Անտոնիո Մանձինի | Բանականության քննադատություն

(հատված)

Անտոնիո Մանձինին ժամանակակից իտալացի կինոռեժիսոր և գրող է՝ առավել հայտնի Ռոկկո Սկիավոնեի մասնակցությամբ դետեկտիվ վեպերով։ Ներկայացվող հատվածը «Բոլոր համընկնումները պատահական են» (2019թ․) պատմվածքների ժողովածուից է, որում սուր հեգնանքով ներկայացվում են մերօրյա մեդիան, գրաքննադատությունն ու հրատարակչական ոլորտը։

 Կուրցիո Բիրոլին նստած է նստարանին։ Իր չափսից փոքր մարզահագուստով մի տղամարդ վազում է։ Հովարը գլխին քաշած մի կին հրում է մանկասայլակը։ Մի ֆիլիպինցի վզկապով ման է տալիս բասետ ցեղատեսակի երկու շներին։ Նրանց դիտելով՝ Կուրցիոն ներս է քաշում ծխախոտը՝ ծուխը դեպի երկինք փչելով։ Հետո նկատում է նրան։ Ծանոթ է իր սովորություններին, գիտի, որ հաճախ է թոշակառուի պես նստում նստարանին՝ պուրակում զբոսնող միլանցիներին դիտելու։ Ծխախոտը հանգցնում է մանրախճապատ գետնին ու սպասում, որ Պիետրանջելո Ֆոսկին նստի իր կողքին։ Դա տեղի է ունենում լուռ։ Դեռ համալսարանական տարիներից են ճանաչում իրար։ Խոսքերի կարիք չկա։ Կուրցիոն նրան «Մարլբորո» տեսակի ծխախոտ է դեմ տալիս։ Պիետրանջելոն տուփից վերցնում է մեկը, բերանը դնում, վառում կրակայրիչը։
— Ի՞նչ խնդիր կա։

— Դեռ հարցնո՞ւմ ես։ Առավոտյան վեց գիրք եմ ստացել։ Լսեցի՞ր։ Վեց։ Էլ էսպես չեմ կարող։ Դու գոնե կարդո՞ւմ ես։ 

— Չէ։

— Բա ոնց։ Իսկ ես կարդում եմ։ Ամեն դեպքում մի անհանգստացիր, երեկ չէ առաջին օրը երեք քննադատություն եմ ուղարկել, էնպես որ երեք օրով խորագրի գործերը կարգին են։
– Ասում ես՝ քննադատությո՞ւն։ Քարը քարի վրա չես թողել։ Ամբողջ օրը միայն զանգեր եմ ստանում հրատարակչություններից։ Գազազած են։ Կո՛ւրցիո, բոլորը քո դեմ են դուրս եկել, մի դրական գնահատական էլ չես տվել։

— Ասա տեսնեմ՝ ի՞նչը պիտի գնահատեի։ Վիշապների ու արքայադուստրերի պատմություննե՞րը։ Մատերայի կոմիսարի՞ն։ Սովերատոյի կարաբինակրի՞ն։ Սաչիլեի ֆինանսների պատասխանատուի՞ն։ Ասա տեսնեմ։ Թե՞ նրանց, որ մտածում են՝ Պուլիցերի արժանի բան են գրել։ Հարյուրավոր էջանոց դատարկաբանություններ, միայն իրենց պորտից են խոսում, ուր նայում ես՝ նեխած մարմինների անատոմիա է։ Ես՝ էսպես, ես ինձ հիշում եմ էնպես, ընտանիքս էսպես, երազանքներս՝ էնպես, երբ տարրական դասարանում էի, երբ պողպատյա տարիներն էին, և Իտալիան հաղթում էր Աշխարհի առաջնությունում, և էլի հազար ու մի չոռ ու ցավ։ Ո՞ր գրողի ծոցը կորան դ՛Արրիգոն, դե Ֆելիչեն, Պավեզեն, վեպերը, Պիետրան, վեպերը ո՞ր գրողի ծոցում են։
— Չգիտեմ, Կուրցիո, դո՛ւ ասա։

 — Չկան։ Ես փրկում եմ էն, ինչ հնարավոր է փրկել, բայց հավատա՛, մեր ժամանակների գրական անձնավորումների ու փնթիության օվկիանոսի դեմն առնել չի լինում։ Իրենց քածերից են գրում, իրենց լիցեյի հիշողություններից, պատում չկա, խոսքի բերկրանք չկա, ինքնամեջբերվող հրեշներ են, ա՛յ թե ինչ են։ Թո՜ւ,— ասում է ու թքում գետնին։

— Այսօր զանգ եմ ստացել,— ասում է թերթի տնօրենը,— Մեձձասոման էր։
— Ի՞նչ է ուզածը։
— Սեպպիի գիրքն են հրատարակում։
— Ո՞ւմ։
— Սեպպիի։ Նախկինում վիջեյ է աշխատել։
—  Է՞դ ինչ բան է։
—  Ինչքան գիտեմ՝ դիջեյն է, բայց հեռուստացույցով։ Երեք գիրք է գրել, էս մեկով ուզում են հայտնի դարձնել։
— Չէ։
— Ի՞նչը չէ։
— Չէ, Պիետրա՛նջելո, ես էս գործում չկամ։ Գարդինիին տուր կամ էլ Ռեբաուդենգոյին․․․
— Քեզ են ուզում։
— Ու ինչ ուզեմ, կարող եմ ազատ ասե՞լ։
  Պիետրանջելոն նետում է ծխախոտը։
— Կուրցիո, «Հիպերիոն»-ի խմբագիրն աշխատում է մեզ հետ, վաճառքների մի մասը նրա շնորհիվ է։ Պետք է թիմային ոգով գործենք։
— Ես էդ Սեպպիի համար քննադատություն գրողը չեմ։
— Աստծու սիրուն, քիթդ փակած կգրես, մի երկու տող է պետք։ Անորոշ արտահայտվիր, հասկացրու, որ վատ գիրք չէ ու․․․
— Պիետրա՛նջելո, եթե ուղարկես գիրքը, ես քննադատելու եմ էնպես, ինչպես գրված է։
— Որպես անձնական խնդրանք ընդունիր։
— Պիետրա՛նջելո, էդպիսի բան չանես։ Չեմ կարող։ Կուդիչինիի հաշվով լսեցի քեզ, հիշո՞ւմ ես էն նողկանքը, որ գրել էր Պոնտե դի Լենյոյում անցկացրած մանկության մասին։ Դորելլա Սավի Սկարպոնիի էն միջակ պատմվածքն էլ գովեցի տատիկի ու Լիսաբոնի գարնան մասին, հետո էլ Կավարադոսսին ու Ջենտիլինին, հիմա էլ էս Սեպպին։ Չէ, չեմ կարող։
Պիետրանջելոն վեր է կենում։
— Գոնե կփորձե՞ս առանց կանխակալության կարդալ։
— Կկարդամ էնպես, ինչպես մյուս գրքերը։
— Լավ մնա, Կո՛ւրցիո,— և թերթի տնօրենը գլուխը կախ հեռանում է։ Բիրոլին նորից մենակ է։ Ո՞նց է այսպես ստացվում, մտածում է։ Ինչո՞ւ է ամեն ինչ իմ գլխին ջարդվում։
— Ինչո՞ւ սպորտը չընտրեցի, կամ թատրոնը, որ ոչ մեկի պետքը չի։ Կարող էի երաժշտական քննադատ լինել, ես օպերա սիրում եմ։ Ո՞նց գրքերի մեջ հայտնվեցի։ Ինչո՞ւ։ Թատրոնի մասին քննադատություն ես գրում, կարդացող չկա, կինոյի վերաբերյալը թուղթ մրոտելու պես բան է։ Ինչո՞ւ է գրաքննադատությունը դեռ կարևոր։ Ես չեմ ուզում կարևոր լինել,—  բացականչում է ծառերին, թռչուններին, անցորդներին։
— Դե Դուք էլ մի՛ արեք,—  ժպիտով ասում է գնումների տոպրակը ձեռքին մի տարեց կին։
Կուրցիոն ձեռքը խփում է ճակատին, տրորում աչքերն ու մի նոր ծխախոտ կպցնում։ 


— Չես կարող հանդիպումներին ներկայանալ առանց Կալվինո կարդալու։ Գոնե երեք գիրք։ Կտեսնես, որ կարճ են ու զվարճալի։
  Սեպպին նստած է բազմոցին՝ Նավիլյի թաղամասի իր տանը, որը չիլիացի դիզայներ է կահավորել, և որը հայտնվել է «VIP տներ» ամսագրի մայիսյան համարում, մինչդեռ Ջաննի Պինելլին, նոթատետրը ձեռքին, պատուհանի մոտ կանգնած, նրա անելիքներն է թելադրում։
— «Գոյություն չունեցող ասպետը», «Երկատված վիկոնտը» և «Ծառաբնակ բարոնը»։
— Ծովահենների պատմություննե՞ր են։
— Չէ՛, Գաբրիե՛լե, էստեղ ծովահեն չկա։ Ի՞նչ գիտենք ռուս գրականությունից։
  Նախկին վիջեյը ուսերն է թոթվում։ Բրդյա սվիտերի տակից երևում է դաջված մողեսի պոչը, որ ձգվում է մինչև ականջի տակ։
— Դոստոևսկիից՝ «Ոճիր և պատիժ»-ը, Տուրգենևից՝ «Հայրեր և որդիներ»-ը․․․ Տոլստոյից․․․ «Պատերազմ և խաղաղություն» վեպի սյուժեն կարդա, ամբողջը չես հասցնի։ Անցնենք ֆրանսիացիներին։
— Մի անգամ Պեննակից եմ մի բան կարդացել։
— Քիչ է, Գաբրիե՛լե, քիչ է։ Ավելացնենք Զոլա, օրինակ՝ «Նանա»-ն, հետո Բալզակ, գոնե «Հայր Գորիո»-ն, Մոպասանից՝ «Սիրելի բարեկամ»-ը, ու գոնե Կամյուից մի բան․․․ «Ժանտախտ»-ը, և Դյումա՝ «Կոմս Մոնտե Քրիստո»-ն։ Պազոլի՞նիից ինչ կասես։
— Երկու ֆիլմ եմ դիտել։
Պինելլին չռում է աչքերը։
— Այսինքն Պազոլինիի գրքերից ոչ մեկը չես կարդացել ու դեռ ուզում ես գրո՞ղ առաջադրվել։
— Չէ։
  Նշում է նոթատետրում․
— «Կյանքի տղաներ»։ Ամերիկացիների՞ց ինչ կասես։

— Ա՜, դրանց կարդում եմ։ Ուրեմն․․․ Քինգի «Դա»-ն, Դիվերի «Քարե կապիկը», Քրեյգի «Մասնագետը»։
Խմբագիրը գլուխն է օրորում։
—Հանձնարարում եմ Հեմինգուեյի քառասունինը պատմվածքները, գոնե տասը կկարդաս, Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի»-ն, Վուլֆի «Իսկական տղամարդ»-ը՝ գոնե մինչև կեսը, ու առնվազն քսան էջ «Մոբի Դիք»-ից։ Սկիզբը անգիր արա։ Տպավորություն կգործես, եթե կարողանաս մեջբերել։
— Սուրբ Աստվածածին․․․ Ախր սա դպրոցից էլ վատ է։ Հիմա ի՞նչ, էդ Կուրցիո կոչեցյալը լավ քննադատություն կգրի՞։
— Աշխատում ենք էդ ուղղությամբ։ Ուրեմն, անցնենք անգլիացիներին։
— Դե հերի՛ք եղավ։ Ես էսպիսին եմ։ Ես իրական եմ, մարդիկ ինձ անկեղծությանս համար են սիրում, ես սուտ-մուտ բաներ չեմ խոսում, ես․․․ սպասիր, ոնց էին ասում․․․ ինքնատիպ եմ։ Գիրքս կարդացե՞լ ես։ Իմ գրքում լիքը խորություն կա։ Բոլորին թվում է, թե անգրագետի բան է լինելու, հեռուստացույցով երևացողի։ Չէ, Ջա՛ննի, էդպես չի։ Էնպիսի նախադասություններ, ոնց որ, օրինակ, «հիասթափությունը արկածախնդրության աղն է», «բավական չէ տղամարդ լինել, պետք է փորձես գոնե մեկ օրով նաև կին լինել», իմ կյանքից են վերցված, էնպիսի բաներ են, որ մաշկիս վրա եմ զգացել, ես արժանահավատ եմ։ Սա տեսնո՞ւմ ես,— ու բարձրացնում է սվիտերի թևքը։ Նախաբազկի վրա կեղտահետքի նմանվող դաջվածք է։ —Գիտե՞ս՝ սա ինչ է։ Թայլանդի քարտեզն է։ Ու եթե լավ նայես, էստեղ, էստեղ ու էստեղ,— հսկայական խզբզոցի վրա ցրված երեք կարմիր կետ է ցույց տալիս,— էն տեղերն են նշված, որտեղ երեք սքանչելի կանանց եմ հանդիպել։ Դրանք կյանքիս լավագույն շաբաթներն էին, ու էդ ամենը դաջել եմ մարմնիս վրա ու հիշողությանս մեջ։ Ահա թե ով եմ, Ջա՛ննի։ Ցույց տա՞մ մեջքիս դաջվածքը։
— Կարծում եմ՝ կարիք չկա։
— իմ ձայնը, Ջա՛ննի, ժողովրդի ականջներին ու սրտին է հասնում, որովհետև ես նրանց նման եմ, զուտ մի քիչ ավելի լավը։ Գիտե՞ս՝ ոնց է ավարտվում վեպս։ — Փակում է աչքերն ու անգիր արտասանում։— Եթե դժվարության պահին շունչդ կտրվում է, սպասի՛ր, վաղ թե ուշ օդը կվերադառնա,— հետո արցունքոտված աչքերով խմբագրին է նայում։— Հը՞։ Զգացի՞ր։ Շշմեցնում է։
Ջաննին ուժեղ սրտխփոց է զգում։ Հավանաբար սովորական տագնապի նոպայի սկիզբն է։ Սեպպիին կրթելը հեշտ գործ չի լինի։ «Երբ հետևիցդ հագցնում են, միշտ էլ վերջինն ես իմանում»,— կուզեր ասել, բայց այդ գոհարը իրեն պահեց։

Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Աբովյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *