Քերըլ Էն Դաֆի | Մեդուզա

Մի կասկած, մի վախ, մի խանդ,
սողոսկեց միտքս,
ու դարձրեց գլխիս մազերն օձեր գարշելի
ասես իմ մտքերը
ֆշշացնում ու թքում էին գանգիս։

Կուսական շունչն իմ փտեց, գարշացավ
գորշ պարկերում իմ թոքերի։
Ես՝ գարշաբերան, պղծալեզու,
դեղնաժանիք։
Աչքերիցս կրակ-արցունք է թափվում։
Չե՞ս սարսափում։

Սարսափի՛ր,
ես քե՛զ եմ սիրում,
անթերի, հույն աստված, ի՛մը․
բայց գիտեմ՝ դավաճանելու ես ինձ,
տունդ թողնելու։
Ավելի լավ է՝ մի քար լինես հեռվում։

Հայացքս դարձրի բզզացող մեղվին,
մի անշունչ քար մոխիրե
ընկավ հատակին։
Հայացքս դարձրի երգ ասող հավքին,
մի բուռ փոշեհող
թափթփվեց գետնին։

Նայեցի շեկլիկ կատվին,
մի կտոր աղյուս
փշրեց ամանը կաթի։
Նայեցի խռնչացող խոզին,
քարի մի կտոր շրջվեց
միջումը կեղտի։

Հայելու մեջ տեսա
Թունավոր սերս
ցույց տվեց Գորգոն։
Դեմք է վիշապի։
Կրակ է ժայթքում
լեռան բերանից։

Եվ ահա դու գալիս ես
սրտիդ տեղ՝ վահան
լեզվիդ տեղ՝ մի սուր
և քո կանայք, քո կանայք։
Մի՞թե գեղեցիկ չէի ես,
անուշ ու ծաղկուն։

Նայի՛ր ինձ հիմա։

Թարգմանությունն անգլերենից՝ Դիանա Սիսակյանի

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *