էդգար Փոթիկյան | Տասներեքերորդը


Երկշաբաթյա անձրևից հետո, երբ մառախուղով լցվեց մարտական դիրքն ու շնչելն այնքան ծանրացավ, որ խեղդահազին խառնվեց դողերոցքը, բոլորիս պաշարեց այն միտքը, որ այս ամենը չի ավարտվի։ Թաց ու խոնավ խրամատներում այնքան էինք ներծծվել ջրով, որ եթե մառախուղին խառնվել կարողանայինք, կհայտնվեինք երկնքում այնպես, ինչպես արել էին դա մեզանից առաջ եղած դիրքապահները։

Մենք լի էինք քաջությամբ, բայց անկոտրում թվացող այդ ուժն անգամ սկսեց երերալ փոթորկին ընդառաջ ելած կայմի պես, երբ կրկնվող օրերը մեզ ցած գցեցին ժամանակին հետևելու կարողությունից՝ դարձնելով գերիներն այն վիճակի, որը միօրինակությունն էր։ Չսկսվող ու չավարտվող ժամանակի մեջ ամենից դժվարը կրկնվող գիշերներն էին, երբ անորոշ սպասումը ստիպում էր ոռնալ ինքներս մեզ, իսկ հակառակորդին զգացնել տալով, որ ձանձրույթից դեռ չենք մեռել։

Մենք դիրքեր էինք բարձրացել կռվելու պատրաստ, բայց հակառակորդի անժամանակ լռությունը օր-օրի թուլացնում էր մեզ։ Լռությունն այդ խաղաղություն չէր, այն ավելի վտանգավոր էր, քան արկերի պայթյունը, կրակահերթերն ու մահը։ Լռությունը սպանում էր մեզ, և խառնվելով մառախուղին՝ տարածվում դիրքի վրա այնպես, կարծես վերջացել էր կյանքն ու սկսվում էր մի նոր, մեզ անհայտ իրողություն, որտեղ մեր ուժն ու ռազմական գիտելիքներն ավելորդ էին։

Ձանձրախեղդ սպասումից չխենթանալու համար օրվա մեջ մի քանի անգամ մաքրում էինք զենքերն այն հույսով, որ այսօր մարտի կբռնվենք, ու կվերջանա ամեն ինչ մեզ կամ նրանց համար։ Յուղով մաքրելուց շատ չանցած՝ զենքերը նորից ժանգոտվում էին՝ ստիպելով կրկնել նույն գործողությունը այնքան ժամանակ, մինչև ուժասպառված կգիտակցեինք, որ անօգուտ է։

Նրանք, ովքեր հայհոյախոս էին, այդ օրերին կրկնակի էին հայհոյում, բռնկուն կռվարարները այն աստիճան էին սանձարձակվել, որ մի չնչին պատճառ էին փնտրում ձեռնամարտի անցնելու համար։ Արյան ճնշումն ու կնոջ պակասը ոմանց դարձրել էր անկառավարելի՝ ստիպելով թույլ տալ արարքներ, որ մինչև այդ խորթ էին նրանց։ Ծխախոտն ու ալկոհոլը, որ զարտուղի ճանապարհով մեզ էր հասցնում դիրքերին սնունդ և ջուր բերող բեռնատարի վարորդը, սկսել էր չբավականացնել։

Եվ երբ Խոսե Մարկեսին խրամատի գերաններից մի առավոտ կախված գտանք, ոչ ոքի դա չզարմացրեց այնքան, որքան Լուիս Նորադեսին, որն իմիջիայլոց ասաց․
— Այդ սրիկան ինձ հարյուր քսան պեսո էր պարտք։

Խրամատներով վխտացող առնետների հարձակումներից պաշտպանելու համար Խոսե Մարկեսի մարմինը ծածկեցինք հողով, և երբ երեք օր անց հետ քանդեցինք (սնունդ բերած բեռնատարով թիկունք ուղարկելու համար), այն ֆոսֆորի նման կապտականաչ էր դարձել։ Մգլահոտ արձակող մարմնին նայելով՝ դժվար էր հավատալ, որ այն մի ժամանակ մեզանից մեկն էր, որ խմել էր մեզ հետ, կռվել, հայհոյել, թղթախաղում հաղթել ու ծիծաղել բոլորից բարձր, և իր պողպատե առողջությամբ հեռու եղել մահվանից ավելին, քան մեզանից որևէ մեկը։

Խոսե Մարկեսի ինքնասպանությունը մտորելու առիթ տվեց՝ հիշեցնելով այն մասին, որ մեզ վստահված պաշտպանական դիրքը անիծված է։ Մենք, որ անցել էինք պատերազմի միջով, մաշկներիս վրա զգացել մահվան ու կրակի ներկայությունը, տեսել այն, ինչի մասին գերադասում էինք չհիշել, այնքան էլ սնահավատ չէինք պառավական խոսքուզրույցներին տրվելու համար։ Բայց երբ անջատվեց ռադիոկապն ու մեր շրջապատում սկսեցին անբացատրելի իրադարձություններ կատարվել, ծակող մի կասկած թափանցեց մեր մեջ՝ դարձնելով բոլորիս մտախոհ ու ներփակված։

Մի երեկո, երբ կապիտան Մերենդեսը, բացելով օղու վերջին շիշը, ասաց, որ խրամատը լի է մարդկային ոսկորներով, մենք այդ խոսքերը զառանցանք համարեցինք՝ վերագրելով տենդին, որի մեջ եռում էր նա։
«Խրամատներում ուրվականներ կան», — իրեն մեկնած գավաթը մի շնչով դատարկելուց հետո ասաց Լուկասը։ Մենք նրան նայեցինք՝ պտտելով ձեռքներիս մեջ չխմած բաժակները, ու մինչ մեր լռությունը կհաստատեր, որ նրանք չեն սխալվում, Բուբան ասաց․
— Քաքի մեջ ենք, տղերք։

Չկար արդեն կասկած, որ առաջին իսկ օրվանից մեր ծանր սապոգների տակից եկող շխկշխկոցը ոսկորներ էին, որ լուսնոտների պես անքնությամբ տարված՝ բոլորս էինք նկատել խրամատներով թափառող կապտականաչավուն ուրվականների անթաքույց ներկայությունը՝ համոզելով ինքներս մեզ, որ դրանք ընդամենը քամու կողմից խրամատ բերված ամպաքուլաներ են։ Մերենդեսի և Լուկասի անկեղծ խոստովանությունն այն էր, ինչին սպասում էինք բոլորս, որպեսզի դադարենք ընդիմանալ այն վերերկրային ուժերին, որ դիրքեր գալու առաջին օրվանից կառավարում էին մեզ։

Բեռնատարի ուշանալը, կապի հանկարծակի խափանումն ու սննդի պաշարների սպառումը ստիպեցին դիրքի ավագ Միգել Սևառոյին ջոկից երկու հոգու թիկունք ուղարկելու հրաման արձակել։ Կամավորության սկզբունքով դիպուկահար Մալիչն ու գնդացրորդ Ռիվարեսը հանձն առան լեռներից զորամաս հասնել այն օգնության ակնկալիքով, առանց որի անհնար էր դիմակայելը։

Մենք նրանց ճանապարհեցինք լուսաբացին՝ մինչև արշալույսի երևալը, այն հույսով, որ գոնե երեկոյան հարթավայրում կլինեն, բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ հաջորդ օրը, մինչ արշալույսի առաջին շողերը կփորձեին լիզել լեռնալանջի սառած քարերը, և մողեսները դուրս կգային քարերի վրա տաքանալու, նրանք ետ վերադարձան։ Այնպիսի տպավորություն էր, ասես երեկվա օրը դեռ չէր ավարտվել, ու նրանք հիմա էին միայն պատրաստվում ուղևորվելուն։
— Բոլոր ճանապարհները այստեղ են բերում, — մեր ապշահար աչքերին նայելով՝ ասաց Ռիվարեսն ու երեսն առնելով ափերի մեջ՝ հեկեկաց։

«Նման բան չի կարող լինել», — բոլորիս սթափեցնելու համար բարձրաձայնեց Միգել Սևառոն և մատնացույց անելով Խուանեսին՝ կեսգիշերին նրա հետ ճանապարհ ընկավ։ Հենց այդ գիշեր անձրևին հաջորդեց խրամատ լցվող դոդոշների ձայնը, նրանց կռկռոցից ծեր գամփռն այնպես կատաղեց, որ մեր վրա չհարձակվելու համար ստիպված եղանք կապել բլինդաժի տանիքը պահող գերանասյունից։
Դարկեսի լնդերից սկսեց արյուն գալ, ու մինչ մենք բահերն առած զբաղված էինք դոդոշներից խրամատները մաքրելով, թափվեցին նրա բոլոր ատամները՝ ծերունական սմքած արտահայտություն տալով ծնոտախառը դեմքին։

Երբ հաջորդ օրը կեսգիշերին դիտակետում հերթապահող Էնրիկե Խիմենեսն ինքնաձիգից անկանոն սկսեց կրակել, մենք պատրաստվեցինք ինքնապաշտպանության։ Բայց մեր վաղաժամ ուրախությունը շատ արագ հիասթափության փոխվեց, երբ «Դադա՛ր» հրամանից պարզ դարձավ, որ դիրքին մոտեցողները Միգել Սևառոն ու Խուանեսն են։
Բոլորս նայեցինք ձեռքներիս ժամացույցներին, որ համաժամանակեցրել էինք վայրկյանային ճշգրտությամբ այն պահի հետ, երբ նրանք ճանապարհ ընկան։ Ժամանակն ասես նրանց բաց չէր թողել, ժամանակն ասես չէր էլ անցել այն պահից, երբ հեռացել էին, և միայն Ռաբի Կլեսը, որը ջոկի սակրավորն ու բուժակն էր, գլխի ընկնելով ժամանակի լարած թակարդը, նորից մեկնել պատրաստվող Միգել Սևառոյի առաջը կտրելով՝ ասաց․
— Անօգուտ է, հրամանատա՛ր, դուք արդեն չորրորդ անգամ եք մեկնում ու ետ գալիս։

․․․

Երբ սպառվեցին սննդի վերջին պաշարներն ու խմելու ջուրը վերջացավ, գոյության պայքարը ստիպեց ենթարկվել այն բնազդներին, որոնց շնորհիվ հազարամյակներ շարունակ ապրել էր մարդը։
Ծարավը հաղթահարեցինք նախապես եռացրած անձրևաջուր խմելով, իսկ քաղցին դիմակայելու համար դիմեցինք որսորդական հնարքների։
Օղաթելերով թակարդներ սարքեցինք՝ տեղադրելով դիրքի հարավային կողմի կանաչապատ լանջերին, մի քանիսն էլ քարքարուտների արանքներում, որտեղ վայրի աղավնիներ էինք նկատել։ Օրվա ընթացքում երեք-չորս նապաստակ, մի քանի քարակաքավ կամ գետնասկյուռ էր հաջողվում որսալ, ինչի շնորհիվ քաղցը եթե ոչ բավարարված, դառնում էր գոնե կառավարելի։ Բայց երբ մի առավոտ թակարդները դատարկ գտանք, կիսահյուծված մարմիններիս մեջ դարձյալ խլրտաց վախը։ Եթե գողը աղվես էր կամ շնագայլ, ապա պետք է ինչ-որ հետք թողներ իրենից հետո, բայց մեր որսն այնպիսի անթերի էր հանվում օղապարաններից, որ վայրի ոչ մի կենդանի նման բան անել չէր կարող՝ բացառությամբ մարդու։

Կապիտան Մերենդեսն ու Ռաբի Կլեսը հարակից քարակույտերում դարան մտան՝ պարզելու համար որսագողի ինքնությունը։ Մառախուղի և անձրևի պատճառով այդ գիշեր ոչինչ չհաջողվեց տեսնել՝ անմարդկային խռխռոցներ լսելուց բացի։ Հաջորդ գիշեր գիշերային դիտասարքի օգնությամբ նշմարեցին հեռվում դեղնամանուշակագույն շարժվող զանգված, որը չափսերով եռակի մեծ էր մարդուց և կարողանում էր քայլել ետևի ոտքերի վրա։ Կրակոցների ձայնից գազանը հեռացավ՝ ենթադրել տալով, որ արջ է։
Հաջորդ գիշեր նա կրկին մոտեցավ թակարդներին և մառախուղի պատճառով տարավ իր հետ ամբողջ որսը։ Եվ միայն երկու օր անց, երբ քամին մի քանի րոպեով մաքրեց երկինքն ու բացվեց լիալուսինը, լեռնալանջը ողողող արծաթալույսի մեջ երևաց մարդանման հրեշի մի կերպարանք, որը ոչ մարդ էր, ոչ էլ արջ։
Երբ օրվա հերթապահությունից վերադարձող Լուկասն ու Մալիչը պատմեցին ամբողջովին մերկ, խիտ մազածածկով, ձիու նման երկար ծնոտով, պարույրաձև ականջներով ու ետևից կախված պոչանման ելուստով հրեշի մասին, մենք չհավատացինք նրանց՝ վերագրելով դա քաղցից և հյուծախտից առաջացած հալյուցինացիայի։ Բայց շատ շուտով, կարճատև լիալուսինների և լապտերներից ուղղված լույսերի շնորհիվ բոլորս էլ համոզվեցինք, որ հրավառ աչքերով հրեշը իրական է։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Միգել Սևառոն արգելեց դիրքից դուրս գալը։ Դատարկ թակարդներում ոչինչ չգտնելով՝ հրեշը մի գիշեր այնքան մոտեցավ դիտակետին, որ միայն Էնրիկե Խիմենեսի զգոնության շնորհիվ նկատեցինք նրան՝ չենթարկվելով հանկարծակի հարձակման։ Կրակե ջահերով և մաչետեներով զինված՝ հետապնդեցինք գազանին մինչև լեռնային ձորակի խավարն ու մոլորվելու վախից սթափված՝ ետ վերադարձանք։
Կապիտան Մերենդեսը պողպատե թակարդները ժանգահոտից հոտազերծելու համար եռացրեց աղաջրում և որպես խայծ վրաները առնետներ շարելով՝ տեղադրեց դիրքի երկայնքով։ Երեք օր շարունակվող լռությունը խաթարվեց հանկարծակի ոռնոցով։ Այդ սահմռկեցուցիչ ոռնոցը ավելի հուժկու թվաց, երբ արձագանք ստանալով լեռնային հովիտներում՝ հասավ գյուղերին, որտեղ քնած երեխաները վախից արթնացան, իսկ սնահավատ պառավները խաչակնքվելով՝ «չարխափան»-ի աղոթքը մրմնջացին՝ կողպելով դռներն ու պատուհանները։
Միայն առավոտյան, լիառատ լույսի ներքո սիրտ արեցինք աչքի անցկացնել տարածքը։ Բլինդաժին շատ մոտ արնանման հետքեր և մետաղի չորություն ունեցող թուխ մազածածկ նկատեցինք։ Ցեխի վրա թողած նրա ոտնահետքը կրկնակի անգամ մեծ էր մարդու ոտնաթաթից։ Մեծ ուժ էր պետք կարողանալու համար տանել այն թակարդը, որը գամել էինք հողին։
— Եթե արյուն ունի, մեռնել էլ կկարողանա, — հողին կռանալով՝ ասաց Միգել Սևառոն՝ պատվիրելով ավելացնել թակարդներն ու դիրքի հսկողությունը։

․․․

— Քիչ մնաց, շուտով տասներեքերորդը կգա, ու ամեն ինչ լավ կլինի, — մի առավոտ ասաց Լուիս Նորադեսը, երբ տապակած նապաստակը մասնատելով՝ փորձում էր բաժանել տասներկուսիս մեջ։
Մենք չգիտեինք, թե ով էր գալիս մեռած Խոսե Մարկեսին փոխարինելու։ Թե ով էր առաջինն իմացել այդ մասին, չկարողացանք պարզել, բայց տասներեքերորդի մասին խոսելը այնքան ցանկալի դարձավ, որ ով էլ այդ մասին մի բան պատմեր, թվում էր՝ առաջինն է մարգարեանում։
«Տասներեքերորդի մասին խոսքուզրույցն էր, որ օգնեց մեզ արիաբար դիմակայել համատարած անքնությանն ու չնկատելու տալ խրամատներով թափառող կաթնագույն ուրվականներին»։ Շատ տարիներ անց իր հուշերում պետք է գրեր կապիտան Մերենդեսը, իսկ Էնրիկե Խիմենեսը, համարձակություն գտնելով իր մեջ օտարերկրյա մի լրատվամիջոցի հարցազրույց տալու, խոստովանել էր․ «Երբ անանուն օրերից մեկի միջօրեին ժամանակը հանկարծակի կանգ առավ, անրջության ծովում միմյանց չկորցնելու համար սկսեցինք կանչել նրա անունը։ Բավական էր զգալ, թե ինչպես են փայտանում մեր վերջույթներն ու մահվան խավար վիհը սկսում է իրեն ձգել, կանչում էինք նրան՝ այդպիսով սթափեցնելով մեզ ու մեր ընկերներին»։
Մի երեկո, երբ լեռները դղրդոցով ցնցվում էին ամպրոպից, բոլորիս մազերը միանգամից սպիտակեցին՝ դառնալով մառախուղի նման ճերմակ։ Դա տեսնելով՝ անատամ Դարկեսը հանձնվեց խելագարությանը։ Մենք սիրտ չարեցինք մոտենալ նրան մինչև այն պահը, երբ նա մինչև վերջին փամփուշտը երկինք կրակելուց հետո պատրաստվում էր լքել դիրքը։ Դարկեսին հանգստացնելու միակ ձևը եղավ այն, որ կապեցինք բլինդաժի տանիքը պահող այն գերանասյունին, որից մի ժամանակ կապել էինք շանը։
Դարկեսի խելագարությունն իր հետ անքնություն բերեց։ Ոմանք սկսեցին խոսել մինչ այդ անհայտ լեզուներով ու պատմել բաներ, որ կատարվել էին մեզանից շատ առաջ։
Մենք, որ հյուծվել էինք քաղցից, չլողացած մարմնից ու անքնությունից, զգում էինք մեզ գաճաճների նման փոքրացած, իսկ տասներեքերորդը, որ գալիս էր մեզ միանալու, սպասվածից ավելի հաղթանդամ էր լինելու, չտեսնված խիզախ և խելացի։ Այդ նա էր, որ թղթախաղում հաղթելու էր բոլորիս, մեկ ձեռքով ծալելու էր երեքիս ձեռքը, նայելու էր մեզանից վեր բազմած հակառակորդի դիրքերին, ու նրա հայացքում տեսնելու էինք հաղթանակը։ Ահա այսպիսին էինք մենք պատկերացնում նրան, և այդ զորեղության մեջ էինք պատրաստվում գտնել այն կորցրածը, առանց որի այստեղից հեռանալ չէինք կարող։

Արդեն վաղուց էինք խառնել օրերի հաշիվը, և բազմաթիվ անգամներ փորձելով հաշվել նորից, կրկին մեզ բռնել այնտեղ, որ դա արդեն կրկնվել էր՝ չդառնալով շարունակություն։ Եվ երբ հյուսիսային ամենաբարձր դիտակետին կանգնած Ռիվարեսը հայտնեց հեռվից մոտեցող բեռնատարի մասին, առաջին բանը, որ կարողացանք վերապատկերել մեր մշուշված ուղեղներում, դա ոչ թե սնունդն ու ջուրն էր, այլ բոլորիս կողմից սպասված տասներեքերորդը, որի ներկայությունը պետք է անշարժ ժամանակին ընթացք տար։
Հեռադիտակը խլելով իրարից՝ նայում էինք լեռների վրայով գցված օձագալար ճանապարհին, որի վրայով դանդաղ շարժվող բեռնատարը մեկ երևում, մեկ անհետանում էր հակադիր լեռների ետևում՝ ստիպելով ամեն երևալուց բղավել հեռվում նավ տեսած խեղդվողների նման, որոնք, հուսալով այդ փրկությանը, այլ ճանապարհ չէին տեսնում։
․․․

Երբ դիրք մտած բեռնատարում տեսանք անծանոթ երիտասարդին, որևէ մեկս չուներ կասկած, որ դա տասներեքերորդն է։ Նրա միայնակ, քաղաքացիական հագուստի մեջ ծվարած տեսքը այն չէր, ինչ պատկերացրել էինք ամենադժվարին պահերին։ Զգալով մեզ խաբվածների նման՝ տանուլ տվեցինք վերջին հույսը, որ փայփայել էինք աչքի լույսի պես։
Բեռնատարի վարորդը հայտնեց, որ ուշացման պատճառն ու կապի բացակայությունը սողանքի հետևանքով լեռնանցքի փակվելն է եղել, իսկ նորեկին, որին բերել է իր հետ Խոսե Մարկեսին փոխարինելու համար, վերջին պահին են միայն հանձնարարել դիրք բարձրացնել։
Համալրելով դատարկ պահեստարանը աղ դրած ճարպամսի, պահածոների, թարմ հացի և ջրի պաշարներով՝ փոքրիշատե սկսեցինք մեզ զգալ դրության տերերը։ Իսկ երբ ծղոտների տակ թաքցրած արկղից դատարկեցինք խմիչքն ու Playboy-ի անցած համարները, ոգևորության ալիքը վերածվեց սուլոցների։
Սյունից կապված Դարկեսին բեռնատարի վարորդը հրաժարվեց թիկունք տանել՝ պատճառաբանելով, որ խելագարությունն այս լեռներում սովորական երևույթ է, իսկ դիրքերից թիկունք նա իրավունք ունի տեղափոխել միայն մեռածներին։

«Լողանալուց և սափրվելուց հետո միայն հաջողվեց իրար միջոցով տեսնել այն, ինչ մնացել էր մեզանից։ Մենք ծերացել էինք տասը տարով, և դրա մեղավորը տասներեքերորդն էր, որը հիասթափություն բերելով իր հետ՝ զրկեց մեզ այն հույսից, որին սպասում էինք բոլորս։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա փոխեց քաղաքացիական հագուստն ու զինվորականի մեջ մտավ, մենք էական փոփոխություն չկարողացանք գտնել նրա մեջ, չհարցնելով անգամ անունը, քանի որ ինչ էլ այն լիներ, մեզ համար նա մնալու էր որպես «տասներեքերորդ»։ Եվ հենց այդ հակակրանքն էր պատճառը, որ առաջին իսկ օրվանից նրա ուսերին դրվեցին ամենածանր աշխատանքները՝ որպես պատիժ այն չիրականացված սպասումների, որ այդպես էլ անիրական էին մնալու»։ Ահա այսպես էր բնորոշել տասներեքերորդի հայտնվելը իր անավարտ ձեռագրերում Միգել Սևառոն, որոնց ես ծանոթանալու բախտ ունեցա շատ տարիներ անց, երբ նա արդեն վատառողջ էր։
«Մենք, որ կոպիտ էինք, խոսքի մեջ ազատ ու անկառավարելի, անբնական էինք համարում նրա նրբությունը, մեղմ բնավորությունն ու հավասարակշռված վիճակը։ Նա կարող էր չխոսել օրերով, եթե որևէ բան չհարցնեինք։ Խոսքի մեջ մեղմ էր ու չափավոր, ինչի պատճառով շատ արագ մոռացվում էր նրա ձայնը»։ Տասներեքերորդին բնորոշող տիպիկ նկարագիր, որը ես գտա կապիտան Մերենդեսի հուշերում, երբ ուղղումներ մտցնելու բացառիկ թույլտվությամբ աչքի էի անցկացնում դրանք։

Ձեռքներիս ժամացույցները, որ կանգնել ու առաջ չէին գնում անքնության տառապալի գիշերներից, հանկարծակի աշխատել սկսեցին։ Դոդոշներն ու առնետները լքեցին խրամատներն, ու առաջին անգամ ճնճղուկների մի փոքրիկ երամ բնավորվեց գերանների տակ։ Մոտակա լեռնալանջից սունկ հավաքելու ժամանակ նկատեցինք շնագայլերի կողմից կիսահոշոտված հրեշի մարմինը։ Բայց ամենակարևոր փոփոխությունը դա քնի վերադարձն էր, որը սկսվեց այն պահից, երբ տասներեքերորդը ոտք դրեց մարտական դիրք։
Չափազանց զբաղված լինելով անձրևների փլուզումներից առաջացած ինժեներաշինարարական աշխատանքներով՝ մենք չկարողացանք լիարժեք գնահատել այդ փոփոխությունները, որ տեղի ունեցան տասներեքերորդի հայտնվելուն զուգահեռ։ Դրական փոփոխությունների այն ալիքը, որ անցավ դիրքի վրայով, թեև նկատեցին բոլորը, բայց շատ քչերը կապեցին դա նրա հետ՝ վերագրելով ամեն ինչ պատահականությանը մինչև այն պահը, երբ նա բժշկեց Դարկեսին։
«Ես դա չեմ տեսել, բայց ականատեսները պատմեցին, որ տասներեքերորդը խնդրել է արձակել Դարկեսի կապերն ու դուրս հանել բլինդաժից, ինչից հետո ձախ ձեռքը նրա գլխին դնելով՝ ինչ-որ բան է ականջին ասել, և ընդամենը այդքանով վերադարձրել կենսական ուժերն ու մտածելու կարողությունը»։ Հեռախոսային մի զրույցի ժամանակ պատմեց ինձ Ռաբի Կլեսը, ում հետ երկար տարիներ կապ էինք պաշտպանում՝ ամեն անգամ միմյանց պատմելով դիրքում կատարված այնպիսի բաներ, որ կամ նոր էինք հիշում, կամ վերալսում մեր բախտակից ընկերներից։
«Երբ արձակեցի Դարկեսի կապերը, խելագարի նման բլինդաժից դուրս վազեց։ Բոլոր նրանք, ովքեր այդտեղ էին, հեռու փախան, ասես վանդակից կատաղած առյուծ էր դուրս նետվողը։ Տեսնելով տասներեքերորդին՝ Դարկեսը շանթվածի պես քարացավ տեղում, հետո ծնկի եկավ և աղաչական նայեց նորեկին այնպիսի թախծանքով, որ մենք փշաքաղվեցինք։ Տասներեքերորդը մոտեցավ Դարկեսին և ձեռքը դնելով գլխին՝ սկսեց խոսել։ Մեզ չհաջողվեց լսել, թե նա ինչ էր շշնջում Դարկեսի ականջին, բայց բոլոր նրանք, ովքեր այդ պահին այդտեղ էին, նկատեցին վերջինիս ապաքինվելն ու դեմքին վերադարձող խաղաղությունը»։ Կապիտան Մերենդեսի հուշերից են այս տողերը, որոնք մասնավոր զրույցներում հաստատվելով՝ ինձ մոտ կասկած թողնել չէին կարող։
Նրա յուրահատկություններն այդքանով չսահմանափակվեցին, և շատ շուտով ես ինքս էլ առիթ ունեցա համոզվելու, թե ինչպես նա հեռացրեց Ռիվարեսի լյարդի ցավերը՝ ձեռքն ընդամենը հպելով նրա մեջքին։ Ռիվարեսը պատմեց, որ ցավերի մասին նրան չէր ասել, այլ ընդամենը մտածել էր հարմար պահի դեպքում դիմելու ցանկությամբ։ «Էլ ու՞մ ես սպասում», — մտքերն ասես կարդալով՝ ասել էր նա և առաջարկելով նստել՝ ձեռքը դրել էր մեջքին։ «Ջերմություն զգացի, — հետո պատմում էր Ռիվարեսը, — ինչ-որ մի խանգարող բան ներսիցս կարծես անջատվեց ու հեռացավ՝ տանելով իր հետ ցավն ու մահվան վախը»։

․․․

Անվարան խիզախությամբ էր նա ընդունում օրվա ծանրությունն իր բոլոր անցանկալի անակնկալներով։ Ամեն ինչից երևում էր, որ փափուկ կյանքին սովոր մարմինը դժվարությամբ է ընդունում բլինդաժի չոր մահճակալներից ծնվող ոսկրացավը։ Կոշտ սապոգներից հարած կրունկներն ամեն քայլը դարձնում էին պատիժ, որի հաղթահարման միակ ձևը հոգու ուժն էր։
Ամեն անձրևից հետո, երբ խրամատների որոշ հատվածներ լցվում էին ջրով, ես գտնում էի նրան այնտեղ, որտեղ մեզանից ոչ ոք չէր մտնում։ Ցեխից ծանրացած սապոգները սոսնձի նման ձգվում էին հողի մեջ, և նրանից մեծ ուժ էր պահանջվում ոտքերը ճփոցով դուրս քաշելու և հաջորդ քայլն անելու համար։ Անհարմար ու կոշտ բահը ձեռքին, մինչև ծնկները ջրի ու ցեխի մեջ, նա առուներ էր բաց անում՝ դուրս թափելով ջուրը։ Իսկ երբ թաց հողից դարձյալ ջուր էր գալիս՝ լցնելով փոսերն այնպես, ասես չէին էլ դատարկվել, նա նորից գործի էր անցնում՝ ասես մարտահրավեր նետելով անձրևին, վախին, մառախուղին և ցավից ծնվող բոլոր անհարմարություններին, որոնք այնքա՜ն շատ էին։
«Արևոտ օրերին, երբ հաշված ժամերի ընթացքում հողը չորանում էր քարի պես, խրամատի թմբերին անվադողեր շարելով էր զբաղվում՝ մաքրելով քանդվող կողապատերից ներս լցվող քարաբեկորներն ու խորացնելով հատակը»։ Անքուն գիշերների ընթացքում մեր անհաշիվ հեռախոսազրույցներից մեկի ժամանակ պատմեց Ռաբի Կլեսը, ով ինձ պես այդ օրերին սիրում էր ուշադրության տակ պահել տասներեքերորդի ամեն մի քայլը։

Հիմա՝ ավելի քան այն ժամանակ, ես վստահ եմ, որ նա առաջին անգամ էր տեսնում ամպերն այդքան մոտիկից։ Առաջին անգամ էր վախն ու անհարմարությունները հարմարեցնում իրեն՝ դարձնելով այնքան սովորական, ինչպես ընդունված էր մեզ մոտ։ Նոր էին նաև անքուն գիշերներին դիտակետում կանգնած նայելն այն ուրվապատկերներին, որոնք ցերեկվա լույսի տակ այլ տեսք ունեին։ Առաջին անգամ էր, երբ ամեն աննշան ձայն մթության մեջ ահագնացող վախ էր դառնում՝ ստիպելով սրվել ու զգաստանալ։ Բայց ամեն «առաջին» շատ արագ սովորական էր դառնում, և հերթ չտալով մանր-մունր ցավերին՝ խթան հանդիսանում հաջորդ մարտահրավերները տղամարդավայել դիմակայելու համար։
Աստղալից երկինքը նրա անսպառ ոգևորության մի մասն էր, ու հենց դա էր պատճառը, որ աստղաթափի հմայքով տարված՝ նա շատ հաճախ չէր նկատում իմ մոտենալը։ Բայց մի գիշեր, մոտենալով արևելյան դիտակետին շատ մոտ, ցանկացա խոսել հետը։ Իմ ներկայությունը նրան անակնկալի չբերեց, կարծես վաղուց էր սպասում դրան, և առանց ձևական ավելորդությունների մատնացույց անելով աստղերն՝ ասաց․
— Ես քեզ վաղուց էի ուզում ցույց տալ Մեծ Արջի համաստեղությունը։
— Ես այնտեղ ոչ մի արջ չեմ տեսնում, — հառելով հայացքս վեր՝ ասացի նրան։
— Այն, որ դու չես տեսնում, դա դեռ չի նշանակում, որ չկա։
Նա ավելի մոտեցավ ինձ և ցուցամատը պարզելով վերև՝ վարժ շարժումներով գծեց Մեծ Արջի սահմանները։ Ես կռացրեցի գլուխս և հավասարվելով նրան՝ ձևացրեցի, թե ինչ-որ բան եմ նկատում։
— Հիմա տեսա՞ր, — երեխային հատուկ ոգևորությամբ հարցրեց նա։
— Ես այնքան խելացի չեմ, որքան դու, — չտանջելու համար նրան՝ ասացի ես՝ հույս ունենալով, որ դրանից հետո նա ինձ հանգիստ կթողնի։
— Դու անպայման պետք է տեսնես այն, — աննահանջ իրենը պնդեց նա, — եթե չկարողանաս տեսնել նման պայծառ համաստեղություն, ապա ինչպե՞ս կարող ես ճանաչել Վերոնիկայի Վարսերը։
— Ինչի՞ց վերցրիր, որ ես ուզում եմ տեսնել այդ ամենը, — զղջալով նրան մոտենալուս համար՝ հարցրեցի նրան, — և հետո՝ դու զինվո՞ր ես, թե՞ աստղագետ։
— Ես այստեղ եմ Վերոնիկայի Վարսերը տեսնելու համար, — պարզ անկեղծությամբ պատասխանեց նա՝ խառնելով մտքերս այնպես, որ չկարողանալով պատասխանել՝ գերադասեցի հեռանալը։
Ես նրան մենակ թողեցի, բայց դեռ չէի անցել խրամատի կեսը, երբ զգացի նրա կարոտն ու զղջացի քայլիս համար։ Տեղ գրավելով հրամանատարական կետում եռացող թղթախաղի սեղանի շուրջ՝ խառնվեցի խաղին, բայց զուր էին ջանքերս ցրվելու, քանի որ ինչ-որ կարևոր մի բան ստիպում էր մտածել աստղալից երկնքի տակ կանգնած տասներեքերորդի մասին, հեռու-հեռու ինչ-որ Մեծ Արջի ու էլի մի համաստեղության, որի անունն արդեն չէի հիշում։

․․․

Լինում էին պահեր, երբ նա ցանկանում էր, որ իր հերթական բացահայտումը առաջին մնա, որ չխառնվի ամենօրյա սովորականությանը՝ կորցնելով իր մեջ եղած ոգևորությունն ու հեքիաթը։ Նրա այդ ոգևորությունն ինձ համար վարակիչ էր, ու չնայած մեր չհաջողված զրույցից հետո նրան չէի մոտենում, բայց անկարող էի չհետևել այն ապահով հեռավորությունից, որին արդեն սովորել էի։ Ամեն սկսվող օրը գեղեցիկը բացահայտելու հնարավորություն էր նրա համար, բացահայտումների չավարտվող մի աշխարհ, որով ապրում էր տասներեքերորդը՝ դիմակայելով այն բոլոր դժվարություններին, որ անգամ մեզ համար էին դժվարացել։
Իմ հերթական զարմանքը իրեն երկար սպասեցնել չտվեց, և դա այն արտասովոր սերն ու նվիրվածությունն էր, որը նա ցուցաբերում էր բնության ու կենդանիների հանդեպ։ Մեր սպիտակ գամփռը, որ մեկուսի մի շուն էր և ոչ ոքի հետ չէր շփվում, առաջին իսկ օրից սիրեց և մի քայլ անգամ չհեռացավ նրանից։ Պահապան հրեշտակի նման ամենուր կողքին էր, լիներ դա խրամատներում աշխատանք անելիս, դիտակետում հերթապահության կանգնած, թե՞ բլինդաժում քնած ժամանակ։ Շատ անգամ, երբ ես փնտրում էի նրան ու չէի գտնում, բավական էր տեսնեի շանը, որ պարզ դառնար նրա տեղը։
Նա իր օրապահիկ միսը տալիս էր շանը, հացով կերակրում խրամատի գերանների տակ բույն դրած ճնճղուկներին, որոնք սնվում էին նրա ձեռքերից այնպիսի անմիջականությամբ, ասես իր ներկայությանը սովորած տան աղավնիներ էին։
«Ես այդպես էլ չհասկացա, թե նա երբ էր ուտում»։ Այս կարճ, լուսանցքի մեջ մատիտով արված նշմանը հանդիպեցի Միգել Սևառոյի անէջադիր ձեռագրերից մեկում։ Մեկ այլ տեղ, կարծես անդրադառնալով այդ նշմանը, ավելացրել էր․ «Նա իր օրապահիկը բաժանում էր շան և թռչունների միջև, իսկ մի անգամ տեսա նաև, թե ինչպես է կերակրում մկներին, ու չնայած ուշադրությանս, ինձ երբևէ չհաջողվեց նրան ուտելիս տեսնել։»
Այն պահից սկսած, ինչ նա սկսեց աշխատել խրամատներում, հողապատերի և թմբերի վրա թրաշուշաններ ու երիցուկներ աճեցին։ Խոնավ ու մահաբեր խրամատին անսովոր տեսք տված այդ ծաղկաթմբերը արագ տարածվեցին խրամատի շրջանաձև երկարությամբ՝ հուշելով բոլորիս, որ վաղ թե ուշ հողը նորից առնելու է իրենը՝ ծածկելով ամեն բան այնպես, ինչպես հազար տարի առաջ էր արել։

Ես ուշ հասկացա, որ հեռադիտակն ամեն անգամ աչքերին սեղմած՝ նա ոչ թե հակառակորդի դիրքերն է զննում, այլ դիմացի մարգագետինը, որին, ինչպես հետո պարզվեց, տվել էր «դրախտիկ» անունը։ Մի առավոտ, երբ նա դիտակետում չէր, մոտեցա քարաշեն պատուհանին ու դուրս նայեցի։ Մեր զբաղեցրած մարտական դիրքը բոլոր կողմերից արհեստական խրամատներ ուներ, ինչպես նաև զգալի հեռավորության վրա որոշակի տեսադաշտ՝ հակառակորդի հարձակման դեպքում արագ կողմնորոշվելու և պաշտպանական օղակ կազմելու համար։ Դիրքի միակ խոցելի տեղը մարգագետինն էր, կամ ինչպես մենք էինք կոչում՝ արևելյան դիտակետը, որից ներքև սկսվող ձորակն ու դիմացի լեռնաշղթան դիտակետից տեսանելի չէին։ Միայն մարգագետնի կողմով էր հնարավոր հակառակորդի աննկատ ներթափանցումն ու զրահատեխնիկայի շարժը, ինչը շատ լավ գիտակցելով՝ առաջին իսկ օրվանից ականապատել էինք հեռակառավարվող ականներով՝ հնարավոր հարձակման դեպքում պայթեցնելով կանխելու համար գրոհը։ Առաջին հայացքից մարգագետնի ուղղությամբ արտասովոր ոչինչ չնկատելով՝ արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ հիշեցի հեռադիտակի մասին և մոտեցնելով աչքերիս՝ քարացա։
Մարգագետինն իր շնչող գունեղությամբ յուրահատուկ մի գեղանկար էր, որտեղ քամու թեթև օրորից ամեն բան կենդանանում էր։ Հյութեղ կանաչի մեջ շարժվում էին դեղին անթառամները, կարմիր կակաչներն ու զանգակածաղիկները զուգապար բռնած օրորվում էին նազանքով։ Վայրի գարու հասկերի տակ զույգ արտույտները թափված հատիկներն էին հավաքում և վաղորդյան ցողից թրջված թևերը թափ տալով՝ հպվում իրար։ Աղվեսի վախից զգուշանալով՝ գետնասկյուռը զգուշությամբ դուրս էր հանում գլուխը բնից և չորս կողմը նայելուց հետո շտապում ազնվամորու կարմրած պտուղները համտեսելու։
Հեռադիտակի խոշորացնող օպտիկան բաց չէր թողնում այդ փոքրիկ աշխարհից ոչ մի մանրուք, ամեն բան կարծես ափիդ մեջ էր, այնքան մոտ ու անմիջական, որ թվում էր՝ ծաղկից ծաղիկ թռչող մեղուն հենց դու ես, օդից թեթև թևաբախող թիթեռները քո ներսում են պտտվում։ Ցատկոտող ծղրիդները, բզզացող բզեզները, մրջյունների աշխատող շարքերը այնքան մոտ էին ինձ, որ թվում էր՝ հիմա ես էլ կխառնվեմ նրանց և դառնալով այդ աշխարհից մեկը՝ կհեռանամ այնտեղ, որտեղ ամեն բան ներդաշնակ է և կատարյալ։
Անմեկնելի լռություն էր տիրում մարգագետնում, և այդ նախանձելի ներդաշնակության մեջ ամեն շնչավոր էակ ուներ իր դերն ու տիեզերական նշանակությունը։ Զգայացունց մի պոռթկումով ուզեցի շեմել արգելվածի սահմանները, գրկել սարերն ու հողը, համբուրել ծաղիկները, քարերը, արևը ու հետո միայն հասկանալ, որ խենթավառ այդ արբեցման պատճառը աղջամուղջի հեքիաթային գեղեցկությունն է, որը երբևէ չէի նկատել։ Նման բերկրանքն ինչպե՞ս կարող էր այսքան մոտ լինել ինձ, և ես իմ անմասնությամբ չնկատեի այն։
Ու հանկարծ, աչք շոյող այդ անաղարտության մեջ երևացին զսպանակաձև փշալարերի փայլող շարքերը։ Ճերմակ երիցուկները աճելով նրանց գալարների մեջ, տեղ-տեղ խառնվել էին պողպատե սառնությանը, և փաթաթվելով մետաղափայլ փշերին՝ մի անզոր քնքշանքով փորձել իրենց տակն առնել։ Փշալարերը հիշեցրին ինձ պատերազմի, դիմացի լեռնագագաթին դիրքավորված հակառակորդի, մահվան ու ծանրացող հիշողությունների, մարգագետնի տակ թաղված և ամեն վայրկյան պայթելու պատրաստ ականների մասին, որոնց առկայությունն այս անաղարտ գեղեցկության կողքին այնքան ավելորդ թվաց։

․․․

Բլինդաժի կիսախավարում պառկած՝ նայում էի կորաթեք տանիքին՝ հիշելով այն հողաշեն դամբարանը, որը հայտնաբերել էր պապս երկրագործական աշխատանքներ կատարելիս։ Ամբողջ գյուղը հավաքվել էր դաշտում, և ոտնատակ տալով ցորենի կանաչած արտը՝ ցանկանում էր տեսնել այն, ինչն ամեն օր չես տեսնի։ Աջուձախ ցրված ոսկորներ կային ներսում, մի քանի խեցեղեն իրեր, ոսկորից տաշված մանրաքանդակներ ու բրոնզե զարդեր։
Այդ ամենը ջորու վրա բարձած բերեցինք տուն՝ ներառյալ պարկը լցրած ոսկորները, որոնք ամեն օր դատարկելով խսիրե գորգին՝ փորձում էի իրար վրա շարելով վերակենդանացնել տիրոջը։
Երբ քրոջս կծեց օձը, տատս, վերագրելով դա հանգուցյալի անեծքին, պահանջեց հեռացնել տանից։ Պապս, որ դեռ հույս ուներ տրորված արտից աշնան գլուխ մի բան հավաքել, հետաձգում էր մինչև կիրակի՝ ինքն էլ գիտակցելով, որ կիրակի օրը նոր պատճառ պետք է փնտրի տատիս կշտամբանքներից գլուխն ազատելու համար։
Ու մինչ պապս զբաղված էր իր տրորված արտի փրկությամբ, տանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք խաթարեցին բնականոն կյանքը։ Գիշերները լսվում էին սենյակներով քայլող ոտնաձայներ, բացվում ու փակվում էին դռները, պատուհանները ցնցվում էին քամու բերանն ընկած տերևի նման՝ անսովոր շխկշխկոց լցնելով ամբողջ գյուղով մեկ։ Հանկարծակի կոտրվում էին իրեր, որոնք այնքան հեռու էին ցած ընկնելուց, որ դա կարող էր լինել կողմնակի ձեռքի հրումով միայն։ Հետո մեկը մյուսի ետևից սկսեցին անհետանալ արծաթե գդալներն ու այն ոսկե դրամները, որը համբերատար հավաքել էր տատս տան կիսախարխուլ տանիքը փոխելու երազանքով։ Ասես քիչ էին դրանք, մեկ շաբաթվա մեջ կովը երկգլխանի հորթ ծնեց, ինչը տեսնելուց հետո մորս լեզուն կապ ընկավ։
«Հեռու տար այս նզովքը տանից, հակառակ դեպքում ես կանեմ դա», — իր վերջին խոսքն ասաց տատս։ Եվ ջորու մեջքին կապելով հանգուցյալի ոսկորներով պարկն ու արդուզարդարանքը՝ բահերն ուսներիս առած ճանապարհ ընկանք լեռան հակառակ կողմը։ Քամիներից պաշտպանված մի ձորակում խորը փոս փորեցինք, որի պատերը քարի և կավի շաղախով ամրացնելուց հետո կապեցինք կամարաձև տանիքը։ Երբ ոսկորներն ու մնացած իրերը տեղավորեցինք ներսում, քարերով ծածկեցինք դուռն ու ամբողջը ծածկեցինք հողի հաստ շերտով։
Քրոջս ոտքը, որ օձի խայթոցից փայտացել էր, մի քանի օր անց սկսեց ապաքինվել։ Մորս լեզուն հանկարծակի բացվեց։ Կովը գարնան գլուխ զույգ հորթ ունեցավ, իսկ տատիս արծաթե գդալներն ու ոսկեդրամները ի հայտ եկան նրա բարձի տակից, որտեղ հազար անգամ նայել ու չէր գտել։
Ես հաճախակի էի հիշում այս դեպքը՝ ամեն անգամ պատկերացնելով ինձ դամբարանում փակված, և հիմա, պառկած լինելով բլինդաժում, հեռավոր հիշողությունները վերարթնանալով ստիպեցին մտածել, որ դարձյալ դամբարանում եմ և կարող եմ քնել մինչև ոսկորներ դառնալը։
Նայում էի բլինդաժի կորաթեք առաստաղին, որը մոմի լույսից սևացել էր՝ իր շերտի տակ թողնելով քարն ու սվաղը, և մտածում, որ այն ճիշտ պապիս սարքած դամբարանի նման է՝ լուռ և մութ։
Ցանցաճոճի մեջ քնած Ռիվարեսի խռմփոցը կտրեց ինձ ոսկոր դառնալու խորը քնին տրվելու հույսից, և մի քանի կտոր քարածուխ լցնելուց հետո վառարանի մեջ՝ դուրս եկա մաքուր օդ շնչելու։
Թանձր մառախուղը եղյամ դարձած հալվում էր՝ ներծծվելով հագուստի, զենքի ու անգամ մաշկի մեջ։ Սառը քամին թեթև դող բերեց՝ համոզելով վերադառնալ բլինդաժ, ուր տաք վառարան կար և ոսկոր դառնալու ճանապարհ բռնած քուն։ Եվ միայն աննկարագրելի կարոտը, որ երբևէ պատճառ չէի ունեցել զգալու որևէ մեկի հանդեպ, ստիպեց ինձ ոսկորներ դարձնող քնին տրվելու փոխարեն փնտրել կյանքը։
Չհասկացա, թե ինչու հրամանատարական կետի թեժ թղթախաղին խառնվելու փոխարեն հայտնվեցի խրամատի խոնավ սառնության մեջ։ Ուզում էի այդտեղ՝ ոտքերիս տակ շխկշխկացող ոսկորների մեջ թողնել ինձ պաշարող անանուն կարոտը։ Բայց զուր էին ջանքերս, քանի որ կարոտն այդ անուն ուներ, ձգողականություն, մի նոր աշխարհից ծնունդ բերող սաղմնային զգացմունքներ, որոնք զգալու համար ապրել էր պետք։
Խրամատից նայեցի դուրս։ Դիտակետի տանիքին պառկած գամփռը նկատելով ինձ՝ շարժվեց տեղում։ Մթության մեջ տասներեքերորդին չտեսա, բայց պարզորոշ կարողացա պատկերացնել, թե ինչպես է զրահաբաճկոնի և ինքնաձիգի ծանրության տակ ետուառաջ անում դիտակետում։
— Քեզ դուր եկա՞վ, — անակնկալի բերելով ինձ՝ հանկարծակի հարցրեց նա, և միայն այդ ժամանակ նկատեցի, որ նրա կողքին եմ։
— Ի՞նչը, — կմկմացի ես՝ մի պահ չհասկանալով, թե խոսքն ուր է տանում։
— Փոքրիկ դրախտը։
— Որտեղի՞ց իմացար, — զարմացա ես, քանի որ այն ժամանակ, երբ դիտակետից զննում էի մարգագետինը, նա բլինդաժում քնած էր։
— Ասա՛, որ գեղեցիկ էր, — գրկելով թևս՝ խնդրեց նա։
— Քո դրախտն ամենագեղեցիկն է, որ երբևէ հաջողվել է ինձ տեսնել, — խոստովանեցի ես՝ զգալով այն ուրախությունը, որ արթնացավ նրա մոտ իմ խոսքերիցս հետո։
— Աշխարհը լի է գեղեցիկ բաներով, պարզապես նկատել է պետք, — ասաց նա, — ա՛յ եթե մի փոքր համբերես, երկինքը կպարզվի, ու մենք կկարողանանք դարձյալ աստղերին նայել։
Ինձ համար դժվար էր հավատալ նրան, նման մառախուղների ժամանակ երկինքը չէր պարզվում մի քանի օր շարունակ։ Թերահավատության հատիկն իմ մեջ գլորվեց՝ փորձելով կասկած դառնալ։
— Դու ինձ չէ՞ս հավատում, — մտքերս կարդալով՝ հարցրեց նա և թողնելով ձեռքս՝ նեղացկոտ երեխայի նման շրջվեց մեջքով։
Ես չպատասխանեցի, և ավելի շատ ինչ-որ բան անելուց դրդված, քան ծխելու ցանկությունից, սիգարեթ վառեցի։ Քամին գլանակի ծուխը ետ՝ նրա վրա էր տանում։ Խրամատի խորքից լսվում էր իրենց բներում կծկված ճնճղուկների ձայները։ Ժամանակը չէր անցնում։ Ես ոտքիս տակ տրորեցի մատներիս մեջ հանգցրած ծխուկն ու պատրաստվում էի հեռանալ, երբ վարագույրի նման բացվեց երկինքն, ու ամեն բան տեսանելի դարձավ։
— Ներիր, — ապշանքից դեռ ուշքի չեկած՝ մի կերպ ասացի ես։
— Քեզ ավելի շատ հավատալ է պետք, քան կասկածել, — մեղմ ձայնով ասաց նա և շրջվելով իմ կողմ՝ նորից բռնեց ձեռքս։
Անակնկալի եկած գամփռը ծմլկտաց և դիտակետի տանիքից իջնելով՝ պառկեց մեր դիմաց։ Իմ զարմանքը ստիպեց ինձ մի որոշ ժամանակ լռել, իսկ նա երկնքին նայելով ասաց․
— Մեծ Արջի համաստեղությունը բաղկացած է յոթ աստղերից։
— Այն ավելի շատ շերեփի է նման, քան արջի, — անկեղծացա ես, երբ նա ցուցամատը վերև պարզած՝ հավաքեց բոլոր կետերը։
— Եթե փորձես շերեփը տեղավորել արջի մեջ, դու կկարողանաս տեսնել նրան։
— Այդ դեպքում դա կլինի շերեփը կուլ տված արջ, — անկեղծացա ես՝ ստիպելով նրան մի կուշտ ծիծաղել այն պրիմիտիվ մտածողությանս վրա, որով փորձում էի ուսումնասիրել համաստեղությունները։
Այդ գիշեր մինչև լուսաբաց ես ճանաչեցի ամենալուսատու աստղերից կազմված այնպիսի համաստեղություններ, ինչպիսիք էին Վիշապը, Կասիոպեան, Ցեֆեոսը, Անդրոմեդան, Կարապը, Քնարն ու անգամ Օրիոնը։ Որոշ դեպքերում ես ուրիշ բաների էի նմանեցնում այդ համաստեղությունները և անկեղծորեն արտահայտելով իմ կարծիքը՝ արժանանում նրա կողմից այնպիսի անզուսպ ծիծաղի, որից ինքս էլ սկսում էի ծիծաղել՝ մոռանալով, թե որտեղ ենք։
Այդ առավոտ իրար հերթ չտալով՝ մենք ձեռքից ձեռք էինք խլում հեռադիտակը՝ արշալույսի ցոլքերի մեջ արթնացող մարգագետնին նայելու համար։ Ես երջանիկ էի, որ նա կար իմ կողքին, որ կարող էր սովորեցնել ինձ տեսնել ու ճանաչել աշխարհը, բռնել ձեռքս ու անգամ ծիծաղել վրաս։
Վերադառնալով բլինդաժ՝ պառկեցինք ցանցաճոճերի մեջ։ Նա պատմում էր աստղերից ու պատմում, իսկ ես քնի դռնից ներս անցնելով՝ գրեթե չէի լսում նրան։ Բլինդաժն այլևս դամբարան չէր հիշեցնում, և քունն այլևս ոսկորներ չէր դարձնելու ինձ, քանի որ իմ երազում աստղեր էին, թափվող ասուպներ, ինձ համար դեռ անծանոթ ու չբացահայտված համաստեղություններ։ Եվ տիեզերքի այդ անսպառ անսահմանության մեջ լողալով՝ մարդու կողմից հորինված օրենքները, պատերազմների փշալարերով կարկատված սահմանները ինձ անհեթեթություն թվացին։

․․․

— Իմ ժամանակն ավարտվում է, — մի առավոտ ասաց տասներեքերորդը, երբ գիշերային հերթապահությունը հանձնելուց հետո քնելու ակնկալիքով մտանք բլինդաժ։
— Մեկ շաբաթից նոր հերթափոխ կգա, և այդ ժամանակ ազատ կլինենք, — ազատ ցանցաճոճը նրան զիջելով՝ ասացի ես։
— Հիմա արդեն ես հանգիստ եմ, քանի որ դու՛ կարող ես տեսնել Վերոնիկայի Վարսերը, — ցանցաճոճի միջից ասաց նա։
— Իսկ ինչու՞ միասին չենք կարող նայել, — երկա՜ր հորանջելով՝ հարցրեցի նրան։
— Ես չեմ հասցնի, — ծանր մտքեր տալով՝ տխուր ասաց նա։
— Իսկ ինչի՞ց վերցրեցիր, որ ես կհասցնեմ, — պառկելով մահճակալին՝ հարցրեցի ես։
— Գիտեմ, — իրեն հատուկ խորհրդավորությամբ ասաց տասներեքերորդն ու լռեց։
— Գիտե՞ս, լինում են պահեր, երբ ես քեզ չեմ հասկանում, — լռությունը խախտելով՝ բարձրաձայն ասացի ես, քանի որ կապիտան Մերենդեսի խռմփոցն այնպես էր լցվել բլինդաժում, որ ինքս ինձ չէի լսում։
— Մարդկանց հորինված աշխարհում դժվար է հասկանալի լինելը, — ցածր ձայնով ասաց նա, և ես ստիպված էի սրել ականջներս՝ նրա ասված ամեն մի բառը լիարժեք ընկալելու համար։
Բլինդաժի դուռը բացվեց, և ներս մտան Խուանեսն ու Ռաբի Կլեսը։ Մեկը մոտեցավ ինձ, իսկ մյուսը՝ կապիտան Մերենդեսին արթնացնելու, հրամանատարական դիտակետում թղթախաղին մասնակցելու համար։ Մերենդեսը ոտքի ելավ, իսկ ես խորը քնած ձևանալով՝ ազատեցի գլուխս։ Երբ նրանք հեռացան, ու բլինդաժին վերադարձավ լռությունը, դարձյալ ցանկացա լսել նրա ձայնը, և որպեսզի նա խոսի երկար, խնդրեցի պատմել իր կողմից այնքան սիրված համաստեղություններից։
Ինձ թվաց, թե նա քնել է, և ինքս էլ արդեն տրվել էի քնի երազաշաղ ճախրանքի թեթևությանը, երբ նա սկսեց պատմել հեքիաթ հիշեցնող այս պատմությունը․
— Շատ հնում, երբ Եգիպտոսում թագավորում էր Պտղոմեոս արքան, աշխարհում հրաշքներն այնքան շատ էին, որ շատ քիչ բան կարող էր զարմացնել մարդկանց։ Պտղոմեոս արքան մի կին ուներ՝ գեղեցկուհի Վերոնիկան, ով հռչակված էր իր ոսկեհեր վարսերով։ Հեռու երկրներից Եգիպտոս էին գալիս թագավորներ, արքայադուստրեր, մոգեր ու քրմեր՝ թագուհու կախարդիչ վարսերով հիանալու համար։ Պոետները երգեր էին ձոնում, նկարիչները վրձնում, քանդակագործները քարին հանձնում նրա գեղեցկությունը՝ ջանալով անմահացնել այն։ Ուրախությունն անպակաս էր արքայի սրտից, և նա իրեն ամենաերջանիկ մարդն էր համարում ոչ թե ուժ, հարստություն և իշխանություն ունենալու, այլ Վերոնիկայի կողքին լինելու համար։
Մի օր պատերազմ սկսվեց, և արքան, գլխավորելով զորաբանակը, շտապեց երկրի սահմանները պաշտպանելու։ Օրերն անցնում էին, ամիսները տարիներ դառնում, բայց արքայից ոչ մի լուր չկար։ Եվ ահա մի օր սգացող Վերոնիկան, մտնելով Աֆրոդիտեի տաճար, աստվածուհուց հաղթանակ և կյանք է խնդրում սիրելի ամուսնու համար՝ խոստանալով դրա դիմաց տաճարին զոհաբերել իր վարսերը։
Կարճ ժամանակ անց պալատ է մտնում քրտնաթոր սուրհանդակն ու շունչը հազիվ ետ բերելով՝ հայտնում, որ Պտղոմեոս արքան հաղթանակած վերադառնում է տուն։ Իր խոսքին հավատարիմ մնալով՝ Վերոնիկան տաճար է շտապում և կտրելով ոսկեհեր վարսերը՝ դնում զոհասեղանին։
Հաղթանակի կապակցությամբ պալատում մեծ խնջույք է կազմակերպվում։ Եվ երբ արքան իր կարոտալի գիրկն է առնում կնոջը, ցավով նկատում է, որ չկան այլևս նրա վարսերը։ Իմանալով, թե ինչ է արժեցել Վերոնիկային իր հաղթանակը, արքան սլանում է Աֆրոդիտեի տաճար՝ գոնե այնտեղից հիանալու նրա վարսերի գեղեցկությամբ։
Մեծ վշտի և տխրության մեջ է ընկնում թագավորը՝ տաճարում չգտնելով վարսերը։ Հաղթանակը, կյանքն ու հարստությունը չեն ուրախացնում նրան։ Ու այդ ժամանակ նրան է մոտենում արքունիքի աստղագետ Կոնոնը և ասում․ «Մի՛ վշտացիր, արքա՛։ Նայիր երկնքին, ուր երևում է Արկտուրը, և նրա կողքին դու կտեսնես այն շողացող աստղերի խումբը, որոնք Վերոնիկայի Վարսերն են։ Թագուհու վարսերն այնքան գեղեցիկ էին, որ աստվածուհին դրանք երկինք տարավ, որպեսզի ամեն մի մարդ, ինչ ժամանակում էլ որ ապրի, կարողանա տեսնել և հիանալ դրանցով»։
Մխիթարություն տալով սգացող արքային՝ Կոնոնը աստղային այդ համաստեղությունը անվանեց Վերոնիկայի Վարսեր, և արդեն երկու հազար երեք հարյուր տարի է, ինչ մարդիկ կարողանում են տեսնել և հիանալ նրանցով։
Ես գրեթե քնած էի, և տասներեքերորդի վերջին խոսքերը ինձ էին հասնում երազի խորքից՝ թուլացած նիրհի մեջ հեքիաթաշող գույներ տալով այն ամենին, ինչի մասին պատմել էր։ Քնից խրտնած՝ անհասկանալի մի բան արթնացրեց ինձ, և որքան մեծ եղավ զարմանքս, երբ տեսա, որ գլխավերևումս կանգնածը նա է։
— Դու դեռ չէ՞ս քնել, — ամբողջ ուժով թափ տալով ուսերս՝ հարցրեց նա։
— Արդեն չէ՛, — մի կերպ բաց անելով աչքերս՝ նեղացկոտ փնթփնթացի ես՝ չհասկանալով ուզածը։
— Շատ կարևոր է, որ դու չմոռանաս այս ամենը, — շարունակելով թափ տալ ինձ՝ պնդում էր նա, — խոստացիր, որ իմ փոխարեն դու կանես դա։
Քնելու որևէ հույս կորցրած՝ ես բռնեցի նրան իմ հուժկու ձեռքերով ու սեղմելով ինձ՝ խոստացա անել ամեն բան այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Միայն դրանից հետո նա հանգստացավ, և կիսախավարի մեջ աղոտ երևացին մոմե դեմքից գլորվող արցունքներն ու անկենդան աչքերից ինձ ուղղված կարոտը։
— Դու պատմում ես ինձ անձրևի, ծաղիկների, կյանքի ու աստղերի մասին, բայց չես ասում քո անունը, — սրբելով սառած այտերին հավաքված կաթիլները՝ հարցրեցի նրան։
— Դեմիան, — խեղդող հեկեկոցը հաղթահարելով՝ ասաց նա։
Ես ծածկեցի նրան իմ վերմակով և թույլ տվեցի, որ ձեռքս մնա գլխի տակ մինչև արթնանալը։ Նրա հուզմունքը խաղաղվեց իմ ջերմությունից, սնքրտոցները դադարեցին, և շատ չանցած՝ քնին խառնվեց մեղմ շնչառությունն ու թույլ ծիծաղը, որ անգամ քնած ժամանակ նրա հետ էր։ Իսկ ես ազատ ձեռքով շոյում էի նրա գլուխն ու նստած մնալով կողքին՝ շշնջում․
— Դեմիան։

․․․

Հետագա երեք օրերին մենք այլևս չտեսանք իրար։ Մութն ընկնելուն պես ես մեկնում էի հետախուզության կամ օգնում Ռաբի Կլեսին ականապատել դիրքին մոտեցող արահետներն ու խրամատները։ Ազատ ժամանակ գրեթե չէր լինում, հնարավորության դեպքում էլ ջոկի հրամանատար Լուիս Նորադեսը գտնում էր՝ ինչով այն լրացնել։
Օգոստոս ամսվա համար չտեսնված ցուրտը վերափոխվեց չդադարող անձրևների։ Հրամանատարական կետում, բլինդաժում և խրամատներում ամեն բան ջրի մեջ էր։ Թրջված էր հատակը, անկողինները, հագուստն ու զինամթերքը, ամեն ինչից խոնավ բորբոս էր բուրում։ Թաց ածուխը վառարանում չէր վառվում, և ցրտից չփայտանալու համար ստիպված էինք վառարան գցել զինամթերքի այն դատարկ արկղերը, որոնք դեռ չէին հասցրել թրջվել։ Խրամատները լի էին ջրով, և հոսող առվակների պատճառով գրեթե անհնար էր դարձել տեղաշարժը մի դիտակետից մյուսը։
Լեռների գագաթներին սառած, կաթնասեր հիշեցնող մառախուղաշերտերը ամենաթեթև անձրևի հետ սահում էին ցած և ծխի նման լցվելով ամեն անկյուն՝ անտեսանելիության հասցնում դիտակետերից դուրս տարվող ուսումնասիրությունը։ Օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից՝ հակառակորդը մի քանի անհաջող փորձ արեց դիրքին մոտենալու, սակայն հանդիպելով կատաղի դիմադրության՝ ետ նահանջեց։
Վերջին՝ լայնածավալ հարձակումը սկսվեց հինգշաբթի օրը կեսօրին։ Մի քանի ժամ շարունակ գնդացրային կրակահերթերով նշանակալի արդյունքի չհասնելուց հետո հակառակորդն անցավ ականանետային գրոհի։ Ամպրոպ հիշեցնող առաջին պայթյունը ստացվեց դիրքից դուրս՝ ջոկին տալով հնարավորություն պատսպարվել խրամատներում, մինչև կպայթեր հաջորդը։
Խաթարված կապի պատճառով հնարավոր չէր կապնվել հրամանատարական շտաբի հետ, որը նման դեպքերում պետք է ապահովեր համալրվող ուժերով։ Խրամատից դուրս տեղաշարժվելը վտանգավոր էր, ու չնայած ծնկահաս ջրին, սկսեցինք դեպի դիտակետեր շարժվել՝ կանխելու համար հարձակումը։
Ես գտնվում էի դիրքի հակառակ ծայրում, երբ հաջորդեց երկրորդ և երրորդ պայթյունը։ Խրամատը երերաց, վերևից ցեխ ու քար թափվեց։ Դիրքի վրա ընկած արկի պայթյունից խրամատներում առաջացած փլուզումների հետևանքով որոշ հատվածներ անանցանելի դարձան։ Լսեցի, որ արևելյան դիտակետում վիրավոր կա, և անմիջապես մտքովս անցավ Դեմիանը։ Անտեսելով շարունակվող պայթյունների վտանգը՝ դուրս սողալով խրամատից՝ վազեցի դիտակետի ուղղությամբ։
Վիրավորը Էնրիկե Խիմենեսն էր, բեկորային վիրավորումից նա կորցրել էր գիտակցությունը։ Դիտակետից դուրս քաշելով նրան՝ Դեմիանը մոտեցրել էր խրամատին և ինձ տեսնելուց ոգևորված՝ օգնեց խրամատ իջեցնել։
Մինչ Դեմիանը վիրավորին առաջին բուժօգնությունն էր ցուցաբերում, ես դուրս եկա խրամատից և սողեսող մոտենալով դիտակետին՝ ցրվող մառախուղի միջից սկսեցի զննել մարգագետինը։ Մանրամաղ անձրևի տակ ժամանակն ինձ դանդաղ ընթացք ստացած ֆիլմ թվաց, երբ նկատեցի, որ հետևակի ուղեկցությամբ հակառակորդի երկու տանկ անցել էին ձորակն ու մուտք գործելով մարգագետին՝ շարժվում էին դիրքի ուղղությամբ։ Հարկավոր էր տեղյակ պահել Լուիս Նորադեսին և հրամանատարական սենյակից իրականացնել հեռակառավարվող ականների պայթյունը մինչ այն պահը, երբ հակառակորդը կմոտենար դիրքին։
Դեմիանին կարգադրեցի հնարավորինս արագ հասնել հրամանատարական կետ և տեղեկացնելով հակառակորդի առաջխաղացող ուժերի մասին՝ առանց վայրկյան կորցնելու այնտեղից իրականացնել ականների պայթեցումը։
Օրորվող սաղավարտը գլխին՝ Դեմիանը ուսերին առնելով Էնրիկե Խիմենեսին՝ խրամատով առաջ գնաց։
Հեռադիտակն աչքերիս՝ ես հետևում էի հակառակորդի առաջխաղացմանն ու ապահով հեռավորություն փնտրում՝ հակատանկային ականների պայթյունի ժամանակ չտուժելու համար։
— Հրամանատարը կանչում է քեզ, — շատ չանցած ետևիցս լսեցի Դեմիանի ձայնը, — ասա՛ց, որ շտապ է։
Ժամանակ չկար մտածելու, առավել ևս բարկանալու և հայհոյելու։ Ի՞նչ էր անցել Միգել Սևառոյի մտքով, որ պայթյունն իրականացնելու փոխարեն որոշել էր կանչել ինձ։
— Ես կփոխարինեմ քեզ, — շտապելով իմ տեղը գրավել՝ ասաց Դեմիանն ու հեռադիտակը մոտեցնելով աչքերին՝ վերջին անգամ նայեց իր դրախտին, որը շուտով դժոխքի էր վերածվելու։
Եվս մի պահ, և պայթելու էր հողը, ջնջվելու էին ծաղիկները, կանաչը արյունով էր ներկվելու, հողը նոր ոսկորներով էր ծածկելու՝ ջնջելով այն գեղեցկությունը, որով բազմիցս հիացել էինք հեռադիտակն աչքներիս սեղմած։ Խոստացա նրան, որ շուտ կվերադառնամ և ժամանակ չկորցնելու համար, շրջանցելով խրամատը, ավազապարկերով շարված կողապատերի տակով հասա հրամանատարական կետին։
— Ի՞նչ է պատահել, ու՞մ եք սպասում, — ներս մտնելով՝ բղավեցի ես, ու մինչ Ռաբի Կլեսը կհայտներ, որ հաղորդալարերի վնասման պատճառով դիտակետից պայթյուն իրականացնել հնարավոր չէ, և տասներեքերորդին ուղարկել էին ինձ տեղեկացնելու, որ դա հնարավոր է անել միայն դիտակետի պայթուցիչով, արդեն ուշ էր։
Հուժկու պայթյունը ցնցեց հողը, պատերից թափվող ծեփաշերտերը փոշի բարձրացրեցին, և մենք, պառկելով հատակին, մի մարդու նման սկսեցինք հաշվել պայթող երեսունհինգ ականները։

․․․

Մենք գտանք նրան դիտակետի փլատակների տակից, երբ ականներն արդեն պայթել էին, ու մարգագետնից կրակ ու ծուխ էր բարձրանում։ Մոմի պես դեղնած դեմքին ամենօրյա խաղաղությունն էր։ Այն անօգուտ փորձերը, որ կենդանություն տալու համար փորձում էինք ցուցաբերել, մեզ միայն մոտեցնում էր նրա հեռացող ներկայությանը։
Իրիկնալույսն ավելի կարմիր էր դարձել դիտակետին շատ մոտ այրվող տանկերի բոցերի պատճառով։ Այրվող մարմնի խանձահոտը քամուց տարածվում էր մեր վրա։
Էնրիկե Խիմենեսը, որ արդեն գիտակցության էր եկել, պատմեց, որ վիրավորվելուց հետո զգացել է, թե ինչպես է մեռնող մարմնից անջատվում։
«Նա իմ ձեռքերն իր ափերի մեջ սեղմեց։ Հետո մարմնովս տաքություն անցավ, և ես զգացի, թե ինչպես եմ նորից կյանք վերադառնում։ Չգիտեմ, թե ինչ արեց, բայց ես ողջ մնացի նրա շնորհիվ»։ Շատ տարիներ անց, կրկին անգամ վերհիշելով իր հետ տեղի ունեցածը, օտարերկրյա լրատվամիջոցին հարցազրույց տալու ընթացքում պատմել էր նա։
«Խրամատում էի, երբ նա ձայն տվեց ինձ։ Դուրս սողալով խրամատից՝ սկսեցի վազել ձայնի ուղղությամբ ու միայն ետևիցս հնչած պայթյունի ձայնը ստիպեց պառկել հողին։ Արկն ընկել էր ուղիղ խրամատի մեջ, ճիշտ այնտեղ, որտեղ քիչ առաջ կանգնած էի»։ Իր հուշերում նման գրառում էր թողել կապիտան Մերենդեսը՝ բազմիցս նշելով, որ եթե Դեմիանն իրեն չկանչեր, ինքը խրամատից դուրս չէր գա։
«Մի պահ կարծեցի, թե դա թվում է ինձ, կրակոցներից մեկի ժամանակ կրծքավանդակիս խորքում ծակոց զգացի։ Դիտակետում մենակ էի։ Ուզեցի օգնություն կանչել, բայց խոսել չկարողացա թոքերիցս բերան լցվող արյան պատճառով։ Քրտինքի մեջ ճփալով՝ ընկա գետնին՝ փակելով աչքերս։ Կոպերս բաց արեցի տասներեքերորդի ձայնից։ Նա կռացավ ինձ վրա և շոյելով ճակատս՝ ասաց․ «Արթնացի՛ր»։ Հետո կարծես անհետացավ իմ տեսադաշտից այնպես հանկարծակի, ինչպես որ հայտնվել էր։ Երբ ոտքի կանգնեցի, զրահաբաճկոնիս միջից հանեցի խճճված այն գնդակը, որը րոպեներ առաջ խոցել էր կուրծքս։ Այդ գնդակն առայսօր պահում եմ ինձ մոտ։ Դա այն փոքրիկ հիշատակն է նրանից մնացած, որ հիշողություններիս կողքին կարող է ապացուցել յուրաքանչյուր բառիս ճշմարտացիությունը»։ Մեր երկարամյա նամակագրություններից մեկում այսպես ներկայացրեց Ռիվարեսը իր փրկության մանրամասները հիշելով։
Ու հանկարծ մյուսներն էլ սկսեցին պատմել պատմություններ, որտեղ տասներեքերորդը փրկել էր նրանց և ինչ-որ առեղծվածային կերպով վերադարձնելով կյանք՝ մտորելու և զարմանալու առիթ տվել։ Անբացատրելի էր այն, թե ինչպես էր նա հայտնվել տարբեր տեղերում այն ժամանակ, երբ գրեթե ամբողջ մարտի ընթացքում եղել էր արևելյան դիտակետում՝ բացակայելով միայն այն ժամանակ, երբ ես էի նրան փորձել հեռացնել վտանգից։
․․․

Մենք պառկեցրեցինք նրան բլինդաժում՝ ոչ մի կերպ չկարողանալով դուրս հանել շանը, որը մահճակալի կողքից հեռու չէր գնում։ Կյանքը դանդաղ լքում էր նրան։ Շնչառությունը գնալով թուլանում էր, իսկ վերջույթները քարանում էին սառույցի պես՝ հուշելով մոտալուտ վախճանը։ Մենք հերթով էինք բլինդաժ մտնում նրա կողքին նստելու, և ամենքս, յուրովի փորձելով վերակենդանացնել նրան, զգում էինք մեծացող այն կարոտը, որ նրա բացակայությունից հետո ոչ մի բանով չէր լցվելու։
Լուսաբացին, երբ դեռ դրսում մութ էր, նա բաց արեց աչքերն ու ջուր խնդրեց։ Ես նրա շուրթերին մոտեցրեցի տափաշիշն ու բարձրացրեցի այնքան, որքան թույլ էր տալիս ծարավը։ Ուժասպառ հոգնածությունից նիրհած տղաներին արթնացնել չթողեց՝ խնդրելով իրեն դուրս տանել։
Գրկելով Դեմիանին՝ մենք աննկատ դուրս եկանք բլինդաժից։ Վաղորդյան թարմ օդը ստիպեց նրան հազալ ու ցնցվել իր գրկում։ Ոտքերիս տակ ընկնող գամփռը ամեն գնով ուզում էր առաջ անցնել։ Խավարի մեջ թաղված դիրքը գիշերվա մարտական գործողություններից հետո գերեզմանային տեսք ուներ։
Հանկարծ զգացի, որ քայլում եմ ուրիշ ճանապարհով։ Կանաչ էր ոտքերիս տակ, իսկ ետևում մնացած դիրքը արթնանալու առաջին ճիգերն էր անում երեկվա մղձավանջից։ Նրա մարմինն ինձ թեթև թվաց, այնքան թեթև, որ կարծեցի, թե առաջ պարզած ձեռքերս դատարկ էին։
Չկորցնելու վախից՝ ես նրան դրեցի հողին։ Հետո հիշեցի տվածս խոստման մասին և բարձրացնելով հայացքս վեր՝ փորձեցի փնտրել համաստեղությունները։
Ահա երևացին Որսկան Շները, քիչ այն կողմ, ինչպես առաջին անգամ, ինձ էր նայում Մեծ Արջը։ Հետո երևացին Եզնարածի, Կույսի և Առյուծի համաստեղությունները, որից հետո ես այնքան կտրվեցի հողից, որ զգացի ինձ աստղերի մեջ։ Այնտեղ հեռվում՝ թույլ լուսավորվող աստղերի ծովի մեջ, երևացին այն լուսավառ կետերը, որոնց մասին պատմել էր նա։ Նայելով Վերոնիկայի Վարսերին՝ ես հիշում էի Դեմիանի հետ անցկացրած պահերը, որոնք երազի նման անցնելով՝ հուշում էին մարդուն հատուկ մոռանալու հատկության վախի մասին։ Վերոնիկայի Վարսերը հիշեցրին ինձ այն անփոխարինելի գիշերները, երբ նա իմ կողքին էր, կարող էր խոսել, ծիծաղել, ինձ ձեռք տալ ու անգամ արտասվել կրծքիս սեղմված այնքան մաքուր, ինչպես հիմա ես էի արտասվում՝ գրկելով այն դատարկ հողը, որի վրա քիչ առաջ նրա մարմինն էր։
․․․

Ավելի ուշ հոսպիտալի գլխավոր բժիշկն ինձ պատմեց, որ դիրքեր բարձրացած պաշտպանական բանակի զինվորները գտել են ինձ խրամատից հարյուր մետր հյուսիս-արևելք՝ երեսնիվայր հողին ընկած, անգիտակից վիճակում։ Կարծելով, թե մեռած եմ, որոշել են տեղավորել դիապարկում, երբ ինչ-որ մեկը նկատել է սրտի թույլ զարկն ու կանչել սանիտարին։ Իմ զինակից ընկերները եղել են կիսագիտակից վիճակում՝ բարբաջելով ինչ-որ տասներեքերորդի մասին, որը եկել էր՝ իբր փոխարինելու ինքնասպան եղած Խոսե Մարկեսին։
— Հիմա դա բարդ է բացատրելը, — տրորելով ակնոցի ապակիները սպիտակ խալաթի փեշով՝ ասաց բժիշկը, — բայց այն, ինչ կատարվել է ձեզ հետ, ընդամենը երևակայություն է, որը ծնունդ է առել հուսահատությունից։ Բժշկության, իսկ ավելի ստույգ հոգեբանության մեջ դա ապրումային մի վիճակ է, երբ հիվանդը, հայտնվելով օրհասական վիճակում, արթնացնում է իր ներսում ապրելու այնպիսի հզոր կենսապահանջ, որի արդյունքում երևակայորեն ստեղծում է իր համար հերոս և սկսում ապրել նրա հետ։ Այդ հերոսը վիզուալ երևակայության դաշտում խմորվում է այնքան, մինչև սկսում է իր շոշափելի ազդեցությունը թողնել հիվանդի «իրական» կյանքում։
Օրեր անց, երբ իմ հիվանդասենյակ մտավ սպայական համազգեստով զինվորական կոմիսարը, նա ինձ ներկայացրեց փաստաթղթերի և լուսանկարների մի տռզած թղթապանակ՝ դրանով ավելի համոզիչ դարձնելով բժշկի ասվածը՝ հաստատելով, որ Խոսե Մարկեսի ինքնասպանությունը հոգեբանական խորը ազդեցություն էր ունեցել մեր բոլորի վրա՝ պատճառ դառնալով հոգեկան այնպիսի շեղումների, որոնց արդյունքում էլ մենք հորինել ենք տասներեքերորդին։
Կոմիսարը, թղթապանակի միջից առանձնացնելով մի փաստաթուղթ, գրպանից հանեց մենակնոցն ու քթի ծայրին դնելով՝ բարձրաձայն կարդաց․
— Սույն թվականի ․․․ հունիսի 30-ին։ Չպարզված հանգամանքներում N 153 մարտական դիրքում կապավոր Խոսե Մարկեսն ու գնդացրորդ Սերխիո Ռիվարեսը գրազ են գալիս ինքնասպանության վրա։ Գրազին ներկա են լինում դիրքի ավագ Միգել Սևառոն, ջոկի հրամանատար Լուիս Նորադեսն ու Նինո Մերենդեսը (կապիտան Մերենդես)։ Մյուսներն այդ մասին իմանում են քիչ ավելի ուշ, բայց այն, որ ջոկի բոլոր տասներկու անդամները տեղյակ էին դրանից, հաստատված է այն փաստացի պնդումներով, որ առկա են գործին կցված N 8, 9, և 14 փաստաթղթերում։ Գրազն իրենից ներկայացրել է մի պայման, համաձայն որի՝ նա, ով առաջինը ինքնասպանություն կգործի, կհաղթի մյուսին։ Հաջորդ օրը՝ հուլիսի մեկի առավոտյան, Խոսե Մարկեսին գտնում են խրամատի գերանածածկ տանիքից կախված։
Կոմիսարը մի կողմ դրեց փաստաթուղթը և մենակնոցի տակից վրաս նայելով՝ հարցրեց․
— Դուք նման բան հիշու՞մ եք։
— Ոչ, — բացասաբար շարժելով գլուխս՝ ասացի ես՝ սպասելով նոր, ինձ համար դեռ անհայտ մեղադրանքի, որով, ըստ իս, լիքն էր թղթապանակը։
— Ես մոռացա ներկայանալ, ինչի համար խորապես ներողություն եմ խնդրում, — գլխի թեթև խոնարհումով ասաց կոմիսարն ու աթոռից վեր կենալով՝ ինձ պարզեց ձեռքը, — Արմանդո Վարդես։
Ես սեղմեցի նրա ձեռքը՝ ստիպված լինելով զգալ երկաթե այն սառնությունը, որ փոխանցվեց ինձ էլեկտրահոսանքի նման։ Հայացքիս մեջ կարդալով, որ անհարմար եմ զգում պառկածս դիրքի պատճառով, Արմանդո Վարդեսը բարեկամաբար ձեռքն ուսիս դրեց և տհաճ հոսանքի լիցքերը դարձյալ բաց թողնելով՝ ասաց․
— Պետք չի ոտքի կանգնել, դուք լիարժեք վաստակել եք հանգստանալու և բուժվելու իրավունքը։ Դուք բոլորդ հերոսներ եք, ու որպես գաղտնիք ասեմ, որը հույսով եմ մեր մեջ կմնա, երեկ զորահրամանատարի սեղանին է դրվել զեկուցագիր-դիմում՝ N 153 մարտական դիրքը հերթապահող բոլոր մասնակիցներին արիության մեդալի արժանացնելու համար։
Կոմիսարը նորից նստեց աթոռին՝ ավելի մոտ լինելու համար այն սեղանիկին, որի վրա բացված թղթապանակի մեջ էր իրեն լիազորված իշխանությունն ու ուժը։
Թերթելով թղթապանակը, որը լի էր ոչ միայն փաստաթղթերով, այլև լուսանկարներով և որոշ իրեղեն ապացույցներով, կոմիսարը հանկարծակի ասաց․
— Պետք է խոստովանեմ, որ ինձ համար մեծ պատիվ է Ձեր և մյուս տղաների հետ ծանոթանալը, անգամ եթե դա նախաքննության շրջանակներում է։ Հասկանու՞մ եք, գործի բերումով ոչ միշտ եմ ձեզ նման հերոսների հանդիպում, հիմնականում դրանք սրիկաներ են, դավաճաններ, ստոր դասալիքներ, որոնց համար պահանջածս մահապատիժն անգամ շատ մեղմ է հնչում։
Առաջին անգամ կոմիսարի խոսքերի մեջ ես նախազգուշացում զգացի․ ճիշտ է, հաճոյախոսական գեղեցիկ խոսքերով փաթեթավորված նրա գովեստները ուղիղ էին հասցեագրված, բայց թեթև ակնարկի ձևով նա հասկացնել տվեց, որ ամեն բան կտրուկ կարող է փոխվել, եթե ինչ-որ բան այնպես չլինի, ինչպես ինքն է ուզում։
Զգալով, որ իր խոսքերի նախազգուշացնող ալիքները հասան ինձ, կոմիսարը դարձյալ բարեկամեցողի դերի մեջ մտավ և շատ անսպասելի առաջարկեց դիմել իրեն անունով․ Արմանդո։
— Գիտեմ, որ հիվանդասենյակում չեն ծխում, բայց եթե դեմ չե՞ք․․․
— Ինձ չեք խանգարի, — ասացի ես՝ զգալով, որ հագիս շապիկը սոսնձի նման ձգվել է վրաս։
Կոմիսարը մի սիգարեթ վառեց և ծուխը խորը թոքերը քաշելուց հետո երկար պահեց ներսում, ապա թատերական վարպետությամբ շուրթերից դուրս մղելով՝ այնպես ժպտաց, որ երևացին ոսկե ատամները։
— Ոչ մի կերպ չեմ կարողանում թողնել սա, — թափահարելով մատների արանքում սեղմված սիգարեթը՝ տխուր ասաց նա, — ինչպես գիտեք, հեշտ բան չի վատ սովորություններից ազատվելը։
Վերադառնալով թղթապանակին՝ նա դարձյալ բաց արեց այն՝ ցույց տալով Խոսե Մարկեսին առնչվող դատաբժշկական լուսանկարներն ու եզրակացությունը առ այն, որ դատաբժշկի կողմից մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն արյան մեջ առկա ալկոհոլի քանակը գերազանցել է սահմանը։
Փաստաթղթերից մեկում, որը ստորագրված էր Էնրիկե Խիմենեսի կողմից, այդ ինքնասպանությունը խորապես ազդել է մեր հոգեկան հավասարակշռության վրա, քանի որ յուրաքանչյուրս, իմանալով, որ առավոտյան նրան կախված ենք գտնելու, ոչինչ չենք արել ետ պահելու համար։
Մեկ այլ փաստաթուղթ հանելով՝ միանգամից ջոկի ութ հոգու ստորագրությամբ ներկայացրեց մի խոստովանագիր, որում նշված էր, թե ինչպես է Խոսե Մարկեսը Ռաբի Կլեսից պարան ուզել ինքնասպանության համար, և վերջինս մատնացույց է արել գործիքների այն արկղը, որի մեջ չորս մետր պարան կար։ «Տես հա, ամբողջը չտանես, մի բան էլ կթողնես Ռիվարեսին», — ասել է Ռաբի Կլեսը՝ առանց հետաքրքրվելու՝ վերցրե՞ց նա պարանը, թե՞ ոչ։ Մեկ այլ տեղ (անկանոն ձեռագրով) կապիտան Մերենդեսը նշում էր, որ կեսգիշերն անց Խոսե Մարկեսը մոտեցել է իրեն ու ներողություն խնդրել չորս տարի առաջ հասցված վիրավորանքի համար։ Իսկ Լուիս Նորադեսը բավականին ծավալուն տեսքով ներկայացրել էր, թե լուսադեմից երկու ժամ առաջ ինչպես է Խոսե Մարկեսն իրեն մոտեցել մահվանից առաջ հրաժեշտ տալու, և փոխանակ ինքը ստիպեր նրան չանել այդ բանը, պահանջել է մեռնելուց առաջ ետ վերադարձնել այն հարյուր քսան պեսոն, որ իրեն էր պարտվել թղթախաղում։
— Ի՞նչ կապ ունի այդ ամենը մեր պատմության հետ, — առաջին անգամ լուրջ հարցադրումով հանդես եկա ես՝ զգալով ինձ արդեն ոչ թե հիվանդասենյակի, այլ դատարանի ներսում։
— Ինչպե՞ս թե, — ֆիլտրին հասած ծխուկը ցուցադրաբար կրնկի և հախճասալի տակ սեղմելով՝ զարմացավ կոմիսարը, և ես չգիտեմ՝ ինչ ընթացք կստանար մեր զրույցը, եթե նույն պահին բժիշկը քույրի ուղեկցությամբ չմտներ հիվանդասենյակ։

․․․

Մեկշաբաթյա անորոշ սպասումից հետո կոմիսարը դարձյալ այցելեց ինձ և գործնական տոնի անցնելով՝ ներկայացրեց փաստաթղթերի այն ցանկը, որոնց ծանոթանալուց հետո ես պետք է հաստատեի դրանք՝ տալով իմ գրավոր համաձայնությունը։
Խոսե Մարկեսի մահվան մեջ որևէ մեկիս չմեղադրելով՝ նախաքննությունը հակվել էր սակայն այն համոզմանը, որ մեր ընկերոջ ինքնասպանությունը հոգեբանական լուրջ վնաս է պատճառել բոլորիս՝ հասցնելով զգայության և ընկալման խանգարումների։ Ըստ այդ եզրակացության՝ մենք սկսել ենք ընկալել բաներ, որոնց ոչ առարկայական ներկայությունը հալյուցինացիաներ են առաջացրել՝ ստիպելով հստակ գնահատական չտալ մեր հետագա գործողություններին։
— Սողանքի հետևանքով առաջացած փլուզումների պատճառով ձեր դիրք բարձրացող բեռնատարը գլորվել էր ձորը։ — Նոր մանրամասներ ներկայացնելով գործից՝ սկսեց կոմիսարը։ — Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները ձգձգվել են, և միայն երկու շաբաթ անց փրկարարները կարողացել են գտնել բեռնատարը։ Ցավոք, վարորդն ու միակ ուղեկիցը մահացած են եղել։ Ամբողջ այդ ընթացքում զրկված լինելով խմելու ջրից, սննդից և չունենալով կապ շրջակա աշխարհի հետ՝ դուք ստեղծել եք ձեր սեփական աշխարհը, դրա հետ մեկտեղ՝ Խոսե Մարկեսին փոխարինելու եկած տասներեքերորդին։ Հանրապետական հոգեբանների և զինդատախազության որոշման մեջ ձեզ վերագրվող որևէ հանցանք չի նկատվել։
Չհամաձայնվելով կոմիսարի ներկայացրած փաստերի հետ, ըստ որի մենք հոգեշեղման արդյունքում ենք ստեղծել տասներեքերորդին, հետագա բուժման նպատակով ինձ տեղափոխեցին հոգեվերականգնողական կլինիկա։
Փակված լինելով հիվանդասենյակում՝ մտորելու շատ ժամանակ ունեի և ամեն անգամ բռնում էի ինձ այն բանում, որ տասներեքերորդի ներկայությունը մեր մեջ իրականություն է եղել և ոչ հորինվածք։ Մեր ջոկի անդամներին բաժանել էին իրարից շփումը բացառելու համար, և միայն տարիներ անց իմացա, որ բոլորս եղել ենք նույն հարկաբաժնի տարբեր հիվանդասենյակներում մեկուսացված այնքան ժամանակ, քանի դեռ չէինք ընդունել մեր «մեղք»-ը։
«Ես միայն վեց ամիս հետո հասկացա, որ նրանք ինձ դուրս չեն թողնի, քանի դեռ չեն ստացել իրենց ուզածը»։ Այսպիսի կարճ ձևակերպում գտա կապիտան Մերենդեսի հուշերն ուսումնասիրելիս, որտեղ նա գերադասել էր հոգեվերականգնողական կենտրոնում անցկացրած ժամանակահատվածի մասին քիչ խոսել։
Իսկ Միգել Սևառոն այսպես էր ներկայացրել իր հիշողությունները այդտեղ եղած ժամանակ․ «Նրանք ինձ բռերով դեղեր էին տալիս, իսկ երբ մի օր հրաժարվեցի ընդունել, սկսվեցին ցավոտ ներարկումները։ Չկար ընտրության հնարավորություն, և միայն պահանջվածն ընդունելուց հետո ինձ դուրս գրեցին»։
Շաբաթը երկու անգամ (հետո պարզվեց, որ դա ամիս էր) կոմիսար Վարդեսն այցելում էր ինձ իր կրկնվող առաջարկն անելու և ստանալով իմ մերժումը՝ հեռանում այնպես աննկատ, կարծես չէր էլ այցելել։ Նրա գնալուց հետո հիվանդասենյակում դեռ երկար ժամանակ մնում էր նրա կծու օծանելիքի հոտն ու սիգարետի ծուխը։ Հետո ծուխը անհետանում էր՝ խառնվելով օծանելիքին՝ դառնալով մի նոր հոտ, որը ես անվանել էի «Վարդես»։
Ժամանակ առ ժամանակ փոփոխում էին դեղաչափերն ու բժիշկները, անփոփոխ էր սակայն սպիտակ պատերով ներկված հիվանդասենյակը, որն իր անտանելի միօրինակությամբ հասցրել էր արդեն ինձ խելահեղությանը։
Ազատվելու համար հիվանդասենյակի պատերից՝ որոշեցի վերջապես ստորագրել բոլոր այն մերժելի փաստաթղթերը, որ դեռ երեկ չէի ընդունում։ Շաբաթներն անցնում էին, իսկ կոմիսար Վարդեսը չկար ու չկար։ Հիվանդասենյակից իսպառ անհետացավ նաև օծանելիքի և ծխի հոտը, ինչը առաջին անգամ տագնապ հարուցեց իմ մեջ։ Այն վախը, որ հնարավոր է այլևս չտեսնեմ նրան, հասցրեց ինձ հիստերիկ նոպայի, որի ընթացքում գլխով սկսեցի հարվածել ճերմակ պատին այնքան, մինչև կորցնելով գիտակցությունս՝ արնաշաղախ ընկա հատակին։
Բաց արեցի աչքերս բուժկետում։ Գլխիս վիրակապ էր դրված, իսկ ճակատիս՝ մի քանի կար։ Հաջորդ օրը ինձ զննելու եկած բժշկին խնդրեցի տեղեկացնել կոմիսար Վարդեսին, որ պատրաստ եմ համագործակցության։ Բժիշկը տարակուսանքով վրաս նայեց, հետո ինչ-որ նշումներ անելուց հետո քարտիս մեջ՝ ասաց․
— Չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում։
— Ես ուզում եմ տեսնել Արմանդո Վարդեսին, գործը քննող այն կոմիսարին, ով այցելում էր ինձ, — դարձյալ իմը պնդելով՝ ձայնս բարձրացրեցի ես՝ ստիպելով դռան ետևում կանգնած սանիտարին ներս մտնել։
— Վարդե՞ս, — շատ հանգիստ տոնով ասաց բժիշկը, — առաջին անգամ եմ լսում։
— Ինչպե՞ս, — խուճապի ակնհայտ ցնցումներով անհանգստացա ես, — նա այցելել է ինձ հոսպիտալում և այստեղ։
— Ձեզ հանգստանալ է պետք, — նշան անելով քույրին քնաբեր ներարկել՝ ասաց բժիշկը։
— Բավական է, — վեր թռնելով անկողնուց՝ բղավեցի ես՝ նետվելով դեպի դուռը, ու մինչ անօգուտ փորձում էի բաց անել այն, ուսիս վրա զգացի ներարկիչի ծակոցն ու ինձ հատակին սեղմող սանիտարի ծանրությունը։
Նյարդային գրգռվածությունս մեղմելու համար ամենօրյա ներարկումներին ավելացավ նաև մահճակալին կաշեփոկերով կապված լինելը։ Ժամանակը դարձյալ հավերժություն էր դարձել հիվանդասենյակի անփոփոխ սպիտակության մեջ։ Եվ ես ստիպված, փակելով աչքերս, սկսեցի ժխտել այդ իրականությունը՝ գերադասելով քնել ոսկոր դառնալու համար։ Մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց չլսել ամենօրյա ձայները։ Այդ լիակատար լռության և խավարի մեջ ես ինձ ապահով զգացի։ Իմ մարմինը, որ նրանց էր պատկանում, և անում էին նրա հետ այն ամենը, ինչը ճիշտ էր համարվում, այլևս չէր անհանգստացնում ինձ։ Երակներովս բաց էին թողնում շիճուկներ, ստիպում կուլ տալ ջրին խառնած դեղահաբեր, լողացնում և կերակրում էին ինչպես երեխայի՝ չկարողանալով սակայն հասնել այն ապահով խավար լռությանը, որտեղ թաքնվել էր գիտակցությունս։
Ու չնայած տառապալից ջանքերիս՝ ինձ չէր հաջողվում քնել ինչպես դամբարանում բոլոր ոսկոր դարձածները։ Կյանքն իմ մեջ այնքան էր արմատավորվել, որ ես ապրում էի՝ հիշելով մարգագետինը և երևակայորեն սավառնելով համաստեղությունների վրայով՝ երկար նայելով Վերոնիկայի Վարսերին։ Ես վերապատկերում էի կրկնվող ֆիլմի նման Դեմիանի հետ անցկացրած օրերը, պատմում նրան իմ վիճակի մասին ու կիսում այն կենսախինդ ծիծաղը, որը ոչ մի դեղահաբ չէր կարող խլացնել ինձանից։
Երբ մի օր զգացի ծանոթ օծանելիքի հոտը՝ խառնված ծխախոտի հոտին, չփորձեցի շտապել՝ համարելով դա սպասելի ծուղակ, որի մեջ ընկնելուց հետո այլևս դուրս չէի գա։ Ես չէի շտապում դուրս գալ ապահով խավարի վերմակի տակից, քանի դեռ վստահ չէի լիակատար ապահովությանս մեջ։ Ես ցանկանում էի լիարժեք համոզված լինել, որ նա հիմա այստեղ է, քանի որ երկար ժամանակ էի պատրաստվել այս հանդիպմանը՝ բազմիցս պատկերացնելով այն։
Մի առավոտ, երբ ոտքերս սեղմող կաշեփոկերը թուլացան, և շարժվեցին ձեռքերս, զգացի, որ արդեն չարաշահում եմ նրա համբերությունն, ու ժամանակն է բաց անել աչքերս։
Ես չէի սխալվել, հիվանդասենյակում՝ ուղիղ իմ դիմաց, նստած էր կոմիսար Վարդեսը։ Բացասաբար տարուբերելով գլուխը՝ նստելով մետաղյա աթոռին՝ ասաց․
— Այ, այ, այ։ Մի տե՛ս, թե ինչի հասցրեցիր քեզ։
Ազատվելու համար հոգեվերականգնողական կլինիկայի պատերից՝ ես ստորագրեցի համապատասխան փաստաթղթերը՝ ստանալով դրա դիմաց բժշկական այն եզրակացությունը, համաձայն որի՝ հոգեպես և ֆիզիկապես գտնվում եմ առողջ վիճակում և կարող եմ դարձյալ համալրել զինված ուժերի շարքերը։ Երեք օր անց ինձ դուրս գրեցին հոգեվերականգնողական կլինիկայից, ինչին ներկա էր նաև կոմիսար Վարդեսը։ Նա իմ համաձայնությունը ողջամտություն և օրինակելի քայլ համարեց Բուբա Մալկիչի, Լուկաս Նորեսի և Դարկես Ֆարենգի համար, ովքեր դեռ չէին հրաժարվել նախկին ցուցմունքներից՝ պնդելով, որ իրենց հետ տեղի ունեցածը եղել է իրական։
— Ի վերջո դա ժամանակի հարց է, — նրանց անդրադառնալով՝ ասաց կոմիսարը, երբ իր մեքենայով ինձ մոտակա քաղաք էր հասցնում, որտեղից պետք է գնացք նստեի, — Ձեր հարցում էլ հեշտ չէր, շուրջ երեք տարի այցելում էի՝ համոզելու համար այն, ինչը ընդունելը բխում էր ձեր իսկ շահերից։
— Երեք տարի՞, — զարմացա ես։
— Այո, սիրելիս, երեք տարի, երկու ամիս և չորս օր, — ավելի ստույգ լինելու համար հատ առ հատ արտասանեց կոմիսարը։
— Անհավատալի է, — մեքենայի հայելում նայելով անճանաչելիորեն թոշնած դեմքիս՝ ասացի ես։
— Ժամանակը անհավատալի խաղեր է խաղում, իսկ երբ հարակրկնվում են ժամերը, տարիներն օրեր են դառնում, — կոմիսարը նայեց մեքենայի ցուցատախտակին և տարուբերելով գլուխն՝ ասաց, — լիցքավորել է պետք։
Մենք լուռ անցանք ևս մի քանի կիլոմետր, մինչև ես կարողացա ուժ գտնել իմ մեջ հարցնելու․
— Դա ճի՞շտ է, որ մենք պահել ենք դիրքը։
— Ճիշտ է, — միացնելով ռադիոընդունիչը՝ ասաց կոմիսարը՝ առանց իմ կողմ նայելու, — ճիշտ է նաև այն, որ զորահրամանատարի կողմից արժանացել եք արիության մեդալի։
Ռադիոընդունիչից հնչել սկսեց Պաբլո Կազալսի թավջութակի կոնցերտը։
Չկտրելով հայացքը ճանապարհից՝ կոմիսարը երկարեցրեց ձեռքը ետևի նստատեղին և վերցնելով դեղնագույն մի ծրար՝ հանձնեց ինձ։ Հասկանալով, որ այն պետք է բաց անել հիմա, ես հանեցի այնտեղից իմ նոր անձնագիրը, բանկային քարտը, արիության համար մեդալն ու գնացքի տոմսը։
Տեղավորելով այդ ամենը գրպաններիս մեջ՝ ներառյալ նաև դատարկ ծրարը, զգացի մոտեցող կյանքի այն շեմը, որից երկար ժամանակ հեռու եմ եղել։ Կոմիսարը ցածրացրեց երաժշտության ձայնը և խոսքը ավելի լսելի դարձնելով՝ ասաց․
— Եվ այնուամենայնիվ, ամեն բան կարող էր այլ ընթացք ստանալ, եթե սողանքի հետևանքով ձեզ մոտ շտապող բեռնատարը չենթարկվեր վթարի։ Թարմ սնունդն ու մաքուր ջուրը դրական ազդեցություն կարող էին հաղորդել ձեզ։
— Ինչպես նաև նա, ով գալիս էր փոխարինելու Խոսե Մարկեսին, — իմիջիայլոց ասացի ես։
— Աաա՜, տասներեքերորդը՞, — ծոր տալով հարցրեց կոմիսարն ու ինքն էլ իր հարցին պատասխանելով՝ ավելացրեց, — այո, նրա ներկայությունը սթափություն կհաղորդեր ձեր ուղեղներին։ Ափսոս։ Երիտասարդ էր շատ։
— Գործի մեջ նրա մասին ոչինչ չկար, — նկատելով հեռվից երևացող բենզալցակայանը՝ ասացի ես։
— Մենք հեռացրեցինք դա ձեր գործից՝ չտեսնելով անհրաժեշտություն ծանրաբեռնելու այն, — ասաց կոմիսարն ու միացնելով աջ լուսաթարթիչը՝ մուտք գործեց բենզալցակայան։
— Ավարտել էր Բուենոս Այրեսի Համալսարանը, — մեքենան կայանելով բենզալցիչի դիմաց՝ շարունակեց նա, — ապագա աստղագետ կդառնար, եթե տեղի չունենար այդ վթարը։
Զսպելու համար ձախ ձեռքերիս դողը՝ ափերս իրար մեջ առա և տալով վերջին իմ հարցը՝ նայեցի կոմիսարի աչքերին։
— Պատահաբար նրա անունը չե՞ք հիշում։
— Տասներեքերորդի՞, — խորհրդավոր ժպիտով հարցրեց կոմիսարը և հանդիպելով իմ գլխի դրական շարժումին՝ ասաց․ — Դեմիան Ուրբանես։
Ես բաց արեցի դուռը և իջնելով մեքենայից՝ մոտեցա ապակեդռնով սառնարանին։ Ցանկացա Coca Cola վերցնել, բայց հիշելով, որ գրպանումս կանխիկ գումար չունեմ, նորից ետ վերադարձա։
Լցակայանի աշխատակիցը մոտեցավ բենզալցիչին և աչքը ցուցատախտակից չկտրելով՝ սկսեց լիցքավորումը։ Կոմիսարը նույնպես իջնելով մեքենայից մոտեցավ ինձ, ապա իմիջիայլոց ասաց․
— Առաջին անգա՞մ էիք լսում այդ անունը։
— Տարածված անուն է, գուցե և լսել եմ, — հարցի պատասխանը շրջանցելով՝ ասացի ես։
— Ծխախոտս վերջացել է, — դատարկ տուփը ձեռքի մեջ տրորելով՝ ասաց նա, — հեշտ բան չի վատ սովորություններից ազատվելը։
Բենզալցման աշխատակիցը փակեց բենզաբաքի կափարիչն ու օճառաջրի մեջ թաթախելով մաքրիչը՝ սկսեց քսել ապակիներին։
— Սպասեք ինձ մեքենայում, — հետևելով, թե ինչպես եմ նորից մեքենա նստում, ասաց կոմիսարն ու ծխախոտի դատարկ տուփը բասկետբոլիստի վարպետությամբ նետեց մի քանի մետր հեռավորության վրա գտնվող աղբարկղը։
Օճառաջրից մաքրված հողմապակուց ամեն բան գեղեցիկ երևաց, տխուր էր միայն թավջութակի ձայնը, և ես, օգտվելով մենակ լինելուց, պտտեցի ռադիոհաճախականությունների ալիքը։ Խշշացող ձայներից ու ազդանշաններից հետո ծանոթ երաժշտություն հնչեց։ Այն հիշեցրեց ինձ հեռավոր այն օրը, երբ դասընկերոջս՝ Բիլ Սիմսոնենց տանը կազմակերպված երեկույթի ժամանակ պարում էինք մի խումբ երիտասարդներով՝ խմելով գարեջուր և տեկիլա, որը Ժորժ Բրաքսոնն էր թռցրել իրենց տանից։ Խմիչքը համարձակություն էր տվել բոլորիս, և այդ երեկո առաջին անգամ ես համբուրեցի մեր դասարանի ամենագեղեցիկ աղջկան՝ Մոնիկա Մարեսին։
Բարձրացնելով ռադիոընդունիչի ձայնը մինչև վերջ՝ մեքենան լցվեց Rosetta Johnson-ի That-Hurt կատարումով։ Դիմապակուց երևաց կոմիսար Վարդեսը՝ սիգարետի մի նոր տուփը ձեռքին։ Հետո ինչ-որ բան հիշելով՝ նա կրկին դրամարկղին մոտեցավ, ու մինչ նորից կմոտենար մեքենային, ինձ թվաց, որ արդեն երեք տարի, երկու ամիս և չորս օր է՝ գալիս-գալիս ու տեղ չի հասնում։

Օգոստոս 2024

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *