Ցիեն Ճոնշու | Պաշարված ամրոց

(հատված վեպից)

Գլուխ 1

Կարմիր ծովը վաղուց էին անցել։ Նավը Հնդկական օվկիանոսում էր։ Անողոք արևը ուշ էր իջնում ու շուտ ելնում՝ զբաղեցնելով գիշերվա մեծ մասը։ Գիշերը, յուղի մեջ թաթախված թղթի պես, վերածվել էր կիսաթափանցիկ մարմնի, գրկել էր արևին ու չէր ուզում բաժանվել։ Երևի արևից էր արբել, որ նրա մայր մտնելուց հետո, մեկ է, դեռ գինեգույն էր։ Կարմիրն անհետացավ ու գիշերը արբած քնից արթնացավ։ Նավում քնած մարդիկ ևս արթնացան՝ քրտինքի մեջ թաթախված, լողացան ու շտապեցին տախտակամած՝ որսալու ծովի քամին։ Նոր օր սկսվեց։ Հուլիսի վերջն էր, չինական հին օրացույցի «սան ֆուն»[1]՝ տարվա ամենաշոգ օրերը։ Չինաստանում սովորականից շոգ էր։ Ավելի ուշ բոլորն ասում էին, թե սա պատերազմի նշան էր, քանի որ Հանրապետության քսանվեցերորդ տարին էր (1937 թվականը)։

«Պաշարված ամրոց», Գրանիշ, 2025

Ֆրանսիական այս փոստանավը՝ «Վիկոնտ դը Բրաժելոնը» (Vicomte de Bragelonne), դեպի Չինաստան էր ուղևորվում։ Առավոտյան ութն անցել էր, երրորդ կարգի տախտակամածը լվանալուց հետո դեռ թաց էր, բայց այնտեղ արդեն շատ մարդ կար. ֆրանսիացիներ, Գերմանիայից աքսորված հրեաներ, հնդիկներ, աննամցիներ[2], և, իհարկե, նաև չինացիներ։ Ծովի քամին չոր տաքություն էր բերում, գեր մարդկանց մարմինները քամուց չորացել էին՝ քրտինքից մաշկի վրա աղի շերտ թողնելով, ասես հենց նոր լողացել էին Պաղեստինի Մեռյալ ծովում։ Համենայնդեպս, վաղ առավոտ էր, արևը դեռ չէր չորացրել մարդկանց լավ տրամադրությունը, չէր ծուլացրել նրանց, և դեռ ակտիվ խոսում էին ու աշխատում։ Աննամ[3] կամ Չինաստանի կոնցեսիա[4] որպես ոստիկան ուղարկվող ֆրանսիացիները շրջապատել ու սիրաբանում էին կոկետուհի հրեա կնոջ հետ։ Բիսմարկը մի անգամ ասել է․ ֆրանսիացի դեսպանների ու պատվիրակների առանձնահատկությունն այն է, որ ոչ մի օտար բառ չգիտեն։ Այս ոստիկաններն էլ գերմաներեն բացարձակապես չգիտեին, բայց ֆրանսիացի դիվանագետներից շատ ավելի լավ էին կարողանում արտահայտել իրենց զգացմունքները՝ ստիպելով հրեա կնոջը ծիծաղել։ Կնոջ բարետես ամուսինը զվարճությամբ էր հետևում այս ամենին, քանի որ վերջին մի քանի օրերին իրեն մատուցված շատ ծխախոտ, գարեջուր ու լիմոնադ էր վայելել։ Կարմիր ծովն արդեն անցել էին, և ուժեղ շոգից հրդեհի վտանգ այլևս չկար, ուստի քիչ անց մրգերի կեղևից, թղթի կտորներից ու շշի խցաններից զատ, տախտակամածին ամենուր նաև ծխախոտի մնացորդներ էին թափված։ Ֆրանսիացիները հայտնի են իրենց մտքի պարզությամբ, նրանց գրվածքները ևս հստակ ու կոկիկ են, բայց գործի մեջ միշտ քաոս, կեղտու աղմուկ են մտցնում. նավի խառնաշփոթը ձեզ ապացույց։ Այս նավը, հենված մարդկային հնարամտության վրա, լի տագնապներով ու հույսերով, եռանդուն առաջ էր շարժվում՝ մարդկային շնչով կեղտոտելով ջուրն ու վերադարձնելով այն անողոք, անծայրածիր ու անսահման ծովին։

Սովորաբար ամեն տարի ամռանը մի խումբ չինացի ուսանողներ, ուսումն ավարտելով, վերադառնում էին հայրենիք։ Այս նավի վրա էլ տասը հոգի կար։ Մեծ մասը գործազուրկ երիտասարդներ էին. նրանք ամառային արձակուրդների սկզբին էին վերադառնում Չինաստան, որ կարողանան աշխատանք գտնել։ Իսկ այն ուսանողները, որոնք աշխատանքի մասին անհանգստանալու կարիք չունեին, սպասում էին մինչև աշնան զովերն ընկնելը, որ հանգիստ վերադառնային տուն։ Նավի ուսանողների մի մասը Ֆրանսիայում էին սովորել,ոմանք էլ Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի համալսարանների ուսանողներ էին, բայց վերջում գնացել էին Փարիզ՝ գիշերային կյանքի փորձ ձեռք բերելու,, այդ պատճառով էլ ֆրանսիական նավ էին նստել։ Նրանք, աշխարհի ծայրին հանդիպելով, միանգամից մտերմացել էին և քննարկում էին հայրենիքի արտաքին վտանգներն ու ներքին անկարգությունները։ Բոլորն էլ անհամբեր էին վերադառնալ հայրենիքին ծառայելու։ Նավը այնքա՜ն դանդաղ էր առաջ շարժվում։ Մարդիկ արդեն սկսել էին կարոտել հայրենիքը,, մոլորված էին ու չգիտեին ինչ անել, երբ ինչ-որ տեղից հանկարծ մաջոնգի քարերի երկու հավաքածու հայտնվեց։ Մաջոնգն իհարկե ազգային խաղ էր, բայց ասում էին՝ Ամերիկայում էլ տարածված էր, այսինքն՝ ոչ միայն ազգային էր, այլև ժամանակակից աշխարհի միտումներին էր համապատասխանում։ Բարեբախտաբար, երկու սեղան մաջոնգ խաղալու համար խաղացողներն ավելի քան բավարար էին, և ուտելուց ու քնելուց բացի, նրանք ձանձրույթը ցրելու համար ամբողջ օրը խաղադրույքներ էին անում ու տրվում խաղի կրքին։ Նախաճաշը հազիվ ավարտած՝ ներքևի սենյակում նրանք արդեն խաղի առաջին շրջանն էին սկսում։ Տախտակամածին մնացել էին միայն երկու չինացի կանայք և մի երեխա, որը մարդու հաշիվ չէր․․․ ամեն դեպքում, ընկերությունը, որին նավը պատկանում էր, նրան մարդու տեղ չէր դրել, և ծնողները նրա համար տոմս չէին գնել։ Արևային ակնոցով, ծնկներին բաց վեպ դրած կինը նրբաճաշակ էր հագնվել։ Արևելքցի կնոջ համար նրա մաշկը շատ բաց գույնի էր։ Ափսոս, այդ սպիտակ մաշկը չոր էր ու ոչ այնքան թարմ։ Նա հանեց ակնոցը և երևաց, որ գեղեցիկ դիմագծեր ունի, միայն թե շուրթերն էին բարակ և նույնիսկ շրթներկի հաստ շերտի տակ բավականաչափ հաստ չէին։ Եթե նա պառկելաթոռից վեր կենար, կտեսնեիր՝ ինչ բարակ իրան ունի՝ ասես քառակուսի սրած մատիտով ուրվագծած։ Քսանհինգ-քսանվեց տարեկան կլիներ։ Չնայած, ժամանակակից կնոջ տարիքը նման է հնաոճ կանանց հարսանեկան հրավիրատոմսերիվրա գրված տարիքինորի իսկությունը, ինչպես մասնագետներն են ասում, արտաքին ապացույց է պահանջում, հենց այնպես չես կարող համոզված լինել։ Տղա երեխայի մայրը երեսունն անց կլիներ, սև շիֆոնից կիսամաշ ցիփաո[5] էր հագել, դեմքը հոգնած էր, չարչարված, դրան գումարած բնականից կախված հոնքերը, որ նրան ավելի թշվառ տեսք էին հաղորդում։ Երեխան երկու տարեկան չէր լինի, քիթը հարթ էր, աչքերը՝ երկու թեք ճեղք, հոնքերը՝ բարձր։ Աչքերն ու հոնքերն այնքան հեռու էին իրարից, որ կարող էին կարոտից տառապել և թերթի ծաղրանկարների չինացու դեմք էին հիշեցնում։ Նա նոր էր քայլել սովորել, անդադար վազվզում էր։ Մայրը կաշվե երիզով կապել էր նրան, և տղան երեք-չորս քայլից ավելի չէր կարողանում վազել, հետ էր քաշվում։ Մայրը, շոգից հոգնած, երեխային հետ քաշելուց ուժասպառ և ամուսնու հաղթել-պարտվելու համար անհանգիստ, կշտամբում էր տղային գլխացավանք դառնալու համար։ Երեխան, որ ոչ մի տեղ չէր կարողանում վազել, շեղվեց ճանապարհից ու նետվեց գիրք կարդացող կնոջ վրա։ Կինը դեմքի եսակենտրոն, անբարյացակամ արտահայտություն ուներ, կարծես մեծ բանկետին լավ չսպասարկված հյուր կամ հարսանեկան խնջույքին մասնակից չամուսնացած աղջիկ լիներ։ Այդ պահին նրա հայացքում այնքան զզվանք կար, որ սև ակնոցն էլ չկարողացավ թաքցնել։ Երեխայի մայրը, մի քիչ անհարմար զգալով, քաշեց երիզն ու ասաց․

– Չար երեխա, գնացել, օրիորդ Սուին ես խանգարում։ Հետ արի։ Օրիորդ Սու, ինչ աշխատասեր ես։ Էդքան գիտունիկ ես ու էլի ամբողջ օրը կարդում ես։ Պարոն Սունը ինձ շուտ-շուտ է ասում ՝օրիորդ Սուի նման ուսանողուհիները Չինաստանի դեմքն են. համ սիրուն է, համ դոկտորի աստիճան ունի, էդպիսի մարդ որտե՞ղ կարող ես գտնել։ Ես ոնց որ իզուր եկած լինեի օտար երկիր, մի բառ չկարդացի, ամբողջ կյանքս տնային տնտեսուհի եղա, մեր երկրում էլ ինչ սովորել էի, երեխա ունենալուց հետո մոռացա․․․ Հե՜յ։ Պատուհասի մեկը։ Ասացի՝ չգնաս։ Հո լավ բան չես անի, օրիորդ Սուի շորը կկեղտոտես։

Օրիորդ Սուն միշտ արհամարհել էր այս խղճուկ տիկին Սունին, հետն էլ տանել չէր կարողանում երեխաներին, բայց երբ լսեց այս ամենը, հոգու խորքում ուրախացավ, բարյացակամ ժպտալով ասաց․

– Թող գա, ես երեխաներ շատ եմ սիրում ։

Նա հանեց արևային ակնոցը, ծածկեց բացված գիրքը, զգուշորեն քաշեց երեխայի թևից, որ իր շորերը չկեղտոտի, հարցրեց․

– Հայրդ որտե՞ղ է։

Փոքրիկը չպատասխանեց, լայնացրեց աչքերը ու թքեց օրիորդ Սուի վրա, ինչպես ճաշասենյակի ոսկե ձկնիկն է պղպջակներ արձակում։ Օրիորդ Սուն շտապ բաց թողեց ձեռքը, ինքնապաշտպանության համար հանեց թաշկինակը։ Մայրը ուժով հետ քաշեց տղային, սպառնաց, որ բերանին կհասցնի ու հոգոց հանելով՝ ասաց․

– Հայրը ներքևում խաղում է, էլ ի՞նչ ասեմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են տղամարդիկ սիրում խաղալ։ Նայիր՝ նավի վրա էսքան մարդ կա, մեկը չկա, որ գժի պես չխաղա։ Եթե գոնե մի քիչ շահեր, էլի ոչինչ։ Բայց ամուսինս ահագին պարտվել է ու էլի խաղում է։ Զզվելի է։

Օրիորդ Սուն, լսելով նրա քաղքենի տափակ մտքերը, արհամարհանքով, սառը ասաց․

– Պարոն Ֆանն, օրինակ, չի խաղում։

Տիկին Սունը քիթը վեր պարզեց ու հեգնանքով ասաց․

– Պարոն Ֆա՜նը։ Նա էլ էր խաղում։ Հիմա զբաղված է օրիորդ Բաոյին սիրահետելով, իհարկե ժամանակ չի տրամադրի։ Կյանքի հարցերն ավելի կարևոր են, քան մոլախաղերը։ Չեմ հասկանում, օրիորդ Բաոն համ սև է, համ չաղ, մի գեղեցկուհի էլ չի, պարոն Ֆանը ո՞նց երկրորդ կարգի լավ խցիկը թողած՝ տեղափոխվեց անհարմար երրորդ կարգ։ Տեսնում եմ՝ իրար հետ լավ են, գուցե հասնեն Հոնգկոնգ՝ նշանվեն։ Ճակատագիր է։

Օրիորդ Սուն լսեց, սիրտը խոցվեց, ինքն իրեն մխիթարելով՝ պատասխանեց․

– Անհնար է։ Օրիորդ Բաոն փեսացու ունի, ինքն է ասել։ Դրսում սովորելիս փեսացուն էր նրան պահում։

– Փեսացու ունի ու սիրաբանո՞ւմ է,- ասաց տիկին Սունը,- շատ հին ենք, նոր բան սովորեցինք։ Օրիորդ Սու, ծիծաղելի բան ասեմ. պարոն Ֆանը Չինաստանում քո կուրսընկերն է եղել, շատ չի՞ առանց երկար մտածելու խոսում։ Երեկ պարոն Սուն նրան ասել է, որ խաղի մեջ բախտը չի բերում, իսկ նա ծիծաղել է, թե՝ էսքան տարի Ֆրանսիայում է ապրել ու ֆրանսիացիների սնահավատությունների մասին չգիտի։ Եթե կինը հավատարիմ չէ և ստում է, ամուսնու գլխին պոզեր տնկում, ամուսինը լոտոյից ջեքփոթ կարող է շահել, մոլախաղում էլ հաղթել։ Այսինքն՝ եթե տղամարդը պարտվում է, սրանով կարող է մխիթարվել։ Երբ ամուսինս ասաց ինձ էդ մասին, ես նրան մեղադրեցի, որ Ֆանին չի հարցրել՝ էդ ասելով ի՞նչ նկատի ունի։ Հիմա մտածում եմ՝ օրիորդ Բաոյի փեսացուն հաստատ ավիացիոն վիճակախաղում կշահի, իսկ եթե օրիորդ Բաոն տիկին Ֆան դառնա, պարող Ֆանի բախտն էլ լա՜վ կբերի։

Ազնիվ ու անկեղծ մարդու թույնը բրնձի մանր խճաքարի կամ մաքրած ձկան փշի նման երբեմն անսպասելիորեն մարդուն ցավ են պատճառում։

– Օրիորդ Բաոն ուսանողուհու նման չի պահում իրեն, համ էլ խայտառակ ձևով է հագնվում,- ասաց օրիորդ Սուն։

Երեխան հանկարծ ձեռքը ձգեց նրանց աթոռների հետևը, ծիծաղելով սկսեց թռվռալ։ Կանայք գլուխները շրջեցին ու տեսան, որ դեպի իրենց է գալիս օրիորդ Բաոն՝ երեխայի համար քաղցր մի բան թափահարելով։ Նա միայն մուգ կարմիր տոպ ու ծովագույն կիպ կիսատաբատ էր հագել, իսկ սպիտակ կաշվե կոշիկների միջից երևում էին կարմիր ներկած եղունգները։ Արևադարձային շոգին սա երևի ամենահարմար հագուստն էր. նավում այսպես հագնված մի-երկու օտարերկրացի աղջիկներ էլ կային, բայց օրիորդ Սուն կարծում էր, որ օրիորդ Բաոն լրիվ մերկ է ու գցում է Չինաստանի ազգային պատիվը։ Տղա ուսանողները նրան տեսնելիս հուզվում էին, բայց հետևից՝ ծաղրում։ Ոմանք նրան անվանում էին «պատրաստի ուտեստ կրպակ» (charcuterie), քանի որ միայն պատրաստի ուտեստների խանութում կարող էիր հրապարակավ ցուցադրված այդքան գունեղ, տաք միս տեսնել, ոմանք էլ նրան անվանում էին «ճշմարտություն», քանի որ ասում են՝ «ճշմարտությունը մերկ է»։ Օրիորդ Բաոն ամբողջովին մերկ չէր, ու հետո նրան սկսեցին «կիսաճշմարտություն» անվանել։

Օրիորդ Բաոն մոտեցավ, ողջունեց այս երկուսին, ասաց․

– Լավ շուտ եք արթնացել, էս շոգին ես սիրում եմ պառկել անկողնում։ Էսօր օրիորդ Սուն արթնացել է, չեմ էլ զգացել, գերանի պես քնել էի,- օրիորդ Բաոն ուզում էր ասել՝ խոզի պես էի քնել, բայց հետո միտքը փոխեց, ուզեց ասել՝ մեռելի պես էի քնել, հետո մտածեց, որ մեռելը խոզից լավ չէ, անգլերենից վերցրած այս մի փոխաբերությունն ասաց, հետո բացատրեց,- էս նավը օրորոցի նման է, էնքան շշմում ես, որ մենակ ուզում ես քնել։

– Ուրեմն, դու էլ օրորոցում քնած բալիկ ես… տե՜ս, ինչ պուպուշն է,- ասաց օրիորդ Սուն։

Օրիորդ Բաոն թեթև հարվածեց նրան, ասաց․

– Այ դու Սու Դոնփոյի[6] քույր, տաղանդավոր աղջիկ ես։

Սու Դոնփոյի քույր մականունը նավի ուսանող տղաներն էին նրան տվել։ Օրիորդ Բաոյի հարավի ակցենտով Դոնփոն ֆրանսերենի «գերեզմանի» պես էր հնչում՝ tombeau։

Օրիորդ Սուն օրիորդ Բաոյի հետ նույն խցիկում էր մնում։ Նա ներքևում էր քնում, այդպես շատ ավելի հարմար էր. ամեն օր չէր իջնում-բարձրանում։ Բայց այդ մի քանի օրը զզվում էր օրիորդ Բաոյից, զգում էր, որ նա ամեն բան անում է իրեն խանգարելու համար՝ բարձր խռմփացնում էր, աղմկում էր, որ ինքը չքներ, այնպես էր շուռումուռ գալիս, որ թվում էր՝ վերևի մահճակը կջարդվի։ Երբ օրիորդ Բաոն խփեց նրան, օրիորդ Սուն ասաց․

– Տիկին Սուն, հետևություն արա, ես նրան բալիկ եմ անվանում, իսկ նա դեռ մի հատ էլ ինձ խփում է։ Երջանիկ կլինեմ, եթե կարողանամ քնել։ Ես գիտեմ, որ սիրում ես քնել, ձայն չեմ հանում, որ չարթնացնեմ։ Ինձ ասում էիր՝ վախենում ես գիրանալ, բայց էդքան քնում ես, մտածում եմ՝ հաստատ արդեն մի քանի ֆունտ քաշ հավաքած կլինես։

Երեխան աղմուկով քաղցրն էր պահանջում, ու հենց ձեռքն ընկավ, կծեց։ Մայրն ասաց, որ օրիորդ Բաոյին շնորհակալություն հայտնի, բայց երեխայի համար մեկ էր։ Տիկին Սունը ինքը օրիորդ Բաոյին շնորհակալություն հայտնեց։ Օրիորդ Սուն տեսավ, որ այս քաղցրը նախաճաշին սուրճի հետ տրվող շաքարի անվճար կտորն էր։

Նա արհամարհում էր օրիորդ Բաոյին իր այս պահվածքի համար, էլ չուզեց հետը խոսել ու նորից բացեց գիրքը, բայց աչքի ծայրով նայում էր, թե ինչպես է օրիորդ Բաոն երկու պառկելաթոռ քիչ հեռուն տանում: Նա անխոս դատապարտում էր օրիորդ Բաոյի անամոթությունն ու միաժամանակ ինքն իրեն ատում էր նրան նայելու համար։ Այդ ժամանակ Ֆան Հոնծիենը ևս բարձրացավ տախտակամած, մոտեցավ նրանց, որ ողջույններ փոխանակեն, ասաց․

– Բարև՜, փոքրիկ։

Տիկին Սունը անտարբեր արձագանքեց։ Օրիորդ Սուն ժպտալով ասաց․

– Շուտ գնա, չե՞ս տեսնում, որ քեզ անհամբեր սպասում են։

Ֆան Հոնծիենը կարմրեց, ամաչելով ժպտաց ու քայլելով հեռացավ օրիորդ Սուից։ Օրիորդ Սուն իհարկե գիտեր, որ չի կարող պահել նրան, բայց երբ իրոք գնաց, դառնացավ։ Կարդացած ոչ մի բառ գլուխը չէր մտնում, միայն լսում էր օրիորդ Բաոյի քաղցր ձայնն ու ծիծաղը և չէր կարողանում չնայել։ Ֆան Հոնծիենը ծխում էր. ահա օրիորդ Բաոն ձեռքը մեկնեց, և Ֆան Հոնծիենը հանեց տուփն ու մի գլանակ տվեց նրան, օրիորդ Բաոն ծխախոտը բերանը դրեց, մատով նշան արեց, որ կրակ է ուզում, հետո հանկարծ վեր ձգվեց, բերանը մոտեցրեց և նրա ծխախոտը հպվեց Հոնծիենի ծխախոտին։ Օրիորդ Բաոն ներս քաշեց ծուխը, ծխախոտը վառվեց, ու նա հպարտորեն դուրս փչեց ծուխը։ Օրիորդ Սուի մարմինը բարկությունից սարսռաց, մտածեց՝ ի՜նչ լկտի են, այսքան մարդու առաջ ծխախոտի պատրվակով համբուրվում են։ Էլ չդիմացավ, կանգնեց ու ասաց, որ ուզում է իջնել։ Իրականում նա գիտեր, որ ներքևում տեղ չկա, ճաշասենյակում մարդիկ խաղում էին, իսկ խցիկում շատ տոթ է։ Տիկին Սունը ևս ուզում էր գնալ, ամուսնուն հարցնել, թե այսօր ինչքան է տանուլ տվել, բայց վախենում էր՝ բարկացած լինի ու ամբողջ բարկությունն իր վրա թափի, երբ վերադառնան խցիկ, ամբողջ օրը կկռվեն, ու սիրտ չարեց վեր կենալ, միայն հարցրեց երեխային՝ ուզո՞ւմ է միզելու գնալ։

Այն, որ օրիորդ Սուն կշտամբում էր Ֆան Հոնծիենին անամոթության համար, իրականում անարդար էր։ Հոնծիենը այդ պահին շատ անհարմար էր զգում, նրան թվում էր՝ ամբողջ տախտակամածն իրեն է նայում։ Նա անխոս մեղադրում էր օրիորդ Բաոյին չափազանց համարձակ լինելու մեջ ու շատ կուզեր մի քանի բան ասել նրան։ Հոնծիենը թեև քսանյոթ տարեկան էր, նշանված էր եղել, բայց սիրո փորձ չուներ։ Հայրը նախկին Ցին դինաստիայի կայսերական քննությունն անցած մարդ էր, հայրենի Ծյաննանի փոքր շրջանում նշանավոր պարոն էր։ Իրենց շրջանից մեծ քաղաքներ տեղափոխված մարդկանցից տասից ինը երեք ոլորտում էին աշխատում՝ կամ դարբնություն էին անում, կամ տոֆու սարքում, կամ գահավորակ տեղափոխում։ Տեղական արտադրանքի ամենահայտնի արվեստի գործերը կավե տիկնիկներն էին։ Երիտասարդները ամենաշատը համալսարան գնում էին քաղաքացիական շինարարություն սովորելու։ Երկաթի կարծրությունը, սոյայի անհամությունը, գահավորակների նեղությունը, գումարած կավի հոտը՝ սրանք էին նրանց բնորոշ առանձնահատկությունները։ Նույնիսկ հարուստ պաշտոնյաները բավական հղկված չէին։ Այս շրջանում Ճոու ազգանունով մեկը Շանհայում դարբնի կրպակ էր բացել, հարստացել, ու հայրենակիցների հետ, որ նույն գործով էին զբաղվում, փոքրիկ բանկ էին հիմնել, անունը «Դիենծին» բանկ դրել, իրեն էլ կարգել տնօրեն։ Հիշելով «փառքով տուն դառնալ» արտահայտությունը՝ մի տարի Ցինմինի տոնին նա այցելել էր նախնիների գերեզմաններ, հանդիպել տեղացիների հետ։ Ֆան Հոնծիենի հայրը հայտնի մարդ էր, ուստի տնօրեն Ճոուն իր դուռն էլ էր բացել։ Այսպես նրանք ընկերացել էին, ընկերներից էլ խնամիներ դարձել։ Հոնծիենը դեռ ավագ դպրոցում էր սովորում, երբ ընտանիքի որոշումով նշանվել էր։ Հարսնացուին երբեք չէր տեսել, իսկ տեսած լուսանկարը նրան անտարբեր էր թողել։ Երկու տարի հետո նա Բեյփինի[7] համալսարան էր ընդունվել ու առաջին անգամ զգացել տղա-աղջիկ միասին սովորելու համը։ Սիրահարված զույգի տեսնելիս նախանձում էր, հիշում, որ իր հարսնացուն մի տարի էր միջին դպրոցում սովորել ու էլ չէր գնացել, որ տնային տնտեսություն վարել սովորի, պիտանի հարս դառնա, և իրենից անկախ ատելություն էր զգում նրա հանդեպ։ Նա տրտնջում էր, բողոքում կյանքից, հորից, մի քանի օր թմբիրի մեջ էր, բայց հետո սթափվեց, համարձակություն հավաքեց ու նամակ գրեց տուն՝ պահանջելով բաժանվել։ Հոր օգնությամբ նա չինական լեզու ու գրականություն էր սովորել, միջին դպրոցի միասնական քննությանը բալերով երկրորդն էր, ուստի այս նամակը գրքային էր, գրական չինարենի ոչ մի մասնիկ սխալ չէր օգտագործել։ Նամակում ասում էր․ «Վերջերս անհանգիստ ու զգայուն եմ, ավելի քիչ ուրախ, ավելի շատ՝ տխուր, աշնանային տրամադրությունն է պատել ինձ։ Ամեն անգամ երբ ինձ նայում եմ հայելում, հոգիս սառն է, տեսքս՝ նիհար, ծերունու եմ նմանվել։ Վախենամ՝ երկար չեմ ապրի, օրիորդ Ճոուի կյանքն էլ կխորտակվի։ Հուսով եմ, հայր, բարի կլինես ու կկտրես մեր կապը։ Չբարկանաս ու հավերժ ատես ինձ»։ Նա մտածում էր, որ այս նամակը հուզիչ էր շարադրված ու քարե սիրտ կշարժեր։ Ո՞վ իմանար, որ հայրը կշտամբող նամակով կպատասխաներ։ «Ես գումար չեմ խնայել ու հազար լի[8] հեռու ուղարկել քեզ սովորելու համար։ Եթե գլուխդ գրքերի մեջ թաղած սովորեիր, ժամանակ կունենայի՞ր հայելու մեջ նայելու։ Դու կին չես, ինչո՞ւ հայելի ունես։ Միայն դերասաններն են այդպիսի բան անում։ Եթե տղամարդը հայելու մեջ է նայում, աշխարհի աչքին ոչնչություն է դառնում։ Չէի պատկերացնում, որ ինձնից հեռանալիս վատ սովորություններ ձեռք կբերես՝ ողբալի ու զզվելի։ Ինչպես ասում են՝ երբ ծնողներդ ողջ են, ծերությունից մի խոսիր։ Դու չես մտածում հեռու գտնվող ծնողներիդ զգացմունքների մասին, մահով ես վախեցնում։ Խելքդ թռցրել ես, ծնողներիդ հանդեպ պարտք չես զգում, չափազանց է։ Համալսարանում աղջիկ-տղա միասին եք սովորում, այս ամենը տեսնելով՝ գլխումդ ուրիշ մտքեր են ծնվել, փոխվել ես։ Ասում ես՝ թախծոտ աշուն, ես գիտեմ, որ իրականում գարունով ես տարվել։ Ինձ չես խաբի։ Եթե շարունակես հիմարություններ անել, կդադարեմ փող ուղարկել, որ ուսումդ թողնես ու տուն դառնաս, մյուս տարի փոքր եղբորդ հետ միաժամանակ ամուսնանաս։ Լավ մտածիր խոսքերիս մասին ու զգույշ եղիր»։ Ֆան Հոնծիենը վախից ցնցվեց։ Մտքով չէր անցնում, որ հայրը այդքան խորաթափանց է, շտապ պատասխան նամակ գրեց ու բացատրեց, որ հայելին սենյակակցինն է, ինքը չի գնել։ Գրել էր, այս մի քանի օրը ամերիկյան ձկան յուղի հաբեր ու գերմանական վիտամիններ է կուլ տվել, մարմինն ու հոգին լավանում են, դեմքն էլ սկսել է լցվել, միայն ափսոս այս ամենը շատ թանկ է, գումարը չի հերիքում։ Ինչ վերաբերում է հարսանիքին, թող հետաձգեն մինչև համալսարանն ավարտի։ Ամուսնությունը նախ՝ կրթությանը կխանգարի, երկրորդ՝ դեռ չի կարող ընտանիք պահել, միայն հոր հոգսը կավելացնի ու անհանգիստ կլինի։ Հայրը ստացավ նամակը, որով ապացուցվեց, որ իր հեղինակությունը մի քանի հազար լի հեռու է հասնում։ Նա այնքան հպարտ էր դրանով, որ ոգևորությամբ որդուն գումար ուղարկեց վերականգնող դեղեր գնելու համար։ Ֆան Հոնծիենը ուղեղից հանեց իր անիրական երազանքները, սկսեց Շոպենհաուեր կարդալ և հաճախ կուրսընկերներին իմաստությամբ ասում էր՝ «Աշխարհում որտե՞ղ սեր կա։ Ըստ էության՝ դա բազմանալու մղումն է»։

Հոնծիենը աչքը թարթեց, ու համալսարանի չորրորդ տարին եկավ, արդեն մյուս տարի ավարտելու էր ու ամուսնանար։ Մի օր հորից նամակ ստացավ, որում ասում էր. «Աներոջիցդ հեռագիր ստացա, ցնցվեցի, երբ իմացա որ Շու Ինը տիֆով է վարակվել, արևմտյան կրթություն ստացած բժշկի սխալի պատճառով այս ամսի տասներեքի ցերեկվա ժամը չորսին մահացել է։ Շատ եմ ցավում։ Ամուսնությունը մոտ էր։ Լավ բաները դժվար են տրվում, նրանից է, որ դու լավ բախտ չունես»։ Նամակի վերջում ավելացրել էր․ «Չկա չարիք առանց բարիքի։ Եթե երեք տարի առաջ ամուսնանայիր, հիմա շատ ծախս էինք անելու։ Սակայն մեր ընտանիքի նման առաքինի ընտանիքում հարսիկ Շուն գուցե խուսափեր այդ աղետից ու երկար ապրեր։ Ամուսնական հարցերը նախասահմանված են, այնպես որ, շատ մի տառապիր։ Բայց աներոջդ ցավակցական նամակ ուղարկիր»։ Հոնծիենը ուրախացավ ներված հանցագործի պես, բայց կարճ ապրած աղջկան մի փոքր խղճաց։ Նա սկսել վայելել ազատության քաղցրությունը և ուզում էր ուրիշների տառապանքը թեթևացնել, ուստի իր աներ չդարձած մարդուն երկար ցավակցական նամակ ուղարկեց։ Տնօրեն Ճոուն ստացավ նամակը, մտածեց, որ տղան բարեկիրթ է, բանկի պաշտոնական փաստաթղթերի բաժնի ղեկավար Վանին կարգադրեց պատասխանել նամակին։ Ղեկավար Վանը կարդաց նամակը, գովեց, որ փեսա չդարձած տղայի գրական ոճն ու ձեռագիրը շատ լավն է, հանգուցյալի հանդեպ խոր ու իրական սեր է տածում, հետևաբար բնավորությամբ մեծահոգի է, հաստատ մեծ բաների կհասնի։ Տնօրեն Ճոուն ուրախացավ, ասաց, որ Վանը նամակում ասի․ «Թեև չամուսնացար աղջկաս հետ, բայց մենք աներ ու փեսա ենք մնում։ Ես ընդամենը մի աղջիկ ունեի, մեծ հարսանիք էի անելու։ Հիմա այդ հարսանիքի գումարը, օժիտն ու աղջկաս համար արած բիզնեսի տոկոսները, ընդհանուրը՝ քսան հազար յուան կամ օտար փողով՝ հազար երեք հարյուր ֆունտ ուղարկում եմ քեզ, որ ուրիշ երկրում սովորես»։ Ֆան Հոնծիենը նույնիսկ երազել չէր կարող այսպիսի բախտի մասին, հանգուցյալ հարսնացուից շատ շնորհակալ էր։ Նա անօգուտ մարդ էր, չէր կարող քաղաքացիական շինարարություն սովորել, համալսարանում սոցիոլոգիայից մինչև փիլիսոփայություն սովորել էր, վերջում անցել էր չինական գրականությանը։ Չինական լեզվի ու գրականության գիտելիքները դրսում խորացնելը անշուշտ ծիծաղաշարժ էր հնչում։ Եվ այնուամենայնիվ, միայն չինական լեզու ու գրականություն սովորած մարդիկ էին, որ չէին կարող գնալ օտար երկիր սովորելու, քանի որ մնացած բոլոր առարկաները, ասենք՝ մաթեմատիկա, ֆիզիկա, փիլիսոփայություն, հոգեբանություն, տնտեսագիտություն, իրավագիտություն և այլն, դրսից էին եկել, արդեն արևմտականացած էին, միայն չինական լեզու և գրականությունն էր տեղական արտադրանք, դեռ օտարերկրյա ապրանքանիշի կարիք ուներ, որ իր տեղը պահեր, ինչպես չինական պաշտոնյաները, գործարարները, որ իրենց երկրի փողը կողոպտելուց հետո պետք է փոխեին օտար արժույթի, որ ազգային արժույթի գինը պահպանվեր։

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

[1] Երրորդ տասնօրյակ:

[2] Վիետնամցիներ։

[3] 19-20-րդ դարերում Կենտրոնական Վիետնամի Ֆրանսիական գաղութային անվանումը։

[4] Օտարերկրյա ուժերի կողմից կառավարվող տարածքներ Չինաստանում։

[5] Չինական ոճի զգեստ։

[6] 11-րդ դարի չինացի բանաստեղծ։

[7] Պեկինի անունը 1928–1949 թվականներին, երբ Չինաստանի Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխվել էր Նանծին, ու Պեկինը այլևս պաշտոնական մայրաքաղաք չէր։

[8] Հեռավորության չափման միավոր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *