Կարեն Անտաշյան | Դիտանկյուն

Ընկերների խմբով գնացել ենք Հայաստանի ամենա-ամենա հարավ։ Մտադիր էինք Մեղրիում գիշերել, բայց ինչ-որ տուրիստական գերակտիվության օրեր էին, ու հյուրանոցներում ոչ մի տեղ չկար: Հաջորդ խելքին մոտ տարբերակը հայ-իրանական սահմանին կպած Ագարակն էր, որտեղ էլ առանձնապես ընտրություն չկար, ու սենյակներ կարողացանք ճարել միայն «Մարիշոկ» կասկածելի անունով ու համեստ պայմաններով հյուրանոցում: Դե, մի գիշեր է, ասեցինք, մի ձև կլուսացնենք ու վաղը կշարունակենք մեր վաղուց սպասված ճամփորդությունը Սյունիքով։
Հյուրանոցի սենյակը երկար ու նեղ միջանցք էր հիշեցնում, որի վերջում փոքր սանհանգույցն էր, իսկ սանհանգույցի պատին քիչ բարձրոտ, սենյակի միակ փոքրիկ օդանցք-լուսամուտը։ Առավոտյան, թարմ օդին ու արևի լույսին կարոտ՝ շուտ արթնանալով, ես ու Նարեն իրարից անկախ շտապեցինք էս լուսամուտի մոտ, բացեցինք մի կերպ թերևս վաղուց չբացված լուսամուտն ու երանությամբ սկսեցինք շնչել և դուրս նայել։
Առաջինը, ինչ տեսա մեծ զարմանքով, հսկա զինվորական շարահրապարակն էր ու մեզ շատ մոտ կոկիկ շարքերով առավոտյան ստուգատեսի շարված բազմաթիվ ժամկետային զինվորականները՝ բոլորը ձիգ, մարմնեղ ու հարավի արևից առողջ կարամելագույն մաշկով։
— Վաու,— ասեցի զարմանքով,— ո՞վ կսպասեր։
— Իրոք որ, չնաշխարհիկ ա, արժեր տասը ժամ քշել մեքենան,— ասեց Նարեն առանց հեգնական ենթատեքստի, լուրջ երանավետությամբ:
— Դուրդ գալի՞ս են, կյա՛նք,— մտա ես թեմայի մեջ:
— Չգիտեմ երբևէ տեսել եմ նման գեղեցկություն. ոնց որ բնական պարիսպներ լինեն:
— Քեզ պաշտպանվա՞ծ ես զգում իրանց ներկայությամբ,— շարունակեցի ես նեղացկոտ կծողականությամբ։
— Հա, մի տեսակ վեհ առնականություն ունեն:
— Հմմ, հետաքրքիր ա, վեհ առնականություն,— սկսեցի հոտել ես։
Մեկ էլ հանկարծ զինվորական կտրուկ շեփորն ու դախո թմբուկը զարկեցին, ու տղերքը մի բան անելու երկար սպասածի կատաղի ավյունով սկսեցին իրենց զրնգուն քայլերթը ինչ-որ բան երգելով «Արևն ելավ զեյթունցիների» ոգով։ Նարեն վեր թռավ ինտիմության թմբիրից.
— Վա՛յ, էս ի՞նչ էր։
— Դե առնական տղերքն են:
— Ի՞նչ տղերք, «չաստ» կա՞ մոտակայքում:
Ինձ մի պահ կախեց, հետո կասկածամտությամբ կռացա մի քիչ մինչև միկրո-լուսամուտից դուրս նայելու Նարեի դիտանկյունը, ու տեսնեմ՝ իր կողմից հորիզոնի ողջ երկայնքով միայն երևում են քաղաքը եզրագծող ամեհի ժայռեր, որ ես չէի տեսել՝ էպիկական ու հուժկու, որ համ պարսպակալ աշտարակների են նման, համ ինչ-որ հիպոթետիկ տիտանոզավրի սապատափշերի։
— Իրոք որ, վաու,— ասեցի ես մի ուրիշ ձևով։
— Բա դու ի՞նչ էիր տեսնում,— հարցրեց մեր կինը։
Գրկեցի, բարձրացրի մինչև իմ դիտանկյուն՝ զվարճությամբ հետևելով էպիկական բնապատկերի փոխարեն զինվորական մասի առավոտյան կայտառ իրարանցումը տեսնելու նրա շփոթվածությանը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *