Հակոբ Մնձուրու ինքնակենսագրական «էտյուդների» մեջ այս մեկն առանձնանում է իր մտերմիկ մանրամասներով․ դա Պոլսի պանդխտությունից հայրենի գյուղ «սիլա» (այսպես էր կոչվում երկար բացակայությունից հետո կարճ մի ժամանակով պանդուխտի տուն դառնալը․ որը համանուն պատմվածքում այն պատկերված է իբրև ծես) անելու մի դրվագ է, որում նա պատմում է իր ամուսնության մասին։ Այն մի տեսակ վերհուշ է իր կնոջ՝ Ողիտայի մասին, ով իր երեք զավակների հետ 1915 թ․ հոշոտվեց աքսորի ճանապարհներին։
Տպագրվել է «Մարմարա» թերթում, 1957 թ․։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՍ
Քիլոմետրերով երկայնության մը վրա, հարյուրավոր ջորիներով, մեկը մյուսին ետևեն, մեկ գծով ընթացանք, կարավաններու քնաբեր, կանոնական գնացքով, երկայնափող հրացաններ կրող ջորեպաններու առաջնորդությամբ: Բոլոր ջորիներուն ճակատները հայելիներով, հուռութներով զարդարված էին, ու պարանոցներեն մանեկաձև կախված օղերու չափ ու ավելի մեծ զանգակներու անհամար հնչական ալիքները ծփալով կերթային լերանց մեջերեն հովիտներու վրա մարելու: Հնագույն դարերու մեծ կարավաններն ալ այդպէս չէի՞ն ճամբորդեր: Ասիան էր, Արևելքը, և ես շատ երիտասարդ, այն տարիներուս մինչև մազերուս ծայրերը ռոմանթիկ, ջորիիս վրա նստած, չգիտեի ի՞նչ ընեի ցնծութենես։ Ու ավելի զարմանալին: Բնիկ մը ըլլալուս հակառակ, իմ, տեղացիի աչքերուս տեղ, Ֆրանսացիներուն՝ Կոթիեի Քոնսթանթինոբլըին, Ֆրոմանթենի Սահարային, Լոթիի դեպի Սպահանի ու ուղեգրական նկարագրություններուն մեջեն ու անոնց աչքերովը կը նայեի իմ շուրջիս տեքորին ու հետիս ճամբորդներուն վրա:
Կարավանեն զատվեցանք, ու իմ գյուղերս, երկու Արմտանները երևցան, Կապույտ Լույսի բարձունքեն։ Ահա բարտիները, կանոնավոր շարքերով, որոնք հսկա վարագույրներու պես կախվեր էին միջոցին մեջ, ուռիները, որոնք կիրակի միջօրետքի մը մարդաստաններու մեջեն, քաղաքի մարդոց լեռներու ուղղությունով պտույտի ելլող խումբերու կը նմանեին դաշտի երեսը։ Ահա ցորենի արտերը, որ ճերմկեր էին, ճերմակ ալ չէին, ավելի ճիշդը դեղներ էին։ Տեհա իմ տունս, մարագին երդիկը, մեր վերի երդիկը, Կատարենց, Ահարոնենց, Մերերոնց երդստանը, Շեխենց, Դպրենց պարտեզները, մեր մեծ ընկուզենին։
Մեր կարավանին զանգակներուն համանվագը վրդովեց դաշտը՝ մեր ժամանումը ավետելով։ Սիլաճի կուգա… Ըստամպոլվոր կուգա… լուրը տարածվեցավ։ Երկու գյուղերը թափեցան ճամբաները։ Մենք խառնվեցանք մեզ դիմավորողներուն մեջ։ Նորեն տեսա մեր կիներուն տեղական տարազը։ Երկու կողմի չափերով, դաստակներեն կախ եռանկյուն թեզանիքներով էնթարիները, վրայեն կարմիր սալթաները, անոնց վրայեն կապույտ ճյուպպեները, շողշողուն, փուլլու քեոստեքները, ալլու, սուչախլու լաջակները, լայն գոտիները։ Նորեն լսեցի անոնց տաք շեշտերով, «բարի եկաք» ըսելնին, «աղբրորդի, քրորդի, տագրորդի, մորքրորդի» ինծի կանչելնին։ Արտերուն մեջեն անցանք։ Հասկերը այնքան ծանրացեր էին, որ իրենց ձախին հակեր էին, այնքան հասակ նետած էին, որ ուսերերս կանցնեին։ Տղաքը մեր ջորիները նշանածիս փողոցեն դրանը առաջքեն անցուցին։ Գիտեի որ չպիտի երևար, ես ալ ատ գիտեի, բայց անոնք պոռացին նորեն – Աղջիկ, դուրս չելլե՞ս…նշանածդ բերինք, եկուր որ տեսնես։ Տունինները, մեծ թե պզտիկ, շրջապատեցին զիս – բարի եկար փեսա ըսին, իսկ ան կրնա՞ր գալ։ Չամչնար ու նշանածին առաջքը կելլե, չպիտի՞ ըսեին։
Վեց շաբաթվան մեջ, մինչև մեր հարսնիքը, չեղավ անգամ մը, որ բռնեի զինքը։ Ինչ ըրի, չհաջողեցա։ Արտքաղը սկսավ, ան ալ ամենուն պես գյուղը չէր, արտ կքաղեր։ Ես արտ քաղելու չէի երթար, մերերը չէին ձգեր, հյուրի տեղ դնելով զիս։ Ես ալ ուր ուզեի կպտտեի, նշանածս կը հետապնդեի։ Ամեն օր տղաքը ինծի լուր կը բերեին, անոր ուր ըլլալուն։ Երկու անգամ, երկուքին ալ մազ մնաց որ չթողեի, կեցնեի, երկուքին ալ փախցուցի։ Մեկ անգամին՝ կուժը շալակը իրենց արտվորին ջուր կը տաներ։ Չհնձված արտի մը մեջ պահվըտեցա։ Առաջքես պիտի անցներ, ճամբան պիտի կտրեի։ Ճամբուս վերի կողմի արտվորեն նշմարվեցա։ – Աղջիկ, նշանածդ արտը պահվըտած է՝ չպոռա՞ն հանկարծ։ Կուժը շալակը ինչպե՞ս վազելով անոնց քով գնաց ու ապաստանեցավ։ Անգամ մը նորեն մինակը Երից Աղբյուրի արտերուն ճամբեն հինգ, վեց մանգաղ, այնքան մըն ալ փայտե արտ քաղելու մատնոցներ ձեռքը շիտակ ինծի կու գար։ Չգիտցավ իմ ատ կողմերը ըլլալս, ես ալ հաստաբուն լերան տանձենիի մը ետին ինքզինքս պահեցի։ Աղվոր մը տեսա, վերեն վար, մինչև ոտքերը զննեցի զինքը, հասակը, աչքերը, հոնքերը, ծամերը։ Բոլորովին մոտեցավ, կը պատրաստվեի որ հայտնվեի, մեկեն կայնեցավ։ Բայց ան զիս չտեսավ, ինչե՞ն հասկցավ, հո՞տ առավ, նախազգացու՞մ մը եղավ իրեն, ես ալ զարմացա։ Լերան եղնիկին պես, որ խիճի մը խշրտուքեն, տերևի մը շարժումեն հանկարծ կխրտչի, մեկ աջ, մեկ ձախ կդարձնի գլուխը, Մեծ Արմտանցիները արտ կը քաղեին, ավելի վարը, անոնց ուղղությունը բռնեց ու ինչպե՞ս ինքզինքը անոնց արտը ձգեց։ Կըսես պիտի ուտեի զինքը։ Ընելիքս ի՞նչ պիտի ըլլար։ Երկուք մը պիտի սիրեի զինքը, նորեն պիտի ձգեի։
Վերջապես մեր հարսնիքին օրը եկավ։ Մեր հարսնիքները յոթը օր կը տևեն։Մենք ալ յոթը օր հարսնիք ըրինք, մեկ երեքշաբթիեն մինչև մյուս երկուշաբթի։ Ուրբաթ գիշեր հինադրեքը եղավ, իմ ու անոր ձեռքերը հինայվեցան։ Շաբաթ առտու պսակվեցանք, հարսը տուն բերինք։ Երկու օր հարսնիքը նորեն շարունակվեցավ, բայց չմեկտեղեցին մեզ։ Հարսը իր շքախումբով առագաստի սենյակը պահվեցավ։ Վերջապես երկուշաբթի գիշեր տավուլ զուռնան գնաց, հարսն ու հարսնըքույրը ու մենք մնացինք։ Տանը մեջ ամեն մարդ պառկիլ երթալե վերջ՝ նոր հարսը իր նոր տունը ծանոթացնելու վայրկյանը եկավ։ Հարսնեքույրը ճրագը ձեռքը առաջնորդելով անցուց զայն տան բոլոր մասերեն, յուրաքանչյուրին առջև կեցնելով ու ըսելով – աս ձեր հաց եփելու թոնիրն է, աս ձեր բաղարջ եփելու թոնիրն է, աս ձեր այրատունն է, աս ձեր հացատունն է, աս ձեր խաղող թնթելու հնձանն է, աս ձեր ընկուզնոցն է, աս ձեր մառանն է, աս ձեր թթվընոցն է, աս ձեր կնիկ մարդոցը օտան է, աս ձեր էրիկ մարդողը օտան է, ու առագաստին սենյակին առաջքը հասնելով, աս ալ քու օտադ է, նշանածիդ օտան է, ըսավ։
Ես դրանը ետևը ոտքի վրա կը սպասեի, հարսնքույրը դուռը բացավ, հարսը ներս ղրկեց, դուռը քաշեց մեր վրա ու իր դերը վերջացուցած ըլլալով անհայտացավ։ Ինծի կիյնար հիմա մեղրալուսնի անդրանիկ գիշերվան մեր օրենքներուն համաձայն՝ հինայված ձեռքեն բռնելով ներս տանիլը, պսակը գլխեն վար իջեցնելը, պիղծ նայվածքներու թափանցումեն պահպանող իր երեք հաջորդական քողերը վար առնելը, դեմքը բանալը, կուրծքի հմայեկը վերցնելով մեկդի դնելը, որ զինքը չարիքներեն պաշտպանեց, հետս խոսեցնելը, քունքե քունք կապված ճակտընոցին, այտերը շրջանակող շիվերուն զարդոսկիները քակելը, հարսնության զգեստներեն մի առ մի մերկացնելը, անկե ետքը ես մոռցա, թե դուրսը աշխարհ մը կա։ Սեղանի մը վրա գավաթ մը գինի կար, մեջը մեղրի խորիսխով մը երկուքիս համար։
Մյուս առտուն Ադամ Եվայի պես դրախտեն դուրս ելանք միասին, նորեն մարդոց մեջ խառնվելու համար։ Մեզի մեկ մեկ նոր փայտե մատնոցներ տվին, զոր ձախ մատներնիս անցուցինք կարգով, մեկ մեկ ալ նոր մանգաղ, աջ ձեռքերնիս առինք, արտ քաղելու ղրկեցին։ Ճամբան բոլոր արտերու արտքաղողներեն, ամենեն վերջը մեր արտվորեն «աչքերնիդ լույս»-երով, «իրարու խեր տեսնեք»-ներով դիմավորվեցանք ու քով քովի ծռեցանք արտ քաղելու։
Մինչև 1914, յոթը տարի, գյուղս մնացի։ Ձմեռները ուսուցչություն ըրի, իմ կերպերովս։ Թիվ չդրի տղոց դասերուն, քննությունները վերցուցի։ Իմ դպրոցս ազատեցի երկու քոմետիներեն։ Իմ գործիս մեջ իմ խառնվածքս դրի, իմ ընթերցումներուս ինծի տուն տվածները, իմ տեսնելու, եզրակացնելու եղանակս։ Արդյունքը խանդավառեց զիս։ Գոհ էի, որ ինծի թույլ տվին ընելու ինչպես որ կուզեի։
Ամառները գյուղացի եղա, ինչպես որ էի արդեն։ Արտ ցանեցի, արտ վարեցի, արտ քաղեցի, գետին ջուրը այգիները կապեցի ու ջրեցի։ Ու անգլիական, ֆրանսական գրականությունները հետս արտերը, այգիները տարի։ Պալզաքը, Ֆլոպերը իրենց բնավ զգացած, իմ տանելես ետքը ալ անգամ մըն ալ իրենց երբեք չերթալիք տեղերը իմ այգիներուս մեջ պտտցուցի։ «Կորիո հայրիկը» որթատունկերուն մեջ նստա ու կարդացի, հոնկե հետևեցա «Քորեսբանստանսի» էջերեն, ֆլոպերին «Էմա Պովարիին» դատավարությանը, «Սալամպոյին» աշխարհ գալուն վրա Սենթ Պյովին, Ֆրեոհներին տված պատասխաններուն։
Ամեն տարի արտքաղին, չորս հինգ շաբաթ արտերը պառկեցա, ամեն արտվորի պես։ Նախընծա բերքս՝ գյուղի գիշերներս, հովվերգությունս արտերը գրեցի, ամեն անգամ որ ման գալը կձգեի, ալոճի մը շուքը կը քաշվեի, ցերեկվան տիվանդորրերուս կամ իրիկունները պառկելե առաջ Սամեն ու Քորպիեր, Քից ու Սուընպըրն ու անգլերեն թարգմանություններուս վրայեն Թոլստո կարդացի լերան սկավառակներու մեր արտերուն մեջ։ Ամեն արտ քաղողի պես ես ալ կնոջս հետ երկու խուրձ շարեցինք ու ետևը քնացանք, աստղերու տակ, արևեն այրված հողերու վրա, ծղրիթներու համերգներուն մեջ, քիթերնիս մռմռալով հասկերեն արձակվող մոնեն, նրբափոշիեն։ Անմոռանալի էին լերան արտերուն գիշերները, գիշերվան ձայները, առտուները կաքավներու խմբերգները։ Ես աչքերս լեցուցի բոլոր տեսածներովս, զոր գրեցի կամ պիտի գրեմ։
1914 հուլիսին նշագեղձերս դարմանելու համար հոս եկա ու հոս մնացի։
Այսուհետև երկրորդ մասը սկսավ կյանքիս։ Ատ գիտեք արդեն դուք։
Քաղաքին իմ անդրատնկումս աղեկ չեկավ ինծի։ Քաղաքը կամ եթե կուզեք ասոր ընկերությունը ըսենք, պատժեց զիս։ Չներեց ինծի որ՝ ակռաս չսեղմեցի, խառնվածքս չճնշեցի, չհամակերպեցա, պիտակի մը, տիտղոսի մը ետևե չեղա, հետին վկայաթուղթ մը անգամ ունենալու վրա չխորհեցա, բան մը գիտնալս ապացուցանելու համար։ Ուսումը ուսումին համար սովրեցա, պատմություն պատմելու տվի ինքզինքս, իր քառակուսի գլուխները հեգնեցի։ Օթոտիտակթ մը եղա։ Առ քեզ ուսումը ուսումին համար սովրիլը, առ քեզի պատմություն պատմելը, առ քեզի մեծ-մեծ խոսիլը։ Քաղաքը իր վրեժը առավ։
Հոս կենանք։ Ալ չշարունակենք։
