Անահիտ Ղիասյան | Երկրաչափություն սիրողը

ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ
(անունները փոխված են)

— Դուք դատապարտվում եք ցմահ ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ըստ որի արարքը կատարվել է առանձնակի դաժանությամբ, ինչը հանգեցրել է ձեր զինծառայակցի Վարուժան Գալստյանի մահվանը,— «առանձնակի դաժանություն» բառն առավել սուր շեշտադրումներով արտաբերեց քառասունը բոլորած, դեմքին մեկ խորշոմ անգամ չունեցող դատավորը։
Դահլիճում քար լռություն էր, ձմռան երրորդ ամսվա յոթերորդ օրն էր։ Երեք օրից ցմահ ազատազրկման դատապարտվածի ծնունդն էր։ Դատավճիռը լսելուց հետո նա շունչը պահած մնաց տասնհինգ վայրկյան, իսկ կանգնած դիրքում ևս` քառասունհինգը։
— Նստի՛ր,— դատապարտվածի ձեռքը բռնեց ու նստելու ուղղություն ցույց տվեց մասնագիտական չորրորդ պարտությունը կրող փաստաբանը։
Ոչ թե նստեց, այլ ընկավ աթոռին ու հենց այդ պահին վայրկենական արագությամբ աչքերի առջև պատկերվեց սարսափազդու տեսարանը, իր ներսի խառնակ վիճակն ու այդ պահին կատարվածը չընկալելու ցավալի եղելությունը։ Այլևս ուշ էր հետ վերադառնալ, որևէ բան փոխել, այլևս մտորելու անհամրելի ժամանակ կար, բայց որևէ բան փոխելու համար հնարավորություն չկար։
— Խնդրում եմ, աղաչում եմ, դատե՛ք, բայց ոչ ցմահ, նա չի հասկացել ինչ է անում, ինքը չի արել այդ արարքը, դա սատանան է մտել նրա հոգու մեջ, ողորմացե՛ք, խնդրում եմ,— երեսնամյա կնոջ աղեկտուր ու սիրտ մաշող ճիչը ստիպեց շրջվել ներկաներին ու հասկանալ ո՞վ է ցմահ ազատազրկվածին այդչափ կարեկցում։
Դահլիճի երկայն պատուհաններից ներս խուժող արևի ցոլքերի մեջ ներկաները նկատեցին կլորիկ կնոջ հոգեմաշ անող, ցավից խեղված սպիտակ դեմքն ու աչքերի աղաչող արտահայտությունը։
— Մի՛ տարեք, խնդրում եմ, մի՛ տարեք, աղաչում եմ,— չգիտակցելով սեփական արարքների հերթագայությունը` իրար կիպ դասավորված նստարանների արանքից դատապարտվածի ուղղությամբ էր գալիս նրա քույրը։
— Հեռու գնացե՛ք, ճանապարհ տվե՛ք` դուրս գանք,— խիստ ձայնով ու նույնքան խիստ հայացքով դատապարտվածին մոտեցող կնոջը դիմեց բարձրահասակ, երկար քիթ ունեցող ոստիկանը։
— Աղաչում եմ, աղաչում եմ, ախր նա ընդամենը 18 տարեկան է, նա չի հասկացել` ինչ է անում։ Գոնե 20 տարի, գոնե 30 տարի, բայց ո՛չ ցմահ։ Դուք չեք ճանաչում նրան։
Սա վերջին բառերն էին, որ բարձրաձայն լսվեցին դատարանի դահլիճում` 18-ամյա երիտասարդի դատավարությունից հետո։ Ամբոխը դեռ շարունակում էր քննարկումները, ամեն մեկը ճշմարտության իր բանաձևումները տալիս, բայց մի քանի րոպե ևս, և դատարանի դահլիճում դատարկություն էր։
Դատարաններում շատ ճակատագրեր են մեկընդմիշտ խեղվել։ Ես միշտ մտածել եմ արդյո՞ք օրենք գրողները, մարդուն դատողները նախքան այս կամ այն հոդվածը կազմելը խոսե՞լ են հոգեբանների հետ պարզելու ինչը՞ կարող էր մարդուն դրդել սպանության։ Ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ սպանություն կատարողը բժշկի կողմից տրված հստակ ախտորոշում ունի անձի վարքային խանգարում կամ այդ շարքից մի բան։ Ես միշտ մտածել եմ այն դեպքերի մասին, երբ առաջին հայացքից միանգամայն առողջ մարդը գնացել է այդ քայլին։
Սպանությունը տորթ չէ, որ ուտես ու կշտանաս, սպանությունը սիրածդ մարդու հետ անցկացրած վայրկենական հաճույքը չէ, որ անես ու բավարարվես. այդ դեպքում ի՞նչ միստիկա է թաքնված դրա տակ, որ մարդկանց անգամ ամենադաժան պատիժը հետ չի պահում այդ քայլից։ Ես հասկացել եմ վայրկենական ապրումի ու ուղեղումդ վայրկենական ծագող մտքի ուժը, ու ես վախեցել եմ ինձնից։ Ամենաբարի հոգիների ներսում անգամ պայթյուններ լինում են ու, որքան էլ ցավոտ ու մրմռացնող լինի, հրաբխային ժայթքումից հետո լավան մնում է ներսումդ ու հոգիդ վառում։ Արսենի հրաբխային ժայթքումը ներսով չսահմանափակվեց, այն դուրս եկավ։ Ինչպես հետո ինքն ինձ պատմեց, մեկ օրվա ընթացքում չէր պայթյունը հասունացել։ Քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ իր ամեն բջիջը զգացել էր ոչ մի բանի չնմանվող քիմիական ռեակցիան։ Ու մի օր էլ ավելի կոնկրետ հունվարի 3-ին գիշերը 23:13-ին, զինվորական ծառայություն իրականացնելիս զինծառայակցի հետ հերթական վիճաբանության ժամանակ հայհոյախառն խոսքերով չէր սահմանափակվել. նախկին բռնցքամարտիկի հարվածները շատ էին, անկանոն, ու հենց այդ հրաբխային ժայթքման արդյունքում դուրս պրծած լավայի մի կտորն էր, որ ներսում չմնաց ու դատարանում հնչեցվեց արդյունքը ցմահ ազատազրկում։
________________________________________
Խմբագրությունում վաղ առավոտից գժանոց է։ Դե գիտեք, լուրերը չեն սպասում հարմար պահի, որ մի հատ էլ ժամանակ ունենաս նախապատրաստվելու, պուպուշ-պուպուշ գործդ անելու։ Նկատած կլինեք լրագրողները միշտ ժամանակից առաջ են վազում, որ հասցնեն որսալ ծնվող լուրը, հակառակ պարագայում ժամանակավրեպ մի բան կստացվի։ Տասը րոպե տևող ժողովից հետո խմբագիրը տվեց հանձնարարականները, նախանշեց նյութերի ժամկետներն ու ինձ ասաց սպասեմ։
— Հաստատ ուզո՞ւմ ես գնալ։
— Դե հա, ոնց չգնամ, երեք ամիս չարչարվեցի, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու թույլտվություն ստացա, որ չգնա՞մ։
— Ես գիտեմ քեզ, դրա համար եմ ասում. կլսես, անալիզ կանես, բայց հետո չսկսես քրքրել ներսդ ինչո՞ւ, ինչի՞։ Կյանքա, տենց էլ ա լինում, ամեն մարդ իր ուղին ունի. դա էլ իրենց ուղին է,— զգում էի խմբագրի անթարթ, հազարավոր ճակատագրեր տեսած հայացքը։ Հայացք, որից սովորում էի։
— Դուք մտածո՞ւմ եք այդքան թույլ եմ, կլացեմ, կհուզվեմ, չէ, դուք ինձ չեք ճանաչում։ Տարիքս փոքր է, բայց ես էլ պակաս թոհուբոհերի միջով չեմ անցել։ Ճիշտ է ցմահ ազատազրկված չեմ, բայց իմ ներսում էլ շատ սպանություններ են եղել։
________________________________________
Հագիս շագանակագույն բաճկոն է, արտաքուստ ինձ շատ ուրախ եմ ցույց տալիս, կատակներ անում երիտասարդ, կյանքից շատ բան չհասկացող, կարճ կիսաշրջազգեստներից չկշտացող օպերատորի հետ։ Իմ լրջությունն ու իր թեթևությունը հետաքրքիր միքս են գործի մեջ։
Մեքենան կանգնեց, մոտեցանք քրեակատարողական հիմնարկի շենքին։ Որևէ ճարտարապետ չի կարող ասել, որ դա քարը քարին դրված շինություն է, դա ժամանակի ու տարածության մեջ այլափոխված, անհասկանալի երևույթ էր իմ աչքին։ Երևակայությունս ինձ հուշեց, որ դա ժամանակի մեքենայի նմանվող մի բան է, որ ուր որ է կթռչի։
Ներսում մեզ տեղը տեղին ստուգեցին, ինչ պետք էր վերցրին, մնացինք ես, օպերատորը, տեսախցիկն ու մեզ ուղեկցող աշխատակիցը` անթարթ հայացքով, լավ արդուկած հագուստով ու ինքնավստահ քայլվածքով։
— Նախօրոք զգուշացնեմ, որ 15 րոպեից ավել ներսում չեք կարող մնալ և ամենակարևորը` առանց հասարակայնության հետ կապերի պետի թույլտվության հոդվածը չեք կարող հրապարակել։
— Շատ լավ, ինձ արդեն տեղեկացրել էին այդ մասին,— հանգիստ ու անվրդով պատասխանեցի ես։
________________________________________
Հիմա էլ հիշում եմ այն պահը, երբ առաջին անգամ տեսա նրան։ Ցմահ դատապարտվածներին հասարակությունը դիվական կամ հրեշային կերպարով է պատկերացնում։ Տեսածս ուրիշ էր, տեսածս բառերով անմեկնելի էր։ Իմ առջև 27-ամյա գեղեցկատես երիտասարդ էր՝ ոչ շատ բարձրահասակ, ամուր բազուկներով, սև երկար ծամերով ու խորունկ, տիեզերքից միֆական նշաններ ստացող սևորակ աչքերով։ Մի պահ ինձ ուշքի բերեցի. բոլորովին այլ բան էի սպասում։ Ինձ թվում էր դաժան աչքեր ու վախենալու էներգետիկա ունեցող մեկին եմ տեսնելու։ Սև քաթանե տաբատով էր և սև կարճաթև բլուզով։ Նա նստեց ուղիղ իմ դիմաց. ես հիմա էլ հիշում եմ այդ պահը, երբ ուշադիր նայեցի նրա աչքերին, շնչառությունս կարգավորեցի ու, փորձելով ավելորդ ժամանակ չկորցնել, սկսեցի հարցադրումներս։ Դե սկզբում սովորականի պես դոսյեն լրացրի. տարիք, ընտանիք, նախասիրությունները, հետո անցա բուն թեմային։
— Ինչո՞ւ արեցիք այդ քայլը, ինչո՞ւ խլեցիք ձեր համածառայակցի կյանքը։
— Ես 18 տարեկան էի ընդամենը, ես շատ էմոցիոնալ էի, ու այդ պահին մեջս կուտակված էր նախորդ վիճաբանությունների ողջ մաղձը։ Ես կոչումով ավելի բարձր էի, քան նա, ու ամեն անգամ ես փորձում էի հանգիստ բացատրել զորամասի կարգուկանոնը, բայց նա ճիշտ հակառակն էր անում։ Վերջին միջադեպը շատ կենցաղային դետալից սկսեց, բայց, գուցե, դա հենց վերջին կաթիլն էր։
— Զղջո՞ւմ եք կատարվածի համար, կուզեի՞ք այդ պահը հետ բերել։
— Իհարկե զղջում եմ,— այս բառերը մի կերպ արտաբերելուց հետո գլուխն անմիջապես հակեց Արսենը։
Ես այդ պահին միայն «իհարկե»-ն լսեցի, ու մարմնովս սարսուռ անցավ։ Ինչպե՞ս կարող է կյանքդ մեկ վայրկյանում փոխվել, ինչպե՞ս հետ տալ ժամանակն ու հետ բերել անդառնալի կորուստը։ Ես այդ պահին հավասարապես ցավ էի ապրում կորուստ ունեցող ընտանիքի և հենց Արսենի համար։ Նա հուր հավիտյան այս չորս պատերի մեջ է լինելու. նրա կատարվածը զղջալու արտահայտությունն այնքան իրական էր, որ ես կասկած չունեի, որ նա չափազանց երիտասարդ ու էմոցիոնալ լինելով չի կարողացել միջի հրաբուխը ներսում հանգցնել։ Հետո միայն, երբ տեսաձայնագրությունն էի նայում, լսեցի «իհարկե»-ից հետոն։
— Իհարկե, ես զղջում եմ արածիս համար։ Ես ընդամենը 18 տարեկան էի, երիտասարդ էի, ու այդ պահին ուզում էի, որ իմ ճիշտը մինչև վերջ առաջ տանեմ։ Ինձ խանգարեցին նաև տեղի բարքերը… Եթե այս տարիքում լինեի, ես չէի գնա այդ քայլին,— այսքանն արտաբերեց ու աչքերը ներքև հակեց նա։
Մի տեսակ պապանձվել էի։ Մի քանի վայրկյանում գլխիս մեջ ինչ միտք ասես, որ չծնվեց։ Մի տեսակ ճշմարտություն կա Արսենի ասածի մեջ. իրեն խանգարել են նաև գործող բարքերը, նա կոփված չի եղել այնչափ, որ տվյալ միջավայրի ազդեցությունից առավել ուժեղ գտնվի ու հասկանա` ի՞նչ է անում։ Այնտեղ տիրող «ճիշտ»-ը չխառնվի իր ներսի ճշտի ու սխալի հետ։
Մի պահ զգացի աշխատակցի սուր հայացքն ինձ վրա։ Վստահ եմ նա ո՛չ բառերն էլ լսում էր Արսենի, ո՛չ առավել ևս դրա տակ թաքնված ենթատեքստերը։ Նա հսկում էր մեզ, որ մի չարաճճիություն չլինի ու այնքան երջանիկ էր զգում իրեն՝ հիշելով, որ երկու ժամից գործը կավարտի ու սիրուհու հետ կհանդիպեն իրենց սիրելի «Յոթ բույր» հյուրանոցում։ Երկուսն էլ մի լավ կլիցքաթափվեն, երկրային անցողիկ հաճույքները կհամարեն լավագույնն իրենց զգացածներից, մի քանի քստմնելի, փաղաքշական խոսք իրար կձոնեն ու կբաժանվեն` չկշտացած իրարից։
Հետո խստաբարո դեմքով կգնա տուն, կնոջ ու երեխաների մոտ ուժեղ տղամարդու դերը կստանձնի, բայց ներքուստ հավասարազոր կլինի կոստյում հագած, փողկապ կապած գաճաճ խլուրդի։
Շատ խորն էին Արսենի աչքերը, սևորակ ու թախծոտ։ Ինձ սկսեց հետաքրքրել նրա կերպարը, այնպես էի ուզում ավելին իմանալ նրա մասին… չէ, դա աշխատանքային սիրավեպ չէր, դա ուղղակի մարդուն ճանաչելու մեծ ցանկություն էր։
— Ինչպե՞ս եք համակերպվել ժամանակի հետ, այն չի՞ ճնշում ձեզ։
— Ես փոխել եմ գիտակցությունս, դրա հետ մեկտեղ ժամանակի նկատմամբ իմ ընկալումները։
— Ինչպե՞ս։
— Նկարներիս միջոցով։
— Ի՞նչ նկարներ։
— Մարտի 28-ին դուք հրավիրված եք իմ անհատական ցուցահանդեսին հենց այստեղ այս պատերի ներքո։ Անհամբեր սպասելու եմ։
Հարցազրույցի համար ինձ տրված ժամանակը սպառվում էր, նկարահանման խմբին ուղեկցող ոստիկանը տաբատի փողքերից փոշին էր թափ տալիս՝ մտքում վերհիշելով սիրուհու հետ անցկացրած վերջին հանդիպման լավագույն դրվագները, փարթամ կրծքերն ու տաքուկ համբույրները։
Չգիտես ինչու, չգիտես ինչպես բառերն ուղղակի դուրս թռան բերանիցս.
— Կգամ։
Օպերատորի հետ ճանապարհի կեսից բաժանվեցի, ու այդ օրն այլևս խմբագրություն չգնացի. մի տեսակ մտքերս ուրիշ տեղ էին, հավես ու ցանկություն չունեի որևէ մեկի հետ խոսելու։
Բախտս բերեց տանը մարդ չկար։ Պայուսակս գցեցի անկողնու վրա, մտա խոհանոց ու դառը սև սուրճ պատրաստեցի։ Սուրճս վերցրի, գնացի հյուրասենյակ, նստեցի ու անորոշ ժամանակ հայացքս գամվեց մի կետի։ Չգիտեմ ինչքան մնացի այդ դիրքով, հետո զգացի, որ կոկորդս խեղդող արցունքներն աչքերս թացացրին։
Տպավորություն էր ես եմ ողջ կյանքս անցկացնելու բանտի պատերի ներքո, նրա աչքերն եմ հիշում, նրա իրականությունից դուրս ժպիտն ու անբացատրելի էներգետիկ հաղորդագրությունները, որոնք դեռ երկար ինձ հետ մնացին։
Առավոտյան սովորականի պես խմբագրություն գնացի։ Մոտեցա ղեկավարիս, ասացի, որ ուզում եմ առանձնազրույց ունենալ։ Զգացի նրա անհանգիստ հայացքը։
— Ո՞նց ես, Մարի,— հարյուր տարվա փիլիսոփայի դեմքով հարցրեց ղեկավարս։
— Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում` ո՞նց եմ, ի՞նչ եմ զգում, երևի չպետք է գնայի, լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում, քան իրականում կար։
— Ի՞նչը կամ ո՞ւմ էիր ուրիշ ձև պատկերացնում։
— Ցմահ դատապարտվածներին ես սառը դեմքով, քար աչքերով ու դաժանության ֆոնին էի միայն տեսնում։
— Իսկ իրականո՞ւմ։
— Ես միայն մեկի հետ խոսեցի, նա նկարիչ է, նրա աչքերը երեկվանից ուղեղումս են, նրա մեղադրանքն ընդունելու հարյուր տոկոս պատրաստակամությունն իմ ներքին ձայնին համոզում են, որ նա փոշմանել է, բայց, ավաղ, հետդարձի ճամփա չկա, ու հենց վիճակի անելիանելիությունն է ինձ հունից հանում։
________________________________________
Մեր զրույցը տևեց մոտ քառասուն րոպե, հետո խնդրեցի, որ ղեկավարս ինձ տասը օր ժամանակ տա ու ազատի ամենօրյա գործերիցս։ Նա գիտեր, որպես լրագրող, ես ինչերի էի պատրաստ։ Նա գիտեր, որ իմ հանգիստ ու չխոսկան կերպարը այլափոխության էր ենթարկվում, երբ ես լրագրող էի դառնում։ Մեծամիտ չհնչի, բայց ինձ համար «փակ դռներ» չկային, առավել ևս` «փակ պատմություններ»։
Սովորականից շուտ գնացի տուն, փակվեցի սենյակումս ու սկսեցի գծագրել անելիքներս հերթականությամբ։ Ես որոշեցի գտնել Արսենի հարազատներին, բառացիորեն ամեն ինչ իմանալ նրա մասին ի՞նչ է սիրել, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ փուլում է գործը հիմա, ու որոշեցի գնալ նրա ցուցահանդեսին` ինչ գնով էլ որ լինի։
Օգտագործելով մասնագիտությանս բոլոր գործիքները՝ առավոտյան Արսենենց տան ճանապարհին էի։ Դա քաղաքի արվարձաններից մեկում գտնվող միահարկանի սեփական տուն էր՝ արտաքուստ առանց որևէ պերճանքի։ Հազար տարվա ծանոթի պես դուռը թակեցի. բացեց քառասունը չբոլորած մի կին, ներկայացա, նա ինձ տուն հրավիրեց։ Երբ լսեց ով եմ, ինչ հարցով, մի տեսակ զգաստացավ, լարվեց։ Նայեցի ուղիղ աչքերի մեջ ու կարողացա բացատրել, որ ես ուզում եմ իրենց օգնել, որ Արսենի հետ առաջին իսկ հանդիպումից ինձ համար պարզորոշ է դարձել նա մարդ է սպանել, բայց հոգով մարդասպան չէ, նա դեռ ասելիք ունի աշխարհին։
Զրուցակիցս Արսենի քույրն էր, որը հինգ տարի առաջ բաժանվել էր թմրամոլ ամուսնուց և ապրում էր մայրիկի ու իր տաս տարեկան դստեր հետ։ Աղջիկը մեզ համար սուրճ պատրաստեց ու գլուխը կախ հեռացավ։
Ես գնացի հեռու-հեռավոր անցյալ։ Կարինեն բերեց իրենց հին ալբոմներն, ու ես կրկին տեսա նրա աչքերը, որոնց մեջ տիեզերքից եկող ձայներ կային։ Սև ու սպիտակ նկարներում ես տեսա նրանց գունավոր կյանքի ժապավենը։ Նկարներից մեկում Արսենը մերկ կանգնած էր ջրով լի թասի մեջ` ամառահոտ լոգանքին պատրաստ։ Թերթում էի նկարներն ու լսում Կարինեի արցունքախառը պատմությունները, յուրաքանչյուր նկարի հետ միակցված հուշերի փունջը, «ա՜խ, երանի այն ժամանակները» սիրտ մաշող բացականչությունները։ Ներսս տակնուվրա եղած էր, արդեն երրորդ գավաթ սուրճն էր բերում Կարինեի աղջիկը, ժամերն անցնում էին աննկատ… դե մի ամբողջ 18 տարվա պատմություն էի ուզում ամբարել մեջս։ Հենց այդ տարիքում Արսենը գնաց այլ իրականություն։
Լրագրողի սուր աչքով նկարները նայեցի, պատմություններըն ի մի բերեցի ու կազմեցի Արսենի կյանքի վերհուշը։ Հայրը զոհվել էր արցախյան պատերազմի ժամանակ, մայրը մենակ էր մեծացրել քրոջն ու եղբորը։ Արսենի մայրը` տիկին Ալլան, կարի ֆաբրիկայում էր աշխատել շուրջ 27 տարի, հիմա արդեն տնից հազվադեպ էր դուրս գալիս։ Արսենը չարաճճի երեխա էր, ողջ օրը բակից տուն չէր գալիս, ընկերների հետ ֆուտբոլ էր խաղում, բարձրանում տանիքներն ու կեսգիշերին միայն վերադառնում։ Նա 11 տարեկան էր, երբ իրենց տանը շատ մոտ բոքսի խմբակ բացվեց։ Խմբակի առաջին սաներից էր, մայրն ու քույրն ուրախացան, որ նրա անսպառ էներգիան ճիշտ ուղղությամբ կգնա։ Մեկ տարի անց արդեն հաջողությունները սպասեցնել չտվեցին. պատանիների առաջնությունում ոսկե մեդալ, մեծ նվաճումներ Հայաստանում և սահմաններից դուրս։ Արսենը դպրոցի հետ սեր չուներ, նա դրսի տղա էր, տարածքում բոլորը ճանաչում էին նրան ու լավ գիտեին ձեռքի ուժը։ Պատանեկան տարիքում իրենց բակի ու հարակից բակերի տղաների միջև կռիվներ շատ էին լինում, բայց Արսենն ինքը երբեք ձեռքի ուժը ի ցույց չէր դնում. պատճառը նաև այն էր, որ բոլորը փորձում էին նրան հունից չհանել։ Նրա սևորակ աչքերն ու բազուկների ուժը խելքահան էին անում աղջիկներին։
Ընկերուհին դասարանից էր, հաճախ էին դասերից հետո գնում իրենց սիրելի թաքստոցը, որը դպրոցից տասնհինգ րոպե հեռավորության վրա գտնվող ամայի շինություն էր։ Հենց այնտեղ էին պատանիների համբույրները դառնում ծորացող շնչառություն։
Դրսից եկող աղմուկն ինձ սթափեցրեց ու հասկացա, որ չափազանց երկար ժամանակ է, որ Արսենենց տանն եմ։ Բաժանվելիս ես և Կարինեն ամուր գրկախառնվեցինք ու բառ անգամ չասացինք․ հույզերը կոկորդներումս էր։
Դրսում անասելի ցուրտ էր, ձյունախառն անձրև էր և սուրող քամի։ Դողում էի ներսից ու դրսից, բայց տուն գնալ չէի կարողանում։ Չգիտեմ, թե որքան դրսում մնացի, որքան քայլեցի, բայց հիշում եմ, որ երբ մտա տուն, ասես Սիբիրից եկած լինեի։ Անմիջապես մտա բաղնիք, ջերմաստիճանը բարձրացրի մաշկս վառելու աստիճան, ու ջրի ցայտքերին զուգահեռ արցունքներս շարան-շարան հոսեցին մարմնովս մեկ։
Այս տարվա գարունը շատ խորհրդավոր նոտաներով սկսեց։ Տպավորություն է օդում սիրո հորմոններ են շաղ տված. ուզում ես սիրել ու խորը շնչելիս ողջ էությամբ փարվել սիրելիիդ։ Գարնան առաջին ամսվա 28-րդ օրն է, զգեստապահարանից ընտրել եմ զուսպ, ծաղկավոր, երկար զգեստ, տափակ ոտնամաններ ու մեծ պայուսակ։ Վարսերս փռել եմ ուսերիս։ 15 րոպեից պետք է տնից դուրս գամ, նորից եմ նայում հայելուն, դուրս գալիս եմ։ Ճիշտ ժամը 13:50-ին օպերատորի հետ հանդիպեցինք քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ։ Ցուցահանդես էի հրավիրված, Արսենի ցուցահանդեսին։
Անցնում եմ սիրտ կեղեքող միջանցքներով։ Սրտի ուժգին զարկերով մտնում եմ ներս ու մի քանի րոպե գամված մնում տեղում։ Պատերին նրա նկարներ են, նրա մտքերն են պատերին կամ նրա հայացքն է աշխարհին նայող պատերի վրա։ Գույները հարուստ են, իսկ պատկերները խիստ միանման են ու խիստ տարբեր։ Նա նկարել է աշխարհը, աշխարհի երևույթները, մարդկանց երկրաչափական պատկերներով։ Հազարավոր թանգարաններ եմ գնացել, հազարավոր նկարիչների գործեր նայել, այս մեկն ուրիշ էր, այս մեկը սոսկ երկրաչափություն չէր, սա կյանքի ու երկրաչափության փիլիսոփայությունն էր նրա աչքերով։ Սենյակը մարդաշատ էր, հրավիրված էին սոցիալական աշխատողներ, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստ սիրող դատապարտյալներ։ Ինձ տեսնելուն պես Արսենը խառնվեց իրար ու մոտեցավ։
— Շնորհակալ եմ, որ եկաք,— անասելի երախտապարտ զգացումով ասաց նա։
— Մեծ սիրով եմ եկել, հարգելի Արսեն,— դեռ տպավորությունների տակ արտաբերեցի ես։
— Եկեք ցույց տամ իմ վերջին գործը, տեսնե՞մ կհասկանաք՝ ով կամ ինչ է նկարում։
Նկարի ողջ ետևի երանգավորումը կարմիր էր, կենտրոնում դեղին շրջան էր։ Հավասրասրուն երկու եռանկյուններ կիպ կպած էին շրջանին։ Եռանկյուններից մեկը կանաչ էր, մյուսը կապույտ։ Եռանկյունները շրջանից բաժանվում էին հաստ սև գծով։ Գույներն այնքան հյութեղ էին, որ շարունակ ուզում էիր նայել՝ կլանելու համար ասելիքը։ Ես քարի պես գամված էի տեղումս. արվեստի ուժը զորավոր է, այն կարող է ապրեցնել անգամ այն մարդուն, որ գիտի՝ մի ամբողջ կյանք մաքուր օդ չի շնչելու, հրակարմիր գնդին և առկայծող լուսատուներին չի նայելու։
Որքան խորություն ընդամենը 27 տարեկան պատանու մտքերում, որքան զգացական շերտեր ու իմաստնացած մարդու լուռ ճիչեր։ Հա, ես նրան հենց 27-ում հանդիպեցի, երբ նա արդեն 9 տարի այս պատերի ներքո էր ապրում։ Որքան մետամորֆոզներ էր ապրել նա, որքան փոփոխվել 18-ի իր սկզբնակետից։ Բռնցքամարտիկ դառնալու մեծ ցանկություն ուներ նախկինում, ամեն օր կանոնավոր հաճախում էր մարզումներին, առնական ու շատ գրավիչ տեսքով էր։ Հիմա ուրիշ էր Արսենը. էլի առնական էր, գրավիչ, բայց կերպարանափոխված, դատապարտյալների մեջ աչքի ընկնող տարբերվող շեշտերով` սև, երկար մազերով, խորունկ աչքերով ու ծով հանդարտությամբ։
— Հըն, հավանո՞ւմ եք,— ինձ իրականություն վերադարձրեց Արսենի հանգստացնող ձայնը։
— Ես… ես՛… այնքան ասելիք կա ձեր նկարներում, այնքան թաքնված շերտեր։ Մի բան հարցնեմ ինչո՞ւ ընտրեցիք երկրաչափական պատկերները։
— Առանց երկրաչափության չկա ոչինչ, ողջ աշխարհը երկրաչափական օրինաչափությունների համաբույլ է։ Մարդիկ մտածում են աշխարհը քաոտիկ է, բայց իրականում այն երկրաչափական պարզ օրինաչափությունների հիմքով է։ Երբ հասկանում ես այս ամենը, կատարելապես վերափոխվում ես, դու լցվում ես մեծագույն սիրով, ու հոգիդ ամպի ծվենրի պես լազուր կապույտ է դառնում։
Աղմուկի պատճառով մենք մի պահ շեղվեցինք տիեզերական խոսակցությունից, նայեցինք իրար. այնքան ասելիք կար նրա աչքերում։ 15 տարեկանից լրագրող եմ աշխատում, հազարավոր աչքեր եմ տեսել, հազարավոր պատմություններ լսել, բայց այս մեկն ուրիշ էր։
Քրեակատարողական հիմնարկի վերակացուները, նկատելով մեր կլանված զրույցը, մոտեցան և մանկապարտեզի դաստիարակի տոնայնությամբ հայտնեցին, որ մենք ընդամենը 15 րոպե ժամանակ ունենք։
Ժամանակի սահմանափակումից լարվեցի, ախր, մենք այնքան խոսելու բան ունեինք` Արսենից, երկրաչափությունից, նրա նկարներից։
Զգում էի, որ Արսենը շարունակ մի բան էր ուզում ասել։ Հանդիպման վերջնամասում նա մոտեցավ սենյակի անկյունում դրված սեղանին և մի կտավ բերեց։
— Ես ձեր անունն այդպես էլ չիմացա,— անսպասելի հարցրեց Արսենը։
— Կներեք, ես պետք է դեռ վաղուց ներկայացած լինեի։ Անունս Մարի է։
— Մի բան խնդրեմ, կարո՞ք եք այս նկարը տանել Լեոյի 30 հասցեում բնակվող մի կնոջ։ Նրա անունը Հասմիկ է, նա տանն է լինում 19:30-ից հետո։ Քանի որ ժամանակ չունենք, նա ինքը կպատմի` ով է։
Մենք նայեցինք իրար, հասկացանք, ու քրեակատարողականի աշխատակիցները Արսենի տված նկարը խոշորացույցով զննելուց հետո ինձ հանձնեցին։ Դուրս եկա փողոց ու զգացի, որ օդը չի հերիքում։
Զանգեցի խմբագրիս ու խնդրեցի, որ գա մեր սիրելի բացօթյա սրճարանը, որը միայն ծառերի ստվերներով էր զարդարված։ Երկուսիս համար դառը սև սուրճ պատվիրեցի, հետո բացեցի սև տոպրակով փաթաթված կտավը։ Կտավը դրեցի սեղանին ու նորից տեսա երկրաչափական պատկերներ։
Հեռվից նկատեցի խմբագրիս, եկավ, կիսվեցի հույզերովս, պատմեցի երկրաչափություն սիրողի հետ զրույցս ու նկարի պատմությունը։
Նկարն ամբողջովին սև էր, կենտրոնում լուսավորված լամպ էր շրջանի տեսքով, նկարի ձախ անկյունում լույսի անջատիչ էր քառակուսու տեսքով, վրան կնոջ, կարմիր մատնահարդարմամբ, քնքուշ ձեռք` հնարավորինս մոտ երկրաչափական կանոնիկություններին։
Թե քանի րոպե մենք ուսումնասիրեցինք նկարը, չեմ կարող ասել, բայց երկուսս էլ, մանրուքների մեջ խորանալու վարպետ լինելով, հասկացանք, որ Արսենը սիրելի ունի, որի շնորհիվ ինքը, գտնվելով կատարյալ մթության մեջ, լուսավորվում է։ Ետևամասում կարճ գրառում կար «Սպասման հիվանդ եմ»։
Մի քանի բառ փոխանակելուց հետո որոշեցի հենց նույն օրը գնալ Հասմիկենց տուն։ 19:30-ին զանգը տվեցի, կարճ ներկայացա` ով եմ, որտեղից։ Սիրունատես, բարձրահասակ կինն ինձ ներս հրավիրեց։
Երկար խոսեցինք, շատ երկար, մի քանի ժամ շարունակ։ Հասմիկն ապրում էր իր փիսիկի` Միլայի հետ, մասնագիտությամբ իրավաբան էր։ Պատմեց, որ դեռ փոքրուց սեր ուներ քրեական պատմությունների հանդեպ, կլանված լսում էր, փորձում հասկանալ ցանկացած քրեական պատմության պատճառները։ Արդեն մի քանի տարի փաստաբան էր աշխատում, Արսենի մասին փաստաբան ընկերուհին էր պատմել։ Արդեն 4 տարի է անցել այն օրից, երբ ինքն ու Արսենը դարձել են ավելին, քան սիրեցյալները։ Կիրքն ու հափշտակությունը չափազանց թույլ են բացատրելու այն կայծը, որ նրանք ունեն միմյանց նկատմամբ։ Դա վերաճեց մոլուցքի, մոլուցք, որ մի օր երկար կհամբուրվեն ու կգրկախառնվեն քրեակատարողականի պատերից դուրս։
Հասմիկն Արսենի համար դարձավ ոչ միայն ընկեր, սիրեցյալ, հավատարիմ մարդ, այլ նաև պաշտպան։ Դա վերածվեց իսկական մոլեռանդության` սիրելիիդ ազատելու, թեկուզ 10 տարի, թեկուզ 20 տարի անց։ Գիշերներ շարունակ նա անցկացնում էր գործի մանրամասները քննելով, օրենքները քրքրելով, պատժի մեղմման տեղական ու միջազգային փորձն ուսումնասիրելով։ Լինում էին օրեր, երբ նա ուժասպառ եղած նայում էր պատուհանից դուրս ու հասկանում, որ ողջ գիշեր արթուն է մնացել։
Վեց ամիսը մեկ Հասմիկը հնարավորություն էր ունենում երեք օրով, գիշերկացով այցելել Արսենին։ Դա անմեկնելի զգացողություն էր թողնում նրա գիտակցության վրա, երեք օրերը դառնում էին երջանկության թմրանյութ, որ հաջորդող վեց ամիսներին արթուն պահեին իրեն։
Չորս պատերի մեջ հանդիպումները, երբ արտաքին աշխարհի շշուկ անգամ չկար, նրանց դարձնում էր ավելի անհանգուրդ` լիովին իրար վայելելու, իրար զգալու, միմյանց մաշկի տակ թափանցելու հարցում։
— Ես խենթանում եմ քո մաշկի բույրից,— Հասմիկի կոնքերն օղակելով, պարանոցին շրթունքներով կպնելով` աչքերը կիսախուփ մի կերպ արտաբերում էր Արսենը։
Երկու տարի է անցել այն օրից, երբ ես հանդիպեցի Արսենին ու ծանոթացա Հասմիկին։ Այժմ Հասմիկն անասելի հարազատ մարդ է դարձել ինձ համար։ Հաճախ հանդիպում ենք նրա տանը, մի համով բան ուտում, դրսում սուրճ խմում ու խոսում Արսենից։
Հասմիկը դիմել է Վերաքննիչ դատարան՝ վերանայելու պատիժը։ Նրանք կրկին հանդիպումներ են ունենում Արսենի հյուրատանը, մի երեք գիշեր գոնե իրարով տոգորվում ու սպասում օրվան, երբ կկարողանան գիշերն անշտապ վայելել։
Ես մի տեսակ դարձել եմ նրանց պատմության լուռ հետևորդը։ Ես էլ եմ սպասում, սպասում եմ կլանված, երբեմն հանգիստ, երբեմն նյարդային կծկումներով։ Ես ուզում եմ, որ մարդիկ երջանիկ լինեն։ Ես ուզում եմ, որ մարդ սպանած ու իր մեղքը լիովին գիտակցած, քանիցս վերափոխված մարդն ուղղակի երջանիկ ապրի ու չպախարակվի հասարակության կողմից, որի յուրաքանչյուր անհատ պոտենցիալ գազան է։
Մենք սիրում ենք շատ խոսել, ընկած մարդուն ոտքով նորից հրել, որ ավելի խորը փոսն ընկնի ու դուրս չգա։ Մենք սիրում ենք կենտրոնանալ մեր փառահեղ եսի վրա ու պարզապես չզարգացնել մարդ կոչվելու համար այնքան կարևոր ապրումակցման մեխանիզմները։
Էլի տարիներ անցան, էլի շատ բան փոխվեց տիեզերական մասշտաբով, բայց նրանք դեռ սպասում են, դե ես էլ։
________________________________________
Մեր երեքի ջանքերով Արսենի նկարների ֆենոմենը օղակող պատերից դուրս եկավ։ Հիմա դրանք նաև վաճառվում են, իսկ հասույթն Արսենի որոշմամբ փոխանցվում է դատապարտյալների երեխաներին։
Լրագրող լինելն էլ մի բան չի… Թեպետ իմ անունից խոսեմ, ես այնքան եմ կառչում իմ պատմություններին, որ դրանք դառնում են առօրյայիս մի մասը, քրքրվում եմ ներսից։
Երեկոյան 22:30-ին Հասմիկից զանգ եմ ստանում։
— Մա՛ր, առավոտյան 09:30-ին կլինե՞ս դատարանի մոտ, որ միասին գնանք։
Գիշերը չեմ քնում, շուռումուռ եմ գալիս, առավոտյան թմրած գնում դատարանի դահլիճ։ Վերջնական վճիռը լսում ենք ու նորից ընկնում սպասման չվերջացող օվկիանի մեջ.
— Վճռի վերանայումը երկարաձգվում է ևս մեկ տարով,— հեշտ, հանգիստ, քրտնաթոր ճակատը սրբելով` ասում է դատավորը։
Արսենն էլի նկարում է երկրաչափական պատկերներով իր գլուխգործոցները, Հասմիկը ժանյակով ներքնազգեստ է գնում Արսենի հետ հանդիպումների համար, իսկ ես՝ լրագրողի իմ` ժամանակից առաջ ընկնելու բնավորությանը համաձայն, դեռ սպասում եմ հերթական մարդկային պատմության մարդկային հանգուցալուծմանը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *