սկսում եմ բավականին պարզ տեսնել։ Կարծում եմ՝ հենց այս պարզաբանման կարիքն էլ ունեի։
— Ի՞նչ ես կարծում, հիմա երազո՞ւմ ես։
— Հաստատ ոչ այս պահին։
— Հրաշալի է,— ասաց Մորիսին:— Քանի որ հոգեկանի կոնգլոբուլյացիան հավիտենականի և վեր հառնող կալինո բիստիքսինգ ֆորինդեր սան…
Բրունոն տեղից ցատկեց։
— Քե՛ն,— ասաց նա՝ կոկորդը չորացած,— վե՛րջ տուր։
— Ֆիլիքսար կատուին բալիզա…
— Վերջացրո՛ւ։
— Բիզինդերկոնա ռեպստիլինգ և ԵՎ ՄԻՇՏ ՄԻՇՏ ՄԻՇՏ ԵՐԲԵՔ ՉԻՄԱՆԱԼՈՎ ԵՐԲԵՔ ՉԻՄԱՆԱԼՈՎ ԵՐԲԵՔ ՉԻՄԱՆԱԼՈՎ…
Բառերը դուրս էին գալիս մեծ, պտտվող, փայլուն գնդերի տեսքով։ Նրանք սուրոցով սլանում էին Բրունոյի գլխի մոտով։ Դրանք ռմբակոծում էին նրան։ Դրանք հետ էին քաշում նրան դեպի խավարի ու սարսափի որոտացող, հողմոտ անդունդը։
________________________________________
Մորիսին հետ քաշվեց մահճակալից ու ինչ-որ բան հարցրեց։
Բժիշկ Բրունոն գլխով արեց։
— Լավ,— ասաց Մորիսին,— մոտ երեք ժամ անգիտակից ես եղել։ Բայց ամեն ինչ լավ է ընթանում։ Շուտով ոտքի վրա կլինես։ Շատ բան կա անելու։ Բարբարան է ուզում տեսնել քեզ, և Փարսոնսը։
— Քեն,— ասաց Բրունոն,— սպասիր մի րոպե։ Ես հիմա արթո՞ւն եմ։ Նկատի ունեմ՝ իրո՞ք արթուն եմ։
Մորիսին նայեց ու ծիծաղեց։
— Իհարկե,— ասաց նա,— կարող եմ երաշխավորել։
Բայց Բրունոն չպատասխանեց։ Նա հայացքով զննեց պատուհանները, պատերի և առաստաղի ամրությունը, սեփական ձեռքերի ու բազուկների իսկականությունը։
Երբեք չիմանա՞լ։
Նա նայեց Մորիսիին՝ սպասելով՝ երբ է Մորիսին հօդս ցնդելու, իսկ իր ոտքերի տակ նորից բացվելու սև փոսը։
Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Պետրոսյանի

