Առաքել Սեմիրջյան | Քար

Վերջին շրջանում նա ամենաշատը վախենում էր նրանից, որ եթե փողոցում մուրացկան մոտենա՝ փող խնդրելու, ինքը կպատասխանի՝ «Գնա Նիկոլիցդ ուզի, չէ՞ որ դու ես նրան ընտրել»:
Մուկուչը հո ամենից լավ գիտեր, որ հենց տենց բան ասեր, նշանակում է՝ էնքան է չարացել, որ դարձել է նրանցից մեկը, ու այդ վախը նրան ավելի էր վախացնում։
Էն նախորդ օրն էլ կատաղել էր, որ Մասիս սարի նկարն էին որոշել ռեստորանի պատից հանել, ու հաջորդ օրը գալով գործի՝ Արարատի տեղը տեսել էր Եգիպտական բուրգերի ֆոնին պալմայի նկար՝ կապիկն էլ վրան նստած։
— Նկարող էիք՝ նորմալ նկարեիք, էլ կապիկին ի՞նչի էիք դրել ծառի գլխին, — ինքն իր հետ կռիվ էր տալիս Մուկուչը։
Անցած օրն էլ շեֆերին հարկայինը զգուշացրել էր, որ օբյեկտում եթե հայտնաբերեն Մասիսին նմանվող մի բան կամ առավել ևս՝ Արցախի դրոշ, աշխատավարձի տասնապատիկի չափով կտուգանեն։
Հենց Մուկուչի մտքին էր գալիս հեռացված սարի պատկերը, էդ սարի պես տղեն ռագատկի քարը վերցնում ու ուզում էր խփել կաֆեի երկու մետրանոց ցուցափեղկին։
— Էդ սաղ հեչ, բա որ շեֆությունը իմանար, որ իր ստորագրությունն էլ է Մասիս սարի նմանությամբ, հո էդ էլ չէ՞ին ստիպի պալմայով կապիկ դարձնել, — ինքն իրեն քցում-բռնում էր Մուկուչը։
Արդեն հաստատ որոշել էր՝ հենց ստորագրության պահով ստիպեն, պալմայի վրա Նիկոլին է նկարելու, սակայն հույս ուներ՝ էդ օրը չի գա։
Հետո ինքզինքը համոզեց, որ կապիկը էդքան էլ վատ չի, եթե էն մայրը կորցրած Փանչ անունով կապիկի նմանը լինի, որը մոր փոխարեն մի խաղալիք տիկնիկ էր գրկում ու մոր կարոտը դրանից առնում։ Կամ էլ էն պինգվինի նկարը կարելի էր դնել, որը պինգվինների խմբից առանձնացել էր ու գնացել դեպի լյառը՝ երաշխավորված մահվան։
— Բայց պալմայի վրա պինգվինն ի՞նչ գործ ունի, — մտածեց Մուկուչն ու կռացավ քարը գետնից վերցնելու։ Չգիտես ոնց՝ փողոցի անկյունից մի մուրացկան տատիկ ծլեց՝ անատամ ու անկոշիկ, որը, ձեռքը պարզած, հացի փող խնդրեց։
Մուկուչը հենա-հենա ասում էր՝ գնա Նիկոլիցդ․․․ մեկ էլ աչքերը լցրեց ու մորը կորցրած կապիկի պես փաթաթվելով տատիկին՝ հեկեկաց․
— Մե՛ր ջան, էս իմ կոշիկները քեզ մեծ կլինեն, բայց որ մեջը լաթ խրես, հաստատ ոտքիդ կլինի։
Մուկուչը երբ ոտաբոբիկ հասավ գործի, թաթերը լրիվ արյունլվա էին, սակայն ինքն իրեն սարի պես տղա էր զգում, իսկ ձեռքի ռագատկի քարն էլ հասցրել էր պինգվինների սովորության պես կուլ տալ. չէ՞ որ պալմայի վրա ապրող պինգվինները իրենց համար մի քար են ընտրում, որը ողջ կյանքի ընթացքում երբեք չեն թողնում, միայն կյանքի վերջին օրը կուլ են տալիս, որ ջրի տակ սուզվելուց հետո որևէ մեկը չտեսնի նրանց մահը։
— Սխալ ես մտաբերել. նրանք այդ քարը նվիրում են իրենց սիրեցյալին, — նկարի միջից հուշեց Փանչը․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *