Ականատես | Նա և նա

Նա երիտասարդ է, գեղեցիկ, բարի։ Նա այնքան բարի է, որ ատում է երեխներին։ Երեխաներից Նա առհասարակ զզվում է, խորշում։ Համարում է իրեն բախտավոր, որ երեխաների հետ երբեք չի աշխատել։
Երիտասարդներին Նա նույնպես չի սիրում։ Երիտասարդների հետ աշխատելը Նրա համար տանջանք է, հատկապես շնորհալի երիտասարդների, լավ երիտասարդների։ Հատկապես այն երիտասարդների, որոնց ինքը ճանաչում է։
Նա միայն սիրում է ծերերին։ Օ՜, որքան շատ է սիրում… Հատկապես զառամյալ ծերունիներին, ովքեր հոգնեցրել են արդեն բոլոր հարազատներին, ում ոչ ոք այլևս չի սիրում, Նա սիրում է, շատ է սիրում։ Այդպսի զառամյալ պառավների հետ աշխատելիս, թույլ տվեք ասել, Նա նույնիսկ հաճույք է ստանում։ Իսկ այս գործի մեջ հաճելի պահեր չկան։
Պատերազմ է…
Իսկ դա նշանակում է, որ Նրա գործը շատացել է։ Ուրիշ մարդկանց ուրիշ բնագավառներում գործի շատությունը ուրախացնում է։ Շատ գործ կլինի, շատ փող կլինի։ Իսկ շատ փողի հետ ապրելը միշտ ավելի հաճելի է և ավելի հեշտ։ Բայց Նրան դա չի ուրախացնում։ Նրան դա տանջում է։ Նա պատերազմ չի գնացել, պատերազմ չի տեսել, բայց ամեն օր տեսնում է դրա հետևանքները…
Նրա համար պատերազմը մարդ սպանելու օրինական մի ձև է։ Հանուն ինչ-որ հեռավոր, չշոշափվող, «բարձր» արժեքների, այսօր պետք է նվաստ լինել։ Դառնալ գազան, մի գիշատիչ, որը պետք է հնարավորինս շատ մարդ հոշոտի, քանի դեռ իրեն չեն հոշոտել։ Նա տեսնում է միայն հոշոտվածներին…
Նա ատում է պատերազմը՝ անցյալի, այսօրվա, ապագայի։ Բոլոր պատերազմները Նա ատում է։ Նա չի ուզում, որ գործը շատանա պատերազմի պատճառով։ Նա երբեք չի հարստանա պատերազմի շնորհիվ։ Ոչ, Նա այդ տեսակը չէ։ Եթե միայն մի փոքր չար լիներ, մի փոքր ժլատ, միգուցե։ Բայց Նա ո՛չ չար է, ո՛չ էլ՝ ժլատ։
Պատերազմի պատճառով սկսել է հաճախ տեսնել սգացող մայրերի, կանանց, երեխաների, իսկ Նա դա ատում է։ Պատերազմի հետևանքով շատացած գործից շատացել է միայն նրա վիշտը։ Բոլորի վիշտը կիսում է։ Բոլորինն համարում է իրենը։ Բոլորի առջև իրեն պարտավոր է զգում։ Բալորի համար փորձում է անել լավագույնը։ Բայց ի՞նչ կարող է Նա անել․․․
Նա մեղավոր չէ։ Նա մեղավոր չէ, որ այս գործն է անում։ Նա մեղավոր չէ, որ կողքից է հետևում ուրիշների վշտին։ Նա մեղավոր չէ։ Ախր, Նա հաճախորդ չի փնտրում, հարազատներին ու ծանոթներին չի դիմում, հաճախորդներն իրենք են գտնում Նրան։ Ավելի ճիշտ հաճախորդների հարազատները։
Սա այնպիսի ծառայություն է, որից Նա չի ուզում մատուցել իր բարեկամներին։ Բայց, իհարկե, երբեմն պատահում է, նրան դիմում են ծանոթ մարդիկ, հարազատ մարդիկ։ Ինչ արած… Մարդիկ մահանում են, նույնիսկ հարազատ մարդիկ… լավ է, գոնե, ծեր մարդիկ… Կուզեի ասել, բարեբախտաբար, միայն ծեր մարդիկ․․․ բայց, ցավոք…
Այն, ինչ Նա անում է, տեսականորեն կսազեր ավելի տարիքով, ավելի տգեղ և ավելի չար մարդու։ Նա և՛ երիտասարդ է, և՛ գեղեցիկ է, և՛ բարի է, և՛ Նա ուղեկցորդ է… Նա մարդկանց ճանապարհում է ստորգետնյա աշխարհ։ Մահացած մարդկանց…
Սա այն գործը չէ, որի մասին մանկուց երազում են։ Տհաճ գործ է, բայց ինչ-որ մեկն էլ պետք է այս գործն անի, և այդ ինչ-որ մեկը Նա է։
Նա զբաղվում է ուղևորության բոլոր հարցերով, կազմակերպում ամեն մի մանրուք, լուծում ամեն մի խնդիր։ Նա ինքն է սարքում ուղևորության համար դագաղներ… Աշխատելիս Նա անհատական մոտեցում է ցուցաբերում ամեն հաճախորդի։ Դագաղները սարքում է տարբեր չափսերի, տարբեր գների։ Կախված հաճախորդի ֆինանսական և ֆիզիկական կարգավիճակից, նրանք ընտրում են, որն իրենց հարմար է։ Ավելի ճիշտ նրանց փոխարեն ընտրում են՝ հարազատները, ընկերները, ընտանիքի անդամները, ում որ հանձնարարեն այդ գործը։
Ասում են, կյանքը ընտրությունների շարան է։ Մենք ապրում ենք անդադար ընտրություն կատարելով՝ ընտրել այս գործը, թե՞ այն գործը, գնել այս կոշիկը, թե՞ այն կոշիկը, ապրել այս տանը, թե՞ այն տանը, ուտել այս կերակուրը, թե՞ այն կերակուրը և այլն, և այլն։ Այս շարանը կարելի է թվարկել շատ երկար։ Կան մեծ ընտրություններ և փոքր ընտրություններ։ Մեծերի վրա մենք շատ ժամանակ ենք ծախսում, փոքրերի վրա՝ քիչ։ Բայց մենք չենք ընտրում կյանքում երկու կարևոր բան։ Մենք չենք ընտրում, թե երբ ծնվենք և երբ մահանանք։ Ծնվելուց մեր փոխարեն ընտրություն են կատարում մեր ծնողները։ Նրանք են որոշում, որ մենք պետք է ծնվենք, և այդ ընտրության համար էլ է երկար ժամանակ պահանջվում։ Բայց այ թե մենք երբ կմահանանք, ոչ ոք չգիտի։ Դա ոչ մենք ենք ընտրում, ոչ էլ ընտրում են մեր փոխարեն։ Դա լինում է անկանխատեսելի, պատահական և անակնկալի է բերում բոլորին։ Երբեմն դա տևում է երկար, երբեմն էլ մեկ ակնթարթ։ Այդ ակնթարթից անդին ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ… Այդ ակնթարթից հետո մեր փոխարեն ամեն ինչ արդեն ընտրում են ուրիշները…
Նա դագաղներ է սարքում հոգատարությամբ, որպեսզի հարմար լինի դրանց մեջ պառկելը, չնայած որ Նա երբեք չգիտի, թե ում համար է սարքում դրանք… Չէ որ այդտեղ պառկում են հավերժ…
Նրա կյանքում գեղեցիկ բաներ էլ կան։ Նա ունի ընտանիք, երկու երեխա։ Իր երեխաներին սիրում է։ Ամեն ինչ անում է նրանց համար։ Ուրիշների վիշտը տանում է նրանց համար։ Եվ այդ աշխատանքով է կերակրում իր ընտանիքը…
Նա գնել է նոր մեքենա իր հաճախորդների համար։ Սովորական մարդիկ նոր մեքենաներով տեղափոխում են իրենց ընտանիքի անդամներին։ Նա սովորական մարդ չէ։ Նա ոչ ոքի չի նստեցնում իր մեքնան։ Դա պառկած ուղևորությունների համար է…
․․․
Նա երիտասարդ էր, գեղեցիկ, բարի… Նա ուներ գեղեցիկ ընտանիք, շատ նպատակներ… Հիմա այդ ընտանիքը կիսատ է, նպատակները՝ լքված… Նա մտածում էր թե համաճարակը վտանգավոր է միայն ծերերի և հիվանդների համար, իսկ ինքը ո՛չ ծեր էր, ո՛չ՝ հիվանդ…
Նա կոստյում հագնում էր միայն շատ կարևոր առիթների ժամանակ։ Օրինակ՝ հարսանիքին և հիմա։ Գերեզման գնալը շատ կարևոր իրադարձություն է բոլորի կյանքում…
Ասում են, թե չկա հավերժական երիտասարդություն… Կա՛, եթե դու մահանում ես երիտասարդ… Ժամանակը կանգ է առնում քեզ համար… Դու դադարում ես փոխվել, դու դադարում ես ծերանալ… Դու մնում ես նույնը…
Նա էլ կանգնեցրեց իր ժամանակը։ Նա էլ հրաժարվեց ծերությունից։ Նրա երկու երեխան Նրան կհիշեն հավերժ երիտասարդ, հավերժ ժպտացող, հավերժ գեղեցիկ… Նրա ժամանակը կարելի է միայն մտքով հետ տալ, հիշել նրան ավելի երիտասարդ, բայց առաջ տալ չի կարելի, եթե միայն ոչ երևակայությամբ…
Համաճարակ էր, և համաճարակ է։ Ե՛վ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո։ Ասում էին այդ նոր տեսակի վիրուսը միայն ծերերի համար է վտանգավոր։ Ինչ արած, ծերերը պետք է մի պատճառով մահանան, հիմա էլ թող այդ պատճառը համաճարակը լինի։
Նա պառկած ուղևորության է պատրաստվում։ Հիմա Նրան էլ է ուղեկցորդ պետք, ով իրեն կուղեկցի դեպի գերեզման։ Նա գիտի, որ այս հարցում անհանգստանալու կարիք չկա։ Նրան կուղեկցի Նա՝ իր եղբայրը…
Նրա նման ախտահարվածներին ճանապարհում են փակ դագաղով… Բայց մայրն ինչպե՞ս կարող է վերջին հրաժեշտը տալ որդուն, առանց նրա դեմքին նայելու…
Սովորաբար Նա երբեք չգիտի, թե ում համար է սարքում դագաղը, բայց այս անգամ գիտեր… Պետք էր կատարել մոր ցանկությունը… Պետք էր նրան հնարավորություն տալ վերջին անգամ որդուն տեսնելու… Դա հատուկ դագաղ էր… Ապակյա հատուկ կափարիչով… Հատուկ մարդու համար…
Հավանաբար այդպիսի դագաղ նա էլ երբեք չի սարքի…
Ինչ խոսք… Դաժան էր Նրա ճակատագիրը, որ գնաց երիտասարդ… Բայց, մի՞գուցե, ավելի դաժան է Նրա ճակատագիրը, որ ճանապարհում է եղբորը, իր նոր մեքենայով… Եղբայրն է Նրա առաջին հաճախորդը այս նոր մեքենայի մեջ….
Նա պառկած է…
Նա հանգիստ է…
Նա վստահում է…
Նա ապահով ձեռքերում է…
Այդ Նա չէ եղբոր համար թաղման շորեր գնել…
Նա չէ եղբոր համար դագաղ սարքել…
Նա չէ եղբոր համար գերեզմանի տեղ ընտրել…
Նա չէ, որ եղբոր դագաղը դնելու է իր նոր մեքենան, որ տանի գերեզման…
և Նա չէ, որ գերեզմանից հետ է գալու…
Նա չէ, որ այդքանից հետո դեռ ապրելու է…
Նա մեղավոր չէ…
բայց Նա էլ մեղավոր չէ…
Մեղավոր է կյանքը…

Ինչ արած… ինչ-որ մեկն էլ պետք է ճանապարհի մեր եղբայրներին…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *