Վարդան Սմբատյան | Ռոմանտիկ շների եւ պոետների համար

Ռոմանտիկ շների եւ պոետների համար

Երբ նայեցի պատուհանից,
քաղաքը չկար,
սրբել էր հեղեղը
ամեն ինչ ,
կամ գուցե,
(ո՞վ գիտի )
գուցե չէ՞ր եղել։
Գուցե Աստծո երազն էր
գոյությունը խաբկանքը;
վերեւում սաղ չքացավ:
Բան չհասկացա էդպես էլ:
Հիմա էլի նայում եմ պատուհանից .
ոչինչ,
ոչինչ չկա,
ոչ շենքեր գորշ,
ոչ էլ մարդկային կերպարանք,
շներ են լոկ
վազում,
շներ ՝
երջանիկ – հիացած:
Ճողփում ջրերը
ու կանչում են.
աշուն են հաչում,
սեր է ամենուր ,
ոսկրոր
ու խաշամ…

***

Ինչ – որ տեղ հիմա
ձյուն է գալիս,
մեծափաթիլ ձյուն …
ծառերը բացել են թոքերն
ու լիաթոք շնչում են։
Ուրախ տղուկներ են
սահում
ձյունե Սահարայի
միջով
ու ծիծաղում են բարձր,
էնքան բարձր,
որ լսում եմ,
հեռավոր՝ քարտեզից թռած
իմ խուլ քաղաք- սենյակում,
բայց չգիտեմ որտեղ ե՞ն,
էդ երջանիկ մարդիկ,
երեւի
ոչ – ոք չգիտի։
Երջանիկները միշտ էլ ,
անհայտ տեղերում են
բնակվում.
հեռու թվային աշխարհից
ու առաջադեմ մարդկանցից …
Ինձ մնում է մտքի ուժով
գնալ էդ վայրը։
Փակ աչքերով
փորձում եմ հասնել այնտեղ,
բայց պատկերը երերալով
փախս է գալիս,
կրկին փորձում եմ.
էլի ու էլի ջանում
կտրել իրականության մութը,
եւ հանկարծ
մի վայրի քամի
բացում է պատուհանս,
բուքը սուրում է ներս ։
Վազում եմ բակ.
ձյունը սկսում է խրախճանքը,
ճերմակ թռչունները
պարում են մարդկանց
մազերի մեջ ։
Դրախտն ոտքերիս տակ է,
երեւի տեղափոխվել է ներքեւ,
ով իմանա՝
երեւի վերեւում
ձանձրացել են։
Կամ էլ Աստված վերջապես
որոշել է իջնել վար։
Սքանչելի մի դող է
բռնում մարմինս,
բացում եմ թաց կոպերս.
Հալոցքի մեջ լողում է
պստիկ սենյակս,
ձյունը դանդաղ թափվում է
իմ անկենդան
բիբերից։
Ձյունը հիմա
մեռած ջուր է,
որ սառում է դանաղ
իմ կարմիր աչքերում…

 

***

Կում – կում
խմում եմ
արցունքները
մինչ
խավարը մեռնում է
դանդաղ
իմ ու նրա
իմ ու նրա
արանքում ։
Լույսը բացվում է,
ձյունակուրությամբ։
Հիմա առավոտ է.
կում – կում խմում եմ
համբույրների
նեկտարը եւ փակում
մեռած սիրո աչքերը,
որ կախվել ես դեմքիս
հանց թոշնած
դուրս թռած ողկույզներ…

 

***

Չի ստացվում
ապրել,
Չէ, չի ստացվում։
37 տարի փորձում եմ,
անօգուտ ա.
չի ստացվում ըմբռնել
բոզ – քաղքենի սոցիալիզմի ու
քաղաքակրթության նորմերը,
ախ չի ստացվում գտնել ՝
նորմալ աշխատանք,
նորմալ ողբերգություն ու սեր,
չեմ ճարում
մի տաք, սիրուն մարմին,
էս սառնամանիքին ջերմանալու համար.
բլոր սիրուն ծտերն ու խենթերը
այլանդակվել են
պլաստիկ աստվածների ձեռամբ։
Չի ստացվում քնել ու զարթնել,
ոռնալ ու մարդավարի ուրախանալ,
չի ստացվում
պրծնել
ձեռնաշարժվող վեպս՝
կապիկների եւ մարդկանց
կապիկների ու աշխարհակարգի
կապիկների ու մենության մասին,
եւ ուրեմն մի խանգարեք արա՛,
թողեք քնեմ էնքան
մինչ երազը դառնա մահ,
մինչ ծնվեմ մի ուրիշ ՝
«կարգին» աշխարհում։

 

***

Մի բան ասա ականջիս,
հուսադրող մի բան,
մի բառ ասա,
որ կօգնի հավատալ
հրաշքին,
ես բոլոր իմաստունների մոտ գնացի ՝
լուռ էին…
բոլոր
դռները գտա
փակ ՝
իմ մեջ
եւ գնում եմ սրընթաց
բավիղներով
մութ ու անվերջ
մութ ու անվերջ ,
ոլորաններով հավերժական միֆի ։
Էդպես էլ չեմ հասնում
ոչ դժոխք,
ոչ նիրվանա։
Ես չեմ հասնում ինձ …

 

***

Դադարի՛ր սիրել էդ բոզին,
դադարիր,
դադարիր,
դադարիր՝
հավատալ փսլնքոդ ռոմանտիկային,
դու Եսենինի սեւ մարդն ես
քո մերը…
Դադարիր փնտրել պատասխաններ ,
Գուգլում ու գրքերի մեջ,
բոլոր պատասխանները
քո ներսում քնած են՝
հանց ընկեցիկներ.
արթնացրու …
Դադարիր վախենալ- փախչել
քեզանից ու
քոնմաններից։
Իմացի՛ր.
քո ամենամեծ թշնամին դու ես։
Երբ մեռնել ես ուզում հիշի՛ր.
մենք բոլորս ծնվել ենք մի տեղից
ու գնում ենք նույն տեղը ՝
ունայնության հեշտոց- անդունդը։
Մի շտապիր, երբ գա քո ժամը,
խաղաղ տրվիր մահվան հորձանքին։
Մի փիլիսոփայի…
Դադարիր,
դադարիր հիշել ՝
որ հիմար ես,
որ հանճար ես,
որ անճար ես…
Ընդունիր քո փոքրիկ աշխարհը ,
մահվան երախում,
ընդունիր ,
ընդունիր,
ընդունիր,
որ չափազանց փոքր ես էս մեգաbig
գիշատիչ աշխարհում ։
Մի ամաչիր քեզանից,
քո անկումներից,
տուր հաղթանակդ բթամիտ երազողներին,
թույլ տուր՝
հիմարության դափնիներով
սփոփվել ՝
«լինել երջանիկ»
Նրանք էդպես էլ
գլխի չեն ընկնի,
որ միշտ պարտվում են
պատրանքին,
որ էս աշխարհում,
ամեն ինչ սկսվել ու
վերջանում է պարտությամբ։
Դադարիր,
դադարիր լինել ,
շարքային շաբլոն,
ստեղծիր քեզ՝ փազլի պես
հավաքիր,
երկար ու սիրուն ։
Ամեն ինչում իմաստ
մի փնտրիր։
Սիրիր քո ցավը,
ընկերացիր հետը,
շնիկի պես խաղացրու,
բայցեւ պատրաստ եղիր զվարթ լինել,
երբ բերկրության խուտուտը
անսպասելի գա
ուրախացիր երեխայի պես,
որովհետեւ՝
ուրախությունը միակ դեղամիջոցն է
որ դեռ ձրի է էս աշխարհում։
Լավ, ինչ որ շատ խոսեցի .
դադարիր,
դադարիր լսել իմ ու այլոց
օգտակար – հիմար խորհուրդները,
ուղղակի .
արթնացիր
ու ծնվիր ամեն օր,
արթնացիր ու ապրիր ՝
քո թոշնող մարմնի քարտեզում…

 

#Իրանական_խազեր

Կարմիր է սիրտն աշխարհի,
ճերմակ զգեստներ եմ հագել
գնում եմ ինքս ինձ թաղելու ։

 

***
Մի սիրիր ինձ,
Երջանկությունը
Չի բանաստեղծվում…

***

Հախճապակե ծաղիկը
թռավ ձեռքիցս ու կոտրվեց.
կռացա
ու զարմացած
հավաքեցի
բյուրեղյա,
արցունքներս։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *